Լսելով վերջերս մեր Ազգային ժողովում քննարկուող մեր ազգային օրհներգի՝ «Մեր հայրենիք»ի մասին լուրերը, ակամայ չես կարողանում անտարբեր անցնել եւ ցանկանում ես քո անձնական կարծիքը յայտնել այդ մասին՝ կարելիութեան սահմաններում եւ թողնել վերջնական որոշումը համապատասխան մարմիններին:
Այն փաստը, որ «Մեր հայրենիք»ը ի սկզբանէ չի եղել մեր ազգային օրհներգը, դարձնում է նրան աւելի արժէքաւոր, քանի որ այն ոչ թէ ընտրուել է քուէարկութեամբ, այլ բխել է մեր ժողովրդի հոգուց, ունեցել է ինչ որ մի արտասովոր ներուժ, որը եւ դարձրել է նրան մեր Առաջին հանրապետութեան օրհներգը մինչեւ այսօր, ի հարկէ անցնելով բաւականին դժուար ճանապարհ, լինելով թաքնուած (մօտ 70 տարի) բայց եւ պահպանուած, լինելով ամէն մի հայրենասէր հայի սրտի երգը:
«Մեր հայրենիք»ը մենք պարտական ենք դիտելու ոչ որպէս պարզ ստեղծագործութիւն, այլ մի պատմական արժէք եւ վերաբերուել նրան շատ զգուշօրէն:
Քննադատութիւնները, որ երաժշտական մասը մի քիչ մեղմ է կամ բանաստեղծական մասը երկար եւ լցուած նուաստացուցիչ բառերով (թշուառ, անտէր եւայլն), ընդունելի է: Կարելի է նոյն հիմքի վրայ երաժշտական մասին տալ աւելի ոգեւորող եւ հպարտ թոն՝ մի քիչ փոփոխել այն, իսկ բանաստեղծական մասի վրայ կարելի է սեղմուած ձեւով (մօտ 3 տուն, որ հեշտ լինի յիշել) ընդգրկելով լաւագոյն եւ ոգեւորիչ բառերը, ճոխացնելով այն համապատասխանեցնել տուեալ երաժշտութեանը:
Ահա սրա վրայ է, որ կարելի է մեր արուեստագէտների եւ բանաստեղծների, ինչու չէ, նաեւ մեր երգահանների ուշադրութիւնը գրաւել եւ մրցութեան ձեւով լաւագոյն փոփոխուած տարբերակը դնել մեր ժողովրդի առաջ:
Մտածենք այս մասին:
ՅԱԿՈԲ ԴԱՂԼԵԱՆ
Դեկտեմբեր 7, 2006, Լոս Անճելըս