Ես՝ Օննիկ Պողիկեանս, ծնուել եմ Քեսապում: Հայրս Խարբերդից է։ Հօրս հայրը՝ Հալէպից. հայերի տարածուած ճակատագրի օրինակ։ Հայրս տեղափոխուել էր Քեսապ եւ աշխատում էր որպէս ուսուցիչ: Այնտեղ էլ ծանօթացել է մօրս հետ, ամուսնացել եւ որոշել այնտեղ ապրել։
Մինչեւ 1956 թուականը ես ընտանիքիս հետ ապրեցի Քեսապում, այնուհետեւ, դպրոցն աւարտելուց յետոյ, աւելի ճիշդ, չաւարտեցի՝ մինչեւ 8րդ դասարանը սովորեցի, տեղափոխուեցի Պէյրութ՝ լուսանկարչութիւն սովորելու։ Յետոյ այնտեղ աշխատանք գտայ, որոշեցի հաստատուել Պէյրութում, մանաւանդ որ ծանօթացել էի ապագայ կնոջս հետ։ Մի քանի տարի այնտեղ ապրելուց յետոյ քրոջս հրաւէրով ընտանիքով տեղափոխուեցինք ԱՄՆ։
Այդ ժամանակ արդէն 3 երեխայ ունէի, իսկ ապրուստը Պէյրութում դժուար էր։ Սակայն Ամերիկան ինձ այդքան էլ չէր գրաւում, որովհետեւ մտածում էի, որ այնտեղ քիչ են հայերը, եւ վախենում էի, որ երեխաներս հայ չեն մեծանայ։
Տեղափոխուելուց անմիջապէս յետոյ մենք սկսեցինք աշխուժօրէն անդամակցել տեղական հայկական կազմակերպութիւններին, որպէսզի մեր շփումը որքան հնարաւոր է հայերի հետ լինի։ Եւ այդ ամէնը մեր մէջ առաջացրեց էլ աւելի մեծ ձգտում դէպի հայրենիքը: Ու եկաւ մի պահ, որ այլեւս հնարաւոր չէր, պէտք էր գալ հայրենիք, կարօտը խեղդում էր։ 1995 թուականին ես ու աղջիկս եկանք հայրենիք։
Որքան թշուառ էր Հայաստանի ու Արցախի վիճակը, որքան ծանր էր, եւ ամենատխուրն այն էր, որ ես ինձ անկարող էի զգում, տխուր էի, որովհետեւ միայն սէրը հայրենիքի հանդէպ հարց չի լուծում։ Անհրաժեշտ էր նիւթական օգնութիւն, ձեռք մեկնել տուժածներին, ինչ-որ չափով պէտք էր վերականգնել այդ մարդկանց կորցրածը։ Եւ արդէն 1999 թուականին ես որոշեցի երկար ժամանակով գալ՝ արդէն որոշակի նպատակով։ Նախքան գալս ես իմ ընկերներին, բարեկամներին պատմեցի, թէ այստեղ ինչ վիճակում են գտնւում մարդիկ, որ շատ ծանր է ապրուստը, փող խնդրեցի, որպէսզի գալով այստեղ կարողանամ իմ ունեցածին աւելացնել եւ հնարաւորութեան չափով օգնել։
Այդպէս էլ արեցի: Կան ուսանողներ, որոնք ի վիճակի չէին ուսման վարձը մուծել, որբ երեխաներ, որոնք հացի փող չունէին, զոհուած ազատամարտիկների ընտանիքներ, որոնց կարիքը խեղդում էր, եւ այդ մարդկանց օգնեցի հնարաւորութեանս սահմաններում։ Արդեն 8րդ տարին է, ինչ ամէն տարուայ Մայիս ամսին գալիս եմ Ստեփանակերտ եւ մինչեւ Հոկտեմբեր այստեղ եմ։ Արդէն չեմ կարող չգալ, ես գիտեմ, որ եթէ չգամ, Էռնան ուսման վարձը ի վիճակի չի լինի մուծել, Կարինէն ձմեռուայ հագուստ չի ունենայ հագնելու… Ես չեմ անում անելու համար, ես պարտաւոր եմ, որովհետեւ ի վիճակի եմ։
Ճիշդն ասած, իմ այստեղ գալուս պատճառներից մէկն էլ այստեղի բնութիւնն է, մաքուր օդը, ինչի շնորհիւ ես ինձ լաւ եմ զգում, զգում եմ, թէ որքան եմ առողջ, առոյգ: Պատկերացրէք, այստեղ տրամադրութիւնս միշտ բարձր է լինում։ Ի հարկէ, այստեղ, շփուելով մարդկանց հետ, նկատել եմ նաեւ բաներ, որոնք անհրաժեշտ է փոխել, վերացնել։ Սակայն մարդիկ մեղաւոր չեն, այդ Խորհրդային Միութիւնը հայերին զրկեց իրենց ազգային պատկանելիութիւնից, ցեղային նկարագրից։ Այդ «կորուստը» այսօր շատ նկատելի է։ Բայց ես մեծ յոյսեր եմ կապում գալիք սերնդի հետ։ Ու վստահ եմ, որ նրանք շատ բան են փոխելու ու պակասը լրացնելու են։
Երբ վերադառնում եմ Ամերիկա, իմ ընկերներին շատ եմ պատմում Արցախից, ուզում եմ այդ ուրախութիւնը բոլորի հետ կիսած լինել, ուզում եմ, որ միայն հեռուից չսիրեն հայրենիքը եւ այստեղ գալու միտքը պատրանք չթուայ մնացածների համար, ու հայրենիքին օգուտ տալու գաղափարները իրականութիւն դառնան։ Այս տարիների ընթացում ես իմ տպաւորութիւնները, յիշողութիւնները զետեղել եմ «Հայրենիքիս հետ» գրքում, որը լոյս տեսաւ 2001ին։
Սակայն ինձ համար թերեւս մի զուարճալի պատմութիւն եմ մոռացել գրառել։ Ես ամրանը միշտ շորթ եմ հագնում։ Եւ երբ եկայ Արցախ, սովորականին պէս այդ ամրան շոգին ես իմ շորթով էի ման գալիս, գիտէ՞ք, ով ինձ տեսնում էր, ծիծաղում էր։ Սկզբից ինձ համար շատ անհասկանալի էր, թէ ինչու են ծիծաղում, սակայն երբ ինձ ասացին, որ իմ հասակի պապիկների համար ամօթ է շորթ հագնելը, ինձ համար պարզ դարձաւ։ Այժմ ինձ Ստեփանակերտում ճանաչում են որպէս «շորթիկով մարդ»։ Ես չեմ նեղանում, ընդհակառակը, զուարճալի է։ Ինչ է եղել, թող բոլոր պապիկներն էլ ամրանը շորթ հագնեն, ասեմ, որ շատ հով է լինում։
«Karapakhopen.com»,
Նոյեմբեր 13, 2006