Անցնում էի քաղաքի փողոցներից մէկով՝ ընդ որում շտապում էի: Պատահաբար մի հետաքրքիր տեսարանի ականատես եղայ. մեր օրերում հնարաւոր չէր անտարբեր անցնել նման տեսարանի կողքով եւ չհետաքրքրուել: Պետհամալսարանի կողքի հանրակացարանի բակում իլիկ մանող տատիկ տեսայ: Մոտեցայ, որ ծանօթանամ: Անունը Ֆրանգիզ է: Իր ասելով, թէկուզ անունն ատրպեճանական է, բայց սիրում է, քանի որ իր հայրիկն է այդ անունով կոչել՝ իր սիրելի ուսուցչուհու անունով:
Ֆրանգիզ տատիկը, տեսնելով իմ զարմանքը իլիկի նկատմամբ, փորձեց համոզիչ գովազդել՝ «Սրանից շատ լաւ թել է ստացւում, որից էլ մոքամ (դիմացկուն) գուլպայ եմ գործում: Էն խանութում վաճառուող գուլպան դիմացկուն չէ, ես դրանցից չեմ առնի: Ամուսինս սովորել է, որ միշտ սրանից գործածը հագնի՝ տաք, դիմացկուն, տնական»:
Նրա խօսքերով, դեռեւս իր տատիկից է սովորել իլիկ մանելը: Իսկ հէնց այդ իլիկը բերել է Սումկայիթից, որտեղ ապրում էր մինչ սումկայիթեան յայտնի ջարդերը: Ասում է, որ շատ թանկ է իր համար այդ իլիկը՝ բազմաթիւ տարիների ընկերն է եւ իր տունն ու կտուրն է յիշեցնում:
Ֆրանգիզ տատիկը նախատեց մեզ՝ երիտասարդ աղջիկներիս, որ մոռացութեան ենք մատնում այդ հրաշալի հայկական աւանդոյթը, եւ որ ինքը ափսոսում է, որ այն շատ շուտով կը վերանայ:
Հետաքրքիր է՝ կը լինե՞ն երիտասարդ աղջիկներ, կանայք, որոնք ընթերցելով նիւթը, կը փորձեն իլիկ գտնել եւ սկսել մանել: Պատկերացնում եմ ինչպէս կը դիտուի այդ տեսարանը՝ համակարգչի մօտ նստել ու իլիկ մանել, մինչդեռ Ֆրանգիզ տատիկը իլիկ էր մանում ու հաւերին մտիկ անում:
WWW.Karabakhopen.com Կայքէջ