Միշտ չէ, որ կեանքը իր ծնած մեծագոյն տաղանդների հետ բարեացակամ է վարւում։ Ինչպէս գիտէք, տաղանդաւորներից քչերն են կենդանութեան օրօք հեշտօրէն իրենց տաղանդին արժանի գնահատանք ու ճանաչում վայելել։ Մեծամասամբ տառապանքով ստեղծուած նրանց գործերի յաջողութիւնը աւելի շատ ետմահու ճանաչման ու փառքի է արժանացել, կարծես աւելի ընդգծելով կեանքի անարդար վերաբերմունքը իրական տաղանդների հանդէպ։
Այդ հազուագիւտ տաղանդներից մէկն էլ հայ մեծ նկարիչ, քանդակագործ Երուանդ Քոչարն է, որն իր անպարփակ տաղանդով սահմանափակուեց Հայաստանում, ուր հաստատուելուց յետոյ նրան արգիլեցին դուրս գալ Խորհրդային Միութեան սահմաններից, նոյնիսկ իր տաղանդին արժանի վերաբերմունքի չարժանացնելով իր կենդանութեան օրօք։
27 տարի է անցել այս հսկայի մահից, նրա հանճարեղ Սասունցի Դաւիթը դարձել է մեր երկրի խորհրդանիշներից մէկը, սակայն քչերը գիտեն նրա ինքնատիպ արուեստի մեծութեան ու ապրած կեանքի մասին։
Վերջապէս այս տարի, Յուլիսին, «Տիգրան Մեծ» հրատարակութիւնը մեզ է հրամցնում մի թանկարժէք գիրք այս հանճարեղ ստեղծագործողի մասին։ Գրքի հեղինակը Վիգէն Իսահակեանն է, Աւետիք Իսահակեանի որդին, որը իր մահից առաջ այս գրքով արժանին մատուցեց իր մօտիկ ընկերոջը՝ Քոչարին։
Զարմանալի զուգադիպութեամբ Վիգէնն էլ այս գրքի յաջողութիւնը չվայելեց։ Այս գիրքը նա սկսեց գրել յիշողութեամբ, 94 տարեկանին, աւարտեց եւ դեռ չհրատարակած մահացաւ։ Իր մահից մի քանի ամիս առաջ Վիգէնի հետ տեսնուեցինք իր որդու՝ Աւիկի տանը, ուր ապրում էր նա։ Գրքի վերջին սրբագրումներն էր անում, անչափ ոգեւորուած էր, զգում էի, որ լաւ գիրք է լինելու։ «Հայրս» հրաշալի գրքից յետոյ, որն ապացուցեց իր գրելու իւրայատուկ կարողութիւնը, պարզ էր, որ սա երկրորդ արժէքաւոր գիրքն էր լինելու։ Նախանձելի յիշողութիւն ուներ Վիգէնը, ոչ միայն դէպքերի ու տեսած անց-կացրածի, ապրածի, այլ ուսումնասիրած, կարդացած իւրացրածի մէջ։ Համաշխարհային շարժարուեստի եւ ընդհանրապէս արուեստի մասին այնպիսի ապշեցուցիչ գիտելիքներ ունէր, որ ես մօտը անգէտ էի զգում ինձ։ Այդ գիշեր մեր վերջին ուրախ, անմոռանալի ընթրիքն էր, խմում էր երիտասարդի պէս, ուտում, խօսում, երջանիկ էինք։ Զգում էի, որ ապշեցուցիչ մի էութիւն է իմ կողքին նստած, 94ամեայ, բայց իր պահուածքով, մտքի պայծառութեամբ ու սրութեամբ մեր բոլորին գերազանցող։ Մենք բաժանուեցինք անտեղեակ, որ դա մեր վերջին հրաժեշտի ընթրիքն էր դառնալու։ Վիգէնը դրանից յետոյ չի կերել, մերժել է ուտելը, կարծես պատրաստուելով իր մօտալուտ մահին։
Հիմա իմ յիշողութեան մէջ այդ անմոռանալի գեղեցիկ գիշերն է, իր խանդավառ կեանքով լեցուն էութիւնը, եւ իմ առջեւ իր բարձրագոյն ճաշակով ձեւաւորուած գիրքը, որի մէջ ներդրել էր իր հոգու, ուժի, կեանքի վերջին կաթիլները, որի հրատարակմանը այնքան անհամբեր սպասում էր նա։
Գրքի վերնագիրն էլ նոյնքան ճաշակաւոր ընտրութիւն է, իսկապէս վիգէնեան՝ «Փարիզ, Քոչար, անցած օրեր», պարզ, ամէն ինչ ասող։
Գրքի շատ ջերմ առաջաբանը գրել է Վիգէնի որդին՝ գրականագէտ Աւիկ Իսահակեանը։ Աւիկի եւ Վիգէնի յարաբերութիւնը հիացումի արժանի, ընդհանրապէս հայր ու որդի դասական ընդունուած յարաբերութիւնից վեր էր, աւելի շատ իրար նուիրուած, իրար լաւ ճանաչող, հասկացող, երկու հասուն, անկախ, մտածող մարդկանց մտերմութիւն էր դա, որն էլ բացայայտւում է Աւիկի խորը վերլուծումով առաջաբանում։ Աւիկը մինչեւ իսկ վերնագրել է իր վերլուծումը՝ «Կորուսեալ ժամանակի» վիգէնեան որոնումները, որը կարծես միեւնոյն ժամանակ իր սրտի զրոյցն է գրքի հրատարակութիւնը չտեսած եւ նրա յաջողութիւնը չվայելած հօր հետ։ Աւելացնեմ, որ Վիգէնի գրելու տաղանդին ծանօթանալու համար մենք պարտական ենք Աւիկին։ Աւիկի ստիպումով է Վիգէնը գրել իր երկու գրքերը, երկուսն էլ բացառիկ յաջող, երկուսն էլ ասելիքով, գրական բարձրագոյն ճաշակով մատուցուած։
Համաշխարհային գրականութեանը լաւատեղեակ, մշակուած, նուրբ խառնուածքով Վիգէնը իր գիրքը սկսում է Լուի Արակոնի իմաստուն բնաբանով՝ «Լսէք, երիտասարդներ, քայլերիս հեռացող ձայները…»
Այնպիսի մի հասարակարգում, ուր արուեստի չափանիշները պարտադրուած օրէնքներով էին առաջնորդւում, դժուար էր ընդունել ու գնահատել այդ օրէնքների սահմանումներից դուրս մտածող ու ստեղծող տաղանդաշատ արուեստագէտներին անգամ։ Բնականաբար նրանցից շատերը հեռացան յուսալով, որ կը գան իրենց հետեւորդները, որ իրենց բացակայութիւնը կը դառնայ հաստատուն ներկայութիւն արուեստում, որ մի օր լսելի կը դառնայ իրենց հեռացած քայլերի ձայնը։
Այդ մեծութիւններից մէկն էլ Քոչարն է, բաւական ինքնամփոփ, իր մասին լռակեաց մարդ, որի կեանքի մանրամասները անյայտ էին իր ժամանակակիցներին, ես նկատի ունեմ ժողովրդին, իր երկրպագուներին։ Եւ Վիգէնը իր կեանքի վերջին տարին նուիրեց այս մեծ արուեստագէտին իր ժողովրդին ամբողջական ծանօթացնելուն։
Գիրքը բաղկացած է երկու մասից՝ Քոչարի կեանքի փարիզեան շրջանը, որը տեւել է 13 տարի, 1923-1936, եւ հայրենիքում նրա ապրած 43 տարիները՝ 1936-1979։
Վիգէնն իր գիրքը սկսում է 1927ի Փարիզից, որը նա ոչ միայն անգիր գիտէ, այլ այնքան տեսանելի է ներկայացնում, որ իւրաքանչիւր ոք, ով քիչ թէ շատ գիտէ այդ առեղծուածային սիրելի քաղաքը, վերապրում ու թաքուն կարօտում է այն։
Կարդում ենք, որ երկուսն էլ՝ ե՛ւ Քոչարը, ե՛ւ Վիգէնը, վտարանդիներ են եղել այդ քաղաքում, որը եւ իրենց բարեկամութեան հիմնական առանցքն է հանդիսացել։
Երկուսն էլ Եւրոպա են մեկնել Թիֆլիսից, թէեւ տարբեր տարիքում, տարբեր թուականների, տարբեր պատճառներով։ Քոչարը 21 տարեկանին է մեկնել, իսկ Վիգէնը՝ երկու։
Շատ քչերը գիտեն, որ Քոչարը այդ տարիքում՝ 21 տարեկանին, Թիֆլիսում արդէն ճանաչում ունեցող եւ տաղանդաւոր արուեստագէտ, Խորհրդային Միութեան լուսաւորութեան նախարարի՝ Լունաչարսկու կարգադրութեամբ, Թիֆլիսից մեկնել է Եւրոպա իր արուեստը կատարելագործելու, ետ վերադառնալու պայմանով, սակայն մնացել է 13 տարի։
Այդ տարիներին նորաստեղծ խորհրդային երկիրը իր արուեստին զարկ տալու համար շնորհալի արուեստագէտներից շատերին էր գործուղում արտասահման։ Նոյն Թիֆլիսից Լենինի հրամանով Փարիզ էր մեկնել մեր հայ մեծ քանդակագործներից Յակոբ Գիւրջեանը, որը չվերադարձաւ, մնաց Փարիզում եւ մեծ ճանաչում ձեռք բերեց Ֆրանսիայում։ Նրա մասին նոյնպէս կը կարդաք այս գրքում։
Ի տարբերութիւն Քոչարի, Վիգէնը մօր հետ մեկնել էր Վիեննա, հօրը՝ Աւետիք Իսահակեանին, միանալու։ Թէեւ տարիքային տարբերութիւն է եղել իրենց մէջ, Վիգէնը 10 տարով փոքր է եղել Քոչարից, սակայն դա չի խանգարել մեծ բարեկամութիւն հաստատելուն։ Իրենց շաղկապողը եղել է արուեստը, այն էլ բարձրագոյնն ու մեծը։ Քոչարը՝ մեծ ու նորարար արուեստագէտ, Վիգէնը՝ արուեստի սիրահար, նրբագոյն ու յղկուած ճաշակով երիտասարդ, Փարիզի կինոստուդիաներից մէկի աշխատակից։ Օտարութեան մէջ ստեղծուած այդ բարեկամութիւնը շարունակուել է մինչեւ իրենց կեանքի վերջը, վկան Վիգէնի այս գիրքը, որը կարծես հոգու տուրք է իր մեծատաղանդ ընկերոջը։
Սա պարզ յիշողութիւնների կամ ընկերոջը մեծարելու գիրք չէ, այլ մի ամբողջ ժամանակաշրջանի արուեստի պատմութեան ու վերլուծութեան դասագիրք է, յատկապէս նոր սերունդների համար, թէ՛ հայ, թէ՛ օտար։ Միեւնոյն ժամանակ թանկագին կենսագրական դէմքերով լեցուն արուեստի մի ցուցասրահ է, ուր հերթականօրէն ներկայանում են դեռ մինչեւ այսօր համաշխարհային համբաւ վայելող անցեալ դարի մեծագոյն արուեստագէտներն ու ստեղծագործողները։
Տեղեկանում ենք, որ 1922թ. Քոչարը Պոլսից հասնում է Վենետիկ, արուեստի նոր ուղիներ ճանաչելու, բացայայտելու ու գրաւելու մղումով լեցուած։ Նա իջեւանում է «Մուրատ Ռաֆայէլեան» դպրոցի գիշերօթիկում, ուր աշակերտում էր Վիգէնը։ Քոչարը սկսում է բարեկամութիւն հաստատել Վիեննայից Վենետիկ տեղափոխուած Իսահակեան ընտանիքի հետ, որտեղից էլ ծնունդ է առնում նրանց սերտ ընկերութիւնը։ Մէկ տարի անց Քոչարը տեղափոխւում է Փարիզ, Վիգէնը դեռ մնում է Վենետիկում, աւարտելու իր դպրոցը։ 4 տարի անց Վիգէնն էլ մեկնում է Փարիզ իր մօրը միանալու, Իսահակեանն արդէն Հայաստանում էր այդ ժամանակ։ Եւ սկսւում է Վիգէնի կեանքը Փարիզում, Քոչարի հետ ընկերութիւնը շարունակելով, որին մասնակից ենք դառնում մենք՝ ընթերցողներս, իրենց հետ միասին շրջելով Փարիզի փողոցներով՝ Յաղթական կամարի մօտ իրենց բնակարանից մինչեւ Սէն Միշէլ, Պանթէոնի մօտ գտնուող Քոչարի արուեստանոցը, յետոյ Մոնփառնաս, նրա արուեստանոցները, պատկերասրահները, այցելելով ժամանակի խոշորագոյն արուեստագէտներին, Մոնմարթր, Լիւքսէմպուրկեան այգի, տարբեր ցուցահանդէսներ, Փարիզի այդ շրջանում յայտնի պիսթրոներն ու քաֆէները՝ «Եզը տանիքի վրայ», «Կապուլատ», «Ճարպիկ ճագար» եւ այլն, ուր յաճախում էին դարի նշանաւոր մարդիկ։ Վիգէնն ընդամէնը 8 տարի է ապրել Փարիզում, բայց կարծես 80 տարի ապրած լինի, այնպիսի ճշգրտութեամբ է յիշում ու մեզ հրամցնում Փարիզի փողոցները, եռուզեռն ու կեանքը, եւ այդ ամէնը հին յիշողութեամբ միայն, որ մնում ես ապշած, միաժանակ հիանալով մարդկային մտքի տարողութեան վրայ։
Սակայն գրքի հիմնական արժէքը նրանում բացայայտուած արուեստագէտների կեանքի թանկարժէք տեղեկութիւններով հրամցուած հատուածներն ու նրանց արուեստի վերլուծումներն են եւ այդ շրջանում նկարչական արուեստում տիրող ուղղութիւնների ծանօթացումը։ Վիգէնը ամենայն մանրամասնութեամբ եւ բանիմացօրէն ներկայացնում է ետյեղափոխական տարիների արուեստում տիրող մթնոլորտը։ Աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացած էր յեղափոխութիւնից յետոյ «նոր վերելք» ապրող խորհրդային երկրի վրայ, յատկապէս նրա արուեստի ու գրականութեան։ Արեւմուտքը կարծես մրցութեան մէջ էր։ Նոր դարը նոր պահանջներ էր դնում արուեստագէտների առաջ։ «Նորագոյն արուեստ», «Modern Art», երեւոյթը իշխում էր նկարչութեան, ճարտարապետութեան, դեկորատիւ արուեստում։
Ռէալիզմին, սիմվոլիզմին, իմփրեսիոնիզմին յաջորդում էին նոր «իզմ»երը՝ «ֆովիզմ», «քիւպիզմ», «ֆութուրիզմ», «տատաիզմ», որը յետոյ վերափոխւում է «սիւրռէալիզմի՝ գերռէալիզմի»։ Վիգէնը ոչ միայն թուարկում, այլ նաեւ բացատրում է իւրաքանչիւր «իզմը», ներկայացնում նրանց հետեւորդներին թէ՛ գրականութեան, եւ թէ՛ գեղանկարչութեան մէջ։ Փիքասօ, Սալվատոր Տալի, Ման Ռէյ, Ֆուժիտա, Ճիաքոմեթի, Շակալ, Պրաք, Պրանկուսի, Անտրէ Պրեթոն, Լուի Արակոն, Փօլ Էլիւար, անուններ, որոնք ոչ միայն դարձան մնայուն արժէքներ համաշխարհային արուեստում, այլ որոնք եղան Քոչարի եւ իր ծանօթները, որոնց հետ տեսակցել, վիճել, մեծարուել, ցուցադրուել է մեր տաղանդաշատ Քոչարը։ Աշխարհի տարբեր ծայրերից հարիւրներով Փարիզ հաւաքուած բախտախնդիրները ամէն կերպ փորձել են անուն ու ճանաչում ձեռք բերել, բայց դրանցից միայն մի քանիսին է յաջողուել մնայուն արժէք դառնալ։ Վերը յիշատակուած հանրածանօթ անունների կողքին աչքի է ընկել նաեւ Քոչարը, անմիջապէս ճանաչուել այնպիսի հսկաների կողմից, ինչպիսիք են Փիքասոն, Ման Ռէյը, Ճիաքոմեթին, յայտնի արուեստաբաններ Վալտէմար Ժորժը, Սեյլինկը, Քլեման Մորոն, որոնք ոչ միայն ընդունել են նրա բացառիկ տաղանդը, այլ հետաքրքրութեամբ հետեւել նրա ստեղծած արուեստի նորարութիւններին, նրա յաջողութիւններին։
Եթէ Քոչարը ոչ մէկ նորութեան հետեւած չլինէր, շարունակէր ստեղծագործել այնպէս, ինչով ճանաչում էր ձեռք բերել Թիֆլիսում, դարձեալ մտնելու էր արուեստի պատմութեան մէջ, դարձեալ գրաւելու էր դժուարահաճ Փարիզը։ Սակայն այս անհանգիստ արուեստագէտը փարիզեան արուեստի նորարար-փնտռողազատ մթնոլորտում հանգիստ չի ունեցել։ Դեռ Փիքասոյից առաջ նա յաջողութեամբ փորձել էր քիւպիզմը, Տալիից առաջ սիւրռէալիզմը եւ իր որոնումները կանգ էին առել «նկարչութիւն տարածութեան մէջ»՝ «Peinture dans l’espace»ի վրայ։ Նա ձգտել է նկարչութիւնն ու քանդակը միաձուլել, ազատել անշարժութիւնից եւ տարածութեան մէջ ծաւալել։ Ինչպէս իւրաքանչիւր նորութիւն, սա էլ ժամանակի կարօտ էր եւ ժամանակը, որը դարձնելու էր նրան խոշորագոյն անուններից մէկը ֆրանսիական արուեստում, կանգ է առնում նրա հայրենիք վերադարձով։ Սակայն դա չի խանգարում, որ նա դառնայ այդ ուղղութեան հիմնադիրն ու այն յաջողութեամբ իրականացնողը։ Նրա այս նորարութիւնը ամիջապէս մեծ հետաքրքրութիւն է առաջացնում արուեստի աշխարհում եւ Փարիզի անուանի ցուցասրահներից մէկը պայմանագիր է կնքում իր հետ նրա ստեղծագործութիւնները վաճառելու։ Միաժամանակ նա մասնակցում է այն ցուցահանդէսներին, ուր ցուցադրւում էին Փիքասոն, Տալին, ժամանակի այլ մեծութիւններ, թերթերը գրում էին իր մասին, նա ճանաչուած էր արդէն Փարիզում։
Այս յաջողութիւնների կողքին սակայն Քոչարը ապրել է նիւթական դժուարութեան մէջ։ Ինչպէս իւրաքանչիւր վտարանդի, նա էլ ստիպուած է եղել ապրուստի մասին հոգալ, ընտանիք պահել, սակայն երբեք չզիջելով իր արուեստը, չկտրուելով իրեն տրուած տաղանդից։ Երբեմն թատերային ձեւաւորումներ է արել Փարիզի հանրայայտ Շարլ Տիւլէնի թատրոնում, հանրահռչակ «Լիտօ»ում, երբեմն գովազդների պաննոներ, երբեմն իր նկարները վաճառել, յաճախ էլ յանպատրաստից դիմանկարներ նկարել ու վաճառել։
Դեռ նոր հասած Փարիզ, ամուսնացել է, ունեցել մի աղջիկ զաւակ, սակայն նոյն տարում կորցրել է ե՛ւ կնոջը, ե՛ւ երեխային։ Իր նման նուրբ հոգու արուեստագէտի համար անշուշտ ծանր է եղել այդ կորուստը, ինչպէս նկարագրում է Վիգէնը, հոգեկան ապրումները եւ նիւթական դժուարութիւնները նրան նետել են յուսահատութեան մէջ։ Երկրորդ անգամ նա սիրահարուել է եւ ամուսնացել ֆրանսահայ մի գեղեցիկ օրիորդի՝ Մելինէի հետ, որը դժբախտաբար նոյնպէս կարճ է տեւել։ Մելինէն, ըստ Վիգէնի նկարագրութեան, հայի եւ փարիզուհու յղկուած գեղեցկութեան մարմնացում, դարձել է Քոչարի ներշնչումը, նրա անփոխարինելի սէրը մինչեւ կեանքի վերջը։ Ի դէպ, շատ իմաստուն կերպով Վիգէնը օգտագործել է Քոչարի 1930ին Փարիզում ստեղծած Մելինէի դիմանկարը որպէս իր գրքի երեսապատում, կարծես շեշտելով, որ Մելինէով է պարփակուած եղել նրա կեանքը։ Շապիկի վերջին երեսին Քոչարի ստեղծած ինքնադիմանկարն է, նոյն ոճով արդէն 1936թ. Երեւանում արուած, որպէս իրենց սիրոյ յաւերժացում։
Վիգէնը այնքան կենդանի եւ այնքան գեղեցիկ է նկարագրում Մելինէի եւ Քոչարի սէրը, այնքան մաքուր ու հարազատ, մինչեւ գրքի վերջը յաճախակի անդրադառնալով նրա անունին, նրա կերպարին, որ իրապէս տանջւում ես նրանց բաժանման եւ այդ դաժան, անվերադարձ բաժանումից ծնուած իրար հանդէպ ապրած նրանց կարօտի համար։ Նրանք այդպէս էլ այլեւս չեն տեսնում իրար, Մելինէն չի ամուսնանում, կարօտով սպասում է իր մեծատաղանդ ամուսնուն եւ 1969թ. այլեւս միացման ոչ մի յոյս չտեսնելով, ինքնասպան է լինում։
Գրքի առաջին՝ փարիզեան մասում, մենք հանդիպում ենք Փիքասոյին, իրապէս լսում նորութիւններ նրա անձի, նրա նկարագրի, նրա արուեստի, նրա ճարպկութեան մասին, որ ուրիշ գրքերում հազիւ թէ հանդիպենք։ Ծանօթանում ենք դեռ նոր համբաւ ստեղծող տարօրինակ Սալվատոր Տալիին, Վարդան Մախոխեանին՝ Թէոդոսիայում Այվազովսքուն աշակերտած, Պերլինում ուսանած, 1895ից Փարիզ հաստատուած ու այն գրաւած հայազգի մեծ նկարչին։ Այվազովսքուց յետոյ նա համարուել է առաջին ժամանակակից ծովանկարիչը, պարգեւատրուել Ֆրանսիայի Պատուոյ Լէգեոնի շքանշանով։ Իրապէս Վիգէնի հետ ես էլ եմ ցաւում, որ մեր Ազգային պատկերասրահում քիչ կան նրա հիասքանչ գործերից։
Մէկ այլ հայ տաղանդաւոր նկարիչ՝ Արսէն Շաբանեան, որի մասին շատ քիչ գիտենք։
Սրանք իրապէս մասունք-տեղեկութիւններ են, որ Վիգէնը մեզ է հրամցնում իր հարուստ յիշողութիւնների միջով։
Ծանօթանում ենք հայ մեծանուն արուեստագէտներին, նրանց ստեղծած «Անի» նկարիչների միութեանը, ուր համախմբուել են այնպիսի անուններ ինչպիսիք են Յովսէփ Փուշմանը, Ռաֆայէլ Շիշմանեանը, Սարգիս Խաչատրեանը, Էտկար Շահինը, Լեւոն Թութունջեանը եւ ուրիշներ…
Քոչարը Փարիզում ապրել է կարօտախտով, անվերջ ձգտել ետ վերադառնալ ու ստեղծագործել հայրենի հողի վրայ, իր արուեստով զարդարել, հարստացնել այն, յատկապէս, երբ Խորհրդային Միութիւնից Փարիզ գործուղուած արուեստագէտներն էլ պանծացնում էին իրենց տրուած ստեղծագործական ազատ հնարաւորութիւնները։
Վիգէնն այդ տարիներին աշխատել է «Սինեմա Ֆրանս» կինոստուդիայում, Ֆրանսիացի յայտնի բեմադրիչ Ռընէ Քլերի մօտ եւ ինքն էլ իր նոր սկսուող յաջողութիւնները մի կողմ թողած, 1935թ. հրաժեշտ տալով իր սիրելի ընկերոջը՝ Քոչարին եւ Մելինէին, վերադարձել է հայրենիք։
Գրքի երկրորդ մասը սկսւում է 1936 թուականով, Երեւանով։ Քոչարը միայնակ, առանց Մելինէի, նոր վերադարձած Փարիզից, յուսալով, որ Մելինէն մի քանի ամսից միանալու է իրեն, Վիգէնը նոյնպէս միայնակ, ծնողները դեռ տարուայ վերջում են իրեն միանալու, հանդիպում են Երեւանում, եւ շարունակւում է իրենց ընդհատուած ընկերութիւնը։
Առաջին անգամ գրքի այս հատուածով ընթերցողը տեղեկանում է հայրենիքում Քոչարի կրած դժուարութիւններին։ Խանդավառ յոյսերով, գունեղ երազներով, նոր գաղափարներով աշխատելու մղումով, մեծ կարօտով Փարիզում իր աճող համբաւը թողած, հայրենիք վերադարձած արուեստագէտը հանդիպում է միայն չարակամութեան, նախանձի ու թշնամանքի։ Սկսւում են 37ի դաժան տարիները, հալածանքներ յատկապէս արտասահմանից ետ վերադարձածների հանդէպ, եւ Քոչարն էլ շատերի պէս դառնում է առաջին զոհերից մէկը։ Նրան մեղադրում են, ինչպէս ընդունուած էր այդ տարիներին, հակասովետական քարոզչութեան եւ բուրժուական արուեստի՝ ֆորմալիզմին հետեւելու մէջ, մինչեւ իսկ ուզում են հեռացնել նկարիչների միութիւնից։ Այդ հալածանքները նրան նետում են Երեւանի ԿԳԲի բանտ, ուր մնում է երկու տարի, երկու ամիս եւ բարեբախտօրէն, Անաստաս Միկոյեանի բարեխօսութեամբ ազատւում է։
Հայրենիքում մինչեւ բանտարկուելը, նա կրկին ամուսնանում է, ունենում մի արու զաւակ։ Բանտում եղած ժամանակ կինը բաժանւում է, Քոչարը կրկին ամուսնանում է, փորձում ստեղծագործել, մոռանալով իր կրած բանտային զրկանքներն ու ստորացումները, ուր ծեծի հետեւանքով կորցնում է իր մի ականջի լսողութիւնը։
Ցաւում եմ, որ Վիգէնը այս հնարաւորութիւնն էլ չի օգտագործել աւելի մանրամասնօրէն անդրադառնալու 37թ. ստեղծուած սեւ տեռորին, որին ոչ միայն զոհ գնացին յայտնի դէմքեր, այլ նաեւ անմեղ ժողովրդի կէսից աւելին։ Իսկ եթէ հաշուենք այդ տարիների թողած աւերը մեր ժողովրդի հոգեբանութեան, մտածելակերպի ու վարուելակերպի վրայ, կորուստը մեր դառնում է անհաշուելի։
Անշուշտ Վիգէնի նպատակը եղել է Քոչարի կեանքի ծանօթացումը միայն, իսկ Քոչարը փակ, փափուկ ստեղծագործող լինելով, ազատուելուց յետոյ անգամ լռել է եւ երբեք չի խօսել իր կրած զրկանքների մասին։ Ո՞վ գիտէ, որքան ահաբեկուած է եղել, որ լռութեան է մատնել իր կրած անտանելի սարսափները։
Վիգէնը միայն մէկ տողով պարզաբանում է այդ վիճակը՝ «բանտից վերադարձողները չէին սիրում խօսել քաշած տառապանքների մասին։ Հրամայուած էր լռել», պատկերաւոր ու իմաստալից գրում է նա։ (էջ 254)
Վիգէնը չի տալիս նաեւ այն անձանց անունները, որոնք մինչեւ իր կեանքի վերջը խոչընդոտ են եղել այս մեծ տաղանդին։ Նա անուանում է նրանց Սալիերի եւ թուարկում նրանց հարուցած խոչընդոտներից մի քանիսը միայն։
Հետագայ տարիներին Քոչարը իր առջեւ փակուող դռների ճեղքից անգամ ելք գտնելով, արհամարհելով սալիերիներին, կրկին ստեղծագործում, իր տաղանդը ներդնում է իր պաշտած հայրենի հողը զարդարելու, հարստացնելու բարձրարուեստ իր ստեղծագործութիւններով։ Վիգէնը նկարագրում է Սասունցի Դաւիթ անմրցելի ստեղծագործութեան աշխատանքների մանրամասները, Վարդան Մամիկոնեանի, Զուարթնոցի արծուի եւ նրա այլ քանդակների ստեղծումը, թուարկում Քոչարի պարգեւատրումներն ու յաջողութիւնները եւ իրաւմամբ դառնացած ու անկեղծօրէն բողոքում, որ այս մեծ ստեղծագործողին հարիւր հազարաւորների շարքին դասած, արգիլեցին դուրս գալ երկրի սահմաններից։ Մոռանալով, որ նա մի կողմ թողած արուեստի ամենադժուար երկրում՝ Փարիզում շահած անունն ու տեղը, ինքնակամ վերադարձել էր իր երկիրը։
Քոչարին էլ զետեղել են այն սեւ ցուցակի մէջ, այսինքն նրանց, ովքեր չէին թմբկահարում սովետական կարգերը, ովքեր ծառայում էին երկրին, բայց ոչ կարգերին, ովքեր մինչեւ վերջ մնացին հաւատարիմ իրենց ստեղծագործական սկզբունքներին։ Թէեւ բանտարկուելով, իրեն պարտադրուած զրկանքներով նա արդէն աւելիով վարձահատոյց էր եղել, սակայն մնացել էր անջնջելի մի պիտակով՝ «նեվիեզդնոյ», «երկրից դուրս չեկող», այսինքն՝ անվստահելի։
Նրան չարտօնեցին նոյնիսկ 1966ին, երբ արդէն բացուել էր երկաթեայ վարագոյրը, երբ շատերն էին ազատ ել ու մուտ անում երկրում։ Այդ թուին Մելինէն, միշտ հաւատարիմ իր տաղանդաշատ սիրոյն, Փարիզի նկարիչների միութեան ջա՛նքերով Քոչարի ցուցահանդէսն էր կազմակերպել իր մօտ մնացած նկարներով։ Երկուսն էլ՝ ե՛ւ Մելինէն, ե՛ւ Քոչարը, կարօտով սպասում էին այդ հանդիպմանը։ Ահա Վիգէնի գրութիւնը՝ «յոյս ունէր տեսնել, թէ 30 տարի անց ինչպէս է ընկալւում իր արուեստը։ Չէ՞ որ գնացել էր երիտասարդ նորարարը, իսկ վերադառնում էր անուանի մաէսթրոն՝ «Սասունցի Դաւիթ» գլուխգործոցի հեղինակը։(էջ 291) Սակայն ինչպէս գիտէք, սալիերիները միշտ էլ յաղթել են…
Արգիլել են նոյնիսկ նրա հետաքրքիր կեանքը, նրա ստեղծագործական արարումների պահերը անմահացնել, կինոժապաւէնի վերածել, եկող սերունդներին դաստիարակելու, գոնէ նրանց ծանօթացնելու համար դարի իրենց մեծագոյն ստեղծագործողին։ Այդ արգելքը ուժի մէջ է մնացել մինչեւ իսկ նրա վերջին արժանի հանգրուանը ընտրելիս։ Այս անկրկնելի տաղանդը հողին յանձնուեց ոչ թէ Կոմիտասի անուան պանթէոնում, իր ներդրումի ու տաղանդին արժանի տեղում, այլ՝ Թոխմախեան գերեզմանատան պանթէոնում, 1979ին։
Վիգէնը եւ նրա հետ շատ-շատերը իրաւունք ունէին դառնանալու, բողոքելու կեանքի այս անարդար վերաբերմունքի դէմ։
Յիշում եմ, որ Քոչարի մահով, Երեւանում պակասեց մի շենշող հմայք, կարճահասակ, կապտաչեայ, բուրումնաւէտ ծխամորճով Մոսկովեանից դանդաղ, մանրիկ, հպարտ քայլերով դէպի Աբովեան փողոց իջնող, յաճախ կապոյտ բերետով, խոհուն ու պայծառ հայեացքով մի հսկայ, որի անունը յաւերժ քանդակուեց իր ժողովրդի սրտում, միաձուլուելով իր էպոսին, որի անունն էր Երուանդ Քոչար, որն անմահացրեց մեր Սասունցի Դաւթին ու նրա Քուռկիկ æալալուն։
Այս թանկագին տեղեկութիւններով գիրքը արուեստի սիրահարների կամ նրանով հետաքրքրուողների համար անգնահատելի արժէք է, մի ամբողջ ժամանակաշրջանի արուեստի ուղղութիւնների մանարամասն պարզաբանումներով եւ կենսագրական այնպիսի իւրայատուկ տեղեկութիւններով, որ դժուար է գտնել մէկ այլ գրքի մէջ ամփոփուած։
Ինքս անձամբ ճանաչելով Քոչարին, վայելով նրա մտերմութիւնը, հասունանալով նրա տուած իմաստուն խորհուրդներով, անծանօթ էի նրա կեանքի այն մանրամասներին, որն այնքան հետաքրքիր կերպով փոխանցում է Վիգէնը այս գրքով, առանց չափազանցումների, առանց գունազարդումների, այլ զուսպ, ջինջ յիշողութեամբ, մաքրութեամբ, որը ապրել են երկու մտերիմ ընկերները, որը եղել է իրենց կեանքը թէ՛ Փարիզում, թէ Հայաստնում, որը տպաւորուել է իր ուղեղի, աչքերի, հոգու ծալքերում։ Իսկ իր յիշողութիւնը նախանձելու չափ փայլուն, մեզ է հրամցնում դէպքերը ամենայն մանրամասնութեամբ ու թարմութեամբ։
Գրքում թէեւ յաճախակի են կրկնութիւնները, սակայն երբ խօսքը արուեստի ուղղութիւնների ու նորարարութիւնների մասին է, կարծես անհրաժեշտ են դառնում այդ կրկնութիւնները լիարժէք ըմբռնելու համար մատուցուածը։
Արուեստը սիրողների, նրանով հետաքրքրուողների, ուսումնասիրողների համար իրապէս արժէքաւոր գիրք է գրել Վիգէնը եւ յատկապէս նոր սերունդին ծանօթացնելով ե՛ւ իր տաղանդաւոր ստեղծագործողին, ե՛ւ նրա անցած ճանապարհին, որը կապուած է համաշխարհային արուեստի ամենաեռուն ժամանակաշրջանի հետ։
Ինչպէս վերը նշեցի գրքի ճաշակաւոր ձեւաուորման վերաբերեալ իմ հիացումը, ուզում եմ աւելացնել, որ գրքում դուք կը հանդիպէք Վիգէնի անձնական լուսանկարների հաւաքածուից եւ մեծ վարպետի աշխատանքների լուսանկարներին։
Շնորհակալութիւն Վիգէն, քո կեանքի վերջին օրերի ներդրումով, քո ուժի, քո հոգու վերջին կաթիլներով ստեղծած այս անգնահատելի արժէքի համար, քո ընկերոջ հանդէպ ցուցաբերած այս անմնացորդ սիրոյ ու յարգանքի համար։ Դու այս գրքով նոր երթ տուիր Սասունցի Դաւթին անմահացրած, իր հողին որպէս պաշտպան կանգնեցրած հանճարեղ արուեստագէտին՝ Երուանդ Քոչարին։
Յ.Գ. Գրքի վերջաբանում Վիգէնը իրաւացիօրէն առաջ է քաշում մի հարց, որը միշտ ինձ էլ է յուզել։ Խօսքը Սասունցի Դաւիթ արձանի տեղի մասին է։ Վիգէնի հետ ես էլ համամիտ եմ, որ ժամանակն է համաշխարհային արուեստի եզակի այդ կոթողը իր արժանի տեղը գտնի մեր մայրաքաղաքում։ Այն տարիներին, երբ կանգնեցուել է այդ արձանը՝ 1959թ., պարզ էր, կայարանն էր առաջին մուտքը մայրաքաղաք, բայց ոչ այսօր։ Յատկապէս հիմա, երբ արձաններին այլեւս հոգ տանող չկայ եւ կայարանն էլ առաջնակարգ դեր չունի քաղաքի ել ու մուտում։ Անցեալ տարի, երբ այցելեցի, ցաւով նայեցի այդ հրաշակերտութեանը, ամբողջովին բարձիթողի էր մատնուած, իր շրջակայքը՝ առաւել։ Այո Վիգէն, տեղին է քո անհանգստութիւնը։ Ժամանակն է, որ նոր եւ արժանի տեղ յատկացուի մեր ազգային խորհրդանիշը դարձած այս անկրնելի ստեղծագործութեանը։
Սան Ֆրանսիսքօ