ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը հետեւեալ յայտարարութեամբ անդրադարձաւ Արցախի Շահումեանի շրջանի բռնագրաւման 30րդ տարելիցին.
«30 տարի առաջ՝ 1992 Յունիսի 12ին, Ադրբեջանի զինուած ուժերը գրաւեցին Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանը:
«Արցախի այս հինաւուրց շրջանը, որը կարեւոր դերակատարութիւն է ունեցել հայոց պետականութեան ու ազգային ազատագրական պայքարի պատմութեան մէջ եւ հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիմնադիր սուբյէկտներից (ենթականերէն) մէկը, զաւթուեց թշնամու կողմից, իսկ տեղաբնակները ենթարկուեցին ցեղասպան գործողութիւնների: Բռնարարքների հետեւանքով մենք ունեցանք զգալի կորուստներ:
«Շահումեանի շրջանի բռնագրաւման պատճառով բնակչութեան մեծ մասը ստիպուած լքեց պատմական հայրենիքը եւ բնակութիւն հաստատեց արտերկրում:
«Հայրենազրկման այդ ցաւը չի սպիացել թէ՛ շահումեանցիների, թէ՛ ողջ արցախահայութեան ու հայ ժողովրդի սրտերում: Մենք երբեք չենք համակերպուելու Շահումեանի շրջանի կորստի հետ: Շահումեանի ապաշրջափակման հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգում:
«Շահումեանը եղել է, կայ ու միշտ կը մնայ Արցախի անբաժան մասը»:
Այս մասին Արցախի մադու իրաւունքներու պաշտպանի գրասենեակը եւս հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ կ՛ըսուի հետեւեալը. «30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, յարձակումների եւ յանցաւոր գործողութիւնների հետեւանքով Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի 20,000 բնակչութիւնը մատնուեց տեղահանութեան եւ հայրենազրկման, աւելի քան 700 անձ սպաննուեց եւ անհետ կորաւ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափուեցին ու ենթարկուեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգեւոր-մշակութային արժէքները ենթարկուեցին վանդալիզմի եւ ոչնչացման։ Հայերի տները բաժանել էին, եւ ադրբեջանցի «նոր տէրերն» իրենց անունները իւղաներկով գրել էին դարպասների վրայ: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը՝ ծակծկել ինքնաձիգից արձակուած կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ»:
Վերոնշեալ հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի նաեւ, որ շահումեանցիներուն նկատմամբ իրականացուած յանցագործութիւնները անոնց՝ ազատ կամքի արտայայտութեան եւ սեփական հայրենիքին մէջ անկախ ու արժանապատիւ ապրելու իրաւունքի իրացանացումը «պատժելու» գործողութիւն էր:
«Ցեղային-կրօնական պատկանելիութեան հիմքով հայրենազրկուած շահումեանցիների նկատմամբ արդարութեան եւ նրանց խախտուած իրաւունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում յստակ չամրագրուեց, նրանց նկատմամբ իրականացուած յանցագործութիւնների համար ադրբեջանական իշխանութիւնները այդպէս էլ պատասխանատուութեան չենթարկուեցին: Աւելին՝ այդ անպատժելիութիւնը շարունակում է ծնել նոր յանցագործութիւններ, որոնց ականատես եղանք 2016 թուականի Ապրիլին եւ 2020 թուականի Սեպտեմբերին Արցախի ժողովրդի դէմ սանձազերծուած ադրբեջանական ագրեսիայի (յարձակման) ընթացքում եւ շարունակում ենք ականատես լինել հրադադարի մասին Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ: Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրութիւնը շարունակում է դրսեւորել դատապարտելի անտարբերութիւն, որը չի բխում մարդու իրաւունքների պաշտպանութեան համընդհանրութեան սկզբունքից», կ՛ըսուի հաղորդագրութեան մէջ: