ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- 2020ի 44օրեայ պատերազմին իբրեւ արդիւնք տեղահանուած 16,000 արցախցիներէն 10,000ը Ստեփանակերտի մէջ կը բնակին։ Այս տուեալը փոխանցեց Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար Հայկ Խանումեան Արցախի հանրային պատկերասփիւռի կայանի «Օրակարգ» հաղորդման ընթացքին: Ան աւելցուց, որ 2022ին առաւել քան 2500 բնակարաններ պիտի յանձնուին շահագործման:
«Դա պայմանաւորուած է Ստեփանակերտի մեծ բնակֆոնդով (բնական պայմաններով): Բնակութեան համար բնական պայմաններ չկան, այնպէս չէ, որ Մարտակերտում կամ Մաղաւուզում ազատ բնակարանները մնում են դատարկ», յայտնեց Հայկ Խանումեան` պատասխանելով լրագրողին այն հարցումին, թէ տեղահանուածներէն շատերը կ՛ուզեն Ստեփանակերտի մէջ բնակութիւն հաստատել:
Նախարարը նաեւ ըսաւ, որ Ստեփանակերտէն ետք տեղահանուածները աւելի շատ դէպի Մարտակերտ կ՛երթան: «Խաչէնի հովտի բնակիչները գնացել են դէպի Վանքի հովիտ: Թւում է, թէ Ասկերանում պիտի ամենաշատը լինէին, բայց տեղահանուածները ամենաշատը դէպի Մարտակերտ են գնացել, երկրորդ տեղում Ասկերանն է, որը նաեւ կարող են պայմանուորել քաղաքին (Ստեփանակերտին–Խմբ․) մօտիկ լինելու հանգամանքով: Երրորդ տեղում Մարտունին է․ կարծում եմ` Մարտունին երկու ամիս կորցրեց էլեկտրաէներգիայի խնդիրների պատճառով» յայտնեց ան:
Խանումեանի ընդդիմախօս Արցախի մարդու իրաւուքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան ըսաւ, որ վերջին հաշիւով` որոշումը քաղաքացիին է, պարտադրանք չկայ այս առումով: «Պետութիւնը առաջարկում է, քաղաքացին` որոշում է ընդունում: Ի հարկէ, ցանկալի կը լինի, որ քաղաքացիները գիւղական համայնքներում բնակուեն` պայմանաւորուած այն հանգամանքով, որ այդ մարդիկ հիմնականում տեղահանուել են գիւղական բնակավայրերից: Եւ նրանց աշխատանքի հիմնական զբաղուածութիւնը տնտեսական ոլորտն էր, եւ շատ աւելի հեշտ կը լինի նրանց ինտէգրացիան (համարկումը) գիւղական համայքներում, քան, օրինակ, քաղաքաին համայնքներում»:
Հայկ Խանումեան նաեւ ներկայացուց Արցախ վերադարձած տեղահանուածներուն տուեալները: Ըստ անոնց՝ 38,284 տեղահանուած անձեր կայ: Մօտաւորապէս 2500 անձեր չեն կրնար վերադառնալ իրենց բնակավայրերը, այդ համայնքներն են` Բերձոր, Քարեգահ եւ Ներքին Սուս, որոնք կը գտնուին Լաչինի միջանցքին մէջ:
«Ընդհանուր`41,500 բռնի տեղահանուած մարդ կայ: Մօտաւորապէս 16,000 վերադարձած ունինք, որից 10,000ը Ստեփանակերտում է, իսկ 6ը` շրջաններում: Հադրութի շրջանից 40 տոկոս վերադարձած ունենք, 55 տոկոսը դեռ գտնւում է Հայաստանում, 5 տոկոսը այլ երկիր է գնացել: Ասկերանի գիւղերից 80 տոկոսն է վերադարձել, նաեւ Մարտակերտի եւ Մարտունու տեղահանուած անձինք: Ցածր ցուցանիշներ ունենք Շահումեանից եւ Քաշաթաղից` 10-15 տոկոսի հասնող», դիտել տուաւ Խանումեան:
Տեղահանուածներուն համար կառուցուող բնակարաններուն մասին նախարարը դիտել տուաւ, որ աւելի ճիշդ պատասխան պիտի տայ քաղաքաշինութեան նախարարը: Այդուհանդերձ, ան ներկայացուց որոշ տուեալներ: «Մինչեւ տարեվերջ 300 բնակարան պատրաստ կը լինի Ստեփանակերտում եւ միւս տարի բազմաթիւ սկսուած շինհարթակներ ունենք` բնակավայր է ստեղծւում Ասկերանի չորս գիւղում, շուտով կը սկսուի Ակնաղբիւր գիւղի համար բնակավայրի կառուցումը, ստեղծւում է Աւետարանոց գիւղի համար բնակավայր: Քարինտակի համար է սկսուել, շուտով Դրախտիկի ու Ազոխի համար կը սկսուի, Տող գիւղինն է սկսուած, առաջիկայում` Տումի, Ջրակուս, Ծակուռի եւ Մայրամաձոր համայնքների համար կը սկսուեն շինարարութիւնները: Քանի՞ տարի կը տեւի: Ենթադրում եմ առնուազն 1.5 տարի մինչեւ ամբողջ բնակավայրը կառուցուի: Կարծում եմ միւս տարի 2500ից աւելի բնակարան պիտի յանձնեք», նշեց Խանումեան։