Փետրուարին ֆրանսական Ռամպույէում, Յունիսին՝ Պուքրէշում տեղի ունեցած բանակցութիւններից յետոյ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահները այս տարի երրորդ հանդիպումն անց են կացրել Նոյեմբերի 28ին Պելոռուսի մայրաքաղաք Մինսքում՝ ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպումը տեղի է ունեցել Պելոռուսում Ռուսաստանի դեսպանատանը: Նախագահներ Ռոպերթ Քոչարեանի եւ Իլհամ Ալիեւի դէմ առ դէմ հանդիպմանը նախորդել են ընդլայնուած կազմով բանակցութիւնները, որին մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահ, Պելճիքայի արտաքին գործերի նախարար Քարէլ տը Կուխթը, Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանեանն ու Էլմար Մամէտեարովը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը, Մինսքի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեաքովը, Մէթիու Պրայզան եւ Պեռնար Ֆասիէն, ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփրչիքը: Հանդիպումը տեւել է մօտ 2.5 ժամ:
Հանդիպման աւարտին մամուլի համար յայտարարութեամբ հանդէս չեն եկել ո՛չ նախագահները, եւ ոչ էլ Մինսքի խմբի համանախագահները: Լրատուամիջոցների ներկայացուցիչներին չեն թոյլատրել մտնել Պելոռուսում Ռուսաստանի դիւանագիտական ներկայացուցչութեան շէնք, որտեղ կայանում էին բանակցութիւնները: Այժմ Քոչարեան-Ալիեւ հանդիպման արդիւնքների մասին խօսելը վաղ է, հակամարտութեան կողմերի՝ որեւէ մեկնաբանութիւնից զերծ մնալը կարող է նշանակել ե՛ւ առաջընթաց, ե՛ւ տեղապտոյտ բանակցային գործընթացում:
Միջազգային ճգնաժամային խմբի հարաւային Կովկասի ծրագրի տնօրէն Սապինա Ֆրէյզըրը ատրպեճանական լրատուամիջոցներին ասել է, որ նախագահներ Ալիեւը եւ Քոչարեանը անվճռական են փոխզիջումների հասնելու հարցում, իսկ որ ամէնից գլխաւորն է՝ նրանք չեն պատրաստել հասարակութեանը այդպիսի փոխզիջումների հնարաւորութեանը: «Եթէ գործը հասնի սկզբունքների համաձայնեցմանը, նախագահները պէտք է բացատրեն ժողովրդին դրանց էութիւնը, եւ՝ թէ ինչու է կարեւոր հասնել այդ փոխզիջումներին», ասել է նա:
Յիշեցնենք, որ Պրիւքսէլում տեղակայուած Միջազգային ճգնաժամային խումբը անցեալ տարուան աշնանը երկու զեկոյցներ է պատրաստել ղարաբաղեան կարգաւորման մասին: Մասնաւորապէս, այս կազմակերպութիւնը առաջինը եւ միակն է, որ իր զեկոյցում հնարաւոր է համարում Լեռնային Ղարաբաղի անջատումը Ատրպէյճանից եւ այդ նպատակով՝ առաջ տանում Լեռնային Ղարաբաղում հանրաքուէի տարբերակը, որը եւ ներառուել է Մինսքի խմբի համանախագահների վերջին առաջարկութիւններում:
ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկացի համանախագահ Մէթիու Պրայզան Նոյեմբերի 16ին Վիեննայում յայտարարել է, որ Հայաստանն ու Ատրպէյճանը որոշակի առաջընթացի են հասել «գրաւեալ տարածքների վերադարձի եւ կարգավիճակի հարցի փոխկապակցուածութեան ընկալման» շուրջ: «Չեմ կարող մանրամասնել, սակայն կողմերը ստեղծագործ եւ կառուցողական կերպով են մտածել կարգավիճակի որոշման եւ տարածքների վերադարձի հարցերի շուրջ», ասել է Պրայզան:
Ինչպէս գրել ենք այլ առիթներով, Ռամպույէում, Փետրուարին նախագահներ Ռոպերթ Քոչարեանի եւ Իլհամ Ալիեւի անյաջող հանդիպումից յետոյ, Ապրիլի 13ին միջնորդները ներկայացրին երկուսուկէս էջանոց կարգաւորման հիմնական սկզբունքների մասին նոր փաստաթուղթ, որը բաղկացած էր 4 հիմնարար սկզբունքներից եւ որը, ըստ էութեան, գաղտնազերծուել է Յունիսի 22ին Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդում: Այդ օրը համանախագահները մի աննախադէպ յայտարարութիւն արեցին՝ ասելով, որ իրենց երեւակայութիւնը արդէն սպառուել է եւ չեն կարող կարգաւորման նոր սկզբունքներ ներկայացնել:
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը բազմիցս նշել է, որ համանախագահների երկուսուկէս էջանոց առաջարկութեան փաթեթը իտէալական փաստաթուղթ չէ, սակայն այսօրուան պայմաններում՝ խիստ վերապահումներով եւ որպէս բանակցութիւնների հիմք, ընդունելի է Երեւանի համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անգամ խօսում էր այն մասին, որ եթէ ատրպեճանական կողմը եւս ընդունի փաստաթուղթը, ապա հայ ժողովրդին պէտք է համոզել, որ առաջարկուած սկզբունքներով է միայն հնարաւոր կարգաւորել ղարաբաղեան խնդիրը: Իր վերջին ասուլիսներից մէկի ընթացքում Օսկանեանն ասաց աւելին՝ միջնորդների ներկայացրած փաստաթուղթը որակելով «չարեաց փոքրագոյն»:
Եթէ յիշում էք, Մայիսի վերջին շրջան էին ժամանել Մինսքի խմբի համանախագահները՝ ուղեկցութեամբ իրենց երկրների աւագ դիւանագէտների: Նրանք Ապրիլեան առաջարկութեան կէտերից մէկում փոփոխութիւն էին կատարել: Այստեղ հարց է ծագում՝ «չարեաց փոքրագոյնը» Ապրիլի 13ի՞ փաստաթուղթն է, թէ Մայիսին ներկայացուածը՝ ռուս համանախագահ Մերզլեաքովի խօսքերով՝ «կարգաւորման հիմնական սկզբունքներից մէկում լրացում արուածը»: Սա շատ կարեւոր է, որովհետեւ հիմնական մէկ սկզբունքում փոփոխութիւնը կարող է ամբողջովին փոխել հնարաւոր համաձայնագրի ե՛ւ տառը, ե՛ւ ոգին, ե՛ւ փիլիսոփայութիւնը:
Համաձայն արտաքին գործերի նախարարութեանը մօտ կանգնած աղբիւրների, Ատրպէյճանը սկզբունքօրէն ընդունելի է համարում «յետաձգուած հանրաքուէի» գաղափարը, պայմանով, որ Քելբաջարը ստանայ մինչեւ հանրաքուէն, ինչին դէմ էր Հայաստանը, եւ Ռամպույէում բանակցութիւնները փակուղի են մտել հէնց այս հարցում: Չի բացառւում՝ Պրիւքսէլում, Նոյեմբերի 14ին արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանեանն ու Էլմար Մամէտեարովը համաձայնութեան են եկել, ամերիկեան միջնորդ Պրայզայի խօսքերով՝ «գրաւեալ տարածքների վերադարձի եւ կարգավիճակի հարցի փոխկապակցուածութեան ընկալման» շուրջ:
Աւելի պարզ՝ Երեւանը համաձայնւում է, բացի Լաչինի միջանցքից, հեռանալ իր վերահսկողութեան տակ գտնուող միւս շրջաններից, այդ թւում՝ ռազմավարական կարեւորագոյն նշանակութիւն ունեցող Քելբաջարից: Փոխարէնը՝ Պաքուն համաձայնում է փոխզիջումների գնալ Լեռնային Ղարաբաղում հանրաքուէի անցկացման ժամկէտների հարցում: Այս տարբերակը, լայն իմաստով, այնքան էլ չի տարբերւում նրանից, ինչ 1997 թուականի աշնանը առաջարկում էին միջնորդները եւ որին սկզբունքօրէն, որպէս բանակցութիւնների հիմք, ընդունելի էր առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի եւ գործող վարչակարգի համար: Սակայն, եթէ այսօրուան վարչակարգը ի դէմս Օսկանեանի, ասում է, թէ պէտք է համոզել ժողովրդին ընդունել «չարեաց փոքրագոյնը», ապա այն ժամանակուան իշխանութեան «հայրենասիրական, յաղթողական» թեւը նոյն ժողովրդին համոզում էր, որ 1997 թուականի «փուլային» տարբերակը չարիք է հայ ժողովրդի համար, Տէր Պետրոսեանը ծախում է պատմական հայրենիքի մի մասը եւ Ղարաբաղը պէտք է ունենայ առնուազն 8000 քառ. քմ. տարածք եւ լինի անկախ:
Ուշադրութիւն դարձնենք, թէ ինչ էր ասել Հայաստանի նախագահը Սեպտեմբերի 17ին քաթարեան «Ճազիրա» հեռուստակայանի հարցազրոյցում. Լեռնային Ղարաբաղից բացի «Լաչինի նեղ միջանցքը» եւս չի կարող լինել Ատրպէյճանի կազմում: «Մենք բազմիցս յայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցելու տարածքները Ատրպէյճանին վերադարձնելու պայմանների շուրջ՝ բացի Ղարաբաղը Հայաստանին միացնող Լաչինի նեղ միջանցքից», բառացիօրէն ասել էր Ռոպերթ Քոչարեանը:
Հայաստանին եւ Ատրպէյճանին առաջարկած միջնորդների փաստաթղթի պարունակութիւնը, բացի որոշ մանրամասնութիւնների, այլեւս գաղտնիք չէ: Կրկնենք առանցքային կէտերը. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսւում է հանրաքուէ կամ համընդհանուր քուէարկութիւն, հայկական զինուած ուժերի փուլային դուրսբերում Լեռնային Ղարաբաղը շրջապատող ատրպեճանական տարածքներից՝ յատուկ մօտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի նկատմամբ, հակամարտութեան գօտում տեղակայւում են միջազգային խաղաղապահ ուժեր:
Մոսկովեան «Նեզաւիսիմայեա կազէթա» օրաթերթը, անդրադառնալով Նոյեմբերի 28ի նախագահների Մինսքի հանդիպմանը, իր վերջին համարներից մէկում գրել էր. «Ենթադրւում է, որ հայկական կողմը պէտք է զօրքերը դուրս բերի Ատրպէյճանի գրաւեալ 7 շրջաններից, փոխարէնը Պաքուն 40 քիլոմեթրանոց միջանցք կը տրամադրի, որը կը կապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, այն կը գտնուի խաղաղապահ ուժերի վերահսկողութեան տակ: Համաձա՞յն են արդեօք կարգաւորման նման տարբերակին Պաքուն եւ Երեւանը, մօտ օրերին կը պատասխանեն իրենք՝ նախագահները, որոնց վրայ ԵԱՀԿ Մինսքի խումբն ուժգին ճնշում է գործադրում»:
Ռուսաստանցի միջնորդ Եուրի Մերզլեաքովը Մինսքի խմբի համանախագահների անունից երկու երկրների նախագահներին մինսքեան հանդիպման նախօրէին կոչ է արել օգտուել եզակի առիթից եւ համաձայնութիւն ձեռք բերել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքների շուրջ, քանզի յաջորդ տարի նման հնարաւորութիւն չի ընձեռուելու: Նա փաստել է, որ 2007-2008 թուականներին Հայաստանում եւ Ատրպէյճանում ընտրութիւններ են տեղի ունենալու, ինչը բացասաբար է անդրադառնալու բանակցային գործընթացի վրայ:
«Բացի այդ, առանցքային քաղաքական դէմքերը, ովքեր հայկական կողմից վերջին տասը տարուան ընթացքում մասնակցել են բանակցութիւններին, յաջորդ տարի սկսելու են դուրս մնալ բանակցային գործընթացից», ռուսական ԻԹԱՌ-ԹԱՍՍ գործակալութեանն ասել է Մերզլեաքովը՝ չմանրամասնելով, սակայն, թէ ում մասին է խօսքը:
Հայաստանի նախագահ Ռոպերթ Քոչարեանը Նոյեմբերի 16ին, ելոյթ ունենալով գերմանական «Պերթելսման» հիմնադրամում, յայտարարել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների աշխուժութեանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հեռանկարների վերաբերեալ լաւատեսական կանխատեսումների համար առանձնայատուկ հիմքեր ներկայումս չկան: Քոչարեանը յայտարարել է, որ հայկական կողմի համար անընդունելի է հակամարտութեան կարգաւորման այնպիսի տարբերակը, որը ենթադրում է «վերադարձ անցեալին»:
«Պատմութեանը, հաւանաբար, յայտնի չէ այնպիսի դէպք, երբ ծանր պայքարի եւ զրկանքների գնով անկախութիւն ձեռք բերած եւ այդ անկախութեան պտուղները 15 տարուան ընթացքում վայելող ժողովուրդը յօժարակամօրէն հրաժարուի դրանից բանակցութիւնների ընթացքում: Մենք անհնարին ենք համարում վերադարձն անցեալին նաեւ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի գիտակցութիւնում անշրջելի փոփոխութիւններ են տեղի ունեցել», ասել էր նախագահ Քոչարեանը:
ԵՐԵՒԱՆ