«Մեր Հայրենիքից Ոչ Մի Տեղ Չենք Գնալու. Նրանք Ի Զուր Չեն Զոհուել». Նելլի Ղուլեան
«Շուշին թւում էր անառիկ, Շուշին թւում էր երազանք. նրան հասել ենք քայլ առ քայլ, միանգամից չենք գրաւել…», յիշում է Նելլի Ղուլեանը՝ Արցախի հերոս Աշոտ Բեկորի կինը:
Նրա խօսքերով, եթէ տարբեր տարեգրութիւնների մէջ շարժումը 1988ն են համարում, ապա Ղուլեանների ընտանիքի համար այն աւելի վաղ է սկսուել. «1987ին արդէն նկատւում էին ինչ որ բաներ, արդէն կար անհանգստութիւն, շարժումներ: Աշոտն առաջին մասնակիցներից էր, բայց ինքը չէր երեւում, քանի որ այս ամէնի վերջը պատերազմն էր, ու նա պատրաստւում էր հէնց պատերազմին», ասում է տիկին Նելլին:
Աշոտ Բեկորն այն ժամանակ կազմակերպուող հանրահաւաքներին չի մասնակցել, սակայն ընդյատակեայ գործունէութիւն է իրականացրել. գաղտնի զէնք էր հայթայթում, ինքն էլ էր զէնք պատրաստում:
Թէեւ տիկին Նելլին յուզւում է պատմելիս, զգացւում է, որ հպարտանում է իր ամուսնով. «Մտածում էր ինքնաշէն զէնքի մասին, քանի որ չկար զէնք: Սարքում էին այդ զէնքերը, յետոյ փորձարկում՝ տեսնեն՝ ինչպէս է գործում: Զէնքերը փորձարկելիս էլ վիրաւորուել է երեք անգամ»: Աշոտին կնքել են Բեկոր մականուամբ մարմնի մէջ մնացած զէնքի կտորների պատճառով:
Տիկին Նելլիի խօսքերով՝ ամուսինը միայն առաջին երեխայի ծննդեանն է ներկայ եղել, միւս որդիների ծննդեանը ներկայ չի եղել, իսկ կրտսեր որդուն չի էլ տեսել. երբ նա ծնուել է, Աշոտն արդէն չկար: «Մեծ տղայիս միշտ պատմում եմ, որ 87-88 թթ. սկզբներին ոչ թէ հայերէն, այլ ադրբեջաներէն էին այստեղ խօսում. Բաքուն աստիճանաբար ադրբեջանացնում էր Ղարաբաղը: Երեւի Աստծոյ կամքով ամենայարմար պահին միացման հարցն առաջացաւ, քանի որ, եթէ մի քիչ էլ ձգէին, արդէն Նախիջեւանի բախտին կ՛արժանանայինք: Իսկական ժամն էր, քանի որ համբերութեան բաժակը լցուել էր», ասում է նա:
Արցախում աւելի աւագները չէին հաւատում, որ պատերազմ կը լինի, որ կ՛ազատագրեն տարածքները, քանի որ մի քանի անգամ Հայաստանին միանալու կամ Ղարաբաղի անկախանալու հարցը բարձրացուել էր, եւ միշտ էլ շատ դաժան կերպով ճնշուել էր. հաւատ չկար, թէ կարող էին այդ հարցը բարձրացնել: Սակայն մարդիկ կային, որ այդ հարցի համար իրենց կեանքն էին դրել:
Ստեփանակերտը Շուշիից բաւականին ցածրադիր է. եւ հետեւաբար ոչ ոք չէր հաւատում, թէ հնարաւոր է վերցնել Շուշին, այն անառիկ էր: «Այն ժամանակ կար Արցախի հեռուստատեսութիւն, որից մէկ ժամը ռուսերէն էր հեռարձակւում: Նստած նայում էինք, մէկ էլ ընդհատեցին այն: Աշոտը բարկացաւ, ասաց. «Կը բարձրանանք Շուշին կը վերցնենք, կիմանաք»: Նոր այդ ժամանակ մտածեցի, թէ պիտի կռիւ լինի: Մայրն ի՞նչ պիտի մտածի, մէջս վախ ընկաւ. կռիւ կը լինի, զոհեր կը լինեն: Այդպէս քիչ-քիչ սկսուեց ամէն ին»չ: Պատմում են, որ Աշոտ Բեկորը համարեա ամէն մարտից վերադառնում էր վիրաւորուած, սակայն չէր նահանջում, որոշել էր, որ պիտի գնայ մինչեւ վերջ: Մինչեւ վերջ պայքարի էին դուրս եկել բոլորը՝ տղամարդիկ, կանայք, ծերերը, երեխաները: Պատերազմը միայն ռազմի դաշտում չէր, այլեւ առօրեայում. «Սպասում էի, որ գար. ամէն րոպէ կարող է գային, պէտք է դիմաւորէի, ճանապարհէի: Գիտէի, հասկանում էի, թէ որքան կարեւոր է այդ պայմաններում նրանց աջակցելը, թէկուզ հաց սարքելը»:
Հե՞շտ է լինել հերոսի կին: «Գիւղում ծանօթներն ասում էին՝ ինչո՞ւ հիւր չես գալիս, բայց ինչպէ՞ս գնայի: Աշոտն ամէն րոպէ կարող է մտնել, անպայման տանը պէտք է լինէի, դիմաւորէի, ճանապարհէի: Կին լինելն այնքան էլ հեշտ չէ, իսկ հերոսի կին լինելն առաւել դժուար է .»: Աշոտ Բեկորը ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատարն էր, իր զինուորներին էլ սեփական երեխայի պէս հոգ էր տանում:
Տիկին Նելլին պատմում է, որ ոչ մի րոպէ իրենց մտքով անգամ չի անցել Հայաստանից հեռանալ, ուրիշ տարբերակ հնարաւոր էլ չէր պատկերացնել: «Շուշիի ազատագրման օրն իմ թէ՛ ամենավատ, թէ՛ յուզումնալից, թէ՛ ուրախ, թէ՛ վախով ու սպասումով լի օրն է եղել: Շուշին ուրիշ խորհուրդ ունի, Շուշին ուրիշ է…»:
Մայիսի 8ի լոյս 9ի գիշերն էր: Աշոտ Բեկորն առաջինը մտաւ Շուշի, կապուեց բերդի պատից Գէորգի Պետրոսեանին. «Արդէն Շուշիում ենք…»:
«Ամէն րոպէ սպասում էինք: Մէկ էլ եղբօրս տղան վազելով եկաւ, ասաց. «Աշոտ ձաձան վիրաւորուել ա…»: Տիկին Նելլին յուզւում է, ձայնը՝ դողում: Չենք խօսում:
«Մի քանի օր յետոյ եկաւ տուն: Չէր մանրամասնում, չէր պատմում՝ ինչ է եղել: Միայն ասաց, թէ բասկետբոլ էին խաղում. «Մենք գրանադն էնտեղ էինք գցում, յետոյ նրանք՝ մեզ»: Պատմում էր, որ մտել էին բերդը, խուցերը, որտեղ տանջամահ են արել մեր տղաներին…»: Բեկորը երկար չի վայելել ազատագրուած Շուշին, 92 թուականին Մայիս-Յունիս ամիսներին Մարտակերտի ամենավատ շրջանն էր, կռուի թէժ պահն էր, պէտք է շարունակէր Մարտը:
1992 թուականն էր: Օգոստոսի 24ին Դրմբոն գիւղում մի կրակոց ճակատագրական էր. անյայտ իրավիճակում զոհուեց Աշոտ Բեկորը: Մահուան հանգամանքները մինչ օրս չեն պարզուել:
Ականատեսները պատմում են, որ Աշոտ Բեկորի վերջին խօսքը եղել է՝ էրեխեքս: Դժուար է ասել՝ նկատի ունէր իր վաշտի տղաների՞ն, թէ՞ իր որդիներին. չէ՞ որ ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատարն էր, իր զինուորներին էլ սեփական երեխայի պէս հոգ էր տանում: «Հիմա կարծում եմ՝ նա իր մահով փրկեց մեզ, մեր գիւղից գնալուց յետոյ Աղդամից ռմբակոծել են, հէնց այդ ռմբակոծութեան հետեւանքով մէկն ընկել էր տան այն մասը, որտեղ մենք էինք միշտ լինում»:
Զոհուելուց յետոյ Բեկորի ընտանիքը նախ տեղափոխուել է Երեւան, բայց մի քանի տարի անց վերադարձել է Արցախ. այստեղ է իրենց ընտանիքի հայրն ընկել, արիւնը հողին խառնել: Աշոտ Բեկորը հէնց Արցախն է, հէնց այստեղից է սկսւում հայրենիքը:
1993 թ. Աշոտ Բեկորը յետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խա»չ առաջին աստիճանի շքանշանի: 1999 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագոյն կոչմանը, պարգեւատրուել է «Ոսկէ արծիւ» շքանշանով: 2002 թ. արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի:
Այժմ Արցախը պատրաստւում է Շուշիի ազատագրմանը նուիրուած մեծ տօնահանդէսին: Սա այն օրն է, երբ կորուստն ու ձեռքբերումը միանում են:
Աշոտ Բեկորի որդիները շարունակում են հօր գործը. աւագ որդին ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատարն է, իսկ երրորդ որդին՝ Բեկորը, ներկայումս ժամկէտային զինծառայող է:
Այս մարդիկ՝ այս արցունքոտ աչքերով կինը, նրա որդիներն ու ամուսինը, բոլորը մի մեծ հայրենիքի բեկորներ են ու այս ազատ հողի անբաժանելի մասը: