ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Աւան Իշխան Փարթներշիփ» ընկերութիւնը բոլորին հրաւիրում է Շուշի՝ պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայերի մշակութային, հոգեւոր եւ տնտեսական-քաղաքական կենտրոն, իսկ 1992 թուականից՝ նաեւ աշխարհասփիւռ հայութեան ռազմական եւ բարոյական յաղթանակների կենտրոն: Արցախի հինաւուրց բերդաքաղաքը, համայն հայութեան ջանքերով կրկին յառնում է՝ խորհրդանշելով հայի անկոտրում ոգին:
Սփիւռքահայ անհատների ու կազմակերպութիւնների տարաբնոյթ նաձեռնութիւնների շնորհիւ է նաեւ, որ Շուշին այսօր արագօրէն վերկանգնում է իր դիմագիծն ու նախքին փառքը: Քաղաքի զարգացման եւ Շուշին նաեւ զբօսաշրջութեան կենտրոնի վերածելու առաքելութեամբ «Աւան Իշխան Փարթներշիփ»ը տարիներ առաջ նախաձեռնեց ծրագրեր, «որոնց իրականացումը շատերին անհնար էր թւում», յիշում է կազմակերպութեան հիմնադիր-բաժնետէրերից ամերիկահայ Ալէք Բաղդասարեանը: Կարճ ժամանակահատուածում «Աւան Իշխան Փարթներշիփ» ընկերութեանը յաջողւում է իրակացնել Շուշիի ամբողջական պատմական մի թաղամասի վերականգնումը, վերակառուցւում է քաղաքի պատմական շուկան, բաղնիքը, բացւում է «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցը: Այս ընկերութեան հայրենաշէն գործունէութիւնը միաժամանակ վկայում է, որ Հայաստանը զարգացնելու ծրագրերը հեռանկարում նաեւ շահաւէտ բիզնես կը դառնան:
«Աւան Իշխան Փարթներշիփ»ի յաջողութիւնը նուիրեալների շնորհիւ է, որոնցից մէկն է բարերար, ձեռնարկատէր Ալէք Բաղդասարեանը: Արցախի զարգացման հեռանկարների, «Աւան Իշխան Փարթներշիփ»ի նախագծերի մասին Բաղդասարեանի բացառիկ հարցազրոյցը «Ասպարէզ»ին…
Մինչեւ չգժուի ջուրը չի եռայ, կեղեւ չի պատռի հատիկը նռան …
Հայ Կրթական Հիմնարկութեան շրջանակներում, մի քանի անդամներով յաճախ էինք լինում Արցախում բարեգործական տարբեր ձեռնարկներով, եւ Շուշիի մթնոլորտը, լիցքերը մեզ գրաւեց այնչափ, որ որոշեցինք մասնակցել նաեւ քաղաքի վերակառուցմանը: 2005 թուականին մի խումբ անհատներով հիմնեցինք «Աւան Իշխան Փարթներշիփ»ը: Մեր նպատակն էր նպաստել Արցախի զարգացմանն ու վերականգնմանը տարբեր, այդ թւում ներդրումների միջոցով, ինչին սակայն շատերը չէին հաւատում եւ մեզ անուանում էին «խենթեր»: Սակայն մեր բաժնետէրերի շրջանում շատ յաջողուած գործարարներ կան, ովքեր Շուշիում ներդրումներ կատարելուց չեն մտածել շահոյթի մասին: Նրանք բոլորը հոգով-սրտով կապուած են հայրենիքին, հաւատում էին ծրագրերի յաջողութեանը եւ նուիրական գաղափարն էր մեր բոլորի շարժիչը:
ՊԱՏՄԱԿԱՆԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ
«Աւան Իշխան Փարթներշիփ»ի ծրագիրը կազմուած էր մի քանի փուլերից: 2010 թուականին մենք վերակառուցեցինք Շուշիի պատմական շուկան՝ պահպանելով կառոյցի հին տեսքը: Շուկայում տեղակայուեցին շուրջ 20 տարբեր վաճառատներ, որտեղ տեղացիները հնարաւորութիւն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը՝ գորգեր, ոսկերչական եւ խեցեղէն իրերի հաւաքածուներ, գործում են սննդի կէտեր: Փաստօրէն, շուկան այսօր ծառայում է եւ որպէս տեսարժան վայր զբօսաշրջիկների համար եւ որպէս գործող հասարակական առեւտրի տարածք: Շատ ուրախ եմ նաեւ, որ Արցախի կառավարութիւնը ծրագրում է շրջակայ գիւղերի բնակիչներին եւս ներգրաւուել շուկայի աշխատանքներում: Այնուհետեւ մենք վերանորոգեցինք շուրջ 200 տարուայ պատմութիւն ունեցող քաղաքի բաղնիքը: Այսօր Աւան Շուշի Պլազա բաղնիքը, որ Շուշիի ճարտարապետութիւնը ներկայացնող պատմական շինութիւն է, նաեւ ժամանակակից հանգստի կենտրոն է, որտեղ կայ լողաւազան, շոգեբաղնիք, յատուկ ցնցուղներ, կատարւում են մերսումներ: Յաջողութիւնը ոգեւորիչ էր եւ առիթ տուեց մտածելու աւելի մեծ նախաձեռնութիւնների մասին. 2010ին յայտարարեցի, որ մէկ տարի անց հիւրանոց ենք բացելու, ինչը Ամերիկայում անհաւանակն կարող էր թուալ, սակայն Շուշիում ստացուեց: Մենք վերանորոգեցինք քաղաքի կենտրոնում գտնող 60ականներին կառուցուած մի շէնք, եւ 2011 թուականին բացեցինք Աւան Շուշի Պլազա միջազգային չափանիշներին համապատասխան հիւրանոցը, որ հիասքանչ տեսարաններ ունի: Հիւրանոցն այսօր ծառայում է տարբեր նպատակներով. սրահներում անցկացւում են տարաբնոյթ միջոցառումներ՝ համաժողովներ, սեմինարներ, գործնական հանդիպումներ: Հիւրանոցի բակն էլ դարձել է քաղաքի մշակութային կենտրոններից, որտեղ անցկացւում են համերգներ, թատերական, կինոփառատօններ: Այս ծրագրերի յաջողութիւնը բաժնետէրերի եւ աշխատակիցների անմնացորդ նուիրման արդիւնքն էր, գործընկերներս հաւատացին ու վստահեցին ինձ: Պէտք է նշեմ, որ արցախցիներն էլ շատ աշխատասէր են եւ օրը 14 ժամ աշխատում էին, առանց դժուարութիւններին ուշադրութիւն դարձնելու: Այս հանգամանքն էլ մեծ ուժ է տալիս, այլ նախաձեռնութիւնների մասին մտածելու, որոնք կը խթանեն նաեւ զբօսաշրջութիւնը: Առաջիկայ երեք տարիներին նախատեսում ենք սրճարան, պանդոկ կառուցել մեր տարածքին յարակից շրջանում:
ԱՐՑԱԽԸ ԲԱՑ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մենք պէտք է տէր կանգնենք Արցախի մեր պատմական հողերին, որոնց համար այդքան արիւն է թափուել: Արցախը շէնացնելու ծրագիրը, կարծում եմ, պէտք է լինի սփիւռքահայերի առաջնահերթութիւններից: Արցախում ներդրումների հսկայական հնարաւորութիւններ կան. մեր փորձից ելնելով կարող եմ ասել, որ գործունէութեան ողջ ընթացքում Արցախի կառավարութիւնից ստացել ենք անհրաժեշտ աջակցութիւն, նախագահն ու վարչապետը միշտ թիկունք են եղել մեզ: Վստահ եմ, եթէ ներդրումներ կատարել ցանկացողները նախապէս ուսումնասիրեն բիզնես դաշտը, հարկային, իրաւական ոլորտները, անհրաժեշտութեան դէպքում էլ դիմեն խորհրդատուական ընկերութիւնների, ապա Արցախում կարող են շահաւէտ ներդրումներ կատարել: Շատ յաճախ խնդիրները ծագում են դաշտին եւ բիզնես մշակոյթին անտեղեակութիւնից: Հաւատացնում եմ, որ շատ դիւրին է Արցախում գործ ստեղծել ու աշխատել:
ՄԻՇՏ ՀԱՒԱՏԱՑԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ ՆԵՐՈՒԺԻՆ
1999 թուականին Հայաստանում հիմնեցի եւ մինչ այսօր յաջողութեամբ աշխատացնում եմ բարձրագոյն տեխնոլոգիաների ոլորտում գործող «Սաֆարի դիւելոփմըն»չ ընկերութիւնը: Հայաստանցի մասնագէտների խումբը ծրագրեր է գրում ամերիկեան ընկերութիւնների պատուէրով: Պէտք է նշեմ, որ ինչպէս Արցախում, այնպէս էլ Հայաստանում մեր թիմը կազմուած է հիանալի արհեստավարժներից: Մինչ աշխատանքի ընդունելը, մենք նախապատրաստական դասընթացներ ենք անցկացնում ամերիկեան չափանիշներով, այնուհետեւ ապագայ աշխատակիցները յանձնում են միջազգային քննութիւններ եւ դառնում «Սաֆարի դիվելոփմըն»չի մաս: Հայաստանում բիզնեսի առումով, խնդիրներ նոյնպէս կարող են ծագել, կապուած հիմնականում հարկային դաշտի հետ, որոնք երբեմն պատճառ են դառնում սփիւռքահայ ներդրողների շրջանում հիասթափութիւնների: Պէտք է նշեմ սակայն, որ բիզնեսի օրէնքներն ամէնուր նոյն ձեւով են գործում եւ եթէ տիրապետում ես տուեալ երկրի, այս դէպքում՝ Հայաստանի օրէնքներին, բիզնես մշակոյթին, ունես լաւ գործընկերներ, կարող ես յաջողութեամբ աշխատել:
ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈՐԵՒԷ ՄԻ ԱՆԿԻՒՆՈՒՄ ՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆՑԿԱՑՆԵԼ, ԻՆՉՊԷՍ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Յիշում եմ, խորհրդային տարիներին մայրս անդադար կրկնում էր, որ պէտք է վերադառնանք Հայաստան, ինչն այն ժամանակ անհաւատալի էր թւում: Այսօր արդէն դա երազ չէ եւ ունենք մեր անկախ Հայաստանը ու վերադառնալու հնարաւորութիւն: Հայրենիքի նկատմամբ սէրը ծնողներս են սերմանել, եւ այսօր շատ երջանիկ եմ, որ ընտանիքս, կինս՝ Ալենուշ Բադասարեանը, աջակցում են ինձ հայրենիքի հետ կապուած իւրաքանչիւր նախաձեռնութիւնում: Ամէն տարի մենք հանգստանում ենք Հայաստանում ու Արցախում, որտեղ նաեւ բնակարան ունեմ: Այսօր պահի հրամայականն է կապը հայրենիքի հետ, քանզի Սփիւռքը կանգնած է ձուլման խնդրի առջեւ: Հայաստանը, Արցախն ու æաւախքը մեր ազգի գոյատեւման նախապայմանն են, մեր երիտասարդ քսանամեայ երկիրը ամէնքինս է եւ իւրաքանչիւրիս պարտականութիւնն է ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում: Ցաւ եմ ապրում, երբ այստեղ իմ հայրենակիցներից լսում եմ, որ չեն եղել Հայաստանում: Պէտք է այնպէս անենք, որ բոլոր հայերը ցանկանան վերադառնալ: Այս հարցում չափազանց կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակութեան ձեւաւորումն ու համաշխարհային տեմպերին հետեւելը: Այս պարագայում յաջողութիւնն անխուսափելի կը լինի:
Հարցազրոյցի ողջ ընթացքում Ալէք Բաղդասարեանը հայ քրիստոնեային բնորոշ համեստութեամբ չխօսեց այն բազմաթիւ բարեգործութիւնների մասին, որ իրականացրել է Հայաստանում ու Արցախում, Սփիւռքում: Հայ Կրթական Հիմնարկութեան գործունէութեան շրջանակներում Ալէք Բաղդասարեանը մասնակցել է բազմաթիւ բարեգործական ձեռնարկների, անձամբ ֆինանսաւորել է դպրոցների վերանորոգում, կրթական ծրագրերի իրականացում: «Ոչինչ այնքան հաճոյք չի պատճառում, որքան պահը, երբ տեսնում ես հայրենակիցներիդ ոգեւորութիւնը իւրաքանչիւր յաջողուած ծրագրից, հայաստանցի ու արցախցի մանուկների ուրախութիւնը ստացած նուէրներից», նշում է մեծ բարերարը:
Ալէք Բաղդասարեանն այս օրերին Արցախում է՝ մասնակցելու տօնական միջոցառումներին եւ կրկին ոչ ձեռնունայն: Նա արցախցիներին է փոխանցել մի պատմական փաստաթուղթ՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընդունուած բանաձեւ-հռչակագրի բնօրինակը, որտեղ Շուշին ճանաչւում է Լոս Անջելեսի «բարեկամ քաղաք»: Փաստաթղթում, որ ստորագրուած է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների կողմից, մասնաւորապէս նշւում է, որ «բանաձեւը ընդունում է Արցախի հանրապետութեան քաղաք Շուշիի ազատագրման 20 ամեակը: Այդ առիթով, Լոս Անջելեսի քաղաքապետարանը յարգանքի տուրք է մատուցում Արցախի Հանրապետութեանն ու նրա քաղաքացիներին, եւ մաղթում խաղաղութիւն, բարգաւաճում եւ յաջողութիւններ»:
Ալէք Բաղդասարեանը նաեւ կը մասնակցի «Աւան Իշխան Փարթներշիփ» ընկերութեան հերթական նախաձեռնութեանը՝ Շուշիում Յուլիսի 5-7ը նախատեսուած «ասմունքի Փառատօնի» կազմակերպչական աշխատանքներին:
Յ.Գ. Հարցազրոյցն արդէն պատրաստ էր, երբ յայտնի դարձաւ, որ Ալէք Բաղդասարեանը պարգեւատրուել է «Երախտագիտութիւն» մեդալով՝ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հրամանագրով: