«Մարդիկ Դա Էլ Պէտք Է Հասկանան, Որ Այգում Ծառ Տնկելը Եւ Անտառ Հիմնելը Տարբեր Բաներ Են»
«ՀԵՏՔ».- Պրն. Մելիքեան, արդէն յայտնի՞ է ինչ տարածքներ են յատկացուելու 10 մլն. ծառ տնկելու համար:
ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- Դրանք հիմնականում տնկուելու են ոչ անտառածածկ անտառային հողերում, որոնք պետական սեփականութիւն են եւ գտնւում են «Հայանտառ» ՊՈԱԿի կառավարման ներքոյ: Խօսքը մօտաւորապէս 3000-3300 հա. տարածքի մասին է: Մենք այդ հողերն ունենք: Այդ հողերն ամբողջ Հայաստանով մէկ են, բացի Արմաւիրի եւ Արարատի մարզերից, մնացած բոլոր մարզերում կան անտառային հողեր, որոնք տարբեր չափի են, բայց կան:
Հիմա քարտէզագրում է կատարւում աւելի մանրամասն, կոնկրետ (յստակ-Խմբ.) կ՛ընտրենք հէնց այդ 3300 հեկտարը, որովհետեւ աւելի շատ են այդ հողերը: Հիմնականում դրանք պէտք է լինեն աւելի լաւ պայմաններ ունեցող տարածքները:
«ՀԵՏՔ».- Որոշուա՞ծ է ինչ տնկիներ են լինելու այդ տարածքներում:
ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- Տնկման համար նախ պէտք է նախագիծ կազմուի: Այսինքն՝ հէնց տարածքները տրուեն, նախագիծը կը կազմուի, որտեղ ներգրաւուած կը լինեն տնկիների մասին տեղեկութիւնները: Պէտք է լինեն միայն տեղական անտառային տեսակներ:
«ՀԵՏՔ».- Որտեղի՞ց պէտք է ձեռք բերուեն դրանք:
ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- Մենք չունենք 10 մլն. տնկի Հայաստանում: Նախնական մինչեւ 2 մլն. ունենք։ Հիմա մենք դիմում ենք մեր գործընկեր երկրներին՝ Բելառուսին, Ռուսաստանին, Ղազախստանին, Վրաստանին եւ Իրանին: Բելառուսի պարագայում բանաւոր խօսել ենք, տնկիների այն ցուցակը, որ մեզ անհրաժեշտ է, կ՛ուղարկենք, իրենցից տեղեկութիւններ ենք ակնկալում, թէ ինչ ունեն: Մի մասը կը գնուի, մի մասը, օրինակ, նոյն Բելառուսի հետ 2011թ.ից կայ համաձայնութիւն 1 մլն. ծառ տնկելու վերաբերեալ, 100 հազար էլ արդէն բերուել եւ տնկուել է Սեւան ազգային զբօսայգու տարածքում: Նաեւ անվճար տնկիներ ենք ստանալու:
«ՀԵՏՔ».- Ո՞վ է տնկելու եւ ո՞վ է խնամելու նոր տնկիները:
ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- Նպատակն այն է, որ տնկումը լինի հնարաւորինս մասսայական (զանգուածային-Խմբ.): Այսինքն՝ սա զուտ տնկման կամ անտառ հիմնելու ծրագիր պէտք չէ լինի, այլ իրազեկում, մարդկանց կրթելու, որ հասկանան՝ անտառն ինչ է, ինչպէս է տնկւում: Անընդհատ խօսում են, թէ ինչպէս է ջրուելու, կը տեսնեն, որ չի ջրուելու, անտառը ջրելով չեն հիմնում, յատկապէս եթէ դա անապատում կամ չորային պայմաններում չէ: Այսինքն՝ չենք ջրելու: Մարդիկ դա էլ պէտք է հասկանան, որ այգում ծառ տնկելը եւ անտառ հիմնելը տարբեր բաներ են:
Նաեւ ուզում ենք տարբեր փորձնական բաներ անել: Օրինակ՝ Հայաստանում հեկտարի վրայ 3000 տնկի է տնկւում, բայց կարող ենք որոշ տարածքներում 1000 տնկել կամ՝ 3000ից շատ: 10 մլն.ի մէջ 100 հեկտարը կը տրամադրենք այլընտրանքային մեթոդներով աշխատելուն: Ուսանողներին անպայման կը հրաւիրենք, որ իրենց համար գիտական աշխատանք լինի, որի հիման վրայ եզրակացութիւններ կը տան՝ ինչն աշխատեց, ինչը՝ ոչ: Սա նաեւ հնարաւորութիւն կը տայ հասկանալու, թէ ներդրման դիմաց որն է աւելի լաւ աշխատում, որը յետագայում անտառածածկ տարածքները կրկնապատելու համար հիմնաւոր ու փորձուած մօտեցում կը դառնայ:
Խնամք նախատեսուելու է: Տնկելուց յետոյ խնամուելու են «Հայանտառ»ի կողմից: Առնուազն հինգ տարի խնամուելու են:
«ՀԵՏՔ».- «Հայանտառ»ն ունի՞ այդքան պոտենցիալ (կարողութիւն-Խմբ.) եւ աշխատակիցներ:
ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- «Հայանտառ»ի աշխատակիցներն իրենց աշխատանքը չեն թողնելու, որպէսզի դրանով զբաղուեն: Դրա համար լրացուցիչ աշխատատեղեր են ներգրաւուելու: Վարչապետը նշեց, որ 424 մլն. դրամ է կառավարութիւնը յատկացրել այդ աշխատանքների համար, հիմա լրացուցիչ սեզոնային աշխատողներ կան: Սա նաեւ շատ լաւ է, որովհետեւ երէկ խօսում էինք, որ ապօրինիութիւնների մոտի-ւացիան (մղումը-Խմբ.) մարդկանց չարակամութիւնը չէ, այլ սոցիալական (ընկերային-Խմբ.) վիճակը: Այս աշխատանքները նաեւ լրացուցիչ եկամուտ կ՛ապահովեն յատկապէս գիւղական համայնքներում:
«ՀԵՏՔ».- Ինչպէ՞ս է բաշխուելու 424 մլն. դրամը, դա տնկիների ձեռքբերմա՞ն համար է, թէ աշխատանքների:
ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- «Հայանտառ»ն ունի տնկիներ, դա տնկիների համար չէ: Դրա մէջ մտնում են 150 հա. անտառի տնկում, ներառեալ 10 հա. ցանքի միջոցով, եւ 400 ու 200 հա. կոճղաշիւային անտառի խնամք եւ հանքայնացում:
«ՀԵՏՔ».- Հայաստանի անտառածածկ տարածքը 10 մլն. ծառ տնկելուց յետոյ որքանո՞վ կ՛աւելանայ:
ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- «Հայանտառ»ի ունեցած տարածքը կ՛աւելանայ 1 տոկոսով:
«ՀԵՏՔ»