Չաւախքի հիմնախնդիրը հայ քաղաքական ընտրանու եւ նոյնիսկ փորձագիտական-վերլուծական հանրութեան ընկալումներում տուժում է վառ արտայայտուած քարացած մտակաղապարումի երանգաւորումից եւ յստակ «կենցաղային գործնապաշտութեան» առկայութիւնից։ Համապատասխանաբար, հիմնախնդրի լուրջ քննարկման բացակայութեան, դրա նշանակալիութեան անբաւարար վերլուծութեան եւ Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչների մեծամասնութեան գիտակցութեան մէջ արմատացած առասպելների պայմաններում, ամէն ինչ յանգեցւում է միայն հարցի մակերեսային պատկերացմանը, իսկ Չաւախքին վերաբերող քաղաքական լուծումները Երեւանի կողմից յաճախ ընդունւում են՝ խնդրի բուն էութեան մէջ պարզապէս չխորանալով։
Համեմատելու համար կարելի է նոյնիսկ իւրօրինակ նոյնութիւններ բերել Հայաստանի քաղաքական ընտրանու ներկայացուցիչների մեծամասնութեան շրջանում Ղարաբաղեան հիմնախնդրի եւ հեռանկարների վերաբերմամբ գոյութիւն ունեցող մակերեսային ըմբռնումից։
Մասնաւորապէս, բազմաթիւ հայաստանեան քաղաքական գործիչներ եւ փորձագէտներ պնդում են, թէ, իբր, Ղարաբաղեան հիմնախնդրի «կարգաւորումը» հնարաւոր է ԼՂՀ շուրջ, ասենք, երկու շրջան (երեք, չորս, եօթ շրջան կամ նոյնիսկ բուն Ղարաբաղը) Ատրպէյճանին յանձնելով՝ իբրեւ «արդար փոխզիջման» նախապայման, ինչը գրաւական կը դառնայ խաղաղութեան ձեռքբերման, հաղորդակցութիւնների ապաշրջափակման համար եւ այլն։
Բնական է, որ բոլոր այդ մօտեցումները որեւէ ընդհանուր բան չունեն Ղարաբաղեան կարգաւորման շուրջ գոյութիւն ունեցող քաղաքական իրականութեան հետ, սակայն մեծ տարածում ունեն հայ քաղաքական ընտրանու շրջանում։ Հայաստանի փորձագէտներն ու գործող քաղաքական գործիչները, ովքեր այս կամ այն չափով լրջօրէն զբաղւում են Ղարաբաղեան հիմնախնդրով, լաւ ծանօթ են մակերեսօրէն արուող եւ հիմնախնդրի բուն էութեան մէջ չխորացող նման յայտարարութիւններին ու պատկերացումներին։
Փաստօրէն, նմանատիպ իրավիճակ է ստեղծւում նաեւ Չաւախքի հիմնախնդրի շուրջ. ելնելով իրենց մտակաղապարումներից եւ աւելի քան հարիւր հազար հայ բնակչութիւն ունեցող շրջանի մասին իրական տեղեկատուութեան բացակայութիւնից՝ հայ քաղաքական ընտրանու բազմաթիւ ներկայացուցիչներ անմիջապէս սկսում են եզրակացութիւններ անել ու որոշումներ ընդունել՝ ելնելով սովորական «կենցաղային գործնապաշտութիւնից»՝ ինքնաբերաբար հիմնախնդիրը յանգեցնելով միայն Վրաստանով անցնող Հայաստանի հաղորդակցութիւնների, Ախալքալաքում ռուսական ռազմահանգրուանի ներկայութեան (համապատասխանաբար՝ շրջանում իրավիճակի սրման գործում «Մոսկուայի ձեռքին») հարցերին եւ այլն։ Շատ տարածուած են նոյնացումները «երկրորդ Ղարաբաղի» հետ. համարւում է, թէ այդ հարցում Երեւանի ցանկացած աշխուժութիւնն անմիջապէս կը յանգեցնի բաց հակամարտութեան, կամ գրեթէ պատերազմի Վրաստանի հետ։
Վերջին երկու-երեք տարում Չաւախքի հարցում ի յայտ են եկել նոր կարծրատիպեր. կախուած Հայաստանի եւրոպական ու եւրատլանտեան համարկման, Երեւանի եւ ԱՄՆի ու եւրոպական երկրների հետ լուրջ շփումներ հաստատելու աստիճանից՝ հայ քաղաքական ընտրանիում արդէն սկսել են եզրակացութիւններ անել, որ եթէ Վրաստանն օգտւում է Ուաշինկթընի եւ Պրիւքսէլի «բարեհաճութիւնից», Չաւախքի հիմնախնդիրների առնչութեամբ Վրաստանի քաղաքականութեան ցանկացած քննադատութիւն կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար ԱՄՆի, ԵՄի կամ ՆԱԹՕի հետ փոխյարաբերութիւններում։
Սակայն բնական է, որ, ինչպէս ցանկացած քաղաքական հիմնախնդրում (իսկ Չաւախքի հիմնախնդիրն առաջին հերթին յատկապէս քաղաքական է), իրավիճակը շատ աւելի բարդ է, դրա պատճառները շատ աւելի խորն են, եւ աւելի լուրջ լուծումներ են պահանջւում։
Այդ պատճառով Հայաստանի ղեկավարութեան եւ քաղաքական ընտրանու դիրքորոշումն ու գործողութիւնները Չաւախքի հարցում պէտք է շատ աւելի մտածուած, տեղ-տեղ էլ նոյնիսկ աւելի սկզբունքային լինեն։ Հիմնախնդիրը համապատասխանօրէն ընկալելու համար անհրաժեշտ է ուրիշ կերպ նայել դրան՝ ելնելով ոչ թէ հպանցիկ հայեացքից, այլ իրավիճակի խոր վերլուծութիւնից եւ հայկական պետութեան զարգացման երկարաժամկէտ հեռանկարներից։
Հայաստանի համար կարեւոր՝ Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցութիւնների մասին տարածուած թեզը էական ճշգրտումների կարիք ունի։ Նախ՝ չնայած Հայաստանն իրօք զգալիօրէն կախուած է Վրաստանով անցնող հաղորդակցութիւններից, սակայն հարկ է հաշուի առնել, որ Թիֆլիսն եւս բազմաթիւ առումներով ունի դրանց գործունէութեան կայունութեան կարիքը՝ ելնելով ինչպէս իր տնտեսական, այնպէս էլ քաղաքական նկրտումներից։
Տարանցումից ստացուող գումարները կազմում են Վրաստանի եկամտի զգալի մասը, իսկ Վրաստանի քաղաքական սպառնալիքները՝ Հայաստանի հաղորդակցութիւնների գործունէութեան սպառնալիքների դէպքում պէտք է յստակ գիտակցուեն վրաց ղեկավարութեան կողմից. Հայաստանի ներկայիս կիսաշրջափակման պայմաններում Վրաստանի այդպիսի գործողութիւնները կարող են հայկական կողմին ստիպել ամբողջական հակագործողութիւնների դիմել դրանք ապաշրջափակելու ուղղութեամբ՝ անկախ հետեւանքներից ամբողջ հարաւային Կովկասի տարածաշրջանի համար։
Այս օրինակը, ի դէպ, բերում ենք իբրեւ միայն տեսական հակափաստարկ. միանշանակօրէն պարզ է, որ Հայաստանը չի պատրաստւում տարածքային յաւակնութիւններ ներկայացնել Վրաստանին Չաւախքի հարցում, իսկ ցանկացած գործողութիւն Վրաստանում հայ ազգային փոքրամասնութեան իրաւունքների պաշտպանութեան հարցում չի կարող այդ երկրի համար Հայաստանի հաղորդակցութիւնների շրջափակման օրինաւոր առիթ լինել։
Վերջապէս չպէտք է մոռանալ, որ, ինչպէս այն երկրների դէպքում, որոնց տարածքով անցնում են նշանակալի խողովակաշարեր կամ հաղորդակցութիւններ, Վրաստանը եւս դառնում է իր սահմաններով անցնող հաղորդակցութիւնների անվտանգութեան պատանդը։ Խողովակաշարերի պարագայում կարելի է անգամ պնդել, որ Վրաստանը եւ նրա բազմաթիւ ազգային շահերը վաղուց արդէն վերածուել են երկրի տարածքով անցնող նաւթի ու կազի հոսքերի պատանդի։
Բացի այդ, ինչպէս ցանկացած երկիր, Վրաստանը եւս ունի իր երկարաժամկէտ քաղաքական զարգացման կարեւորագոյն ռազմավարական առաջնահերթութիւնները. դա մուտքն է ՆԱԹՕ, իսկ հեռանկարում՝ ԵՄ։ Իր երկու նախկին ինքնավարութիւնների (Աբխազիայի եւ Հարաւային Օսէթիայի) հետ շարունակուող հակամարտութիւնների, երկրում լուրջ կրօնական եւ էթնիք այլատեացութեան, տնտեսութեան ոլորտում անբարենպաստ իրավիճակի պայմաններում Վրաստանի նախաձեռնած եւ ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ հարաւային Կովկասի հաղորդակցութիւններին սպառնացող ցանկացած նոր հակամարտութիւն խաչ է քաշում վրացական պետականութեան նշուած առաջնահերթութիւնների վրայ։
Այդ պատճառով վրացական ղեկավարութեան համար գոյութիւն ունեն շատ լուրջ ենթակայական եւ առարկայական սահմանափակումներ Հայաստանի՝ Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցութիւնների համար ցանկացած տիպի սպառնալիք ստեղծելու առումով։ Առաւել եւս, որ Չաւախքի հիմնախնդրի առնչութեամբ Հայաստանի բոլոր նախաձեռնութիւններն ամբողջովին տեղաւորւում են տրամաբանական եւ քաղաքական ու իրաւական տեսանկիւնից պարկեշտ չափանիշներում։
Թէեւ Վրաստանը բազմաթիւ առումներով օգտւում է արեւմտեան երկրների ու կազմակերպութիւնների աջակցութիւնից, դա շատ տեսակէտներով արդիւնք է միայն Ռուսաստանի հետ ունեցած՝ այդ երկրի սուր դիմակայութեան։ Հակառուսական ճարտասանութիւնն ու քաղաքականութիւնը էական միջոցներ են, որոնց համեմատաբար հմուտ օգտագործումը որոշակի առաւելութիւններ է տալիս Թիֆլիսին։ Մինչեւ վերջերս Հայաստանի հեռու մնալը Չաւախքի հիմնախնդիրներից Վրաստանին թոյլ տուեց Չաւախքի իրավիճակը ներկայացնել Ռուսաստանի սադրանքների հետեւանք։
1990ական թուականների կէսերից մինչեւ օրս վրացական կողմը կարողացաւ առաւելագոյնս օգտագործել այն քաղաքական դրամագլուխը, որը եւրոպացիների եւ ամերիկացիների աչքում նրան տուեց ռուսական ռազմախարսխի առկայութիւնը Ախալքալաքում՝ շահարկելով դրա տնտեսական եւ քաղաքական նշանակութեան գործօնը տեղի բնակչութեան առօրեայ խնդիրների լուծման գործում, շրջանի բազմաթիւ բնակիչների պարտադրուած տնտեսական գաղթը՝ Ռուսաստան ժամանակաւոր աշխատանքի մեկնելը եւ Չաւախքի հայերի կապերը Ռուսաստանի Դաշնութեան հետ։
Կարելի է նոյնիսկ ասել, թէ դեռ 1990ականների վերջին վրացական իշխանութիւնները եւ փորձագէտները պարզապէս որոշ չափով «շանթաժի ենթարկեցին» ԱՄՆին ու Եւրոպային Չաւախքում առկայ «ռուսական գործօնով», ինչը բացատրում է այն փաստը, թէ ինչու այդ ամբողջ ժամանակահատուածում պաշտօնական Թիֆլիսն որեւէ քայլ չարեց շրջանի ընկերային-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի բարելաւման ուղղութեամբ։
Բայց ներկայումս ռուսական գործօնը, փաստօրէն, կորցրել է իր նշանակութիւնը Չաւախքում (իսկ այնտեղից 62րդ ռուսական ռազմախարսխի դուրսբերման աւարտից յետոյ կարող է ուշադրութեան չարժանանալ), եւ քաղաքական հիմնախնդիրն այդ շրջանում արդէն տեղափոխւում է սոսկ հայ-վրացական ձեւաչափ։
Այդ պատճառով Հայաստանի գործողութիւնները (առկայ միջազգային քաղաքական-իրաւական չափորոշիչներին եւ էթնիք փոքրամասնութիւնների պաշտպանութեան հարցում Վրաստանի ստանձնած պարտականութիւններին համապատասխանութեան դէպքում) Չաւախքի հայ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան հարցում չի առաջացնի եւրոպական երկրների հակազդեցութիւնը։
Բազմաթիւ արեւմտեան հետազօտական կենտրոններ Վրաստանի էթնիք փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան ոլորտում տիրող իրավիճակի մասին վերջին տարիների իրենց վերլուծութիւններում ու խորհրդատուութիւններում բաւական քննադատաբար են գնահատում այն։
Չպէտք է մոռանալ նաեւ, որ վերջին ամիսներին՝ ռուս-վրացական յարաբերութիւնների ծայր աստիճան սրումից (ինչը, ինչպէս շատերն են համարում Արեւմուտքում, հետեւանք էր ներկայ վրացական ղեկավարութեան անհամապատասխան կեցուածքի) յետոյ եւրոպական կառոյցները եւ նոյնիսկ ԱՄՆը ընդհանուր առմամբ զգալիօրէն աւելի քննադատօրէն են տրամադրուած Վրաստանի նկատմամբ։
Այդ պայմաններում Հայաստանը տուեալ հարցում ցուցաբերած իր անգործութեամբ միայն հնարաւորութիւն է տալիս արտաքին ուժերին օգտուելու հայ քաղաքական ընտրանու ներսում գոյութիւն ունեցող կարծրատիպերից եւ ՀՀին սպառնալ այդ շրջանում առկայ տարբեր խնդիրների օգտագործմամբ։
Սակայն անգամ հաշուի առնելով Չաւախքի հարցում արդէն բացթողնուած ներուժը՝ հայկական կողմի համար առաջուայ նման պահպանւում են լուրջ միջոցներ Հայաստանի եւ Չաւախքի բնակչութեան համար շահեկան քաղաքական նախաձեռնութիւնների իրականացման առումով։
Մասնաւորապէս, դրա համար անհրաժեշտ է կարճաժամկէտ հեռանկարում խթանել հասարակական հետաքրքրութիւնը Չաւախքի հիմնախնդրի առարկայական քննարկման հանդէպ Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Հայաստանի շահերը պահանջում են, որպէսզի Չաւախքում չոտնահարուեն հայ բնակչութեան իրաւունքները, չփոխուի ժողովրդագրական իրավիճակը, տեղի բնակչութիւնը ի վիճակի լինի պահպանելու իր մշակոյթը, լեզուն, կրթութիւնը եւ ունենայ որոշակի քաղաքական իրաւունքներ ու ինքնակառավարման համապատասխան մակարդակ։
Հակառակ դէպքում մօտ ապագայում կարող են լուրջ խնդիրներ ծագել հայկական պետականութեան անվտանգութեան ու զարգացման համար, կը ստեղծուեն վտանգաւոր նախադրեալներ, որոնք առարկայականօրէն կը նպաստեն ատրպեճանա-թուրքական ազդեցութեան տարածմանը Վրաստանում, ինչպէս նաեւ Հայաստանի աշխարհագրական եւ հաղորդակցային մեկուսացմանը Կարս-Ախալքալաք երկաթուղագծի նախագծի իրականացման դէպքում եւ ատրպեճանական էթնիք տարրի տարածմանը Հայաստանի հիւսիսային սահմանների երկայնքով։
Ելնելով դրանից՝ կենսականօրէն կարեւոր է, որ անպայման փոխուի Չաւախքի հիմնախնդրի դասական ընկալումը Հայաստանի քաղաքական ընտրանու կողմից, ինչի համար հարկաւոր է տուեալ հարցի առարկայական եւ սկզբունքային քննարկման խթանումն ու ուսումնասիրումը երկրում եւ Հայաստանի պետական քաղաքականութեան աշխուժացումը այդ շրջանի ճակատագրի հանդէպ։