(Արիս Սեւակը հեռացաւ՝ ընդմիշտ մեզ հետ մնալու համար)
Կարճատեւ, բայց դաժան հիւանդութիւնը վաղաժամ խզեց սփիւռքի յայտնի ազգային եւ մտաւորական, ԱՄՆում գործող «Մեսրոպեան Ուխտ լեզուապահպանական միութեան հիմնադիր վարչական անդամ եւ այդ միութեան Արեւելեան մասնաճիւղի փոխատենապետ Արիս Սեւակի կեանքի թելը:
Արիս Սեւակի ծնողները Կիլիկիայից էին, Կարակէօզեան ազգանունով: Հայրը՝ Մանասէն (կենսաբանական քիմիայի դոկտոր եւ աւելի քան չորս տասնամեակ առաջ Հայաստանի Ազգային Ակադեմիայի առաջին արտասահմանեան անդամը) հայացրեց իրենց թուրքահնչիւն ազգանունը, դարձնելով Սեւակ: Սա արդէն փաստում է Արիսի մէջ ազգային ոգու սկզբնաւորուելու ուղին, եւ բնական էր, որ դպրոցը աւարտելուց յետոյ Արիս Սեւակը, անպայմանօրէն պիտի ձգտէր սովորել հայերէնը, կարողանար անթերի ու կատարելապէս տիրապետել արեւմտահայերէնը ( իսկ յետոյ նաեւ արեւելահայերէնը):
Սա լաւագոյն օրինակն է այսօրուայ նոր սերնդի համար, ովքեր ամերիկեան շրջապատի պատճառով արդարացնում են մայրենին սովորելու «անհնարինութիւնը»:
Սեւակը իր ստացած բարձրագոյն կրթութեամբ քաղաքագէտ էր, սակայն նա գրքի մարդ էր, իրենը՝ գրքերի եւ մամուլի աշխարհն էր: Շուրջ 15 տարի տնօրինում եւ խմբագրում էր «The Armenian Reporter» թերթը, իսկ յետոյ, մինչեւ իր վերջին օրը, ղեկավարում էր ՀԲԸՄ (AGBU) մամուլի բաժինը: Միաժամանակ նա զբաղւում էր թարգմանական աշխատանքով:
Արիս Սեւակի անգլերէնից հայերէն եւ հակառակը թարգմանած գրքերը համարուեցին վերջին տասնամեակների լաւագոյն թարգմանութիւնները: Իր աշխատանքային ամէնօրեայ գործունէութեանը զուգահեռ, Արիսը հասցրեց երկու լեզուներից թարգմանել աւելի քան 250 գրքեր ու յօդուածներ: Պատահական չէր, որ 2007ին, Համազգային Մշակութայինի նախաձեռնութեամբ իր թարգմանչական գործունէութեան 40ամեակի առիթով յոբելեանական հանդէսին ներկայ մտաւորականութեան կողմից Սեւակը հռչակուեց վերջին տասնամեակների թիւ 1 թարգմանիչը:
Նա գործօն մասնակցութիւն ունէր ԱՄՆում «Մեսրոպեան Ուխտ» Լեզուապահպանական միութեան աշխատանքներին: Հայրենիքում ստեղծուած «Դասական ուղղագրութիւնը վերականգնողների միութիւն» կազմակերպութիւնը Սեւակին նշանակել էր իր ներկայացուցիչը ԱՄՆում: Իր պարտականութիւններին նա մօտենում էր բծախնդրօրէն: Այսօր մենք Սեւակի մասին կարող ենք խօսել միայն երրորդ դէմքով, այսուհետ իր մասին պատմելու ենք անցեալ ժամանակով: Բայց մեզ համար նա միշտ կենդանի է, որովհետեւ նա լաւագոյն մտապատկերների լուսապսակով է մնալու մեր յիշողութիւնների մէջ. եւ իրաւացի է բանաստեղծը, երբ ասում է.
«Երբ յիշատակս ալ թառամի, Ա՜հ, այն ատեն ես կը մեռնիմ»:
Եւ մենք քեզ յիշելու ենք, սիրելի Արիս. քեզ պահելով մեր մտքի Եւ հոգւոյ ամենամտերմիկ ծալքերում:
Իր հարազատները անժամանակ կորցրեցին լաւագոյն ամուսնուն եւ ընտանիքի հօրը: Մենք, նրա ընկերները, կորցրեցինք մեր գաղափարակից ընկերոջը, միշտ պատրաստակամ եւ զոհուող բարեկամին, ամենապարզ ու համեստ, օրինակելի ու անխոնջ նուիրեալին:
Ցաւակցում ենք տիկին Աստղիկին, զաւակներին եւ ընտանեկան պարագաներին:
Թող հանգստութիւն լինի երկրային աճիւնիդ, սիրելի Արիս, եւ թող Աստուածային լոյսը իջնի երկնային հոգւոյդ վրայ:
«Մեսրոպեան Ուխտ» լեզուապահպանական միութեան վարչակազմ