Կոմիտաս (Գ․)
Որպէս մարդ, Կոմիտասը շեշտուած անհատականութիւն էր ուժեղ նկարագրով եւ խորունկ, հաստատուն համոզումներով: Ընդունակ արագ եւ կտրուկ որոշումների: Հոգիով բանաստեղծ. երբեմն ոտանաւորներ էլ էր գրում եւ ինքը ծիծաղում էր իր գրածի վրայ: Երաժշտական մասնագիտութիւնից դուրս, նա մտաւոր շատ լայն պաշար չունէր, բայց լաւ ծանօթ էր հայ մատենագրութեան եւ բանահիւսութեան: Հայ մարդ էր մինչեւ ողն ու ծուծը: Աւանդապաշտ: Խստակրօն: Եւ արտասովոր կերպով խստակեաց:
Ամիսը մի անգամ մենք հրաւիրւում էինք Կոմիտասի մօտ մի բաժակ թէյի: Եւ առ հասարակ, նրա դուռը, ինչպէս եւ սիրտը, բաց էր մեր առջեւ:
Ապրում էր Կոմիտասը վանքի ներսի բակում, միաբանների նոր հանրակացարանի կողքին, մի հին խցում, որի առջեւը կար մի փոքրիկ պարտէզ: Բնակարանը՝ երկու սենեակներով եւ մի փոքրիկ խոհանոցով՝ անհրապոյր երեւալու աստիճան պարզ էր: Մի սենեակում, որ եւ ընդունարանն էր, մի մեծ սեղան էր դրուած, հասարակ աթոռներ, գրադարան եւ հին ձեւի մի ֆիլհարմոնիա, ով գիտէ ումից ժառանգութիւն մնացած: Մինչեւ վերջին տարիները դաշնամուր չունէր եւ տառապում էր դրանից: Օգտւում էր Ճեմարանի դաշնամուրից:
Ննջասենեակը – միայն Կոմիտասը կարող էր քնել նման սենեակում: Պարզ փայտից մի հասարակ թախտ, իբրեւ անկողին. Վրան փռուած էր մի սաւան: Մի կոշտ բարձ եւ վերմակի տեղ բարակ բրդէ ծածկոց: Վառարան չունէր: Ամառ-ձմեռ այս էր Կոմիտասի մահիճը:
Տաք եղանակին, թէյը սովորաբար խմում էինք պարտիզում: Ինչքա՜ն գուրգուրանք ու հոգածութիւն էր դնում նա այդ մի քանի թիզ հողի վրայ մի քանի ծառերով ու ծաղիկներով: Ինքն էր մշակում հողը եւ հպարտութեամբ հիւրասիրում էր պարտէզի պտուղներով ու ծաղիկներով: Թէյն էլ իր ձեռքով էր պատրաստում: Սիրում էր համեղ թէյը մուրապայով (անուշով) եւ երջանիկ ծիծաղում էր, երբ հիւրերը գովում էին նրա պատրաստած թէյը եւ քաղցրաւենին:
Երբեմն նստում էր Ֆիլհարմոնիայի առջեւ, հայեացքը ուղղում նուագարանի վերեւ, պատին կախուած խունացած «ծաղկեփնջին» եւ սկսում նուագել ու երգել: Յաճախ էին պատահում այդպիսի պահեր: Նա բոլորովին վերանում, կարծես կտրւում էր հողից եւ սաւառնում մթնոլորտի մէջ: Հիանալի, յստակ ու ոլորուն ձայն ունէր եւ մոգական թովչութեամբ տիրապետում էր ձայնին: Հոգեւոր եղանակների մէջ անմրցելի էր: Կարելի էր ժամերով լսել նրան ու չյագենալ:
Ամենաոգեւորուած վայրկեանին, մէկ էլ յանկարծ, կտրում էր եւ… սկսում էր զուարթ ժողովրդական մի երգ: Ու վերջն էլ – քահ-քահ – վերջացնում էր ծիծաղով: Թռչում տեղից ու
– Քերթենքելէ՛(մողէ՛զ), մօտեցնում էր բռունցքը մեզանից մէկն ու մէկի քթին:
Մանկական մի գիծ կար նրա բնաւորութեան մէջ: Խորագէտ էր, բայց միամիտ ու դիւրահաւատ:
Յիշում եմ, իմ առաջին տարին, Էջմիածին այցելեց պարսից Մուզաֆէր Էտտին շահը: Վանքը փառաւոր ընդունելութիւն սարքեց նրան:
Կոմիտասը շահին նուիրուած յատուկ երգ էր յօրինել, որի պարսկերէն խօսքերը, կարծեմ Աճառեանն էր գրել. գէթ այդպէս էին խօսում: Կոմիտասը համոզուած էր, թէ պիտի արժանանայ շահի ուշադրութեան եւ նոյնիսկ յոյս ունէր Առիւծի եւ Արեւի շքանշան ստանալ:
Շահը, ամպհովանիի տակ, հանդիսաւոր կերպով անցաւ Ճեմարանի բակից դէպի վանք: Աշակերտները եւ խռնուած բազմութիւնը «Կեցցէ» էին կանչում անվերջ: Ճեմարանի երգչախումբը, Կոմիտասի առաջնորդութեամբ, սկսեց երգել շահին ձօնուած երգը, որի ամէն տուն վերջանում էր «Հէյ, Շահ» բացագանչութեամբ: Մուզաֆէր Էտտինը կեցաւ մինչեւ երգին վերջանալը, ուշադրութեամբ լսեց, ժպտաց ու անցաւ: Առիւծն ու Արեւն էլ անցան-գնացին նրա հետ: Կոմիտասը երկար սպասեց: Վերջապէս, Թիֆլիսի պարսից հիւպատոսից ստացուեց պարզ շնորհակալութեան մի գիր… Կոմիտասը անկեղծօրէն վրդովուած էր.
– Վա՜յ, մաթռամազ, վայ, էս էլ քեզ շահ…
Մի ուրիշ անգամ, Ռուսաստանից մեծահարուստ մէկը եկել էր Էջմիածին. Հիացած քառաձայն պատարագից՝ նա այցելեց Կոմիտասին: Մեր դասարանցիներից մի քանի հոգի ներկայ էինք այդ տեսակցութեան:
Ադամանդէ մատանիներ մատներին, ժամացոյցի ոսկի հաստ շղթայ պատկառելի փորի վրայ՝ պարոնը իր հիացումը յայտնեց Կոմիտասին, նրա բազմաձայն պատարագի համար: Կոմիտասը շոյուած էր զգում իրեն:
Այցելուն հետաքրքրուած դիտեց սենեակը եւ մէկ էլ, հայեացքը ուղղելով Ֆիլհարմոնիային, հարցրեց.
– Հապա ո՞ւր է ձեր դաշնամուրը:
Յայտնի եղաւ, որ Կոմիտասը դաշնամուր չունի: Պէտք էր տեսնել պարոնի զարմանքը:
– Դուք դաշնամուր չունէ՜ք: Կարելի՞ բան է: Այս օրուանից հաշուեցէք, թէ դուք ունէք դաշնամուր: Ես խօսք եմ տալիս մի լաւ դաշնամուր ուղարկել ձեզ:
Կոմիտասի դէմքը ճառագայթում էր: «Չէ, ի՞նչ պէտք կայ, շնորհակալ եմ», բայց ժպտուն աչքերը հակառակն էին ասում:
Այնուհետեւ պարոնը հարցրեց, թէ ի՞նչ տեսակ դաշնամուր կը նախընտրէր Կոմիտասը – ռուսակա՞ն, թէ գերմանական: Ի հարկէ, գերմանականը նախընտրելի էր: Պարզուեց, որ պարոնը դաշնամուրի տեսակներից էլ հասկացողութիւն ունէր: Եւ մի անգամ էլ հանդիսաւոր կերպով յայտարարեց, որ շուտով վարդապետը կ’ունենայ սեփական դաշնամուր: Պարոնը նոյնիս որոշեց, թէ սենեակի որ մասում լաւ կը լինէր դնել դաշնամուրը:
Մի քանի ժամ Կոմիտասը հիւրասիրեց այցելուին: Երգեց նրա համար: Նուագեց Ֆիլհարմոնիա: Մուրապայով թէյ հրամցրեց:
Վեհանձն պարոնը ջերմ խօսքերով հրաժեշտ տուեց: Գնաց, եւ իրար ետեւից անցան ամիսներ ու ամիսներ, բայց դաշնամուրը չստացուեց: Ու երբեք էլ չեկաւ:
Այնուհետեւ, նման ուրիշ դէպքեր էլ պատահեցին, բայց Կոմիտասը այլեւս հաւատ չէր ընծայում: Տարիներ վերջը միայն Կոմիտասը մի թանկագին դաշնամուր ստացաւ նուէր՝ Մանթաշեանից (նշանաւոր գործարար եւ բարերար): Մինչ այդ, նա գոհացաւ միայն իր նահապետական Ֆիլհարմոնիայով: Եւ գրեթէ ամէն կէսօրից յետոյ, փակւում էր Ճեմարանի հանդիսարանում, ուր մի քանի ժամ, դաշնամուրի առջեւ, նուագում ու երգում էր:
Դաշնամուրը դրուած էր այնպէս, որ առջեւի մեծ պատուհանից երեւում էր Մասիսը…
Հայ լերան այդ փառաւոր տեսարանը կարծես աւելի էր բորբոքում Կոմիտասի երեւակայութիւնը, եւ երկար հնչում էին նրա հոգեզմայլ եղանակները:
Վերջը իջնում էր Ճեմարանի բակը եւ մանկական խանդավառութեամբ նետւում խաղերի մէջ, աշակերտների հետ: