ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԵՐԿԻՐ»Ի
Հանրապետութեան նախագահը այնքան անվրդով էր լրագրողներին կոչ անում սպասել կոալիցիա (համաձայնական կառավարութիւն-Խմբ.) կազմել-չկազմելու հետ կապուած իրավիճակի յստակեցմանը, կարծես այլ կերպ լինել չէր կարող: Մինչդեռ իրավիճակն անբնական է այն իմաստով, որ հասարակութիւնն արդէն տասնհինգ օր շարունակ փորձում է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում կուլիսներում (միջանցքներու մէջ-Խմբ.), աւելի ճիշդ՝ իր թիկունքում, ի՞նչ հերթական անակնկալն են հասունացնում իր համար: Որովհետեւ փորձուած մտավախութիւն ունի, որ նորից դառնալու է ներիշխանական «բազարների» զոհը:
Փոխուելու եւ հանրութեան վստահութեանը չդաւաճանելու մասին խօսող ուժերն այդպէս էլ չեն փորձում ընտրողներին բացատրել իրենց գործողութիւնների պատճառները:
Օրինակ՝ ինչո՞ւ է ՀՀԿն ձգտում կոալիցիա կազմել, երբ ունի մեծամասնութիւն, կամ՝ ինչու է ԲՀԿն մտնում բանակցութիւնների մէջ, եթէ համարում է, որ ընտրութիւններն անցել են համատարած ընտրակեղծիքներով: Եւ, որ ամենակարեւորն է, ո՞րն է այդ ամէնում իր՝ հանրութեան շահը:
Երբ այս ամէնը չի բացատրւում, նշանակում է անկեղծ երկխօսութեան մասին հաւաստիացումներն ընդամէնը բարբաջանք են, իսկ հասցէատէրը՝ ժողովուրդը, պարզապէս հերթական քաղաքական էքսպերիմենտների (փորձարկումներու-Խմբ.) «առնէտը», կամ լաւագոյն դէպքում՝ պասիւ (կրաւորական-Խմբ.), ընտրակաշառուած հանդիսատեսը: