Հիմնախնդիրները, որոնք առաջանում են Սամցխէ-Չաւախք-Թռեղքում ռուսական ռազմախարիսխները դուրս բերելուց յետոյ, բազմաթիւ եւ բազմաբնոյթ են: Չմանրամասնելով այս ռազմախարսխում աշխատող հարիւրաւոր հայ ընտանիքների անդամների խնդիրը, որոնք կա՛մ դառնում են գործազուրկ, կամ տեղափոխւում են Ռուսաստան (երկու դէպքում էլ հարցը խիստ մտահոգիչ է), հարկ է նշել այստեղ առաջացող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին. ինչպիսի՞ն է լինելու ռազմախարիսխների դուրսբերումից յետոյ այդ զինուորական աւանների ճակատագիրը, ո՞վ է դառնալու Սամցխէ-Չաւախքի Ծալկայի շուրջ 125 հազար հայերի (2002թ. Վրաստանի մարդահամարի պաշտօնական տուեալ) անվտանգութեան երաշխաւորը:
Սրանք հարցեր են, որոնց դեռեւս պատասխաններ չկան: Իսկ ապագայի այդ անորոշութիւնը կարող է խիստ ծանր անդրադառնալ Չաւախքի (ինչու չէ՝ նաեւ Սամցխէի եւ Թռեղքի) հայութեան հոգեբանութեան վրայ: Այս ամէնն աւելի մտահոգիչ են դառնում, երբ արդէն Վրաստան-ՆԱԹՕ աշխուժացող յարաբերութիւններում հետզհետէ պարզորոշ ուրուագծւում է Թուրքիայի հնարաւոր ռազմական ներկայութիւնը Վրաստանում:
Վրաստանի կախումը (ռազմական օգնութեան ձեւով) ՆԱԹՕից (հետեւաբար նաեւ՝ Թուրքիայից) առաւել պարզորոշ է դառնում՝ ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանն իր ունեցած ռազմական ստորաբաժանումներով եւ իր ամավարկից զինուած ուժերին յատկացուելիք գումարով բացարձակապէս ի զօրու չէ ապահովելու սեփական երկրի անվտանգութիւնը:
Վրաստանի չանդամակցելը Հաւաքական անվտանգութեան եւ ԱՊՀի արտաքին սահմանների համատեղ պահպանութեան պայմանագրերին (այդ առթիւ պատճառաբանում են, թէ այդ պայմանագրերը չեն համապատասխանում նոր աշխարհաքաղաքական իրողութիւններին) առաւել լայն դաշտ բացեց ԱՄՆի, ՆԱԹՕի եւ Թուրքիայի առջեւ։ Յատկանշական է, որ 1998-2002 թթ. ընթացքում Թուրքիան շուրջ 15 միլիոն տոլար էր տրամադրել վրացական բանակի կարիքների համար:
Իսկ գրեթէ նոյն ժամանակահատուածում Վրաստանի սահմանների հսկողութեան ապահովման համար ԱՄՆն ընդհանուր առմամբ յատկացրել է շուրջ 72 միլիոն տոլար: Վրաստանի պարագայում այս գումարների ահռելի չափը առաւել ցայտուն ընդգծելու համար յաւելենք, որ Վրաստանի ռազմական ամավարկը 1998 թ. կազմել է ընդամէնը 11 միլիոն տոլար, իսկ 1999 թ.՝ 24 միլիոն:
Դա երեւում է յատկապէս ստորեւ բերուող համեմատութիւնից՝ «դէպի ՆԱԹՕ ձգտող Վրաստանը պէտք է նաեւ, բացի քաղաքական կամքից, ՆԱԹՕական չափանիշներին համապատասխանեցնի եւ իր զինուած ուժերը» (ԱՄՆի Քլինթընի օրերին պաշտպանութեան նախարար Ուիլեըմ Քոհենի խօսքերը), սակայն այդ չափանիշներով վարձատրուող բանակ ունենալու համար (միայն 2002ին նախատեսուող մօտ 42,000 զինուորներին վարձատրելու համար) Վրաստանից կը պահանջուի 7.2 միլիառ տոլարի ռազմական ամավարկ, որպէսզի դա համապատասխանի ամերիկեան չափանիշներին, 6 միլիառ ռազմական ամավարկ՝ անգլիական չափանիշների դէպքում, 4 միլիառ՝ ֆրանսականի եւ գերմանականի, 600 միլիոն տոլար՝ թուրքական չափանիշներին համապատասխանելու համար:
2002 թ. նախատեսուող քանակով (մօտ 42,000) զինուորներին վարձատրելու համար Վրաստանի ամավարկը թոյլ էր տալիս իր իւրաքանչիւր զինուորին տալ տարեկան մօտ 1000 տոլար, այն դէպքում, երբ ԱՄՆն իր իւրաքանչիւր զինուորին վարձատրում է տարեկան մօտ 180,000 տոլար, Անգլիան՝ 150,000, Ֆրանսան եւ Գերմանիան՝ 100ական հազար, Թուրքիան՝ 15,000 տոլար:
Դժուար չէ հաշուարկել, որ եթէ Վրաստանն ուզենար իր զինուորներին վարձատրել ու կրթել ՆԱԹՕի չափանիշների համապատասխան, ապա կը կարողանար իրեն թոյլ տալ ունենալու բանակ՝ բաղկացած շուրջ 200 զինուորից: Տարբերութիւնը մեծ չի լինի, եթէ նկատի ունենանք, որ 2002 թ. համեմատ (իշխանափոխութիւնից յետոյ) Վրաստանի ամավարկը աւելացել է մի քանի անգամ: Այստեղից պարզ է դառնում ռազմական հարցերում Վրաստանի համար որեւէ երկրի ապաւինելու անխուսափելիութիւնը, իսկ ամենահաւանականը Թուրքիայի տարբերակն է, որը կազմ ու պատրաստ օժանդակելու է Վրաստանին ոչ միայն տնտեսապէս ու ֆինանսապէս, այլեւ ռազմական առումով:
Նշենք նաեւ, որ Թուրքիան ունի Վրաստանում ռազմական ներկայութեան մէկ այլ նախադրեալ եւս. Պաքու-Ճէյհան նաւթամուղի անվտանգութիւնն ապահովելուն ուղղուած գործողութիւններն ի կատար ածելն է, երբ այդ պատրուակով ՍամցխէՉաւախքԹռեղքում կարող է սկսուել թուրքական զօրքերի անարգել շրջագայութիւնը, ինչը կարող է իրավիճակի կտրուկ սրման պատճառ դառնալ:
Վրաստանի զինուած ուժերի այսպիսի շարունակական վերադասաւորումները էլ աւելի անորոշ վիճակ են ստեղծում Սամցխէ-Չաւախք-Թռեղքի երիտասարդութեան ապագայի համար՝ զինծառայութեան անընդհատ փոփոխուող եւ այդպէս էլ չկարգաւորուած պայմաններում: Խորհրդային Միութեան փլուզումից ի վեր Սամցխէ-Չաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայաբնակ շրջաններում երիտասարդութիւնն աւելի քան 95 %ով չի մեկնել զինծառայութեան: Ըստ վրաց պետական այրերի՝ պատճառը աւելորդ ազգամիջեան ընդհարումներից խուսափելն է: Նշենք, որ զինծառայութեան մասին Վրաստանի օրէնքը փոփոխուել է բազմաթիւ անգամ՝ զինծառայութիւնը դարձնելով 1 տարի 8 ամիս, 1.5 տարի, 1 տարի: Այն նաեւ բազմիցս խստացուել կամ մեղմացուել է:
2002 թ. Վրաստանում գործում էր բանակային ծառայութեան դիմաց վճարելու համակարգը, երբ 2000 լարի վճարելու դէպքում զինակոչիկն ազատւում էր 10 տարով: Սակայն 2005 թ. արդէն այդ գումարով կարելի էր ազատուել միայն 1 տարով:
Անցեալ Սեպտեմբերին, Վրաստանի պաշտպանութեան նախարարութիւնը խորհրդարանի պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովին է ներկայացրել 2002թ. ընդունուած վերոնշեալ օրէնքի (Պարտադիր զինուորական ծառայութեան տարկէտման տուրքերի մասին) մէջ լրացումներ կատարելու նախագիծ:
Առաջարկուող այս նոր փոփոխութեամբ նախատեսւում է բանակ զօրակոչել 26 տարին չլրացած անձանց, անկախ այն բանից՝ նրանք օրէնքով սահմանուած պետական տուրքը վճարե՞լ են, թէ ոչ:
Օրինագծի նախաձեռնողների փաստարկմամբ, դրա նպատակն է ստեղծել մեքանիզմ, որպէսզի ընդհանուր զինապարտութեան շրջանակներում ներառնուեն առաւելագոյն թուով քաղաքացիներ:
Միեւնոյն ժամանակ, Վրաստանի նախագահը պահանջում է երկրի զինուած ուժերի թուաքանակը աւելացնել 2000ով:
Տուեալ հարցի վերաբերեալ նախաձեռնութիւնը խորհրդարանին ներկայացրել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Զուրապ Տեքանոյիծէն: Մեկնաբանելով նախագահի նախաձեռնութիւնը՝ խորհրդարանի պաշտպանութեան ու անվտանգութեան յանձնաժողովի անդամ Իրաքլի Քաւթարածէն յայտարարել է, որ զինծառայողների թուակազմի աւելացումը բխում է զինուած ուժերի առջեւ ծառացած նոր խնդիրներից: Նշենք, որ մինչեւ այժմ Վրաստանի զինուած ուժերը կազմուած էին 26,000 զինծառայողից: Փաստօրէն նախատեսւում է այդ թիւը հասցնել 28,000ի:
Վրաստանի պաշտպանութեան նախարար Ի. Օքրուաշւիլու՝ 2006թ. Մայիսի 6ի հաւաստմամբ, այսօր մէկ զօրակոչիկի տարեկան աշխատավարձը 129.6 լարի (72 տոլար) է, իսկ պայմանագրով ծառայողինը՝ 5688 լարի (3160 տոլար): Ընդհանուր առմամբ, ժամկէտային ծառայութեան զինծառայողին պահելու համար այսօր Վրաստանը տարեկան ծախսում է 1803.22 լարի (1001 տոլար), իսկ պայմանագրայինի համար՝ 7606.48 լարի (4226 տոլար): Աւելացնենք նաեւ, որ մինչեւ 2009 թ. վերջը նախատեսուած է վրացական բանակը փոխադրել պայմանագրային ծառայութեան՝ զօրակոչը համարելով խորհրդային վերապրուկ:
Իսկ ի՞նչ յարաբերութիւնների մէջ է հայ զինակոչիկը վրաց բանակի հետ: Մի՞թէ վերջիններս զլանում են զինծառայութեան անցնել այն երկրում, որի քաղաքացիներն են իրենք: Կան բազմաթիւ գործօններ, որոնք, այո՛, ոչ միայն ազատում են այդ պարտականութիւնից, այլեւ այն (զինծառայութիւնը) դարձնում պարզապէս անհնարին: Դրանք են՝
Ա.- Ֆիզիքական գործօնները. վրացական բանակը, ԽՍՀՄ փլուզումից ի վեր մշտապէս գտնուել է անմխիթար վիճակում: Չեն եղել բաւարար պայմաններ զինծառայութեան համար:
Զինակոչիկը պէտք է ծառայէր տնից ուղարկուած սննդով, շորերով. այս առումով նա պարզապէս «ուսանող» էր.
Բ.- Վրաց ժողովրդի ենթաէթնոսների կողքին կան մեծ թուով ատրպէյճանցիներ, եւ այդ պայմաններում հայ երիտասարդութեան համար չկան անվտանգութեան երաշխիքներ.
Գ.- Հոգեբանական գործօններ. գերազանցապէս հայերով բնակեցուած երկրամասում ծնուած եւ մեծացած, հայկական ազգային մտածելակերպով օժտուած հայ երիտասարդի համար պարզապէս անհնար է ծառայել վրացական մթնոլորտում:
Պատահական չէ, որ մինչեւ այժմ ծառայել ցանկացող հայ երիտասարդները ծառայութիւն են անցել Սամցխէ-Չաւախքի տարածքում, որտեղ հայ զինուորներին չէր պարտադրւում լիարժէք տիրապետել վրացերէն լեզուին: Միւս կողմից, ջաւախքցի հայորդու համար անհասկանալի է դառնում երդում տալ՝ հաւատարմօրէն ծառայելու մի երկրի, որը թքած ունի իր ազգային արժանապատուութեան վրայ:
Չկարգաւորուած միջպետական յարաբերութիւնների հետեւանքով անորոշ վիճակում է յայտնուել նաեւ Հայաստանում սովորող ջաւախքահայ ուսանողը: Փաստօրէն, օրէնքի հերթական «խստացման» դէպքում վերջինս ենթակայ է զօրակոչի, քանի որ ի սկզբանէ նրան չի տրուել տարկէտման իրաւունք, իսկ զօրակոչի յաջորդ օրը ՀՀ բուհը կարող է հեռացնել նրան:
Վերջում աւելացնենք, որ Սամցխէ-Չաւախք-Ծալկայի ժողովուրդը, արդէն համարեայ շուրջ 200 տարի իր կողքին ունենալով ռուսական այս ռազմախարիսխների ներկայութիւնը, ի սկզբանէ կտրականապէս դէմ է եղել վերջիններիս դուրսբերմանը իր բնօրրանից, եւ դա ջաւախքցիները արտայայտել են բազմահազարանոց միթինկներով, դիմումներով, նամակներով, բողոքներով ու կոչերով:
1918 եւ 1921 թթ. ողբերգական իրադարձութիւնները Սամցխէ-Չաւախք-Ծալկայի ժողովրդին լիովին հիմք են տուել հանդէս գալու նման պահանջներով: