Հայրենակցական միութիւնների հետ հանդիպումներ ունենալու շրջանակում, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի Հանրային կապի յանձնախումբը հանդիպում ունեցաւ Մուսա Լեռ Հայրենակցական միութեան վարչութեան հետ, Չորեքշաբթի, Մայիսի 16ի երեկոյեան ժամը 7:30ին, Մոնթրոզի Հայ կենտրոնում: Հանդիպմանը մասնակցում էին միութեան ատենապետուհի Հայկուհի Գասամանեանը, ատենադպիր Սեւակ Քէնտիրճեանը, վարչականներ Յասմիկ Շէրպէթճեանը, Աւետիս Տուտագլեանը, Սեպուհ Փափիսեանը, Միսաք Զէյթլեանը, Արա Յովսէփեանը, Իսկուհի Թօփճեանը, Շաքէ Զօպեանը, Հուրի Պօղիկեանը, Արփի Շաննագեանը, իսկ Հանրային կապի յանձնախմբից՝ ատենապետ Րաֆֆի Կիւրիւնեանը, անդամներ՝ Յարութ Մատէնեանը, Սիրան Արթինեանը, Անդրանիկ Աբրահամեանը եւ գրասենեակի պատասխանատու Սարօ Նազարեանը:
Անդրադառնալով Հանրային կապի յանձնախմբի նախաձեռնած սոյն հանդիպումների շարանին, Րաֆֆի Կիւրիւնեանը նշեց , որ հիմնական նպատակը մեր գաղութում գործող հայրենակցական եւ այլ հասարակական միութիւնների գոծունէութեանը ծանօթանալը եւ երկուստեք համագործակցութեան դաշտի ծաւալումն ու կապերի առաւել ամրապնդումն է:
Մուսա Լեռ Հայրենակցական միութեան ատենապետուհի Հայկուհի Գասամանեանը իր հերթին ուրախութիւն յայտնելով սոյն հանդիպման համար, կարեւորեց միասնաբար աշխատելու եւ յետ այսու նման հանդիպումները շարունակական դարձնելու առաւելութիւնը, ինչը նշեց նա, իր արդիւնաւէտ ներդրումը կ՛ունենայ գաղութիս հասարակական ու միութենական կեանքի աշխուժացման գործընթացում:
Այնուհետեւ ծաւալուեց մտերմիկ զրոյց, որի ընթացքում վարչութեան անդամները տեղեկութիւններ հաղորդեցին միութեան աշխատանքների մասին: Մուսա Լեռ հայրենակցական միութեան Կալիֆորնիայի մասնաճիւղը հիմնուել է 1980 թուականին՝ Նարեկ քհնյ. Շիրիքեանի ջանքերով: Միութեան նպատակն է իրար շուրջ համախմբել կալիֆորնիաբնակ մուսալեռցիներին, պահպանել եւ սերունդներին փոխանցել մուսալեռցիների աւանդութիւնները, տօնախմբութիւններն ու ծիսակատարութիւնները: Միութիւնն ունի իր ծրագիր-կանոնագիրը, որի տրամադրութիւնների համաձայն, ընտրւում է վարչական կազմը երկամեայ ժամանակաշրջանով: Հիմնականում միութեան գործունէութիւնը կենտրոնանում են մշակութային աշխատանքների շուրջ, իսկ Նոր Տարուայ, Սուրբ Խաչի, Մուսա Տաղի հերոսամարտի տարեդարձի առիթներով կազմակերպւում են դաշտահանդէսներ, ժողովրդական խրախճանքներ, որոնց մուսալեռցիներից բացի, իրենց մասնակցութիւնն են բերում նաեւ համայնքիս բազմաթիւ անդամներ:
Միութեան շուրջ համախմբուած են 300 մուսալերցի ընտանիքներ: Կալիֆորնիայում Լոս Անջելոսից բացի, Մուսա Լեռ հայրենակցական միութիւնը մասնաճիւղեր ունի Ֆրեզնոյում եւ Սան Ֆրանցիսկոյում: Ըստ որոշ հաշուարկների, մօտաւորապէս 1000 մուսալերցի ընտանիքներ են ապրում ԱՄՆում:
Միութիւնը սերտ կապի մէջ է մուսլերցիների ոգեղէն կենտրոնը համարուող Այնճարի հետ եւ իր համեստ միջոցներով մշտապէս սատար է հանդիսանում Այնճարի կրթական ու հասարակական հաստատութիւններին:
Մուսա Լերան հերոսական պատմութեան վերապանծացման իմաստով միութիւնը վերջերս հովանաւորել է Ֆրանց Վերֆելի «Մուսա Լերան 40 օրերը» գրքի վերահրատարակումը, որի շնորհանդէսը տեղի ունեցաւ Գլենդէյլի հանրային գրադարանի հանդիսասրահում: Միութիւնը ստանձնել է նաեւ Խորէն Ա. քհնյ. Հապէշեանի եւ æորջ Աբէլեանի գրքերի հրատարակման հովանաւորութիւնը:
Նկատի ունենալով, որ մեր համայնքում ապրում են վերջերս Հայաստանից Կալիֆորնիա տեղափոխուած մուսալերցի ընտանիքներ, միութեան անդամները սիրով հրաւիրեցին սոյն ընտանիքներին՝ միանալու եւ մաս կազմելու Մուսա Լեռ հայրենակցական միութեանը: Ինչպէս յայտնեցին վարչութեան անդամները, միութիւնն ունի իր կայքէջը www.MousaLer.org հասցէով, ինչպէս՝ նաեւ Ֆէյսբուքեան իր էջը՝ Mousa Ler Association of California անուամբ, ուր տեղադրուած են տեղեկութիւններ՝ միութեան աշխատանքների եւ ձեռնարկուող միջոցառումների մասին:
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի Հանրային կապի գրասենեակի հետ կարելի է կապ պահել գրելով
PublicRelations@ARF1890.com
հասցէին կամ հեռաձայնելով (818) 243-7059 թիւին: Կապի գրասենեակի տնօրէնն է՝ Սարօ Նազարեան: