ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Լեռնավայր» ամառային ճամբարը, մէկ ամիս շարունակ, անմոռանալի օրեր պարգեւեց շուրջ հարիւր հայ երեխաների: «Մեր հիմնական նպատակն էր, որ մանուկներն ամրան օրերն անցկացնեն հայկական միջավայրում: Ճամբարում գործում էր երկու խմբակ` 3-5 եւ 6-13 տարեկանների համար: Տարիքային խմբերին համապատասխան ունէինք ծրագրեր, այդ թւում` դասաւանդում էինք հայոց լեզու, պատմութիւն եւ կրօն, հայ երգ ու պար, ճատրակի դասընթացներ ու մարզանք: Մեր ճամբարում գործում էին նաեւ այսպէս կոչուած օրէնքներ, որոնցից առաջինն այն էր, որ երեխաները խօսեն հայերէն: Այս նպատակով, ամէն օր նոր թեմաների շուրջ քննարկումներ էինք անցկացնում, հայերէն նոր բառեր սովորեցնում, շաբաթուայ վերջում էլ երեխաները շարադրութիւն էին գրում այդ բառերով: Մայրենի լեզուով խօսելը քաջալերելու համար էլ մեր սաներին խորհրադանշական նուէրներ էինք տալիս: Միաժամանակ, սովորեցրինք հայկական երգեր ու պարեր, որ մեծ խանդավառութիւն էր առաջացրել մանուկների շրջանում», պատմում է ճամբարի տնօրէն, հայոց լեզուի մասնագէտ Մարիա Յովսէփեան Քէշիշեանը: Նրա խօսքերով, ճամբարը նաեւ առիթ դարձաւ տարբեր կրթօջախներից երեխաների համար ծանօթանալու, նոր ընկերներ ձեռք բերելու:
«Լեռնավայր» ճամբարն իր դռները բացել էր Փասադենայի եւ յարակից շրջանների երեխաների համար Յուլիսի 5ին` Փասադենայում գտնուող «Ճիւալակեան» երիտասարդական կենտրոնում:
Շաբաթների ընթացքում, ճամբար յաճախող երեխաներն առիթ էին ունեցել նաեւ ընդունելու եւ խորհուրդներ լսելու տարբեր մասնագէտներից, ծանօթացել էին ազգային խոհանոցին, թատերական արուեստին, ձեռք բերել ընկերային հմտութիւններ:
«Լեռնավայր» ճամբարը ՀՅԴ Փասադենայի «Լեռնավայր» կոմիտէութեան նախաձեռնութիւնն է, որ գործում է մի քանի տարի: «Այս ճամբարի գլխաւոր նպատակը, մեր կուսակցութեան գլխաւոր նպատակը այն է` ծառայութիւնը մեր ժողովրդին, եւ այդ շրջանակներում` հոգալ մեր համայնքի կարիքները: Շրջանի հայ մանուկները, մէկ ամիս հանգիստ, ապահով, մաքուր միջավայրում, հոգատար եւ մասնագէտ ուսուցիչների առաջնորդութեամբ հաճելի եւ օգտաւէտ ժամանակ անցկացրեցին, եւ ծնողներն էլ առանց մտահոգութեան թողեցին իրենց երեխաներին այստեղ: Երեխաները շատ ուրախ էին եւ խանդավառ, եւ բոլորի ցանկութիւնն էր, որ ճամբարը երկարի», նշեց ՀՅԴ Փասադենայի «Լեռնավայր» կոմիտէի անդամ Սոնիկ Արապեանը: Նախաձեռնութիւնը հնարաւոր է եղել լաւագոյնս իրականացնել կոմիտէութեան ներքոյ ստեղծուած յանձնախմբի ջանքերով, եւ ՀՕՄի Փասադենայի «Սօսէ» մասնաճիւղի աջակցութեամբ, որ համադամ սնունդ է ապահովել: Արապեանը տեղեկացրեց, որ արդէն սկսուել են յաջորդ տարուայ ճամբարի նախապատրաստական աշխատանքները, եւ ելնելով պահանջարկից` այն կը տեւի աւելի երկար, եւ հնարաւորութիւն կ՛ընձեռի աւելի մեծ թուով դիմողների:
«Լեռնավայր» ճամբար այցիս ընթացքում իրապէս ոգեւորուած էի փոքրիկ Վանի, Սերուժի, Արենի, Մեղեդիի ու բազմաթիւ հայ մանուկների հայկական ոգով` նրանց հայ խօսքով ու ոգով, ինչի վառ դրսեւորումն էր «Արարատ յառաջ, հայ կտրիճներ քաջ» երգի խանդավառ կատարումը մանուկների կողմից: Շրջապատելով ինձ նրանք պատմում էին, թէ որքան են սիրում իրենց նոր ընկերներին, ուսուցիչներին ու առօրեան, որ լի էր իրենց սիրելի տարբեր ծրագրերով:
«Լեռնավայր» ճամբարում հաւատում են, որ երբ վստահում ես երեխային, զարգացնում ես վստահութիւն իր ուժերի ու հնարաւորութիւնների նկատմամբ, նրանք շատ արագ սովորում են օգտագործել սեփական ուժն ու դատողութիւնը: Առաջնորդուելով այս կարգախօսով, ճամբարի կազմակերպիչները, կարճ ժամանակն օգտագործեցին հնարաւորինս արդիւնաւէտ`օգնելով իրենց սաներին առաջադիմել հայոց լեզուի, արուեստի, մարզանքի, արհեստի ոլորտներում` բացայայտել նոր տաղանդներ եւ հնարաւորութիւն ընձեռելով նրանց ինքնուրոյն ընտրել նախընտրած ոլորտը: