(Մոսկուայի 1921թ. Մարտի 16 (18)ի Ռուս-թուրքական Պայմանագրի 100րդ Տարելիցի Առիթով)
ԱՐԱՐԱՏ ՅԱԿՈԲԵԱՆ
Լրանում է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական ճակատագրում անդառնալի ծանր հետք թողած Մոսկուայի 1921թ. Մարտի 16ի, իրականում Մարտի 18ի ռուս-թուրքական «բարեկամութեան եւ եղբայրութեան» անարդար ու ապօրինի պայմանագրի ուղիղ մէկ դարը: Այն կնքել են այն ժամանակներում ռազմաքաղաքական համընկնող շահերով ու հեռագնայ սին կարգախօսներով իրար հետ դաշն կազմած քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկեան Ռուսաստանը: Պատմական իրողութիւնն, որ միջազգայնօրէն չճանաչուած երկու երկրների կառավարութիւններ պայմանագիր են կնքել եւ որոշել են մի երրորդ երկրի՝ Երեւանի 1920թ. Դեկտեմբերի 2ի Դրօ-Լեգրան համաձայնագրով անկախ հռչակուած Հայաստանի՝ կենսական նշանակութեան տարածքային-սահմանային հարցերը՝ առանց վերջինիս գիտութեան ու մասնակցութեան: Հէնց այդ պայմանագրով արդէն խորհրդայնացած Հայաստանը փաստօրէն պարփակուեց ընդամէնը 30 հազ. քառ. կմ. տարածքի սահմաններում: Եւ որպէսզի այդ պայմանագրով սահմանուած վճիռն օրինականացուէր Հայաստանի համար, մի քանի ամիս անց՝ 1921 թ. Հոկտեմբերի 13ին, Կարսում ՌՍԴԽՀ կառավարութեան յանձնարարականով կնքուեց փաստօրէն Մոսկուայի պայմանագրի կրկնօրինակը հանդիսացող մի պայմանագիր՝ արդէն Հայաստանի պատուիրակութեան (ղեկավար՝ Ա. Մռաւեան) մասնակցութեամբ: Արդէն 100 երկարուձիգ տարիներ են, որ պահպանւում է այդ անարդար ու ապօրինի, ուժով ու սպառնալիքով Հայաստանին ու հայ ժողովրդին պարտադրուած պայմանագիրը:
Միջազգային պայմանագրային իրաւունքին ու նորմերին համապատասխանութեան առումով Մոսկուայի պայմանագրի աղաղակող անօրինականութեան դրսեւորումներից մէկն այն է, որ միմեանց հետ պայմանագիր են կնքել երկու երկրների՝ քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկեան Ռուսաստանի չճանաչուած կառավարութիւններ եւ որոշել են մի երրորդ երկրի, տուեալ դէպքում՝ Հայաստանի տարածքային-սահմանային հարցերը՝ առանց նրա ներկայացուցչի գիտութեան ու մասնակցութեան: Ընդ որում, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան սահմանների վերաբերեալ պայմանագիր են կնքում՝ իրականում իրար հետ չունենալով տարածքային-սահմանային եւ ոչ մի շփում: Բանն այն է, որ Անդրկովկասի երեք հանրապետութիւնները պայմանագրի ստորագրման պահին չեն համարուել Խորհրդային Միութեան տարածք, որովհետեւ 1921թ. Մարտ ամսին դեռ ո՛չ Անդրդաշնութիւնը կար եւ ո՛չ էլ, առաւել եւս, ԽՍՀՄը: Եւ այդ իմաստով Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագիրը՝ իբրեւ նախադէպ ու նախատիպ, կարելի է նմանեցնել ու նոյնացնել Մոսկուայի 1939թ. Օգոստոս-Սեպտեմբերի Արեւելեան Եւրոպայի երկրների տարածքները միմեանց միջեւ բաժանող խորհրդա-գերմանական (Մոլոտով-Ռիբենտրոպ) գաղտնի արձանագրութեան հետ:
Հայաստանի ու հայ ժողովրդի համար կողոպտիչ մոսկովեան ռուս-թուրքական պայմանագրի հիմքերը դրուել էին դեռեւս 1920թ. Յուլիս-Օգոստոս ամիսներին Մոսկուայում գումարուած խորհրդա-թուրքական (Գ. Չիչերին-Բ. Սամի բէյ) խորհրդաժողովում, որին ի հետեւանք նախաստորագրուել էր Օգոստոսի 24ի ռուս-թուրքական բարեկամութեան պայմանագիրը: Դրանով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր 1920թ. Յունուարի 28ի թուրքական, այսպէս կոչուած, «Ազգային ուխտ»ում նշուած տարածքային պահանջները, այն է՝ Արեւմտեան Հայաստանի նահանգների եւ Կարսի մարզի՝ Թուրքիային միացումը: Դա նշանակում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարութիւնը առաջիններից մէկը դէմ դուրս եկաւ Սեւրի պայմանագրին եւ այդպէս իր պաշտպանութեան տակ վերցրեց Առաջին աշխարհամարտում ծանր պարտութիւն կրած Թուրքիային: Աւելին՝ Ռուսաստանի թողտուութեամբ Մոսկուայի պայմանագրով գերակատարուեցին թուրքական «Ազգային ուխտ»ի տարածքային պահանջները: Այդ պահանջներից դուրս՝ Սուրմալուի գաւառը՝ հայ ժողովրդի «յաւէտ գոյութեան խորհուրդ»ը՝ Մեծ ու Փոքր Մասիսներով (3450 քառ. կմ.), որը երբեք չէր եղել օսմանեան Թուրքիայի կազմում, բռնակցուեց Թուրքիային, եւ դրանով հայ-թուրքական պետական սահմանագիծը դարձաւ Ախուրեան եւ Արաքս գետերի հունը, ինչպէս որ է առ այսօր: Մայր Արաքսի այն ափը, որտեղ ընկած է մեր բուն հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստանը, մեզ համար դարձաւ տեսիլք ու երազ, իսկ Մասիսն այդպէս էլ մնաց «անհաս փառքի ճամբայ»: Դա դեռ բաւական չէ, Մոսկուայի պայմանագրի 3րդ յօդուածով Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանին նուիրաբերուեց Նախիջեւանի երկրամասը (5500 քառ. կմ.)՝ պայմանով, որ այն չզիջուի մի երրորդ պետութեան, այսինքն՝ Հայաստանին:
Որպէս պատմական դառը յիշողութիւն արձանագրենք, որ դարձեալ այդ նոյն տարում՝ 1921թ. Յուլիսի 5ին, առանց քուէարկութեան, Կովբիւրոյի անօրինական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը (4160 քառ. կմ.) մարզային լայն ինքնավարութեան կարգավիճակով տրուեց Ադրբեջանին: Արցախահայութիւնը համայն հայ ժողովրդի հետ միասին տասնամեակներ շարունակ պայքարեց իր արդար իրաւունքների վերականգնման համար: Որպէս արդիւնք՝ հռչակուեց Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետութիւնը, սակայն վերջին ժամանակների պատերազմական ձախող իրադարձութիւնները կարծես հարցականի տակ են դնում Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը: Հայաստանի ներկայիս վարչակարգի արտաքին սխալ քաղաքականութեան հետեւանքով, մեր կարծիքով, Ռուսաստանի լուռ համաձայնութեամբ թուրք-ադրբեջանական (Էրդողան-Ալիեւ) տանդեմը (լծակից զոյգը) Արցախի դէմ սանձազերծեց պատերազմ: Ինչպէս 100 տարի առաջ՝ 1920թ. թուրք-հայկական, այնպէս էլ արցախեան այս պատերազմի վերջում Ռուսաստանը միջամտեց, եւ երկու դէպքում էլ կայացուեցին, մեղմ ասած, ոչ-հայանպաստ որոշումներ:
Կարելի է եզրակացնել, որ Մոսկուայի պայմանագրով ու Կովկասեան բիւրոյի որոշմամբ Հայաստանից ու հայ ժողովրդից խլուեց 30,360 քառ. Կմ. տարածք, որն աւելի մեծ է, քան ներկայիս Հայաստանի Հանրապետութեան տարածքը՝ 29,800 քառ. կմ.:
Խորհրդային ժամանակներից մեր պատմագրութեան մէջ աղաւաղուած ու կեղծուած այլ մօտեցում-տեսակէտ-գնահատականների կողքին տարածում է գտել մի թիւր տեսակէտ, թէ իբր հայ ժողովրդի համար կողոպտիչ Մոսկուայի պայմանագիրը հնարաւոր եղաւ այն պատճառով, որ դրանից առաջ՝ 1920թ. Դեկտեմբերի 2ին, դաշնակցական կառավարութիւնը թուրքերի հետ ստորագրել էր Ալեքսանդրապոլի կողոպտիչ պայմանագիրը, որով Թուրքիային էր յանձնւում Արեւելեան Հայաստանի տարածքների շուրջ կէսը, ուստի Խորհրդային Ռուսաստանի կառավարութիւնը այլեւս չէր կարող Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային յանձնուելիք տարածքների հարցը վերանայել: Աւելին՝ խորհրդային եւ նոյնիսկ յետ-խորհրդային շրջանի մի շարք հեղինակների մօտ պահպանւում է այն կարծրատիպը, թէ իբր Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանին մնում էր ընդամէնը 10 հազար քառ. կմ. տարածք, որը հաւասարւում էր Բաթումի 1918թ. Յունիսի 4ի հայ-թուրքական պայմանագրով նախատեսուած
տարածքին:
Սա չի համապատասխանում իրականութեանը: Ալեքսանդրապոլի եւ Մոսկուայի պայմանագրերով գծուած հայ-թուրքական սահմանի տեղանշումները համեմատելով կարելի է համոզուել, որ տարածքային-սահմանային տեսանկիւնից Ալեքսանդրապոլի պայմանագիրը ոչնչով չի զիջել Մոսկուայի, իսկ աւելի ուշ՝ դրա կրկնօրինակ Կարսի պայմանագրին: Աւելին՝ ՀՀ տարածքը մի քանի հարիւր քառ. կմ.ով աւելին էր Մոսկուայի, ուստի եւ դրա կրկնօրինակ Կարսի պայմանագրերով նախատեսուած տարածքից: Ճանաչուած պատմաբան-քարտէզագէտ Բ. Յարութիւնեանի քարտէզագիտական դիտարկումներով ու կատարած մօտաւոր հաշուումներով՝ Մոսկուայի պայմանագրով, Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ, Թուրքիային է անցել 250 քառ. կմ. յաւելեալ տարածք:
Եթէ նկատի ունենանք, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանին էր անցնում Կարսի մարզի հիւսիս-արեւելեան շրջանից 600 քառ. կմ. տարածք, ապա Մոսկուայի պայմանագրով շուրջ 250 քառ. կմ. եռանկիւնի մի հողատարածք զիջուել է Թուրքիային. դա նշանակում է՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի համամեմատ Մոսկուայի պայմանագրով Կարսի մարզից Հայաստանին թողնուել է ընդամէնը 350 քառ. կմ, որն էլ կազմում է Աղբաբայի (ներկայումս՝ Ամասիա) ենթաշրջանը:
Միւս պատմական կեղծիքն այն է, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած Հայաստանի պատուիրակութեան (ղեկավար՝ Ալ. Խատիսեան) ստորագրութիւնն ի սկզբանէ իրաւական ուժ չի ունեցել, որովհետեւ պայմանագրի ստորագրման պահին նրան ներկայացնող կառավարութիւնն արդէն հրաժարական էր տուել, բացի այդ` պայմանագիրը չի վաւերացուել ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Թուրքիայի խորհրդարաններում, ուստի այն անվաւեր փաստաթուղթ էր եւ չէր կարող իրաւական հիմք դառնալ Մոսկուայի պայմանագրի կնքման համար: Այն, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը միջազգային-իրաւական ուժ չունեցող փաստաթուղթ է, Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Գ. Չիչերինը հաղորդել է Մոսկուայում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադին (Ջեբեսոյ) 1921թ. Ապրիլի 8ին յղած նոտայում, որում թուրք դեսպանին յիշեցնում էր, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքուել է դաշնակցական կառավարութեան կողմից այն ժամանակ, երբ արդէն հռչակուած էր Հայաստանի խորհրդային կառավարութիւնը, եւ այն պայմանագրով նախատեսուած մէկ ամիս ժամկէտում չի վաւերացուել ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Թուրքիայի օրէնսդիր մարմինների կողմից: Ի դէպ, Մոսկուայի ռուս-թուրքական բանակցութիւնների ընթացքում բնաւ չի յիշատակուել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագրին առնչուող 100ամեայ կեղծիքներից միւսն այն է, որ իբր 1921թ. Փետրուարեան ապստամբութեան առնչութեամբ Հայրենիքի փրկութեան կոմիտէի (ՀՓԿ) նախագահ Ս. Վրացեանի՝ Մարտի 12ին (որոշ տուեալներով՝ Մարտի 14ին) Մոսկուա ուղարկած հեռագիրն էր պատճառը, որ Խորհրդային Հայաստանի պատուիրակութեանը (ղեկավար՝ Ալ. Բէկզադեան) թոյլ չտրուեց մասնակցել ռուս-թուրքական խորհրդաժողովին: Այնինչ իրականում Հայաստանի պատուիրակութեանը թոյլ չի տրուել մասնակցել կոնֆերանսին մինչեւ Փետրուարի 26ը, երբ այն կը սկսուէր, այնպէս որ Ս. Վրացեանի՝ յետին թուով ռադիօհեռագիրը չէր կարող ազդել կոնֆերանսին Հայաստանի պատուիրակութեան մասնակցել-չմասնակցելու հանգամանքի վրայ: Աւելին` Ս. Վրացեանի կառավարութիւնն անգամ տեղեակ չի եղել, որ Հայաստանի պատուիրակութեանն արգելուած է եղել մասնակցել խորհրդաժողովի աշխատանքներին, այլապէս աւելորդ կը լինէր նման հեռագիր Մոսկուա ուղարկելը: Եթէ անգամ հայկական պատուիրակութիւնը մասնակցէր խորհրդաժողովին, առանձնապէս որեւէ էական արդիւնք չէր արձանագրուի:
Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագրի շուրջ եղած կեղծիք-ֆէյքերից մէկն էլ այն է, որ կեղծուել է անգամ դրա ստորագրման ստոյգ օրը. իրականում ստորագրման օրը՝ Մարտի 18ը, թուագրուել է Մարտի 16ով՝ ցոյց տալու համար, թէ իբր այն ստորագրուել է Լոնդոնի անգլօ-ռուսական (Ռ. Հոռն-Լ. Կրասին) առեւտրա-տնտեսական համաձայնագրից առաջ կամ գոնէ նոյն օրը` Մարտի 16ին, եւ իբր թէ Մոսկուան տեղեակ չի եղել լոնդոնեան համաձայնագրի քաղաքական բովանդակութեանը: Բանն այն է, որ Լոնդոնում անգլօ-ռուսական եւ Մոսկուայում ռուս-թուրքական զուգահեռաբար ընթացող բանակցութիւններում անգլիական կողմը ռուսականից պահանջել է, որ առեւտրա-տնտեսական պայմանագիր կնքելու դիմաց, իբրեւ Հայկական հարցի մասնակի լուծում, Ռուսաստանը Թուրքիայից պահանջի Հայաստանին վերադարձնել գոնէ Կարսն ու Արդահանը: Խորհրդային կողմը, ցանկութիւն չունենալով նման պահանջ դնելու թուրքերի առաջ, դիմել է մոլորեցնող կեղծիքի. պայմանագրի տեքստում նշուել է Մարտի 16ը, որը Լոնդոնի առեւտրա-տնտեսական համաձայնագրի ստորագրման օրն է: Դրանով փորձ է արուել Լոնդոնին հասկացնելու, որ իբր Մոսկուան տեղեակ չի եղել, որ Կարսն ու Արդահանը Հայաստանին վերադարձնելու մասին Անգլիայի կողմից նման պահանջ-առաջարկ է ներկայացուել: Այն, որ Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագիրը մինչեւ Մարտի 18ը ստորագրուած չի եղել, վկայում է Հայաստանի պատուիրակութեան ղեկավար Ալ. Բէկզադեանը նոյն օրը Բաքու՝ Միք. Աթաբէկեանին ուղղած նամակում:
Ժամանակակից իրողութիւնների լոյսի տակ սին յոյսեր են լրատուամիջոցներով ու համացանցով երբեմն տարածուող պարզունակ այն մտամարզանքները, որ Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագրի 100 տարին լրանալուն պէս այն չեղեալ կը համարուի, կամ Նախիջեւանի հարցը հայանպաստ լուծում կը ստանայ եւ այլն: Հայ հանրութեան մի մասն էլ յոյս է տածում, որ 100 տարի առաջ Հայկական հարցում բոլշեւիկների թոյլ տուած հայկական հողերի՝ թուրքերին վաճառքի սխալը կ՛ուղղի ներկայիս ՌԴ կառավարութիւնը: Սա եւս քաղաքական պարզունակ մոլորութիւն է: Պատմութեան հազարամեակների փորձն ու դասերը սովորեցնում են, որ սեփական ուժերին ապաւինելով է միայն հնարաւոր լուծել ազգի, երկրի ու պետութեան առաջ ծառացած արմատական խնդիրները:
Պատմութեան ընթացքում հայ ժողովուրդը շարունակ տարածքներ է կորցրել: Միայն Մոսկուայի պայմանագրով Հայաստանը կորցրեց իր փաստական տարածքների կէսից աւելին: Իսկ դրանք հետ բերելու համար պէտք է ապաւինել միայն սեփական ուժերին, կարողութիւններին ու ռեսուրսներին: Մնացեալը պատրանք է: Դա է հերթական անգամ հաստատում Արցախեան երկրորդ պատերազմի դառը փորձը:
Դիտարկելով Հայաստանի ու հայ ժողովրդի համար կենսական նշանակութիւն ունեցող տարածքային-սահմանային հարցերը ռուս-թուրքական յարաբերութիւնների համատեքստում՝ դժուար չէ նկատել, որ հայկական տարածքները անթաքոյց զոհաբերուել են նրանց ծաւալապաշտական շահերին: Եթէ խորհրդայինը դրսեւորուել է քիչ թէ շատ քօղարկուած կերպով, ապա քեմալականը բացայայտօրէն հակահայկական է:
Հանրագումարի բերելով Մոսկուայի պայմանագրի հետեւանքները Հայաստանի ու հայ ժողովրդի համար՝ կարելի է ներկայացնել հետեւեալ թուական տուեալները: Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզը՝ 17,250 քառ. կմ., եւ Սուրմալուի գաւառը՝ 3450 քառ. կմ., ընդամէնը՝ 20,700 քառ. Կմ. բուն հայկական տարածք: Բացի այդ՝ Թուրքիայի պահանջով Նախիջեւանի մարզը (շուրջ 5500 քառ. կմ.) յանձնուեց նրա փոքր եղբայր Ադրբեջանին: Այս համատեքստում, եթէ հաշուի առնենք, որ Կովբիւրոյի 1921թ. Յուլիսի 5ի անօրինական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը (4160 քառ. կմ.) եւս նուիրաբերուեց Ադրբեջանին, ապա 1921թ. հակահայ այդ գործարքներով Հայաստանից ու հայ ժողովրդից խլուեց եւ Թուրքիային ու Ադրբեջանին միացուեց 20,700 + 5500 + 4160 = 30,360 քառ. կմ. տարածք, որն իրականում աւելի մեծ է, քան Խորհրդային Հայաստանի (ՀՍԽՀ) ու նրա իրաւայաջորդ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետութեան տարածքը (29.8 հազ. քառ. կմ.): Ահա սա է 100ամեայ դառը ճշմարտութիւնը Մոսկուայի պայմանագրի մասին: Հէնց այդ պայմանագրով արդէն խորհրդայնացած Հայաստանը փաստօրէն պարփակուեց ընդամէնը 30 հազ. քառ. կմ տարածքի սահմաններում:
Եթէ խնդիրը դիտարկենք միջազգային իրաւունքի տեսանկիւնից, ապա ակնյայտ կը դառնայ, որ Մոսկուայի պայմանագիրը կնքուել է միջազգային պայմանագրային իրաւունքի նորմերի կոպիտ խախտումներով: Եւ որպէսզի այդ պայմանագրով սահմանուած վճիռը քիչ թէ շատ իրաւական հիմքի վրայ դրուի, մի քանի ամիս անց` 1921թ. Հոկտեմբերի 13ին, Կարսում ՌՍԴԽՀ կառավարութեան յանձնարարականով (պատուիրակ՝ Յան Գանեցկի) կնքուեց փաստօրէն Մոսկուայի պայմանագրի կրկնօրինակը հանդիսացող մի պայմանագիր՝ արդէն Հայաստանի պատուիրակութեան մասնակցութեամբ: Վերջինիս անդրադարձ կը լինի ս. թ. աշնանը, երբ կը լրանայ այդ դառը իրադարձութեան մէկ դարը: Արդէն 100 երկարուձիգ տարիներ են, որ հայ ժողովրդին ցաւ է պատճառում այդ անարդար ու ապօրինի պայմանագիրը:
Եւ վերջապէս, Մոսկուայի ռուս-թուրքական անարդար ու ապօրինի պայմանագրի կնքման 100ամեակի առիթով նշենք, որ, մեր կարծիքով, Հայաստանի խորհրդարանն ու կառավարութիւնը պէտք է հանդէս գան բողոք-յայտարարութիւններով՝ ուղղուած առաջին հերթին պայմանագիրը ստորագրած պետութիւններին, ՄԱԿին եւ միջազգային հանրութեանը: Եթէ անգամ հնարաւոր չլինի պետական մակարդակով հրապարակ հանել մէկ դար առաջ կնքուած այդ հակահայ պայմանագիրը եւ կրկին վերանայման հարց բարձրացնել, այդուհանդերձ, այն երբեք չի կարող ջնջուել հայ ժողովրդի պատմական յիշողութիւնից:
Այսպիսով՝ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական ճակատագրում վճռորոշ դեր խաղացած Մոսկուայի 1921թ. Մարտի 16 (18)ի ռուս-թուրքական պայմանագրի 100ամեակի առիթով ներկայումս Հայկական Հարցի առանցքը կազմող Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման ու փոխհատուցման ուղղութեամբ տարուող գործընթացների հետ միասին Հայաստանն ու համայն հայութիւնն ունեն բոլոր՝ պատմաքաղաքական, իրաւական ու բարոյական հիմքերը՝ օրակարգ մտցնելու Մոսկուայի եւ դրա կրկնօրինակը հանդիսացող Կարսի պայմանագրերի վերանայման հարցը:
«Դրօշակ», թիւ 3 (1649), Մարտ 2021թ.
Մարտի 18, 2021
ԱՐԱՐԱՏ ՅԱԿՈԲԵԱՆ՝ Պատմ. գիտ. դոկտոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, փիլիսոփայութեան եւ հայոց պատմութեան ամբիոնի պրոֆեսոր