(Մահուան Ցաւալի Առիթով)
Ռ. Կորիւն
Հեռախօսիս այն կողմից լսուող մեզ ծանօթ Քամարա յանձնախմբի անդամ պրն. Մինասի ձայնն էր, որը հրաւիրում էր նուաստիս իրենց տուն, գործով: Այս անգամ պրն. Մինասի ուրախ զրնգուն ձայնը չէր, այլ յուզում եւ տխրութիւն նկատեցի, բայց ոչ մի կարծիք չյայտնեցի, միայն խոստացայ գնալ: Երբ իրենց բնակարանը մտայ ի՜նչ տեսնեմ՝ կին ու ամուսին սեւազգեստ, թախիծը դէմքներին:
– Ի՞նչ է պատահել ձեզ հարցրեցի, մարդ ու կին արցունքը աչքներում վիշտը դէմքներին ասացին.
– Բա չես ասի, որ մեր ազիզ տղան Ալֆրէդը մահացել է Թեհրանում:
Յուզումն ինձ էլ պատեց, ծնողը իրենց ծերութեան պայմաններում զաւակ են կորցնում, այն էլ արժանաւոր զաւակ՝ ընտանիքի աւագ որդին՝ բարի ու ազնիւ, խոհուն ու հնազանդ, ծառայասէր, սէր ու յարգանքով աշխատանքի վայրում:
Նուաստս յաճախ եմ գրել ու արտայայտուել, թէ ոչ մի զաւակ թող ծնողից առաջ չմահանայ, նոյնիսկ՝ թշնամու, որովհետեւ զաւակի մահը կսկիծով ու մորմոքով անմոռանալի հետք է թողնում:
Ամէն գոյժ իր հետեւից ցաւ ու վիշտ է բերում եւ ակնթարթօրէն մտածել է տալիս, թէ՝ մէկն էլ պակսեց մեր շրջապատից, նրան չենք տեսնի այլեւս, խօսք ու զրոյց չենք անի, իր սիրալիր ներկայութիւնը չենք վայելի, այսպիսով ամէն ինչ դառնում է յուշ եւ ափսոսանքով յիշում նրա մեկնումը։ Այո՛, զաւակի կորուստը վշտալի է:
Ալֆրէդը ծնուել էր Իրանում, 1 Նոյեմբերի 1958ին։ Տարրական եւ միջնակարգ ուսումը աւարտելուց յետոյ ծնողների հաւանութեամբ գործի է անցնում Թեհրանի Հայոց առաջնորդարանում: Նա որպէս պաշտօնեայ նշանակւում է առաջնորդի վարիչ-մեքենավարը: Նա ողորմած հոգի Արտակ սրբազանի վերջին երկու տարիներից 1998 թուից սկսեալ ապա՝ Սեպուհ սրբազանի առաջնորդութեան 22 տարիների ընթացքում: Ըստ Սեպուհ սրբազանի բնութագրութեան, Ալֆրէդի մասին իր յուզումնալից գրութեան մէջ՝ «Քսաներկու տարուայ իմ առաջնորդական կեանքում Ալֆրէդը մնայուն ներկայութիւն էր առաջնորդարանում… Նա բարի էր, քաղցրալեզու եւ հաճոյակատար, ծառայասէր եւ հաւատարիմ, բոլորի հետ ընկեր էր՝ մեծին թէ փոքրին, դրա համար բոլորն էլ սիրում ու յարգում էին իրեն»:
Ալֆրէդը ընտանեկան կեանք է ստեղծում 4 Փետրուարի 1990ին, ամուսնանալով Կարինէի հետ։ Իրենց միակ դստեր անունն է Թենի: Ալֆրէդի ծնողներն ու երկու եղբայրները շուրջ երեսուն տարի է ապրում են Ամերիկայում, նրանք անգամներ խնդրում եւ պահանջում էին Ալֆրէդը ընտանիքով միանայ իրենց, սակայն նա անդրդուելի մերժում է՝ ասելով. «Ես գոհ եւ ուրախ եմ իմ կեանքից եւ պաշտօնից»:
Թեհրան այցելելիս առաջնորդարան էի գնում Ալֆրէդին հանդիպելու, ծնողի կողմից ուղարկուած ճարերը իրեն յանձնելու համար։ Խնդուներես շնորհակալութիւն էր յայտնում եւ բարեւներ ուղարկում ծնողներին եւ եղբայրներին։ Բնաւորութեամբ շնորհալի անձ, արդարեւ՝ համեստութեան եւ ազնուութեան մարմնացում էր։ Ափսոս Ալֆրէդ, դեռ շուտ էր նրա կեանքից հեռանալը, դեռ նա պիտի ուրախանար եւ վայելէր իր համալսարանաւարտ միակ դստեր ամուսնութիւնը եւ երջանիկ կեանքը: Սա է կեանքը, ծնունդով ուրախանում ենք, իսկ մահով վիշտ ու ցաւով սգաւորւում:
Ալֆրէդի մահը տեղի է ունենում հիւանդանոցում Հոկտեմբերի 2ին, Շաբաթ օր։ Անողոք քաղցկեղը նրա կեանքին վերջ է տալիս անգթօրէն։ Թաղումը կատարւում է առանց ծնողների եւ եղբայրների ներկայութեամբ, սա եւս անմոռանալի ցաւ է ծնողաց համար, այս աշխարհի ծայրամասում:
Ամէնքս ենք այս ունայն աշխարհից հերթով գնալու՝ մէկը շուտ, միւսը ուշ: Ալֆրէդը 63 տարեկանում հրաժեշտ տուեց կեանքին պայծառ ու բարի անուն եւ յիշատակ թողնելով Թեհրանի Հայոց առաջնորդարանի եւ բոլոր ճանաչողաց մօտ: Թող որ Աստուած նրա հոգուն խաղաղութիւն եւ իր ընտանեկան կազմին, ծնողներին եւ եղբայրներին մխիթարութիւն, համբերութիւն եւ արեւշատութիւն պարգեւի, ամէն: