Հանրապետութեան 24 հասցէում ապրող Թերէզա Տէր Աւետիքեանն օրերս խմբագրութիւն այցելելով՝ վրդովուած պատմեց այն մասին, որ շէնքի բնակիչներից մէկը՝ Ռատիկ Քրմոյեանը, չգոհանալով առաջին յարկում իր բնակարանին յարակից կառուցած կցակառոյցով, այսօր էլ ձեռնամուխ է եղել ընդհանուր օգտագործման նկուղի՝ յօգուտ իրեն մասնաւորեցման ու փողոցի միւս կողմից մուտք բացելու գործին։ Դրանից տուժում է Թ. Տէր Աւետիքեանի բնակարանը՝ ճաքեր են առաջանում նոր վերանորոգած բնակարանի պատերի վրայ։
«Քրմոյեանի կողմից սկսուած այս գործողութեան արդիւնքում խարխլւում են շէնքի հիմքերը, նրա հրահանգով քանդւում են նաեւ անմիջապէս իմ բնակարանի հիմքերը, եւ այդ գործողութիւնների արդիւնքը արդէն իսկ երեւում է։ Քրմոյեանի նպատակը դէպի Հանրապետութեան փողոց մուտք բացելն է, որտեղ նա նպատակ ունի խանութ կառուցել», ներկայացրեց կատարուող անարդարութիւնից եւ անօրինականութիւնից վրդովուած Թ. Տէր Աւետիքեանը։
Ի դէպ, պահպանական պարտաւորագրով պահպանուող այս յուշարձանը արդէն իսկ ամենաթողութեան արդիւնքում վերածուել է առեւտրական մի կենտրոնի, որտեղ ե՛ւ «լահմաջոյեանոց» է գործում, ե՛ւ դրամի փոխանակման կէտ, չնայած այդ նոյն պատուոգրով ամրագրուած է, որ «հետագայ պահպանական շահերից ելնելով՝ այն պէտք է օգտագործել բացառապէս որպէս բնակելի տուն»։
Փաստենք նաեւ, որ յիշեալ շինութիւնների վերաբերեալ ՀՀ պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պահպանութեան վարչութեան կողմից 1999 թուականի թիւ 116 որոշման համաձայն՝ տրուել է պահպանական պարտաւորագիր։ Այն ստորագրել են նոյն շէնքի միայն երկու բնակիչ, այդ թւում՝ Թերէզա Տէր Աւետիքեանը։
Միւս բնակիչները հրաժարուել են ստորագրել՝ թերեւս նպատակ ունենալով հետագայ իրենց գործողութիւնները ապահովագրել այդ ստորագրութեան հետեւանքներից, քանի որ դա կարող էր արգելել իրենց կամայականութիւնները։
Նրանք, սակայն, պէտք է որ չանտեսէին նաեւ «Ինքնակամ կառոյցների օրինականացման եւ տնօրինման» մասին կառավարութեան կողմից հաստատուած կարգը, որի 3րդ մասի 28րդ յօդուածի համաձայն՝ բազմաբնակարան շէնքի ծաւալում կատարուած ինքնակամ կառոյցների՝ վերնասրահների, նկուղների, դռների, պատուհանների եւ շէնքի ծաւալում գտնուող այլ ձեւափոխումների օրինականացման նպատակով (եթէ դրանց արդիւնքում փոփոխւում է սեփականատերերի բաժնային սեփականութիւնը) շէնքի սեփականատէրերը կամ նրանց լիազօրուած անձինք դիմում եմ համապատասխան մարմիններին։
Այստեղ հարկ է նշել, որ շէնքը 1914 թուականին կառուցուած Տէր Աւետիքեան եղբայրների առանձնատունն է եղել, որը խորհրդային կարգերի հաստատումից յետոյ կոմունալ պայմաններով յատկացուել է 9 բնակչի։ Նրանցից մէկը Թերէզա Տէր Աւետիքեանն է՝ Տէր Աւետիքեանների անմիջական ժառանգորդը։
Վերջինս, ի թիւս իր արդարացիութիւնը հաստատող բազմաթիւ փաստաթղթերի, ունի անգամ պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնի կողմից հաստատուած՝ Տէր Աւետիքեան եղբայրների առանձնատան նկուղային յարկի յատակագծի վերաբերեալ փաստաթուղթը։ Ի միջի այլոց, պարտաւորագրով սահմանուել է, որ «յուշարձանը եւ դրանում առկայ շարժական պատմամշակութային այլ արժէքները պահպանել առողջապահական, հակահրդեհային եւ թեքնիքական կանոնակարգով, ինչպէս նաեւ դրա տարածքում ամրակայման, նորոգման, վերականգնման, բարեկարգման եւ այլ շինարարական աշխատանքները կատարել միայն օրէնսդրութեամբ սահմանուած կարգով»։
Թէ որքանով են այսօր եւ մինչ այդ կատարուած շինարարական աշխատանքները տեղաւորւում օրէնքի սահմաններում՝ դժուար է ասել։ Յամենայն դէպս, Թերէզա Տէր Աւետիքեանի ընտանիքը չի պատրաստւում ձեռքերը ծալած նստել։ Նրանք այսօր պատրաստւում են դիմել բոլոր հնարաւոր ատեաններին՝ Երեւանի քաղաքապետարան, քաղաքաշինութեան նախարարութիւն, Կենտրոն թաղապետարան՝ իրենց ոտնահարուած իրաւունքները վերականգնելու նպատակով։
Տարօրինակ համարելով երեւոյթը, որ իրենից պատմամշակութային արժէք ներկայացնող շէնքում հնարաւոր է, առանց պետական մարմինների թոյլտուութեան, նման կամայականութիւն դրսեւորել, հանդիպեցինք նաեւ Ռատիկ Քրմոյեանին, եւ պարզուեց…
Նոյն պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների պահպանութեան վարչութիւնը Ռ. Քրմոյեանին, առանց վարանելու (գոնէ այդպէս երեւաց փաստաթղթից), թոյլատրել է շինարարութիւն սկսել իր իսկ կողմից մշակութային արժէք հռչակած եւ միայն բնակութեան համար նախատեսուած շէնքում։
Բացի այդ, նա ներկայացրեց քաղաքապետարանի կողմից 2006 թուականի Սեպտեմբերի 22ին տրուած շինարարութեան թոյլտուութեան մասին թիւ 18Ք-83-242 որոշումը, գլխաւոր ճարտարապետ Ս. Դանիէլեանի համաձայնութեան հաւաստագիրը, արտօնագրուած (արտօնագիր թիւ 8186) ճարտարապետ Արսէն Օհանեանի կողմից կատարուած նախագիծը, սէյսմակայունութեան համապատասխան փաստաթուղթ, տեղեկանք քաղաքաշինութեան նախարարութեան տեսչութիւնից։
Յ. Գ.- Դատելով նեկայացուած փաստաթղթերից՝ Ռ. Քրմոյեանի գործունէութիւնը անօրինական չէ։ Միեւնոյն ժամանակ, միանգամայն արդարացի է Թերէզա Տէր Աւետիքեանի բողոքը. պատմամշակութային արժէք ներկայացնող տոհմական կառոյցը պահպանուելու եւ վերականգնուելու փոխարէն՝ ձեւախեղուել ու քանդւում է։ Այս իրավիճակում արդէն ոչ թէ ակամայ միմեանց հետ թշնամացող հարեւաններն են մեղաւոր, այլ իշխանութիւնները, ովքեր երկակի վերաբերմունք են դրսեւորում կառոյցի հանդէպ՝ անկախ… դրդապատճառներից։
«ԵՐԿԻՐ»