«ՀՐԱՊԱՐԱԿ»
«Այսօր (Մայիս 28, անկախութեան տարեդարձ-Խմբ.) տօն է, եւ առաջին լուրը բօթ է՝ քանդում են Փակ շուկան», երէկ «Ֆէյսբուքը» հեղեղուած էր այսպիսի գոյժերով: Բոլորը SOS էին հնչեցնում, պայքարի կոչեր անում, դատապարտում իշխանութիւններին եւ քարկոծում քանդողներին: Մեր՝ երեւանցիներիս նեարդն (ջիղը-Խմբ.) այլեւս բաց է: Մենք մեր սիրելի քաղաքում այլեւս չենք ուզում հանդուրժել ոչ մի շինարարութիւն: Մեր տառապանքը փորձ ունի՝ գիտենք, որ ցանկացած շինարարութիւն նշանակում է հնի, գեղեցիկի, արժէքաւորի աւերում եւ նորի, տգեղի, անճոռնիի հաստատում: Մեր աչքի առաջ մայրաքաղաքի կենտրոնը վերածուեց մի անդէմ ու տձեւ քարէ քաղաքի, որտեղից թամանեանական գողտրիկ շինութիւնները խորթ զաւակի նման դուրս մղուեցին՝ իրենց տեղը զիջելով անճաշակ ու տարբեր երկրներից կապկուած շինութիւններին: Լռել ենք՝ բաւ է, ասում են երեւանցիները: Վերջին շրջանում «Ֆէյսբուքում» մի նոստալգիկ (կարօտախտային-Խմբ.) շարժում է սկսուել՝ մայրաքաղաքի հին, կիսաքանդ տեսարանների լուսանկարներ են տեղադրւում, եւ տարիքով շատ երիտասարդ մարդիկ, ովքեր դժուար թէ խորհրդային երկրի հանդէպ կարօտախտի զգացումներ ունենան, ախուվախ են անում, հիանում այդ կիսաքանդ տեսարաններով: Մարդիկ յոգնել են անբնական ու մարդկային բնոյթին խորթ, օտար, բազմայարկ ճարտարապետութիւնից: Նրանք համաձայն են ապրել կիսաքանդ ու աւերուած, նեղ ու ծուռումուռ փողոցներով քաղաքում, որտեղ, սակայն, մարդկային շունչ կայ, ոգի, ջերմ ընտանեկան մթնոլորտ: Գուցէ Փակ շուկայի տեղում վերականգնուածը լինի աւելի գեղեցիկ ու ժամանակակից, սանիտարական (առաողջապահական-Խմբ.) տարբեր նորմերի (չափանիշներու-Խմբ.) ու միջազգային չափանիշներին համապատասխանող, բայց աչքը տեսածից է վախենում: Մենք նախընտրում ենք հարազատ աւերակն ու կիսաքանդը, որն աչք է շոյում եւ սիրտ ջերմացնում, քան անյայտ ու օտար կառոյցը, որից սառնութիւն է փչում: