Սիմոն Վրացեանի «Կեանքի Ուղիներով»ի Ա.հատորէն (ԺԸ.)
Մեծ Եղեռնի Նախօրեակին

Միւս ընկերները ցրուեցին ով ուր ուզում էր. ես գնացի Սահրանդի մօտ:
1914ի ամառուայ սկիզբն էր, Տրապիզոնում: Խմբով գնում էինք Կարին, ՀՅ Դաշնակցութեան Ութերորդ Ընդհ. ժողովին: Մեզ հետ էին Է. Ակնունի, Ռ. Զարդարեան, Արտ. Հանըմեան, Խմբապետ Համազասպ, Վահան Մինախորեան, Տիգրան Խաչիկեան, Աւետիս Ինճեճիկեան:
Պոլսից դուրս էինք եկել տարբեր նաւերով՝ երկու խմբի բաժանուած եւ Տրապիզոնում միացանք: Մեզ հետ պէտք է գային եւ Արմէն Գարոն ու Միքայէլ Վարանդեանը, բայց Գարոն մարզպանների խնդրով ուշացաւ, իսկ Միքայէլը Ժընեւից յայտնել էր, թէ առողջական պատճառներով ի վիճակի չէր մինչեւ Կարին ճամբորդելու:
Տրապիզոնում, ինչպէս եւ Սամսոնում, Կիրասոնում, մեր ընկերները խանդավառ ընդունելութիւն ցոյց տուին, բայց բոլորի դէմքերի վրայ մտահոգութիւն էր նշմարւում: Թուրքերը խէթ աչքով էին նայում մեզ. հայը այլեւս ի պատուի չէր նրանց համար: Ո՜ւր՝ Սահմանադրութեան առաջին տարիները, ուր՝ այժմ: Բարենորոգումների հարցը աւելի եւս խորացրել էր այն վիհը, որ բացուել էր Ատանայից յետոյ եւ առանձնապէս խորացել էր թուրք-պալքանեան պատերազմից ասդին:
Որոշել էինք ճաշել ամէնքս Հաճիի ճաշարանում, քաղաքային պարտէզի մէջ, եւ ապա ճանապարհուել: Երիտասարդ ընկերները ուզում էին ուղեկցել մեզ մինչեւ Ճեւիզլիկ: Ես մնացի Սահրանդի մօտ:
Սահրանդը – Հրանդ Սարաֆեան – Ռոստով-Նախիջեւանի իմ մտերիմ ընկերներից էր: Երբ ես Ճեմարանից ելայ, նա Նալպանտի Կենդրոնական կոմիտէի անդամ էր: Ընտանիքը՝ տրապիզոնցի, ապրում էր Նոր Նախիջեւանում: Հայրը կօշկակարի արհեստանոց ունէր: Քոյրը մեր օրիորդաց խմբի անդամուհիներից էր: Ինքը՝ Հրանդը, իբր թէ աշխատում էր հօր հետ արհեստանոցում, բայց ժամանակի մեծ մասը տալիս էր կուսակցական գործերի: Աչքբաց, զուարթ, եռանդուն, լեզուանի երիտասարդ էր: Մեծ զարգացում չունէր. իր գիտցածը ձեռք էր բերել ինքնաշխատութեամբ՝ կարդալով կամ ժողովներում: Սիրում էր գրականութիւն, արուեստ, թատրոն: Ամէն բանի մասին կարող էր – եւ սիրում էր – խօսել ու վիճաբանել: Լաւ սիրտ ունէր, եւ ամէնքը սիրում էին նրան:
Առաջին իսկ հանդիպումից մենք մտերմացել էինք Սահրանդի հետ: Նրա կուսակցական անունն էլ ես տուի՝ անուն-ազգանունի սկզբնավանկերից – Սարաֆեան Հրանդ – Սահրանդ:
Մի քանի ամիս ապրեցինք միասին. նրա հայրը բարկացել էր վրան եւ դուրս արել տնից պահանջելով, որ վերջ տայ կամ գէթ չափաւորէ կուսակցական աշխատանքը եւ արհեստին նուիրուի, բայց Հրանդը չէր համակերպուել: Միասին ապրելով՝ մենք աւելի եւս մօտեցանք իրար: Հրանդը պատմեց իր սրտի ցաւը: Նա սիրահարուած էր իրեն մօտիկ ազգականի, կարծեմ՝ մօրաքրոջ աղջկայ վրայ: Սէրը փոխադարձ էր, բայց թէ՛ իր եւ թէ՛ աղջկայ ծնողները լսել անգամ չէին ուզում նրանց ամուսնութեան մասին:
Երկար պայքարից յետոյ, Հրանդը իր սրտի հատորի հետ միասին եկել էր Տրապիզոն եւ մի քանի ամիս առաջ ամուսնացել այստեղ: Գործ չունէր դեռ, բայց մտածում էր բանալ կօշիկի արհեստանոց «մարմնի համար», իսկ հոգին շարունակում էր սաւառնել եթերում եւ կուսակցական ժողովներում: Կինը, զուարթ ու համակրելի աղջիկ, սիրում էր ամուսնուն եւ նուիրուած էր նրա անձին ու գործին: Երկուսն էլ անկեղծ ուրախութեամբ հանդիպեցին ինձ:
Ճաշի վրայ ես զգացի, որ Հրանդի մէջ մի բան կոտրուել էր. կարծես նախկին աշխուժութիւնն ու լաւատեսութիւնը չէին մնացել մէջը: Խոշոր ու շարժուն աչքերը յաճախ կանգ էին առնում, յառած՝ անորոշութեան մէջ:
– Ի՞նչ է պատահել քեզ, տղայ, հարցրի ես զգուշութեամբ. կարծես լաւ չես զգում քեզ: Չլինի՞ հայրենաբաղձութիւնից ես տառապում:
– Սրանից անդին հայրենիք չկայ, պատասխանեց նա տրտում. ինչո՞ւ պիտի տառապեմ: Բան չի պատահել:
– Բայց եւ այնպէս տառապում ես, վրայ բերեց կինը. տե՛ս, մեր հիւրն էլ է նկատել:
– Վերջին օրերը Հրանդը շատ է փոխուել, գանգատի ձեւով դարձաւ ինձ կինը: Մի բան կայ մէջը, բայց չի խոստովանում: Ասում եմ՝ հիւանդ հօ չե՞ս: Ասում է՝ չէ: Բայց մի բան կատարւում է մէջը:
Հրանդը յանկարծ, ձեռքի պատառաքաղը նետեց սեղանի վրայ ու շտկուեց:
– Հիւանդը ես չեմ. ամբողջ աշխարհն է հիւանդ. չէ՞ք տեսնում, գրեթէ պոռալով, ջղայնացած խօսեց նա: Ես չեմ փոխուել, աշխարհն է փոխուել. մի՞թէ չէք տեսնում… Այո՛, ամէն ինչ փոխուելու վրայ է… Եւ էլ թակարդից ելք չկայ…
Նրա վրայ սաստիկ ազդել էր Սարայեւոյի դէպքը, որ չարագուշակ նշան էր համարում:
– Մի՞թէ դու դեռ չես տեսնում, պոռաց նա իմ երեսին, որ մեր վրայ արդէն կախուած է պատերազմի մղձաւանջը…
Արդար լինելու համար պէտք է խոստովանուեմ, որ ես դեռ պատերազմի մղձաւանջ չէի տեսնում: Եւ մեր շրջապատում ոչ ոք չէր տեսնում: Հրանդը վեցերորդ զգայարանքով զգում էր այն ինչ որ նախապատրաստւում էր տարերային ուժով մթութեան մէջ:
– Տղա՛յ, ի՞նչ յիմար բաներ ես ասում, ի՜նչ պատերազմ, ի՜նչ բան… խելքդ գլուխդ հաւաքիր:
– Գիտե՞ս ինչ, խօսեց նա հանդարտած, ես գիշերները չեմ քնում, միշտ պատերազմ է երեւում աչքերիս եւ թնդանօթների որոտը ականջներումս… Կատաղած թուրք խուժանն է աչքերիս առջեւ… Ինձ թւում է, թէ հիմա կը յարձակուեն մեր վրայ, բզիկ-բզիկ կ՛անեն մեզ…
– Իսկապէս, որ հիւանդ ես, տղա՛յ. ի՞նչ է պատահել քեզ:
– Ինձ ոչինչ չի պատահել, բայց տեսնո՞ւմ ես, դուրսը ինչե՜ր են տեղի ունենում: Չնկատեցի՞ր թուրքերի սադայէլական նայուածքը նաւահանգիստում…Պոլսում մերոնք մարզպան են խաղում, իսկ տուգանքը մենք պիտի քաշենք գաւառներում… Պիտի տեսնես, 95ի սարսափները պիտի կրկնուեն աւելի մեծ չափով, եթէ պատերազմ լինի…
Հիմա ինձ հասկանալի էր Սահրանդի հոգեկան տագնապը: Նա դեռ շատ առաջ, նամակներում, բողոքում էր բարենորոգումների ծրագրի եւ Պօղոս Նուպարի առաքելութեան դէմ, անողոք քննադատութեան էր ենթարկում մերոնց Պոլսի գործունէութիւնը, ծաղրում էր Վռամեանի յօդուածները «մարզպանների» մասին: Նրա կարծիքով վերջ պէտք էր տալ մեր եւրոպական դիմումների եւ աշխատել լեզու գտնել թուրքերի հետ՝ ներքին պետական միջոցներով ապահովելու համար բարենորոգումները: Այլապէս անխուսափելի էին նոր Ատանաներ…
Այո՛, հիմա ինձ համար հասկանալի էր Սահրանդի հոգեկան վիճակը, նրա սարսափը պատերազմից: Հակառակ արտաքին անփութութեան – ինչպէս ասում էր ինքը Նախիջեւանի բարբառով, հակառակ «տըռլանկութեան» – մտացի եւ խղճով տղայ էր Հրանդը: Ցոյց չէր տալիս, բայց ըստ երեւոյթին հոգեպէս տանջւում էր նաեւ սիրած կնոջ համար, որին բերել էր «այս վայրենիների մէջ»: Ի՞նչ կը լինէր նրա վիճակը, եթէ իրեն մի բան պատահէր…
Ճաշի վերջաւորութեան եկաւ դերձակ Արշակը, մեր Տրապիզոնի հաւատաւոր եւ գործունեայ ընկերներից մէկը: Միասին պիտի երթայինք «Փալաս» պանդոկի առջեւ, որտեղից կառք պէտք է առնէինք: Արշակի եւ Սահրանդի հետ միասին դուրս եկանք տնից: Փողոցում թուրքերը թշնամական աչքերով հետեւում էին մեզ: Թէ՞ մեզ այդպէս էր թւում:
– Այս շուները պիտի ուտեն մեզ, նկատեց Արշակը, որ բաժանում էր Սահրանդի վախերը: