Տանեցիների լռին անհամաձայնագիրը կարդացւում էր եւ ամօթ էին համարում «Մեծահասակապարտէզ» յաճախելու մտադրութիւնս։ Եւ ընդդէմ գնալով հանդերձ չէի ասի, թէ չէի տատանւում, բայց հետզհետէ համոզուեցի, որ ինչ լաւ է եղել, որ այդ առումով անհնազանդ եմ գտնուել…
Եւ Աստուած իմ, զարմանալն այն բառը չէ, որ չափանիշ լինի ու համոզիչ հնչի, թէ մի նորովի հանքավայր եմ ընկել, շատ դէպքում առանց ճգնելու եմ բաներ հաւաքում։ Եւ ուզում եմ, որ մեր թոռնուհու պահապան հրեշտակ կինս հէնց մնայ իր ասածին, չընկերակցի, միայն թէ՝ գոգնոցն ինձ զիջի…
Մեծահասակնե՜ր…
Օրը օրուայ վրայ այս նորովի «մեծահասակապարտէզում» հէնց «չամի»չ են բաժանում ու չամիչով լցուած փէշով եմ տուն դառնում։ Եւ էլ ի՞նչ քնել։ Թւում է, թէ իմ ու երկու Աստղիկ-տատերի միջեւ գրասեղանս չի, այլ մեր ճաշասեղանը… Նախաճաշն աւարտել ենք։ Հազուադէպ է պատահում, որ երգ, պար, ասմունք եւ այլ ու այլ զուարճալիքներ նուիրող խմբեր չհրաւիրուեն։ Կարծես ինչ-որ բանի սպասում էի։ Ինչի՞։ Աստուած գիտի։ Մարդը ինչպէ՞ս իմանայ, թէ քիչ յետոյ ինչ կամ ինչեր են լինելու։ Երկու Աստղիկները նոյնպէս իրենց սովորական կեանքի կծիկն են քանդում։ Տակաւին հաւաքելու չանցնելով էին քանդում։ Ախր մէկ ամիս չկայ, որ նրանք, միմեանցից մէկ շաբաթով շուտ եւ ուշ են ժամանել։ Պարզապէս ժամանակ-տարածութեան մէջ անծանօթը անծանօթին շուտ է հասկանում։ Անունների նմանութիւնը նոյնպէս նպաստել էր։ Ես նոյնպէս ի սէր նոյն անունով կնքուած մօրս՝ տեղս փոխեցի, որ իմ այս տարիքում փոքրինչ մանկանամ։ Թէեւ մնում էի սոսկ դիտողի դերում։ Նրանք ոչ այնքան անուշադիր էին, որքան, ախր կին էին, այն էլ՝ մէկը Եգիպտոսից էր ժամանել Լոս Անճելըս, միւսը՝ Իրանից։
Հայի ճակատագիր էր կամ հէնց հայի բախտի ճամբայ… Ինչպէս նաեւ՝ երեւի ծերութեան նախանշան էր։ Երեւի։ Մի քիչ էլ նմանւում էին։ Մի քիչ էլ շատ շուտ էին սրտամօտիկութեան անցել…
Եւ իրենց կեանքի կծիկները քանդելիս, անբնական չէր, որ աւելի քան ծնողներից փոխանցուած յուշեր էին հանում արեւերես…
Ահա, այսպէս, աչքս երկու Աստղիկներից չկտրելով եւ լսողութեանս պարտական մնալով իմացայ, որ եգիպտահայ Գալուստ մարդը իր Աստղիկ մօր զարկուելն է տեսել եւ ի պատիւ Աստղիկ մօրն է աղջկան անուանակոչել…
– Իմ հայրիկն էլ էր նման բան ասում, պատմում։ Նոյնիսկ մեր տնական Աւետարանի նկարների բոլորով բաներ է գրել, բայց դժուար ընթերցելի է։ Մի քիչ էլ վարժ կարդացող չեմ,- ասաց իրանահայ Աստղիկ տատը։
– Վաղը բեր, խնդրում եմ,- վրայ ընկաւ եգիպտահայ Աստղիկը,- կը փորձեմ կարդալ։ Մեր այս ընկերն էլ կ’օգնի։ Իմացել եմ, որ գրող է…
Եւ յուրախութիւն՝ ինձ էլ անդրադարձան։ Առաջին անգամ չասուած, չխօսուած պայմանում, նրանք՝ երկու քոյրանման տատիկներ ցանկացան, որ իրենց հոգեւոր եղբայրը լինեմ…
Ես էլ՝ իմ քոյրացուները…
– Եւ էլ ինչո՞ւ մի ամբողջ օր մնամ այս նորովի տուայտանքի մէջ, նկատելի յուզուած էր երեւում եգիպտահայ Աստղիկը,- ախր հայրս իսկի գրել-կարդալ չի իմացել, բայց շատ բան էր յիշում եւ իր ողջ կեանքում, մէկ՝ աչքին կորած չորս եղբայրներից էր խօսում ու մէկ էլ՝ մօրս պաշտպանելիս թուրք ասկեարի կողմից թրատուած իմ պապ՝ տէր Եղիայից…
– Ինչպէ՞ս,- տեղում նստած մնալ չկարողացաւ իրանահայ Աստղիկը,- իմ պապը նոյնպէս տէր Եղիան է եղել ու Աստղիկ տատիս հետ մէկտեղ են զարկուե՜լ…
Ու ճի՜չ…
Ու ճիչե՜ր…
Ու ճիչերով լեցուն եւ յաւիտեանս յաւիտենից ապրեցումի տանող հայի բախտ…
Հայի ճակատագի՜ր…