ԳԼԵՆԴԷՅԼ․– Նոյեմբերի 17ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպեց Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի հետ, որը Ամերիկայի արեւմտեան ափի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով գտնւում է Լոս Անջելեսում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Դատի յանձնախմբի Ամերիկայի արեւմտեան ափի տնօրէնների խորհրդի նախագահ Նորա Յովսէփեանը, Ամերիկայի Հայ իրաւաբանների միութեան խորհրդի անդամ Կարօ Ղազարեանը, Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան աշխատակիցները` ի դէմս արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար Նելլի Սարոյեանի, խորհրդականներ Վարզադատ Պահլաւունու եւ Էդգար Գրիգորեանի:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին օրերս Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժմանը եւ դրա հետեւանքով ստեղծուած իրավիճակին առնչուող հարցեր:
ՄԻՊ Արման Թաթոյեանը ներկայացրեց Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի վերջին շրջանի գործունէութիւնը: Զրոյցի մասնակիցները կարեւորեցին Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների ոտնահարման վերաբերեալ տեղեկատուութիւնը փաստագրելու եւ տարածելու աշխատանքը: Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանի ՄԻՊ գրասենեակի եւ արտաքին գործոց նախարարութեան կառոյցների միջեւ գործակցութիւնն ամրապնդելու խնդիրները:
Յիշեցնենք, որ Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնն Ամերիկայի Հայ իրաւաբանների միութեան հետ մէկտեղ 2019ի Յուլիսին համատեղ ընդունելութիւն էին կազմակերպել` ի պատիւ Հայաստանի եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպաններ Արման Թաթոյեանի եւ Արտակ Բէգլարեանի:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)