ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Ռուս մեծ փիլիսոփայ Ն. Բերդեայեւն իր «Անհաւասարութեան փիլիսոփայութիւն» աշխատութիւնում ազգը դիտարկում է որպէս պատմական կատեգորիա: Նա միանգամայն իրաւացիօրէն զանազանում էր «ազգ» եւ «ժողովուրդ» հասկացութիւնները:
Նրա կարծիքով ժողովուրդը ներկայացնում են այն մարդիկ, ովքեր այսօր են ապրում՝ ապրող սերունդների ամբողջութիւնը: Իսկ ազգը ոչ միայն ներկայ պահին ապրող, այլեւ անցեալի սերունդներն են՝ այն ամբողջ ժառանգութիւնը, որ նրանք թողել են՝ կառուցածները, ասածները, երգածները, կերտածները, գրածները: Ազգի ամբողջ ժառանգութիւնը՝ գեղարուեստը, գրականութիւնը, ռազմական բոլոր յաղթանակները եւ պարտութիւնները, ամբողջ հպարտութիւնն ու տառապանքները նոյնպէս ազգի բաղկացուցիչներն են:
«Ազգի կամքում ոչ միայն ողջերի, այլեւ մեծ անցեալի եւ դեռ առեղծուածային ապագայի ձայներն են: Ազգը ներառում է ոչ միայն մարդկանց սերունդները, այլեւ եկեղեցիների քարերը, պալատներն ու շինութիւնները, գերեզմանաքարերը, հին ձեռագրերը եւ գրքերը: Եւ ազգի կամքը որսալու համար պէտք է լսել այդ քարերի ձայնը, կարդալ մոխրացած էջերը»:
Շարունակելով Բերդեաեւի միտքը՝ կարելի է ազգ հասկացութեանը յաւելել նաեւ դեռ չծնուած սերունդները, որոնց պէտք է պատկանի ապրածների ու ապրողների ստեղծած ամէն ինչը: Եւ լիարժէք է միայն այն ազգը, որն ապրելով այսօր՝ գիտակցում է իր պարտքը թէ՛ անցեալի, թէ՛ ապագայի հանդէպ, իրեն զգում է որպէս շղթայի մի օղակ, գիտակցում է՝ պարտաւոր է թոյլ չտալ, որ այդ շղթան կտրուի այսօրուայ օղակում եւ մոռացութեան տրուեն անցեալի օղակները կամ էլ՝ որ վաղուայ օղակները թուլանան:
Ազգը հոգեւոր ամբողջական երեւոյթ է՝ այն օրգանական ամբողջութիւն է, այն թուաբանութեան չի ենթարկւում, միասնական է եւ անխզելի: Այն կարելի է փորձել սպանել (մեզ հետ դա փորձել են անել), բայց համամարդկային ընտանիքի մէջ ձուլելն անկարելի է: Չնայած գլոբալիզացիայի կողմնակիցներն այլ կերպ են մտածում: Բայց նրանց մասին՝ աւելի ուշ:
Հիմա՝ ժողովրդի մասին: Սա արդէն ոչ թէ պատմական հասկացութիւն է, այլ սոցիալ- դասակարգային կատեգորիա, հետեւաբար տրոհելի, որի հանդէպ կիրառելի են թուաբանական մեթոդները: Այդ կատեգորիան բաժանւում է դասակարգերի, սոցիալական խմբերի ու շերտերի, խաւերի, ազգագրական համայնքների, կաստաների, գերդաստանների, ընտանիքների: Բաժանում են՝ ում, երբ եւ ինչպէս յարմար է՝ ըստ տուեալ պահի քաղաքական նպատակայարմարութեան: Կարող են նաեւ գումարել կամ հանել (երբ գնդակահարում են, բանտ նստեցնում կամ աքսորում) կամ նոյնիսկ բազմապատկել: 20րդ դարի բոլշեւիկեան-ինտերնացիոնալիստական կամ աւելի նրբին՝ կոսմոպոլիտ-գլոբալիստական մարտավարութիւնն է՝ ոչնչացնել, աղաւաղել անճանաչելիութեան աստիճան, մոռացութեան մատնել ազգի անցեալը, աւանդոյթները, ձգտումները, յիշողութիւնը, գաղափարները, հոգեւոր արժէքները, իսկ մարդկանց տեղաւորել յարմար, հեշտ մասնատուող եւ ենթարկուող «ժողովուրդ» հասկացութեան մէջ՝ նրա համար յօրինելով վերացական ապագայ:
Եւ հիմա այդ վերացական ապագան իրականութիւն է դարձել մէկ առանձին երկրում՝ Հայաստանում:
Ինչպէ՞ս է բնութագրւում այդ իրականութիւնը: Կրկին յիշենք Բերդեայեւի տողերը. «Եւ ազգի կամքը որսալու համար պէտք է լսել այդ քարերի ձայնը, կարդալ մոխրացած էջերը»:
Եւ ո՞վ է դա անելու: Բոլոր նրանք, ովքեր ընդունակ են դրան՝ հայկական պետաքաղաքական կառոյցում բետոնէ պատերով մեկուսացած են որոշումներ կայացնելու ոլորտից: Այնպէս որ՝ ազգի կամքի որեւէ դրսեւորման մասին Հայաստանում խօսք չկայ եւ չի կարող լինել:
Հայաստանի իշխանութիւնը չի ուզում ազգ ունենալ: Ազգը նրան պէտք չէ:
Այս ընտրութիւնները ցոյց տուեցին, որ նոյնիսկ ժողովուրդ նրան պէտք չէ, որովհետեւ այդ դէպքում էլ ստիպուած են լինելու գործ ունենալ դրա զանազան բաղկացուցիչների հակոտնեայ շահերի հետ:
Հայկական իշխանութեանը պէտք է աւելի պարզունակ օբյեկտ, եւ նա արդէն գտել է այն:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»