Երիտասարդական ծրագրերին ուղղուած մօտ 300 մլն. դրամի կէսից աւելին ՀՀ կառավարութիւնը յատկացրել է մարզային երիտասարդական կենտրոններ ստեղծելու ծրագրի իրագործմանը: Սակայն մարզաբնակ երիտասարդներին իրենց ծննդավայրում պահելու համար, ինչը պետութեան համար պէտք է ունենայ ռազմավարական նշանակութիւն, միայն երիտասարդական կենտրոնները բաւարար չեն:
«Իմ կարծիքով, մարզային երիտասարդութեան համար առաջնայինը աշխատանքի խնդիրն է: Հարկաւոր է ստեղծել աշխատատեղեր, եւ հնարաւորին չափով երիտասարդներին ներգրաւել այդ աշխատատեղերում: Պէտք է նաեւ ստեղծել միջին մասնագիտական կրթութեան օղակներ, որպէսզի այն երիտասարդը, ով չի կարող բարձրագոյն կրթութիւն ստանալ, ունենայ որեւէ մասնագիտութիւն եւ աշխատի այդ մասնագիտութեամբ: Բացի ընկերային խնդիրներից, մարզերի երիտասարդները ունեն ժամանցային խնդիր, առօրեան հետաքրքիր կազմակերպելու խնդիր:
«Պէտք է ստեղծել երիտասարդական կենտրոններ, որոնք միջոցառումներ կը կազմակերպեն եւ երիտասարդներին կը ներգրաւեն այդ աշխատանքներում: Շատ կարեւոր է նաեւ գիւղերը համացանցով ապահովելը, ինչը կը նպաստի երիտասարդների մտային մակարդակի բարձրացմանը», ասում է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ, դասախօս, ԵՊՀ պատմութեան թանգարանի տնօրէն Ժաք Մանուկեանը: Մօտ տասը տարի է, ինչ նա ապրում եւ սովորում է Երեւանում, շուտով կը պաշտպանի թեկնածուական ատենախօսութիւնը:
Ժաքը մայրաքաղաք է եկել Թալինի շրջանի Արտենի գիւղից: Ծննդավայրի հետ կապը մշտապէս պահում է, սակայն այնտեղ վերադառնալ չի պատրաստւում: «Իմ ապագան ես տեսնում եմ Երեւանի պետական համալսարանում, գիտամանկավարժական գործունէութիւն ծաւալելու մէջ: Մի քիչ տարօրինակ կը լինի ամէն ինչ թողնել եւ վերադառնալ», ասում է նա:
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԳԱՅԹԱԿՂՈ՞ՒՄ Է
Ժաքը մէկն է այն երիտասարդներից, ովքեր մարզերից գալիս են Երեւան՝ իրենց ուսումը շարունակելու: Սակայն ոմանց միայն կրթութիւն ստանալու ցանկութիւնը չէ, որ բերում է մայրաքաղաք: Այստեղ երբեմն վճռական դեր է խաղում Երեւանը տեսնելու, քաղաքային միջավայրին ծանօթանալու, «ազատ կեանքը» վայելելու ձգտումը կամ նոր հեռանկարներ գտնելու եւ խոստումնալից ապագայ ունենալու ցանկութիւնը: Այդ է պատճառը, որ նրանց մեծ մասը ձգտում է մնալ այստեղ, աշխատանք գտնել եւ հնարաւորութեան դէպքում մշտական բնակութիւն հաստատել մայրաքաղաքում:
Խոշոր մարզկենտրոններում կան որոշ բուհեր եւ կրթահամալիրներ: Գիւմրին, օրինակ, ունի Մ. Նալբանդեանի անուան պետական մանկավարժական հիմնարկ, այնտեղ նաեւ գործում են Երեւանի տնտեսագիտական հիմնարկի, գեղարուեստի ակադեմիայի, թատրոնի եւ շարժանկարի պետական հիմնարկի, երաժշտանոցի եւ ճարտարագիտական համալսարանի մասնաճիւղեր:
Սակայն ամէն տարի մեծ թուով երիտասարդներ Գիւմրիից գալիս են Երեւան՝ սովորելու, եւ նրանցից շատերը չեն վերադառնում: Արդեօ՞ք այս պարագայում կրկին մայրաքաղաքում ապրելու եւ այնտեղ հեռանկարներ փնտռելու ցանկութիւնը չէ վճռական դեր խաղում:
ԱՌԱՔԵԱԼՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՒՈՐ
Երեւանում կրթութիւն ստացած երիտասարդների մի փոքր հատուածն է միայն վերադառնում իր ծննդավայր եւ աշխատում տեղի ուսումնական հաստատութիւններում, մարզպետարաններում կամ այլ հիմնարկներում: «Ես գիտակցում եմ, որ գիւղում մեծ հեռանկարներ չեն կարող լինել:
«Բայց ես դրան չեմ էլ ձգտում: Ես մի բան գիտեմ հաստատ, որ քաղաքաբնակ երիտասարդը երբեք չի գնայ ինչ-որ խուլ մի գիւղ՝ աշխատելու: Այդ գործը գիւղի կրթուած երիտասարդների ուսերին է, որովհետեւ մեր դպրոցները բանիմաց մասնագէտների կարիք շատ ունեն», ասում է Լիլիթ Գրիգորեանը, որը հայոց լեզու եւ գրականութիւն է դասաւանդում այն դպրոցում, որի շրջանաւարտն է եղել:
Նա յիշեց Մուրացանի՝ գիւղի լուսաւորման խնդրին նուիրուած վիպակները: Դեռեւս 19րդ դարավերջին գրողը առաջ էր քաշում «առաքեալների» տեսութիւնը: Գիւղը պէտք է լուսաւորեն ուսեալ եւ կրթեալ երիտասարդները: «Սակայն, ցաւօք, իրականութեան մէջ աւելի յաճախ ծնւում են Պետրոս Կամսարեաններ եւ Նոյի ագռաւներ, որոնք վեր են դասում իրենց անձնական շահը եւ բարեկեցութիւնը», մտահոգւում է Լիլիթը:
«Բա ես իմ էլած-չելածը փչացրել, Վանիին յուսում եմ տուել, որ նա Թիֆլիսի՞ն պէտք գայ. խի՞, Թիֆլիսումը նրա նմանները քի՞չ կան», ասում է Մուրացանի հերոսը, որ իր տղային ուղարկում է կրթուելու, որպէսզի Նոյի աղաւնու նման՝ ձիթենու շիւը բերանում, ետ գայ ու լուսաւորութիւն տարածի յետամնաց գիւղում, բայց տղան Նոյի ագռաւի պէս գնում է ու չի վերադառնում:
Ի՞նչն է պատճառը, որ հասարակութեան մէջ հերոսներ եւ առաքեալներ չեն ծնւում: Ինչո՞ւ ենք բռնել բնազդային համակերպութեան ուղին, ո՞ւր է մեզ տանելու այս հոգեբանութիւնը։ Մուրացանին մտահոգող այս հարցադրումները այսօր էլ արդիական են ու դեռեւս չեն գտել իրենց սպառիչ պատասխանը:
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Նախկինում Խ. Աբովեանի անուան մանկավարժական համալսարանն ունէր պայմանագրային ուսուցման համակարգ, որը նպատակաուղղուած էր հեռաւոր եւ սահմանամերձ գիւղերի համար ուսուցիչներ պատրաստելուն: Պետութիւնը պատուիրում էր որոշակի մասագիտութիւններով մանկավարժների որոշակի խմբաքանակ եւ նրանց գործուղում համապատասխան բնակավայրեր՝ դպրոցներում աշխատելու: Այժմ այդ համակարգը փոխարինուել է նպատակային ընդունելութեամբ: Շրջաններից եկած եւ վճարովի համակարգում սովորող երիտասարդների ուսման վարձի կէսը պետութիւնն է վճարում՝ պայմանով, որ տուեալ մասնագէտը պէտք է իր աշխատանքով փոխհատուցի պետութեան ներդրումը:
ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԵՆ ՄԱՏՆՈՒԱԾ
Գիւղերում բնակուող երիտասարդների այն հատուածը, որը բարձրագոյն կրթութիւն ստանալու հնարաւորութիւն կամ ցանկութիւն չունի, հիմնականում զբաղուած է գիւղատնտեսութեամբ ու անասնապահութեամբ: Նրանց առօրեան սկսում եւ աւարտւում է հող մշակելով կամ անասուն պահելով, իսկ ժամանցը, բառի բուն իմաստով, սահմանափակւում է ժամանակ անցկացնելով:
Որոշ գիւղերում կան մշակութային կենտրոններ, որոնք անմխիթար վիճակում են. կա՛մ վերանորոգման կարիք ունեն եւ «եւրոչափանիշներին» չհամապատասխանելու պատճառով չեն գրաւում երիտասարդներին, կա՛մ իրենց նպատակին մասամբ են ծառայում եւ չեն կարողանում յաւուր պատշաճի կազմակերպել շրջանի երիտասարդութեան հոգեւոր-մշակութային կեանքը, ժամանցը, գիւղական անշուք պայմաններում հետաքրքրութիւն մտցնել նրանց առօրեայում:
Զբաղուածութեան խնդիրը սրւում է յատկապէս ուշ աշնանը եւ ձմռանը, երբ աւարտւում են բոլոր տեսակի գիւղատնտեսական աշխատանքները: Եւ աշխատասէր գիւղացու համար այս հարկադիր պարապուրդը նախադրեալ է հանդիսանում օտար երկիր մեկնելու:
ՓԱԽՈՒՍՏ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՑ
Պանդխտութեան ուղին բռնելու կամ գիւղից քաղաք տեղափոխուելու՝ վերը նշուած պատճառները կապուած են մեր հասարակութեան արժէքային համակարգի հետ, որն անմիջականօրէն անդրադառնում է երիտասարդների հոգեբանութեան վրայ: «Այս երկրում գործ չկայ, հեռանկար չկայ, ապագայ չկայ», ամէն օր այս տրտունջն ենք լսում ընտանիքում եւ շրջապատում: Բայց եթէ կոյր ես, չի նշանակում, որ աշխարհն անտեսանելի է: Կամ եթէ գործազուրկ ես, չի նշանակում՝ այս երկրում ոչ մի հեռանկար չկայ:
«Որտեղ հաց, այնտեղ կաց» կարգախօսն է դարձել մեր մարտավարութիւնը: Բայց չէ՞ որ սա փախուստ է, փախուստ ինքներս մեզնից, փախուստ իրականութիւնից, բայց դէպի ո՞ւր եւ որքա՞ն ժամանակ: Փախուստը խոչընդոտների յաղթահարման տարբերակ չէ: Իւրաքանչիւրս պէտք է գիտակցենք, որ երկրի ապագան երբեւէ չի կարող լինել մերը, եթէ հեռանկար չենք տեսնում մեր երկրում:
Եթէ պետութիւնը մեզ համապատասխան աշխատանքով ապահովելու եւ բարձր վարձատրելու հնարաւորութիւն չունի, ուրեմն հեռանա՞լ երկրից, թէ՞ մնալ եւ համատեղ ուժերով փորձել պետութեան հզօրացման հնարաւոր ուղիներ գտնել, որպէսզի մեր երեխաները կամ գոնէ թոռները ապրեն մեր երազած երկրում՝ զարգացած տնտեսութեամբ, գիտութեամբ եւ մշակոյթով: Ո՞վ պէտք է նպաստի մեր պետութեան զարգացմանը, եթէ ոչ անսպառ աւիւնով, գաղափարներով ու երազանքներով լեցուն երիտասարդը:
«ԵՐԿԻՐ»