Թուրքիան, երբ Օսմանեան կայսրութիւն էր, վեց հպատակ ազգ ունէր՝ արաբները (9 միլիոն), քիւրտերը, հայերը, յոյները, պուլկարները եւ արաբացիք (Իրաք, Ասորիք Արաբիա):
Պոլիսն ունէր մի միլիոն բնակիչ, որից 500 հազարը թուրքեր էին, 400 հազարը՝ հայեր եւ եւրոպացիներ:
Օսմանեան Թուրքիայի հացի մատակարարութիւնը Նորատունկեանների իրաւասութիւնն էր ի սկզբանէ, փողերանոցը յանձնուած էր Տուզեանց, որոնք արքունի գլխաւոր ոսկերչապետ ունէին: Երբ վերջիններին գողութեան մէջ կասկածանքով գլխատեցին, փողերանոցը յանձնուեց Յարութիւն Պէզճեան ամիրային, որը հայ ազգի եւ տէրութեան ամենամեծ բարերարն էր:
Յարութիւն ամիրա Պէզճեանը հիմնել է Պոլսի հայոց ազգային հիւանդանոցը (Սուրբ Փրկիչ), վերաշինել է Մայր եկեղեցին, պատրիարքարանը, «Պէզճեան» դպրոցը, Գումգափուի եկեղեցին եւ երկու դպրոցները, արքունի նաւարանի եկեղեցին եւ այլ շինութիւններ:
Օսմանեան Թուրքիայի արքունի ճարտարապետութիւնը յանձնուած էր Սերվէրեան Ճանիկ ամիրային, յետոյ Պալեանների նշանաւոր ցեղին, ժառանգաբար:
Ի դէպ, Թուրքիայի արքունի նկարիչներն էլ հայ էին: Նրանցից Սարգիս պէյ Պալեանը, որ համիտիէի (Ելտըզ) ժամացոյցի աշտարակի հեղինակն է, հիմնել է «Շիրքեթի Նաֆրայի Օսմանի) անունով շինարարական ընկերութիւն: Էրեյլի ու շրջակայքի ածխահանքեր որոնելու, ածուխ հայթայթելու, փոխադրելու, վաճառելու, ինչպէս նաեւ Պաղտատի երկաթուղու շինարարութեան մենաշնորհը (թրքական կառավարութեան կողմից) վստահուել էր Սարգիս Պալեանին: Բազմատաղանդ ճարտարապետին, սիրող նկարչին ու դաշնակահարին Օսմանեան Թուրքիայի կառավարութիւնը շնորհել է (1878ին) «Սեր Միմարը Տեվլեթ»ի (պետութեան գլխաւոր ճարտարապետի) բարձրագոյն կոչում:
Թուրքիայի կայսերական անձնական գանձի նախարարութիւնը միշտ հայոց ձեռքին է եղել: Սուլթանի անհատական հարստութիւնը կառավարել են Յակոբ Փաշան, Միքայէլ փաշա Փորթուքալեանը, Յովհաննէս Սաքըզ փաշան, մինչեւ իսկ ջարդարար եւ հայատեաց Սուլթան Համիտի օրով:
Թուրքիայի արքունի բժշկական համալսարանը կառավարուել է մեծ մասամբ հայոց ձեռքով. Գլխաւոր դասախօսներն են եղել Նիկողայոս Ռուսինեանը, Խնդամեանը, Անդրանիկ պէյ Կոճիկեանը, Ստեփան փաշա Ասլանեանը եւ այլք:
1876 թուականին օսմանեան պետութեան սահմանադրութեան հիմնադիրներից են Գրիգոր Օտեանը, Նահապետ Ռուսինեանը եւ այլք: Այդ հիմնական օրէնքի ստեղծման յանձնաժողովի նախագահ Միդհատ փաշայի խորհրդականը նոյն ինքը՝ Գրիգոր Օտեանն էր:
Հայերը մեծ դեր են ունեցել Թուրքիայում երկրագործութեան, արհեստների վաճառականութեան ու առեւտրի զարգացման ասպարէզում:
Յոյները Թուրքիայում հիմնականում զբաղւում էին կօշկագործութեամբ, հացագործութեամբ, ատաղձագործութեամբ, որմնադրութեամբ: Մնացած գրեթէ բոլոր արհեստները հայերի ձեռքում էին՝ սկսած ոսկերչութիւնից, մինչեւ սադափի վրայ նուրբ բանուածքներ, փորագրութիւն, մեքենաշինութիւն:
Արքունի հրշէջ խմբի ջրհանները պատրաստել է Նիկողոս անուն սամաթիացի վարպետ արհեստաւորը, իսկ գիւտարար Գաւաֆեանը հնարել է ծովը վառելու նոր յունական հուր: Երբ կառավարութիւնը պահանջել է այդ գաղտնիքը, Գաւաֆեանը մերժել է՝ ասելով, որ ծովամարտի դէպքում պատրաստ է անձամբ գործադրել իր «յայտնագործած» հուրը: Այդ պատճառով, թուրքական կառավարութեան հրամանով, թունաւորում են հայ գիւտարարին եւ գիւտը անհետանում է ժամանակի անհունում:
Օսմանեան Թուրքիայում շերամապահութիւնը գրեթէ հայկական արհեստ է եղել: Այդ արհեստի հոգին եղել է Գ. Թորգոմեանը: Մայրաքաղաքի ամենանշանաւոր բժիշկները հայերն են եղած: Նրանցից Քեաթիպեան, Խորասանճեան եղած են արքունի եւ զինուորական բժիշկներ, իսկ Էսմերեանը Պոլսի ամենամեծ ակնաբոյժն էր:
Քչերին է յայտնի (կամ յայտնի չէ), որ ծաղիկ հիւանդութեան դէմ պատուաստելն էլ հայոց գիւտն է եղել: Հին ժամանակներից ծանօթ էր այն Հայաստանում: Ծաղիկ հիւանդութեան բուժիչ պատուաստուքը չամիչի մէջ դնելով տալիս էին երեխաներին, որ կուլ տան: Գիւտը փոխադրուեց Պոլիս. հայերն իսկ մտածեցին եւ որոշեցին, առաջինը լինելով, մաշկը պատուաստել…
1890ական թուականներին Թուրքիայում 300 հայ փաստաբան եւ նոյնքան էլ բժիշկ կար: Այդ անօրէն եւ անիրաւ բռնապետութիւնում հայ փաստաբանները գերազանցում էին տաճիկներին: Հռչակաւոր փաստաբանների մէջ յիշատակելի են Վռամշապուհ Մանուկեանը եւ Գրիգոր Զօհրապը, որը քաղացիական բացառիկ արիութիւն դրսեւորեց 1909թ. Ատանայի կոտորածի ժամանակ: «Եթէ Զօհրապ չ’ըլլար,-ասում է Երուանդ Օտեանը,-թերեւս, հայ ջարդուողները յանցաւոր հռչակուէին»:
Թուրքիոյ փաստագրական աղբիւրների հաստատմամբ, օսմանցոց մէջ առաջին անգամ թատրոն մտցնողները հայերը եղան: Յ. Վարդովեանը, Մ. Պենկլեանը, Գ. Ռշտունին, Պ. եւ Թ. Ֆասուլաճեանները, Մ. Մանուկեանը Պոլսում հիմնել են «Գետիկ փաշայի», «Վեզնեճիլերի» եւ «Քատիկ Քէոյի» օսմանեան թատրոնները, որոնց դերասանները, մեծապէս, իսկ դերասանուհիները բացառապէս հայ են եղել, որովհետեւ թուրք կինն իրաւունք չունէր նամեհրամի պատճառով:
Արդեօք երբեւէ յիշո՞ւմ են թուրքերը, որ ձայնագրութիւնը տաճիկները հայերից են սովորել: Յիշո՞ւմ են, որ հայկական ձայնագրութիւնը, որի առաջին հեղինակը Բաբա Համբարձում Լիմոնջեանն էր (1768-1839), մտաւ նաեւ տաճիկների մէջ եւ հեղինակի անունով ցայսօր կոչւում է «Բաբա Համբարձում նոթասը» (Բաբա Համբարձումին նոթան):
1860ին Ֆուատ եւ Ալի փաշաները մտածել էին տաճկական հանելուկային գրերը թողնել եւ պաշտօնական գրեր ընդունել հայոց այբուբենը: Մեծ էպարքոս Ռեշիտ փաշան սովորեց հայ գիրը, որպէսզի տարածի թուրքերի մէջ: Ասում են, թէ օսմանեան երեսփոխանական ժողովում էլ նոյնն ընդունուած էր, բայց ազգային փառասիրութիւնը (ազգամոլութիւնը) կամ ժողովի շուտ աւարտուելը չթողեց իրագործել նպատակը:
Հայերը տաճիկների համար էլ թերթեր հրատարակեցին, ինչպէս Յակոբ Պարոնեանը, Ճեւահիրճեանը եւ Ալեքսան էֆէնտին («Թեաթըր»): 1890ական թուականներին թրքական «Սապահ» («Առաւօտ») պաշտօնաթերթի տէրն ու տնօրէնը կեսարացի Միհրան էֆէնտի Նագգաշեանն էր, իսկ թուրք տպագրական տառերը շինող ու դրանց ձեւողը եղաւ Յովհաննէս Մուհենտիսեանը: Թրքական տպագրութեան զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար նա անուանուել է «Թուրքական Կուտենպերկ»՝ արժանանալով մի շարք կառավարական պարգեւների: Ի դէպ, 1874-1876 թուերին Մուհենտիսեանը փորագրեց եւ տպեց տաճկաց պետութեան հրատարակած թղթադրամները՝ «Խայմէ» ու «Քոնսոլիտ» մրցման ժամանակ գերազանցելով Ֆրանսիայի այն արուեստագէտին, որին տաճկական կառավարութիւնը յատկապէս հրաւիրել էր Եւրոպայից:
… Ես վերջացրի իմ այս վկայութիւնը, հայոց մշակութային դերի մասին օսմանեան կայսրութեան մէջ հին ժամանակներից սկսած մինչեւ ջարդարար Համիտի օրերը: Մանկավարժութեան մէջ նոյնպէս հայերը եղան տաճկաց առաջնորդները. նոյնիսկ տաճիկների համար եւրոպական ոճով ու նոր մեթոտով դասագիրքերը հայերը պատրաստեցին: Հայազգի Ռեթիկ հոճան այնպիսի հմուտ տաճկագէտ էր, որ տաճիկ մոլլաները գալիս էին չոքում նրա մօտ եւ տաճկերէն սովորում: Իսկ Միհրան Աբիկեանը 50 դասագիրք է գրել «Մութավել սարըֆի օսման»:
«ԱՍՊՆՉԱԿ»