(Մինաս Տէր Սարգսեանի Մահուան Քառասնօրեակի Առիթով)
Ռ. ԿՈՐԻՒՆ
Մարդ արարածի կեանքը ժամանակաւոր է, անյայտ կենաց աւարտով: Հարկ է օգտուել կեանքից ու չթողնել պարապի անցնի, քանի որ ամէն մի մարդու ետին մահն է սպասում, ինչպէս ասած՝ մահը ստուերի պէս հետեւում է մարդուն: Մարդիկ գալիս եւ գնում են. իւրաքանչիւրը իր ըմբռնումների եւ ընկալումների համապատասխան, իր հասկացողութեան եւ գիտակցութեան նժարին համաչափ ապրում է կեանքը, ապա յիշատակ թողնելով՝ հրաժեշտ է տալիս կեանքին: Մնում է լաւը, բարին, արժէքաւորը, յիշատակը ապրեցնող արարքը, գործը եւ ծառայութիւնը: Ծնունդը ուրախութիւն է բերում՝ մարդ արարածի եւ բնութեան, սակայն իւրաքանչիւր մահ կսկծալի ու ցաւալի է, քանի որ սիրող սրտի եւ հարազատի կորուստ է. մահը անջատում է կենդանի առնչութիւնների կապը, պիտանի եւ արժէքաւոր մարդոց մահն էլ աւելի վշտալի է:
Մայիսի 4ին, Տէր Սարգսեան ընտանիքը ցաւալի կորուստ ունեցաւ. տան մեծը, ընտանիքի գլխաւորը, օջախի սիւնը՝ պարոն Մինասը, կնքեց իր մահկանացուն: Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ Մայիսի 11ին, սգակիրների հոծ մասնակցութեամբ: Նա կեանքին հրաժեշտ տուեց պատկառելի տարիքում շրջապատուած իր սիրելի ընտանեկան կազմով: Նա ծնուել էր Իրանի Չարմահալ գաւառում, Ապրիլի 21, 1916 թուականին, ու նախնական կրթութիւնը ստացել էր Իսֆահանի Նոր æուղա քաղաքում, ապա տեղափոխուելով Թեհրան՝ շարունակում է ուսումը՝ մասնագիտանալով հաշուապահական բնագաւառում: Նա իր ողջ կեանքում աշխատում է որպէս հաշուապահ՝ այս ճամբով ու միջոցով բարեկեցիկ կեանք ստեղծելով ընտանիքին համար: Ամուսնանում է 1955ին Ռոզիկ Էլիասեանի հետ եւ բախտաւորւում մի հատիկ զաւակով՝ Ռուբինա անունով:
Մինասը նուիրուած ազգային-հասարակական գործիչ էր. նա կեանքի ողջ ընթացքում գործօն մասնակցութիւն է բերել միութենական աշխատանքներին. եղել է Չարմահալի Ուսումնասիրաց միութեան վարչութեան անդամ ու իր ծառայութիւնն է բերել հայկական դպրոցներին զբաղեցնելով նախագահի պաշտօն «Ռոստոմ» ազգային դպրոցի ծնողական խորհրդում:
Նա ընտանիքով հաստատուելով Գլենդէյլում՝ 22 տարիներ ծառայում է Հայ ամերիկեան տարեցների միութեան՝ որպէս վարչութեան անդամ՝ հաշուապահի պատասխանատուութեամբ: Միութեան 25 ամեակի յոբելեանի տօնակատարութեան հանդէսում նա գնահատւում է յատուկ գրութեամբ, որպէս օրինակելի միութեան վարչական անդամ՝ իր բերած ծառայութեան համար: Ես անձամբ (տողերիս գրողը այդ ժամանակների միութեան որպէս գրասենեակի վարիչ պաշտօնեայ) ականատեսն եմ եղել նրա բծախնդիր եւ անշահախնդիր ծառայութեան: Նա միութենականների կողմից յարգուած ու սիրուած էր իր անկեղծութեան, նուիրուածութեան, համեստութեան, արդարամտութեան եւ մարդասիրութեան համար:
Նա գրասէր էր ու ընթերցասէր. մամուլի եւ հեռուստատեսութեան միջոցով աչալուրջ հետեւում էր հայրենիքի լուրերին: æերմ հայրենասէր էր. 1988ի հայրենիքի ահաւոր երկրաշարժի ցաւալի առիթով՝ միութեան կողմից նուիրահաւաքի պատասխանատուն էր: Նա ընկերասէր էր՝ բարի նախանձով տոգորուած. ուրախանում էր որեւէ ծանօթի յաջողութիւններով: Նա մշակութասէր էր, հետաքրքրասիրութեամբ մասնակցում էր գրական եւ միութենական միջոցառումներին, Իրանահայ միութեան շաբաթօրեայ հանդիպումներին եւ Կալիֆորնիայի հայ գրողների միութեան գրական ձեռնարկներին:
Շինարարասէր անձնաւորութիւն էր. դա նկատում էր որպէս կեանքի յառաջդիմութիւն, վերելք եւ բարգաւաճում. ուրախացել էր «Ամերիքանա» համալիրի շինարարութեամբ, Իրանահայ միութեան շէնքի աւարտով եւ այլն:
Նա սիրում էր մանուկներին. փողոցում քայլելիս որեւէ ազգի մանուկ նկատելիս՝ առնում, գրկում ու փայփայում էր: Նա գանգատւում էր, թէ ինչո՞ւ մէկ զաւակ պիտի ունենար. ասում էր՝ «Հայի ընտանիքները պէտք է բազմազաւակ լինեն, որակի կողքին նաեւ քանակը պէտք է»:
Նա ընտանիքասէր էր՝ աւանդապահ ծնողների զաւակ, այդ հոգեբանութեամբ մեծացած եւ ընտանիք կազմած: Նա տիպար ամուսին էր, սիրալիր հայր եւ հոգատար եղբայր՝ իր քոյր ու եղբայրների նկատմամբ. մինուճար դստերով ու փեսայով հպարտանում եւ ուրախանում էր:
Մեր պարթեւահասակ պարոն Մինասը, իր սէգ եւ փայլուն ճակատով, հայկականութիւն արտացոլող հայեացքով ու շէնշող խառնուածքով, սիրելի հայ մարդ էր՝ ձեռքից եկածը չխնայող եւ օգնող: Այսպէս նա իր ապրած կեանքը իմաստաւորել էր աշխատանքով, անբասիր ծառայութեամբ, նուիրուածութեամբ, առողջ շփումներով, քաղցր զրոյցներով ու գաղափարական հայ մարդու դրական մտածելակերպով, այնպէս որ, մարդը՝ պրն. Մինասը, կ՛ապրի մեր սրտերում իր մարդկային բարձր արժանիքներով:
Թող այս երկտող գրութիւնը մխիթարանք եւ սփոփանք լինի իր ընտանեկան կազմին՝ ազնուափայլ տիկին Ռոզիկի, սիրելիներ՝ Ռուբինայի եւ Արմէնի ու համայն Տէր Սարգսեան գերդաստանի համար:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: