Շուրջ քառասուն օրեր առաջ օտար ու ցուրտ հողին յանձնուեց վաստակաշատ միութենական Գուրգէն Խանճեանի յոգնաբեկ մարմինը:
Գուրգէն Խանճեանը ծնուել էր 1910ին, Վանում: 1915ի Ցեղասպանութիւնից հրաշքով փրկուած լինելով, ընտանեկան պարագաների հետ ապաստանում է Արեւելեան Հայաստան եւ ապրում Դիլիջանում:
Խանճեան ընտանիքը 1926 թուին փոխադրւում է Թաւրիզ: Գուրգէն Խանճեանը յաճախում է հայոց դպրոց: Արամ Ալճուճեանը Թաւրիզի հայոց դպրոցների 30 լաւագոյն աշակերտներին մարզում է որպէս աստիճանաւոր սկաուտներ: Դրանցից մէկն էր Գուրգէն Խանճեանը, որին տրուած էր սկաուտական տասնեակի ջոկատապետի աստիճան: Այդ տասնեակի կազմում էր գտնւում նաեւ ջութակահար Ռուբիկ Գրիգորեանը, որ հետագային դարձաւ հանրածանօթ երգահան՝ Իրանում:
Սկաուտները Մելիք Թանգեան սրբազանի ներկայութեամբ եւ հանդիսաւոր արարողութեամբ երդւում են ծառայել հայ ժողովրդին: Դա Գուրգէն Խանճեանի առաջին երդումն էր, որին հաւատարիմ մնաց մինչեւ վերջ:
Շուտով փոխւում են պայմանները: 1930 թուին նա յայտնւում է Պէյրութում: Հ.Յ.Դ.ի երդումը կատարում է Աբրահամ Սահակեանի (Հայր Աբրահամ) ներկայութեամբ, խոստանալով միշտ հաւատարիմ մնալ հայրենիքին եւ Հայ Դատին. սա երկրորդ երդումն էր:
Գ. Խանճեանը Պէյրութում հետեւում է «Նշան Փալանճեան» ճեմարանի դասընթացներին: Նոյն ժամանակ ընտանիքի ապրուստը հոգալու համար ստիպուած է լինում մինչեւ ուշ գիշեր ջութակ նուագել Պուրճ Համուտի սրճարաններից մէկում: 1935 թուին Գ. Խանճեանը հանդիսանում է Ճեմարանի առաջին շրջանաւարտներից մէկը: Աւարտական վկայականներն ստանալու հանդիսութեան ընթացքում շրջանաւարտները ճեմարանի տնօրէն Լ. Շանթի, ինչպէս նաեւ Ն. Աղբալեանի ներկայութեամբ դարձեալ խոստանում են ծառայել հայ ժողովրդին: Իսկ դա հանդիսանում էր Գուրգէն Խանճեանի երրորդ երդումը:
Լեւոն Շանթերի եւ Նիկոլ Աղբալեանների շնչի տակ թրծուելով, երիտասարդ Խանճեանը ինքնավստահ քայլերով մուտք է գործում կեանքի երկրորդ փուլ: Նա, իր եղբայրների՝ Սուրէնի եւ Բաբգէնի հետ միասին, հիմք է դնում կղմինտրի եւ աղիւսի գործարանի, զարկ տալով քաղաքի շինարարութեանը:
Գ. Խանճեանը իր երդումը յարգելու համար, Պէյրութում ծաւալում է ազգային-հասարակական եռանդուն գործունէութիւն: Նա իր բոլորանուէր մասնակցութիւնն է բերում Հ.Յ.Դի ուղեկից բոլոր միութիւնների աշխատանքներին՝ ստանձնելով պատասխանատու պաշտօններ:
Փոխւում են ժամանակները: Լիբանանը մխրճւում է քաղաքացիական պատերազմի մէջ: Տնտեսութիւնն անկայունանում է:
Այս անգամ, 1980 թուականին նա ստիպուած յայտնւում է ԱՄՆում՝ Փասատինա:
Այժմ խօսքը տանք Հայ-ամերիկեան տարեցների միութեան այժմու Կենտրոնական վարչութեան նախագահ Յակոբ Օվայեանին:
«1980ին Փասատինայի ամերիկացի տարեց քաղաքացիներու միութեան անդամ ըլլալէ ետք, Գուրգէն Խանճեան մտածեց հիմնել հայ տարեց քաղաքացիներու միութիւնը:
«Այս պայծառ գաղափարով տոգորւած, ան սկսաւ հետաքրքրուիլ իրագործման կարելիութեան մասին եւ դիմեց ՀՕՄի Կլէնտէյլի ընկերային ծառայութեան գրասենեակի պատասխանատուներէն տիկ. Նորա Մովէլի եւ տիկ. Զապէլ Ալահայտոյեանի, որոնք գնահատելով այս ազգօգուտ գաղափարը, զինք լիազօրեցին, որպէսզի ձեռնարկէ աշխատանքի եւ յաջողցնէ այս խիստ ցանկալի երազը: Պրն. Մամեանի հետ եւ Հայ օգնութեան միութեան աջակցութեամբ հիմնեցին Կլէնտէյլի միութիւնը, որմէ ետք Գուրգէն Խանճեան առանձինը կազմեց Սան Ֆերնանտօ Վալիի, Մոնթեպելլոյի, Փասատինայի եւ Հոլիվուտի մասնաճիւղերը: Նոյն ատեն նաեւ սկսաւ ամառնային ճամբարներ կազմակերպել դէպի Լաք Լեւին եւ ուրիշ զբօսավայրեր:
«Պարոն Մամեանի մահէն ետք, յաջորդական քանի մը տարիներ Գուրգէն Խանճեան նախագահեց Կլէնտէյլի մասնաճիւղին»:
Հայ-ամերիկեան տարեցների միութեան հիմնադրութեան 25ամեակի առթիւ, Օգոստոս 17, 2006 թուին Գուրգէն Խանճեանին երախտագիտութեամբ շնորհուեց Միութեան բարձրագոյն յուշատախտակը, գնահատելով նրա ծառայութիւնը որպէս հիմնադիր:
Մեր խորին ցաւակցութիւնները հանգուցեալի այրիին՝ Հերմինէ Խանճեանին, զաւակներին՝ Հուրի եւ Միսաք Ապտուլեանին, Գարեգին եւ Արա Խանճեան ընտանիքին եւ բոլոր պարագաներին:
Յարգանք իր յիշատակին:
Հայ-Ամերիկեան
Տարեցների Միութիւն
Կենտրոնական Վարչութիւն