ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Աներեւոյթ է, երբ ունես: Իսկ երբ չունես, մի այլ ուժ իշխում է քեզ եւ ղեկավարում է ամբողջ ընթացքդ: Խառնւում են զգացողութիւններդ. բոլոր համերը դառնում են աւելորդ: Եթէ սուրճ խմող ես, տհաճ է այն՝ նոյնիսկ հոտը: Եթէ դրսում տաքութիւնը 100 աստիճան է, միեւնոյն է, չես զգում, քո ունեցած բարձր ջերմով՝ մրսում ես: Բոլոր մարդիկ, առարկաները դառնում են նոյնը, իսկ սիրածներդ՝ սիրտդ են խառնում: Յանկարծ յիշում ես անկապ մի եղանակ կամ մի նախադասութիւն, ու այն սկսում է անընդհատ պտտուել քո ուղեղում: Եւ երբ ստիպում ես քեզ յետաձգելու անելիքներդ, ուրեմն անկարող ես, չկայ առողջութիւնդ:
Կայ մի պայքար մարմնիդ իւրաքանչիւր բջջի մէջ, որն անկարող ես կասեցնելու, եւ այդ եռուզեռից տապալւում ես դու: Որքա՞ն է ընթացքը՝ մինչեւ որ այդ ճակատամարտն աւարտուի մարմնիդ որեւէ անդամի կամ մասի գրաւումով, եւ յայտնի դառնայ հիւանդութիւնդ: Յետոյ է, որ գրաւեալ տարածքը, բժշկական միջամտութեամբ, քիմիական նիւթերով պէտք է ետ վերցնես:
Ու այս ամէնը, որ միայն սովորական մրսածութիւնն է, պահանջում է ժամանակ. յարձակում, կատաղի մարտեր, գրաւում, ազատագրական պայքար եւ յաղթանակ՝ վերագտած առողջութիւնդ:
Երբ տխուր ենք, յիշենք այն բոլոր աներեւոյթ հարստութիւնները, որ պարգեւուած են մեզ բնութեան կողմից՝ սկսած մեր ծննդից մինչեւ մեր գոյութիւնը. կեանք կոչուած այս իրարանցում-թատերախաղի հերոսները մենք ենք:
Առողջութիւն բոլորիս: