ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Արամ Ա. կաթողիկոսի հռչակած «Սփիւռքի տարուան» նուիրուած լաւագոյն արտայայտումներից էր Հոլիվուտի Ս. Կարապետ Մայր եկեղեցու համալիրում Մայիսի 12ին կայացած մշակութային ձեռնարկը: Եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանի խորհրդատուութեամբ, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի կողմից պատրասուտած միջոցառումը բացառիկ հաճելի պահեր պարգեւեց՝ հայ երգով ու պարով, ասմունքով, ինչպէս նաեւ Սփիւռքի ամենակենսունակ՝ Լիբանանի համայնքի պատմութեան ներկայացմամբ:
«Այս ձեռնարկը, որ վայելում է առաջնորդ սրբազան հօր հովանաւորութիւնը, եւ կազմակերպուած է Հոլիվուդի Ս. Կարապետ Մայր եկեղեցու մեծ ընտանիքի եւ Հոլիվուդի ծուխի մէջ գործող բոլոր կառոյցների զօրակցական կեցուածքով՝ նուիրուած է Լիբանանի հայ համայնքին, որը եղել է կենտրոնաձիգ համայնք, ամբողջ Սփիւռքի զարկերակը եւ բոլոր գաղթօջախներին մարդուժ է հասցրել տարբեր տեսակի աշխատանքների համար: Այս երեկոն ի սէր եւ ի յարգանս է Լիբանանի հայ համայնքի կատարած աշխատանքին», իր խօսքում նշեց Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը:
«Բուրջ Համուդ», «Թռչնոց Բոյն», «Ազդակ օրաթերթ», «Սարդարապատ ակումբ», «Շաղզոյեան կենտրոն»՝ Լիբանանի հայ համայնքի հիմնասիւն համարուող եւ հայ կեանքի պատկերն ամբողջացնող վայրերի մասին պատմող անկիւնները Հոլիվուդի հայ կենտրոնի նախասրահում իւրատեսակ մտովի շրջայցի տարան Կիլիկիոյ կաթողիկոսութեան նստավայր՝ Լիբանան: «Ճամբորդութիւնը» շարունակուեց գլխաւոր սրահում, որ յագեցած էր լիբանանահայկական ոգին ու աւանդոյթները ներկայացնող զարդարումներով:
Ռոզ եւ Ալէք Փիլիպոս վարժարանի սաների՝ ազգային երգի, պարի ու ասմունքի կատարումներն էլ բազմերանգ ելեւէջներով շաղկապեցին հայրենիքն ու Լոս Անջելեսի ու Լիբանանի համայնքները միմեանց: Ազգային կրթօջախի սաների ջերմ եւ անկեղծ հայրենասիրական լիքցերը, որ նրանք փոխանցեցին իրենց հիասքանչ կատարումներով՝ սիրոյ եւ յուզումի բացառիկ ակնթարթներ պատճառեցին հանդիսատեսին: Պատանիների երգն ու պարը կարծես արձագանգ էին ստանում հայոց լեռներից ու աղբիւրներից, տարածւում աշխարհասփիւռ հայ համայքներով՝ մի պահ փարատելով հայրենիքի ու հայրենակիցների նկատմամբ կարօտը:
«Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքին յաջորդեց «Սփիւռք Հրաշքը», որի շնորհիւ ծաղկեցին ու աճեցին հայաբնակ վայրեր ու ծնունդ առան մեղուաբոյնի բծախնդրութեամբ եւ ինքնաբաւութեամբ գործող մեր գաղութները՝ իրենց դպրոցներով, եկեղեցիներով, ակումբներով, կազմակերպութիւններով, կուսակցութիւններով, եւ այլազան կառոյցներով», Սփիւռքի ստեղծման մասին իր խօսքում անդրադարձաւ օրուայ բանախօսը՝ Ազգային վարժարանների Խնամակալ մարմնի գործավար, մանկավարժ Թամար Թուֆէնքեանը:
«Ցեղասպանութիւնից յետոյ, մեր ազգի դաժան ճակատագրին մատնուած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, տասը տարիների գաղթական եւ անորոշ կարգավիճակի եւ անհորիզոն թուացող դեգերումներից յետոյ, Անթիլիաս աւանում հաստատեց նոր Մայրավանքը եւ խարսխեց հայ ազգի զաւակների յոյսերը: Իբրեւ կրօնական բնօրրան, այն հաւաքեց նաւաբեկեալ ժողովրդի ծուէններն ու միացրեց չվհատուող մեր ժողովրդին ազգի ամբողջականութեան հարթակի վրայ:
Բէյրութի համայնքը բարեբախտութիւնն ունեցաւ վայլելու գիտակից եւ անձնուէր ղեկավար սերնդի հովանին, որ գիտէր ոչնչից կերտել ամէն ինչ: Հանրապետութիւն կերտող սերունդը, Սփիւռքի համեստ պայմաններում, աննկուն կամքով կռանուած կարողութիւններով, միաժամանակ ազգային հրաշքների հաւատացող ու անշահախնդրորէն գործող նուիրեալների փաղանգով լծուեց «Սփիւռք Հրաշք»ի կերտման աշխատանքին ու «արարեցին» Լիբանանը: Այն դարձաւ աշխարհասփիւռ հայահոծ գաղութների կիզակէտը՝ ազգային, կրթական, մշակութային եւ քաղաքական ներշնչարան ու կենարար աղբիւր լինելու իրականութեամբ: Այս համայնքի շողարձակման շնորհիւ, նոր բողբոջած հեռաւոր գաղութները եւ անհաստատ քայլերի մէջ տուայտուող սփիւռքեան օջախները վերընձիւղուեցին», ներկայացրեց բանախօսը՝ շարունակելով, որ այսօր Լիբանանի հայ համայնքը իդելական համայնքի պատկերն է, որտեղ երբեմնի անհամերաշխ շերտաւորումները միաձուլուել են եւ կարողացել են նկարել այն կտաւը, որի առջեւ ամէն հայ պիտի խոնարհի ու հիացմունքով լցուի:
«Ուրեմն գիտակից մօտեցումով, Լոս Անջելեսի, Փարիզի եւ այլ հեռակայ համայնքների մեր ներկային կամրջենք Լիբանանի եւ Սիրիայի փորձառութեան դրական աւանդոյթները, հեռու մնանք ժխտականից, որպէսզի նոյն կամքով ու հասունութեամբ յարմարագոյնը որդեգրենք նաեւ Հայաստանի ու Արցախի նպատակասլաց ապագայի հեռանկարին ուրուագծերը յստակացնելու համար», նման կոչով իր խօսքն ամփոփեց Թամար Թուֆէնքեանը: Բանախօսի ելոյթը՝ Լիբանանի հայ համայնքի ստեղծման ու կայացման պատմութեամբ ամբողջացուեց հայկական ամենաօրինակելի համայնքի մասին տեսանիւթով:
Ձեռնարկի աւարտին ելոյթով հանդէս եկաւ Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանը՝ գնահատանքի եւ երախտիքի խօսք ասելով կազմակերպիչներին ու աջակիցներին: Առաջնորդ սրբազանը ներկայացրեց տեղեկութիւններ Լիբանանում Կիլիկիոյ կաթողիկոսութեան հաստատման հանգամանքների, դերի ու նշանակութեան մասին: Նա գնահատանքով անդրադարձաւ հայրենազրկուած եւ ունեզրկուած գաղթական հայ սերունդներին, ում յաջողուեց ոչինչից համայնք կերտել՝ նրանց մաղթելով ստեղծելու անսպառ կորով:
Առաջնորդ սրբազանը յայտարարեց, որ Արեւմտեան թեմը կը հովանաւորի Լիբանանի Ազգային վարժարաններում ուսանող 500 աշակերտի, եւ կը տրամադրի 2022-2023 տարեշրջանի համար կրթաթոշակ՝ 250,000 դոլարի չափով:
Հոլիվուդի հայ համայնքի մեծ ընտանիքի կազմակերպած միջոցառման աւարտը միաւորեց բոլոր ներկաներին՝ «Կիլիկիա» եւ «Ի վեհ բարձանց» երգերի կատարումով: