Տեսանիւթը դիտել՝
https://www.facebook.com/LAThisWeek/videos/1447987008553926/
«Լոս Անջելեսն Այս Շաբաթ» քաղաքապետարանին կից գործող հեռուստածրագիրն անդրադարձել է Հոլիվուդի Փոքրիկ Հայաստան շրջանի մուտքն ազդարարող, այսպէս կոչուած` «դարպաս»ի ստեղծման նախագծին: Խօսքը, մշակութային կոթողի մասին է, որ պէտք է տեղադրուի Փոքրիկ Հայաստանում եւ կը խորհրդանշի հայ համայնքի ներկայութիւնն ու մշակութային ժառանգութիւնը: «Շուտով Փոքրիկ Հայաստանն էլ կ’ունենայ Դարպաս: Սակայն, ներկայացուած տաղանդաւոր գործերից, ընտրել լաւագոյն նախագիծը` շատ դժուար է: Միայն մէկը կարող է արժանանալ այնտեղ գտնուելու պատուին», նշւում է տեսանիւթում:
Լոս Անջելեսի քաղաքապետարանը նախորդ տարի մրցոյթ էր յայտարարել յուշարձանի համար, եւ ներկայացուած նախագծերից ընտրուել է հինգը: Լաւագոյնը կ’ընտրուի յատուկ այս նպատակով ստեղծուած յանձնախմբի կողմից, սակայն մինչ վերջնական քուէարկութիւնը, Լոս Անջելեսի քաղաքապետարանը, ի դէմս խորհրդի անդամ Միթչ Օֆարելի՛ եւ Մշակութային վարչութեան, որոշել էր ստանալ նաեւ համայնքի կարծիքը նախագծերի շուրջ: Մարտի 25ին, հայ համայնքի ներկայացուցիներն առիթ ունեցան ծանօթանալու եզրափակիչ փուլ աշխատանքներին:
«Հայ համայնքի երազանքն էր ունենալ մի յուշարձան, կոթող, որը կը ներկայացնի հայկական մշակութային ժառանգութիւնը, մեր ձեռքբերումները, մեր նպաստը, ներգրաւուածութիւնն ու ներկայութիւնն այս քաղաքում», տեսանիւթում նշում է Հայ Դատի Հոլիւուդի Յանձնախմբի համանախագահ Լարա Երեցեանը:
Յուշարձան-կոթողը տեղադրուելու է 101 մայրուղու կողքին կանաչ գօտու տարածքում, եւ կը նշանաւորի «Փոքրիկ Հայաստան»ի մուտքը: Նախագծի իրականացման համար յատկացուել է 350 հազար դոլար, որը ծախսուելու է դիզայնի, արտադրութեան եւ տեղադրման համար: Ծրագրի ֆինանսաւորումն իրականացնում են Լոս Անջելեսի քաղաքապետարանն ու Արուեստի զարգացման հիմնադրամը, որը վերականգնուել է քաղխորհդրի անդամ Օ’ֆերելի եւ գործընկերների կողմից:
Եզրափակիչ փուլ անցած նախագծերի հեղինակներն են` Աթանեան Արուեստի կենտրոնի արուեստագէտների խումբը` Վլադիմիր Աթանեան, Գոռ Աթանեան եւ Արմէն Կազանչեան, Եան Աւերբուխը, Քլիֆ Գարթենը, Նարինէ Միրզայեան եւ Հիթեր Ռոբերջ արուեստագէտների երկեակը, եւ Հիթ Սաթօուն: