«Հայկական միջազգային տնտեսական հետազօտութիւնների խումբ» (ՀՄՏՀԽ) հասարակական կազմակերպութիւնը օրեր առաջ ասուլիս էր հրաւիրել՝ «Հայ-թրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով։
ՀՄՏՀԽ հայ եւ արտասահմանցի փորձագէտները, պարզւում է, մանրակրկիտ հաշուել են Հայաստանի շրջափակման հայ-թրքական սահմանի փակ լինելու վնասները, այսինքն՝ տնտեսական շահերը, որ Հայաստանը «յանիրաւի» կորցնում է, տեղի չտալով թրքական կողմի Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացն արտաքին քաղաքականութեան օրակարգից հանելու եւ Ղարաբաղեան հիմնախնդիրը Ատրպէյճանին հաճոյ տարբերակով հանգուցալուծելու վերջնագրային պահանջներին։
Ինչպէս տեղեկացրեց վերլուծութիւնների գծով տնօրէն Վահրամ Ղուշչեանը, կազմակերպութեան «հետազօտողներ»ն ուսումնասիրել են իրավիճակը Գիւմրիում եւ հանգամանօրէն վերլուծել, թէ ապաշրջափակման դէպքում ինչպիսի լուսաւոր ապագայ է սպասում մեզ, եւ ինչպիսի անամպ ընկերային-տնտեսական հորիզոններ կը բացուեն մեր առջեւ։ Եւ հիմա ԱՄՆի Միջազգային զարգացման գործակալութեան (USAID), «Եւրասիա» հիմնադրամի եւ Հայաստանում Անգլիայի դեսպանութեան հովանաւորութեամբ նախաձեռնելով այս գիտաժողովը՝ մտադիր են հանրութեան դատին ներկայացնել ՀՄՏՀԽի փորձագէտների բացայայտած տնտեսագիտական բնորդները եւ գիտական հիմքեր ունեցող յայտնագործութիւնները եւ շահագրգիռ քննարկում ծաւալել խնդրոյ առարկայի վերաբերեալ։
Տնտեսագիտութեան դոկտոր Պրայըն Ռապըրթսը, իր հերթին, ընդգծեց ապաշրջափակման կենսական անհրաժեշտութիւնը՝ Հայաստանի համար, համեստօրէն աւելացնելով, որ փորձագէտների վերլուծութիւնները, եզրակացութիւնները եւ մօտեցումները չեն արտացոլում ո՛չ ամերիկեան, ո՛չ անգլիական կառավարութիւնների տեսակէտները: Եւ, ընդհանրապէս, այս բոլորը քաղաքականութեան հետ որեւէ առնչութիւն չունի։
Կազմակերպութիւնը, ըստ նրա, իր առջեւ խնդիր է դրել ի յայտ բերել հայ-թրքական չլուծուած թնճուկների զուտ տնտեսական հետեւանքները եւ մատուցել իրաւասու անձանց, գործարար շրջանակներին եւ շարքային քաղաքացիներին որպէս թարմ նիւթ՝ մտորումների համար։ Որպէսզի իւրաքանչիւրը, թեր ու դէմերը ծանրութեթեւ անելով, որոշի՝ ի՞նչն է աւելի լաւ՝ ապրել եւ տնտեսավարել ապաշրջափակմա՞ն թէ՝ բաց եւ թափանցիկ սահմանների պայմաններում։
Ի՞նչ գնով, սահմանի բացման ենթադրեալ օգուտների ու վնասների տնտեսական եւ քաղաքական հաշուեկշիռը յօգո՞ւտ, թէ ի վնաս Հայաստանի է, եւ, վերջին հաշւով, ո՞ւմ է դա ձեռնտու՝ սա, ի հարկէ, այլ օփերայից է։ Մանաւանդ ինչպէս չյապաղեց փաստել պրն. Ռապըրթսը, բաց սահմանը նաեւ որոշակի տնտեսական ռիսքեր է պարունակում: «Հայաստանի տնտեսութեան որոշ ճիւղեր դրանից կարող են շահել, միւսները՝ տուժել»։
Միջազգային տնտեսագիտութեան հիմնարկի աւագ տնտեսագէտ, ԱՄՆի միջազգային առեւտրի եւ ներդրման քաղաքականութեան նախարարի տեղակալի նախկին օգնական Արի Հաֆպաուըրը, որին վերապահուած է գիտաժողովի հիմնական խօսնակի դերը, ի լրումն՝ արձանագրեց. «Քաղաքական նկատառումներով կիրառուող տնտեսական պատժամիջոցների արդիւնաւէտութիւնը բաւական ցածր է։ ԱՄՆի դէպքում (ինչպէս յայտնի է, տնտեսական պատժամիջոցները քաղաքական հարցեր լուծելու միջոց դարձնելու մեծ փորձառութիւն ունի) այդ ցուցանիշը առաւելագոյնը 50 տոկոս է կազմել։ Հետեւաբար՝ քիչ հաւանական է, որ Թուրքիան եւ Ատրպէյճանը, տնտեսական պատժամիջոցներ կիրառելով Հայաստանի նկատմամբ, կը կարողանան հասնել իրենց նպատակների իրականացմանը»։
Իսկ ահա՝ շարունակելով շրջափակումը՝ նրանք վնասում են ե՛ւ իրենց, ե՛ւ Հայաստանին՝ սահմանափակելով ապրանքաշրջանառութեան եւ ներդրումների ծաւալները: Մինչդեռ ապաշրջափակումը, ըստ նրա, կը բերի նկատելի տնտեսական աշխուժացման թէ՛ Հայաստանում, թէ՛ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում, որտեղ դիտել տանք, որ ընկերային-տնտեսական իրավիճակն անհամեմատ աւելի ողբալի է՝ քան մեզանում։ ՀՄՏՀԽի վերլուծաբանների համոզմամբ՝ ներդրումների ռիսքայնութիւնն էապէս կը նուազի, արտասահմանեան դրամագլուխը անարգել կը հոսի Հայաստան. արդիւնքում Հայաստանի տնտեսութիւնն ամէն տարի շուրջ 10 տոկոս յաւելեալ աճ կ’արձանագրի։ Եւ տնտեսական աճի նման կշռոյթ ապահովելով՝ մենք կարճ ժամանակում վագրի թռիչքով կը քառապատկենք մեր ամավարկը:
Ասուածը համոզիչ դարձնելու համար՝ Հաֆպաուըրը վկայակոչեց Սինկափուրի օրինակը, որտեղ առեւտրաշրջանառութեան եւ օտարերկրեայ ներդրումների գումարային արտայայտութիւնը քառակի գերազանցում է համախառն ներքին արտադրանքի ցուցանիշը, մինչդեռ Հայաստանում ընդամէնը 70 տոկոս է։ Այս առումով, ըստ նրա, մենք չօգտագործւած մեծ կարողականութիւն ունենք, այնպէս որ, մնում է մեկնել ձեռքը եւ վերցնել ապաշրջափակման երեւելի շահերը: Այս պարագայում ինչո՞վ բացատրել, որ կապի խնդիրներ չունեցող հարեւան երկրները եւ յետխորհրդային միւս հանրապետութիւնները ոչ միայն տնտեսական հրաշք չեն արձանագրել, այլեւ շատ դէպքերում մեզանից յետ են մնում՝ մնաց անյայտ։
Իր հեղինակաւոր կարծիքը ներկայացրեց նաեւ Հայաստանում ԱՄՆի փոխդեսպան եւ դեսպանութեան ժամանակաւոր հաւատարմատար Էնթընի Կատֆրին՝ ասելով. «Այստեղ նշուեց, որ ՀՄՏՀԽի վերլուծաբանները կարող են եւ չհամընկնել ԱՄՆի կառավարութեան դիրքորոշումներին։ Բայց, ԱՄՆի նպատակն է, որ տարածաշրջանում բաց սահմաններ լինեն եւ ազատ առեւտրական յարաբերութիւններ։ Հայաստանը եւ Թուրքիան տարիներ շարունակ ապրել են փակ սահմանների պայմաններում, եւ հիմա ժամանակն է, որ կողմերը մտածեն՝ ի՞նչ արժեն փակ սահմանները»։