Այս շաբաթ հերթական առասպելական պնդումներով հանդէս եկաւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը Պրիւքսէլ կատարած այցի ընթացքում։ «Ատրպէյճանի դիրքորոշումը Ղարաբաղեան կարգաւորման հարցում մնում է անփոփոխ. հիմնախնդիրը պէտք է լուծուի ԱՀ տարածքային ամբողջականութեան շրջանակներում։ Այդ սկզբունքն արտացոլում է գտել միջազգային իրաւական նորմերում։ Բացառութեամբ Հայաստանի, աշխարհի բոլոր երկրները, միջազգային հանրութիւնը ճանաչել են Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը։
«Համարում ենք, որ հիմնախնդիրը պէտք է լուծուի այն բանից յետոյ, երբ կ’ազատագրուեն Ատրպէյճանի գրաւեալ տարածքները, փախստականները կը վերադառնան իրենց հարազատ վայրեր եւ կը վերականգնուի ատրպեճանական սահմանը», յայտնեց Ալիեւը Եւրոմիութեան գերագոյն ներկայացուցիչ Հաւիէ Սոլանայի, ԵՄ նախագահ Ժոզէ Մանուէլ Պարոսոյի եւ ուժանիւթի յանձնակատար Անտրիս Պիպալկսի հետ հանդիպման ժամանակ։ Առասպելն այստեղ աշխարհի բոլոր երկրների կողմից իբր թէ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչումն է նախկին Ատրպեճանական ԽՍՀի սահմաններում։
Սակայն նման սահմանային նրբութիւններ որեւէ միջազգային փաստաթղթում չկան եւ չեն կարող լինել։ Հակառակ դէպքում չէր լինի բուն Ղարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացը։
Պրիւքսէլում Ալիեւը ձեռնպահ մնաց Պաքուի՝ հակամարտութեան ուժային լուծմանը պատրաստ լինելու մասին արտայայտութիւններից։ Այն տեղը չէր եւ այն լսարանը չէր այդ կարգի յայտարարութիւնների համար։
Քանզի ԵՄի կեդրոնատեղիում քննարկուեց ոչ միայն ԼՂ հիմնախնդիրը, այլեւ առաջին հերթին՝ ուժանիւթի անվտանգութեան, ժողովրդավարական բարեփոխումների եւ ԵՄ-Ատրպէյճան գործողութիւնների ծրագրի հաստատման հարցերը, որոնք երկիրը ներառում են բարիդրացիութեան եւրոպական քաղաքականութեան մէջ։ Եւրոյանձնաժողովում Ալիեւն ստորագրեց յուշագիր ուժանիւթի գործընկերութեան մասին, որը միտուած է ԵՄի շուկաների անվտանգութեան ապահովմանը կասպեան նաւթի օգնութեամբ։
ԵՄի համար դա երաշխիք է աւելի մեծ անվտանգութեան եւ մատակարարների այլազանութեան համար։ «Մենք շատ երախտապարտ ենք Ատրպէյճանին համագործակցելու պատրաստակամութեան համար», ժպիտով ասաց ԵՄ նախագահ Պարոսոն՝ ընդգծելով, սակայն, որ «հարեւանութեան քաղաքականութիւնը թէեւ կարեւոր է, բայց ամէնը չէ»։
ԵՄի եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւններում «մենք մտադիր ենք առաջ գնալ ժողովրդավարութեան, ազատութեան, մարդու իրաւունքների պահպանման սկզբունքներով», ասաց Պարոսոն։ Նա ընդգծեց նաեւ, որ անկախ ԶԼՄների վիճակը եւ մամուլի ազատութեան սահմանափակումներն Ատրպէյճանում աննկատ չեն մնացել։
Այդ կապակցութեամբ ԱՀ նախագահն ստիպուած էր պատասխանել լրագրող Էլմար Հուսէյնովի սպանութեան մասին հարցին։ Իլհամ Ալիեւը հաւաստիացրեց, որ ենթադրուող յանցագործներն արդէն յայտնաբերուել են, բայց նրանց ձերբակալմամբ զբաղւում է Ինթերփոլը, քանի որ նրանք գտնւում են երկրի սահմաններից դուրս։
Ժոզէ Մանուէլ Պարոսոն յիշեցրեց, որ «դժուար ժամանակներում» ԵՄը Ատրպէյճանին 400 միլիոն եուրօ առաջարկեց, սակայն ԵՄի շահագրգռութիւնը «ոչ միայն տնտեսական է, այլեւ քաղաքական՝ ժողովրդավարութեան զարգացումը պաշտպանելու գործում, որը նախեւառաջ այդ երկրում երբեւէ չի եղել»։ Պարոսոն առաջարկեց յարաբերութիւնների «հարեւանութիւն առաւել ուժանիւթ» բանաձեւը՝ ընդգծելով, որ հարեւանը շատ աւելին է, քան տնտեսութիւնը։
Այլ խօսքերով՝ Պրիւքսէլը կրկին յստակ հասկանալ տուեց, որ շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղութեամբ ու կայունութեամբ, որի հետ այդքան մեծ յոյսեր է կապում։ Ատրպէյճանի իշխանութիւններին նոյնօրինակ ծրագրերի մասին բացայայտօրէն ասում են նաեւ Ուաշինկթընում։ Այդ իրավիճակում Պաքուն, որը չի ցանկանում հրաժարուել հակամարտութեան ուժային լուծումից, փորձում է Ղարաբաղեան հիմնախնդիրը տեղափոխել ոչ այնքան Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ դիմակայութեան հարթութիւն, որքան Արեւմուտքի (ԱՄՆ+Եւրոպա) եւ Մոսկուայի միջեւ հակասութիւնների ծիր։
Նախկինում «Ատրպէյճանը կռւում է ոչ թէ Հայաստանի, այլ Ռուսաստանի դէմ» տիպի պնդումներով յաճախ հանդէս են եկել պաշտօնական Պաքուի ներկայացուցիչները։ Այժմ հակառուսական յայտարարութիւնները եւ Հայաստանը որպէս Ռուսաստանի նախադուռ ներկայացնելու փորձերը յաճախ հնչում են, այսպէս կոչուած՝ անկախ քաղաքագէտների եւ փորձագէտների շուրթերից։ Ոմանք Արեւմուտքին վախեցնում են, իբր, Ատրպէյճանում հակաարեւմտեան տրամադրութիւնների աճով, միւսները փորձում են խաղալ Հայաստանի՝ ՀԱՊԿի անդամութեան վրայ։
Օրինակ՝ Ատրպէյճանում յայտնի փորձագէտ Ուզէիր Ճաֆարովը Day.az-ի հետ հարցազրոյցում կրկին յայտնեց, որ «եթէ չլինի Ռուսաստանի օգնութիւնը Հայաստանին, առաւելագոյնը մի շաբաթում ատրպեճանական բանակը կարող է ազատագրել գրաւուած տարածքները»։ Չխորանալով ակնյայտօրէն քարոզչական հարցազրոյցի մանրամասներում՝ նկատենք, սակայն, որ դրանում չկան գոնէ մի քիչ հիմնաւորուած եզրայանգումներ՝ յօգուտ այդպիսի պլից-քրիկի իրականացման իրական լինելու։
Ինչ վերաբերում է Ատրպէյճանի մարտական պատրաստութեանը, մէջբերենք քանատացի մասնագէտ, «Esprit de Corps» զինուորական ամսագրի հրատարակիչ Սքաթ Թէյլըրի (նա այս տարուայ կէսերին այցելեց Ատրպէյճան) կարծիքը։ Նրա խօսքերով՝ լուծման ռազմական ուղին այն է, որ ատրպեճանական ղեկավարութիւնը յուսահատօրէն փորձում է ուժեղացնել իր դիրքերը բանակցային առեւտրում։ «Նրանց ռազմական ղեկավարութիւնը սպառնում է, որ համբերութիւնը սպառւում է, իսկ քաղաքական ղեկավարները գլուխ են գովում իրենց հսկայական ռազմական ամավարկով»։
Սակայն, Թէյլըրի խօսքերով, Պաքւում գտնուող արտասահմանեան դիւանագէտները տուեալ փուլում «տագնապած չեն», որովհետեւ տեսնում են, որ «Ատրպէյճանի սպառազինութեան ծաւալումը մեծ մասամբ պլաֆ է»։ Թէյլըրը մէջբերում է մի ամերիկեան դիւանագէտի խօսքերը. «Իսկ երբ նրանք կը սկսեն մարտական ուղղաթիռներ գնել, այդ ժամանակ էլ կ’իմանանք, որ գործը լրջանում է»։
Դա, ի հարկէ, հանգստանալու առիթ չի տալիս։ Սակայն մասնաւոր զրոյցներում բազմաթիւ արտասահմանեան դիւանագէտներ կասկածներ են յայտնում, թէ պլից-քրիկը (Ուզէիր Ճաֆարովի նկարագրածի նման) հնարաւոր է՝ միաժամանակ նշելով իրավիճակի ընթացքի անկանխատեսելիութիւնը ռազմական գործողութիւնների վերսկսման դէպքում։
Բացի դրանից, այդ պարագայում հնարաւոր կը լինի խօսել տարածաշրջանում արդէն իրականացուած եւ իրականացուող բոլոր տնտեսական նախագծերի մասին։ Եւ դրա համար Ատրպէյճանը ստիպուած կը լինի պատասխան տալ միջազգային հանրութեան առաջ։