Սասունի Ազատութիւնը
Մովսէս Բոստանջեանի Սիրելի Յիշատակին
Երբ դուրսը անձրեւ է մաղւում պաղ, եւ պատուհանի տակ ոռնում է քամին աղիողորմ, աշնան անհրապոյր գիշերին, կեանքի տաժանքից յոգնած միտքդ թռչում է դէպի անցեալը հեռաւոր, դէպի անմեղ օրերը պատանութեան: Հոգիդ կարօտ սիրոյ ու նազանքի, որոնում է հարազատ դէմքեր, որոնք, աւա՜ղ, այլեւս չկան եւ ապրում են լոկ յիշողութեան մէջ:
Տեսողութեանս առջեւ կանգնում է ահա իմ վաղ պատանութեան ընկեր Մովսէս Բոստանջեանի լուսաւոր պատկերը:
Մովսէ՜ս Բոստանջեան…Ես աշակերտ էի Նոր Նախիջեւանի Թեմական դպրոցում: Մովսէս Մեծ Սալա գիւղի հարուստ ընտանիքի զաւակ էր: Մեզ ծանօթացնողը եղաւ մեր գիւղացի Սահակ Լուսփիքայեանը – ամէնքի բերանի ծամօն Սահակ աղան:
Զարմանալի մարդ էր այս Սահակ աղան: Գիւղի ամենահարուստ մարդը լինելու բոլոր տուեալները ունէր, բայց Քրիստոսի բարեկամ Ղազարոսից էլ աւելի աղքատ էր: Տուն ունէր, արտ ունէր, կին ու զաւակներ ունէր, բայց իր աչքն ու միտքը դուրսն էին: Գիրք ու լրագիր էր կարդում: Օրն ի բուն «հաւսարակի» (հաւու եւ սարեակի) գործերով էր զբաղուած: Գիւղում սպառողական խանութ եւ գիւղատնտեսական ընկերութիւն էր հիմնել: Անհանգիստ եւ որոնող հոգի ունէր: «Անդիէն եկած» ինչ որ խորհրդաւոր մարդոց հետ էր տեսնւում: Երբեմն օրերով կորչում էր: Ասում էին, թէ ընկերութեան մարդոց հետ «չափալամիշ կ’ըլլայ» (Նոր Նախիջեւանի բարբառ՝ կը թփռտայ թռչունի պէս, այդ մարդոց շուրջ կը դառնայ): Միակ մարդն էր կարծեմ Մեծ Սալայում, որ «փշրթով» ունէր, եւ հպարտ էր իր ատրճանակով:
Մէկ խօսքով՝ Սահակ աղան արտասովոր մարդ էր: Հակառակ իր յիսունի հասնող տարիքին, միշտ «ջահէլ-ջուհուլ»ի (երիտասարդներու) հետ էր ժամանակ անցընում: Ինձ էլ «խաս» (շատ լաւ) բարեկամ էր: Եւ ինքը առիթ ստեղծեց, որ ծանօթանամ Մովսէսի հետ:
Լեռների մարալի պէս սիրուն տղայ էր Մովսէսը: Մատաղ բարդիի պէս սլացիկ, նուրբ կազմուածքով, առաձգական ու ճկուն մարմնով, ծովի գոյն խոշոր ու թափանցող աչքերով, սէգ քայլուածքով աննման մի պատկեր: Զուարթ, զուարճախօս, թռվռուն եւ, շուտով պիտի համոզուէի, նաեւ՝ անզուգական ընկեր:
Եւ մենք մտերմացանք: Անբաժան էինք գրեթէ արձակուրդի օրերին. ես իր մօտ էի յաճախ, ինքն էլ գալիս էր քաղաք: Ես արդէն «դաշնակցական» էի. նա էլ «ընկերութեան մարդ» էր, թէեւ որեւէ խմբի անդամ չէր: Սահակ աղան դարձրել էր նրան «ընկերութեան մարդ»: Մեծ ուսում չունէր. նոյնիսկ գիւղի դպրոցը չէր աւարտել: Ես իր աչքին ուսեալ գիտնականի պէս մի բան էի:
Ես այն օրերին յափշտակուած էի պատմական վէպերով: Խառն ի խուռն լափում էի ինչ գիրք որ ձեռքս ընկնէր՝ Ծերենց, Սենկեւիչ, Զագոսկին, Շիլլէր, Գոգոլ, Աբովեանի «Վէրք Հայաստանի»ն, Պռօշեանի «Սօս եւ Վարդիթեր»ը, բայց ամենից աւելի, ի հարկէ, Ռաֆֆիի գործերը՝ «Խենթ»ը, « Ջալալէդդին»ը, «Կայծեր»ը, կարելի է ասել, գոց գիտէի: Ռաֆֆիի հերոսները իմ ընկերներն էին: Նրանց հետ էի անցընում օր ու գիշեր: Սարհատ, Սագօ, Կարօ, Ասլան, խորհրդաւոր Որսորդ Աւոն՝ ամէնքը կենդանի էակներ էին ինձ համար՝ հարազատ ու մտերիմ: Մովսէսն էլ իմ միջոցով ծանօթացաւ նրանց. ապրում ու ոգեւորւում էր նրանց հերոսական գործերով: Եւ մինչ ես երազում էի միայն, նա ծրագիրներ էր որոճում եւ նրանց գործադրութեան մասին մտածում:
Մէկ վիշտ ունէր միայն Մովսէսը – մե՜ծ վիշտ: Հօր միակ զաւակն էր, եւ հայրը գիւղի անուանի աղաներից էր: Ինքնակալ ու կամակոր: Հարուստ եւ աւելի մեծ հարստութեան ձգտող: Ուզում էր, որ տղան էլ իրեն պէս լինէր: Պիտի սպանէր, եթէ իմանար, որ նա «դուրսեցի «տանղալախ»ներու (յիմար) հետ «չափալամիշ» կ՛ըլլայ»:
Մի օր – այսօրուայ պէս յիշում եմ – Մովսէսը հեւ ի հեւ եկաւ մօտս, եւ յուզուած՝ վճռական կերպով յայտարարեց.
– Ա՛լ կարող չիմ, հոգիս բերանս եկաւ. Ամէն բան լմնցած է: Մամայիս միայն կը մեղքնամ…Ու սկսաւ դառն արցունքներով լալ:
Այնքա՜ն տարօրինակ էր եւ այնքա՜ն Մովսէսին նման չէր, որ ես գլուխս կորցրի: Չէի իմանում, ինչ անեմ: Խօսք չէի գտնում ասելու:
– Ա՛լ վերջացած է, վրայ բերեց Մովսէսը, եա՛ (կա՛մ) ինծի պիտ սպանիմ, եա՛ (կա՛մ) պիտ Սիպիր փախչիմ…
Եւ քիչ մը հանգստանալուց յետոյ՝ պատմեց: Հայրը իմացել էր, որ տղան Սահակ աղայի հետ տեսնւում է շուտ-շուտ: Ականջին ուրիշ բաներ էլ էին հասել: Բռնել էր եւ մի լաւ տփոց տուել Մովսէսին:
– Շունի՜ լակոտ, սպառնացել էր հայրը, մէմալ (մէյ մըն ալ) ասպէս բաներ լսիմ նէ, կտոր-կտոր կ՛անիմ, «թոռղա»ի (ճնճղուկ) պէս միսդ շուներուն կը ձգիմ: Մէմըն ալ չլսիմ-չիմանամ, որ այդ «տանղալախ հէրկէլէ»ներուն (յիմար եւ հասարակ) հետ չափալամիշ կ՛ըլլաս…
Եւ Մովսէսը գիւղը ձգել եկել էր մօտս՝ իր անելիքը որոշելու համար: Եւ արդէն որոշել էր – հեռանալ գիւղից, բայց ո՞ւր… Յետոյ՝ ինչպէ՞ս ձգէր մօրը – քնքուշ, սիրելի, իր տղայի համար հոգի տուող մամային…
Երկար մնացինք միասին: Հազար տեսակ ծրագիրներ կազմեցինք: Ո՛չ մէկն էլ խելքի մօտ բան չէր: Ես էլ ինձ համար թաքուն ծրագիր ունէի, որ չէի վստահում ոեւէ մէկին յայտնելու, նոյնիսկ Մովսէսին: Ծերենցի «Երկունք»ը եւ Ռաֆֆիի «Կայծեր»ը կարդալուց յետոյ, ես հաստատ որոշել էի Սասուն երթալ: Միայն առիթի էի սպասում: Հիմա արդեօք յարմար առիթ չէ՞ր՝ Մովսէսի հետ միասին երթալու: Վարանումով ասացի նրան.
– Գիտե՞ս Մովսէս, ես նպատակ ունիմ Սասուն երթալու. Ուզո՞ւմ ես միասին երթանք:
Ընդոստ թռաւ տեղից: Փաթաթուեց վզիս:
– Կ՛ուզիմ, կ՛ուզիմ, էրթանք:
Ելքը գտնուած էր: Որոշեցինք պատրաստութիւն տեսնել եւ առանց մէկին բան ասելու՝ մեկնիլ ուղիղ Սասուն: Սասուն հասնելուց յետոյ, այլեւս անելիքներս յայտնի էր — թուրք ու քիւրդ սպանել. «ջարդ ու փշուր անել զերդ բողկ ու գազար»: Գամառ Քաթիպան գծել էր մեր գործելակերպը:
Մովսէսը պիտի վերադառնար տուն, հօրը հետ շատ սիրալիր պիտի վարուէր, որպէսզի կասկածի առիթ չտար. իր պատրաստութիւնը պիտի տեսնէր, ես էլ իմ հերթին պիտի պատրաստուէի: Եւ մի գիշեր էլ՝ հո՛փ, աննկատելի կերպով պիտի մեկնէինք շիփ-շիտակ Սասուն…
***
Ամառուայ արձակուրդները սկսուել էին: Մովսէսը, յաճախ, գալիս էր քաղաք: Այլեւս հանդարտ էր երեւում: Ամէն բանի մասին խօսում էինք, բայց Սասունի մասին խօսք չէր անում: Մտածեցի, թէ փոխել էր միտքը: Շատ էլ չէի զարմանում. Մովսէսը ո՜ւր, Սասունը՝ ուր: Իմ բանը ուրիշ էր: Ես ուսումնական էի. Սասունը ճիշդ իմ տեղն էր: Բայց միեւնոյն ժամանակ եւ ուրիշ մտքեր էլ էին զբաղեցնում ինձ: Ընկերներս մտածում էին բարձրագոյն ուսման մասին. ես նրանցից ինչո՞վ էի պակաս: Ու սկսեցի մտածել գիմնազիայի (միջնակարգ ուսումնական հաստատութիւն) մասին: Կ՛աւարտեմ գիմնազիան, յետոյ կ՛երթամ համալսարան, վերջը կարելի է Սասուն էլ երթալ: Սասունը նապաստակ չէր, չէր փախչի…
Մի օր էլ, Թեմական դպրոցի տեսչի օգնական պրն. Վահան Քիրլեանը ինձ կանչեց մօտը.
– Ի՜նչ գործի վրայ ես, հարցրեց՝ ժպիտով:
– Գիմնազիայի համար եմ պատրաստւում:
– Ի՜նչ, գիմնազիայի՞: Մէկ էլ չլսեմ այդ սարսաղ (ապուշ) խօսքը: Դու Ճեմարան պէտք է երթաս, Էջմիածին…
– Գիմնազիա պիտի երթամ, ասացի:
– Գիմնազիա-միմնազիա մտքիցդ հանիր՝ դու Ճեմարան պիտի երթաս. հասկցա՞ր, ցանցառ: Այդ որոշուած բան է: Գնա՛ մտածիր, վաղը կը գաս, կը կարգադրենք, ցանցա՛ռ, փո՛ւչ կենդանի…
Գլուխս կախ դուրս եկայ: Պրն. Քիրլեանին շատ էի սիրում, բայց գիմնազիան էլ էի սիրում…
Ծնողներիս բան չասացի: Յաջորդ օրը ներկայացայ Քիրլեանին:
– Հը՞, ի՞նչ մտածեցիր, հարցրեց կէս հեգնական, կէս-քաջալերական ժպիտով:
– Ճեմարան կ՛երթամ, ասացի:
– Դէ՛, ապրիս, ցանցառ. Ե՛կ համբուրեմ:
Եւ այդ արտաքինով խիստ, միշտ պաշտօնական մարդը ջերմ կերպով համբուրեց ճակատս:
– Հիմա կ’երթաս Չէօրէքչեան սարկաւագի մօտ, նրանից դասեր կ’առնես: Նա քեզ կը պատրաստէ Ճեմարանի համար:
Եւ ապագայ կաթողիկոսը սկսեց հետս պարապել հայկական առարկաներից – լեզու, պատմութիւն, կրօն: Յոյս ունէր, թէ վարդապետ պիտի դառնամ…