Վերջին շրջանում վատթարացել է բջջային կապի որակը: Օրուայ որոշակի ժամերին զանգելը եթէ ոչ անհնար, ապա մեծ դժուարութիւն է դառնում: Բջջային կապի բաժանորդները բողոքում են նաեւ SMS հաղորդագրութիւնների ծառայութիւնից:
Հետաքրքրական է, որ «Ղարաբաղ թելեքոմ»ի կողմից ընկերութեան ծառայութիւնների սակագների վերանայման գործընթացից յետոյ կապն աւելի է վատացել: Եթէ սակագները իջնէին, ապա տրամաբանօրէն հասկանալի կը լինէր կապի որակի վատթարացումը (կարող են պատճառաբանել, որ եկամուտները բաւարար չեն ոլորտում ներդրումներ կատարելու համար): Իսկ 2006ի Դեկտեմբերի 1ից գործող նոր սակագների ցանկն ուսումնասիրելուց յետոյ յստակ երեւում է, որ շատ քիչ ծառայութիւնների սակագներ են իջեցուել, այն էլ՝ չնչին չափով: Այնինչ բբջային կապի բաժանորդները 1 րոպէ խօսելու դիմաց նախկին 10 սենթի (36-37 դրամ) դիմաց այսօր արդէն վճարում են 44 դրամ: Սա թերեւս ամենազանգուածային ծառայութիւնն է, որի դիմաց թանկ կամ էժան վճարելն ազդում է քաղաքացու «գրպանին»: Իսկ այդ քաղաքացիների թիւը, ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների զարգացման նախարարութեան տուեալներով, այսօր գերազանցում է 25 հազարը:
Հէնց դա է պատճառը, որ բջջային կապն աշխատում է գերծանրաբեռնուածութեան պայմաններում: Նախարար Արմօ Ծատուրեանի խօսքերով, «Ղարաբաղ թելեքոմ» ընկերութեան ղեկավարը խոստացել է այս տարուայ ընթացքում շտկել իրավիճակը եւ ոլորտում ներդրումներ կատարել: Ընդ որում ոչ միայն բջջային եւ համացանցի կապի, այլեւ ֆիքսուած (գծային) հեռախօսակապի ոլորտում: Ղարաբաղի ամէն մի քաղաքացուն յայտնի է ֆիքսուած հեռախօսակապի վատթար վիճակը, որի «ձեռը կրակն են ընկնում» արդէն մի քանի տարի: Իսկ «Ղարաբաղ թելեքոմ»ը իր գործունէութեան առաջին իսկ տարուց ոլորտի բարելաւման ուղղութեամբ խոստումներ է տալիս, սակայն արդիւնքները դեռեւս չեն երեւում: