Երբ «Նարեկացի» արուեստի միութեան (ՆԱՄ) հերթական ազդագիրն աչքովս ընկաւ՝ «Կինոբեմադրիչ Վիգէն Չալդրանեանի «Քրմուհին» կինոնկարի հասարակական քննարկում, 2006թ., Դեկտեմբեր 28», ակամայից յիշեցի Չափլինի խօսքերը. «Կեանքն առանց վէճերի կը լինէր շատ տաղտկալի: Այն ամէնը, ինչը ապրում է, քննարկում է հարուցում»:
… Իսկ որ բոլոր պատահականութիւնները օրինաչափ են, համոզւում ես ամէն պահ: Զարմանալի զուգադիպութիւն՝ նոյն օրը, 1895ին, Փարիզի Կապուցինների փողոցի «Կրան-քաֆէ» նկուղում շարժանկարի առաջին հրապարակային ցուցադրումը կազմակերպեց Ժան Լուի Լյումիէրը, եւ Դեկտեմբեր 28ը հռչակուեց շարժարուեստի օր, իսկ «Նարեկացի» արուեստի միութեան հերթական մշակութային միջոցառումը համահունչ էր օրացուցային յիշարժան իրադարձութեանը:
Չնայած եղանակային դաժան պայմաններին, մայրաքաղաքի փոխադրամիջոցների կաթուածահար իրավիճակին (յաւելենք նաեւ մեր համաքաղաքացիների նախատօնական հոգսերն ու վազքը), «Նարեկացի» արուեստի միութիւնը իր հիւրընկալ դահլիճում Դեկտեմբեր 28ին մէկտեղել էր բոլոր նրանց, ում համար արուեստի ստեղծագործութիւնը տիեզերական մի անկիւն է՝ դիտուած որոշակի խառնուածքի պրիսմակի միջով: Ինչպէս նշեց ՆԱՄի գործադիր տնօրէն Լեւոն Իվանեանը, երեկոյի նպատակը գնահատականների ձեւաւորումն էր մշակութային երեւոյթի հանդէպ, արուեստագէտ-հանրութիւն ստեղծագործական շփման առողջ եւ անկեղծ մթնոլորտի ստեղծումը: Իրենց ներկայութեամբ միջոցառումը պատուել էին մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Յասմիկ Պօղոսեանը, փոխնախարար Կարինէ Խոդիկեանը, ԱԺ պատգամաւոր Հրանուշ Յակոբեանը, ՀՀում Պրազիլի արտակարգ ու լիազօր դեսպան Ռենատէ Ստիլլէն, պետական, հասարակական գործիչներ, արուեստագէտներ, մտաւորականներ, արուեստասէր անհատներ, հատուկենտ լրագրողներ: ՆԱՄի միջոցառումը շատ սահուն եւ բնականոն ընթացքով «Քրմուհին» ժապաւէնի ամերիկեան ցուցադրումից առաջ նաեւ մի տեսակ «բարի երթի» ուղեգիր դարձաւ. ի պատիւ հայ շարժարուեստի 2007ի Յունուար 25ին առաջին անգամ Լոս Անճելըսի աշխարհահռչակ Չինական թատրոնում (Chinese Theater) հայկական ժապաւէն է ցուցադրուելու՝ շնորհիւ «Քրմուհու»:
«Քրմուհին» ժապաւէնի մասին բազմաթիւ արձագանգներ են եղել մամուլում, մեծ է ժապաւէնի հասարակական հնչեղութիւնը: Պարզապէս արժէքներ կան, որոնց ճշմարտացիութիւնը վեր է ամէն ինչից, այդպիսի արժէքները չեն կարող արհեստականօրէն թեր եւ դէմ կողմեր ձեւաւորել, ինչքան էլ կուրօրէն կարծում են շատերը եւ պահանջում ըստ ընդունուած կարգի դրականի կողքին բացասականը նշել: Ցաւօք, անվիճելի արժէքների հանդէպ մենք սառն ենք, եւ յաճախ իրական արժէքը լինում է այնքան ջինջ, որ նրան չեն հաւատում, եւ յատկապէս ամենապարզ ճշմարտութիւններին մարդ հասու է լինում ամէնից ուշ: Երբ միջոցառմանը ներկայ բանախօսները մեծարում էին ժապաւէնի ստեղծագործական խմբի անդամներին, երբ ընդգծում էին շարժանկարի գեղարուեստական բարձր արժանիքները, պէտք է ընդունել անվերապահ: Քննարկումը գիտական եւ սիրողական կարծիքների՝ սեղմ թէ ծաւալուն, շտեմարան դարձաւ ամերիկեան ցուցադրումից առաջ: Ստորեւ համառօտ ներայացնում եմ դրանցից մի քանիսը:
Ռենատէ Ստիլլէ (ՀՀում Պրազիլի արտակարգ ու լիազօր դեսպան).- «Ես շատ տպաւորուեցի, շատ սիրեցի ժապաւէնը: Մտայղացումը՝ անցեալը ներկային կապելու, շատ արհեստավարժ է գտնուած»:
Յաջորդ կարծիքին անդրադառնալուց առաջ, անշուշտ, չեմ կարող չշեշտել միջոցառումը վարողի՝ Լեւոն Իվանեանի դիպուկ, թեւաւոր խօսքի ուժ ունեցող միտքը. «Կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք կարծում են»: Այսպէս Խորէն Պալեանի՝ իբրեւ գիտակի հանգամանալից կարծիքը բացառիկ արժէք է ներկայացնում.- ««Քրմուհին» պարզապէս ֆիլմ չէ, այն մեր պատմութեան վերածնունդն է, աւանդութիւնների համոզիչ բացայայտումը, առեղծուածների լուսաբանութիւնը՝ հարկաւ, հանճարեղ կերպով: Ֆիլմում երբեք մատենագրական խախտում չկայ: Խորամուխ լինելով պատմութեան խորխորատները՝ ֆիլմի հեղինակները մաքուր են դուրս եկել՝ ոչինչ տեղաշարժ չանելով, ընդհակառակը, մատուցման հրաշք ձեւ գտնելով, փաստեր ներկայացնելով: Ֆիլմը օգնում է, որ զգանք, ճանաչենք ինքներս մեզ: Վիգէն Չալդրանեանը ստեղծեց հայֆիլմի պատմութեան մէջ մի կինոերկ, որը ամբողջ աշխարհին պիտի ցոյց տայ մեր ժողովրդի պատմութիւնը, պէտք է ապացուցի, որ այս ժողովուրդը ծնուել է իսկապէս գոյատեւելու համար: Եթէ Վիգէն Չալդրանեանը տասնեակ հարիւրաւոր ֆիլմեր էլ նկարէր եւ այսուհետ նկարի, «Քրմուհին» պէտք է մնայ ամենաառաջնայինը, ամենամեծը, ամենահամաշխարհայինը, ամենամարդկայինը: Հպարտանում ես, որ այս դժուարին 15 տարիների ընթացքում, եթէ ամենամեծ գործերից մէկը ուզենանք նշել, դա «Քրմուհու» հրապարակ գալն է»:
Ուշագրաւ է ԱԺ պատգամաւոր Հրանուշ Յակոբեանի խօսքը. «Ես հպարտ եմ, որ Հայֆիլմը վերականգնում է իր երբեմնի աւանդութիւնները եւ բոլորովին նոր հարթութիւն է դուրս գալիս, «Քրմուհին» միջազգային ճանաչում է բերում ոչ միայն հեղինակներին, այլ նաեւ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետութեանը: «Քրմուհին» շատ արժէքների վերագնահատման առիթ է տալիս: Մենք բարձր մշակոյթով պէտք է դիմակայենք համաշխարհայնացման այն հիդրային, որ երախը բացած ուզում է կուլ տալ փոքր ազգերին, իսկ մենք՝ իբրեւ բազմադարեան մշակոյթ ունեցող ազգ, պէտք է կարողանանք, եւ յատկապէս կինոյով, կանգնել այն ամէնի առաջ, ինչը մեզ սպառնում է: «Քրմուհին» յայտնութին է, եւ այս առումով ես անասելի հպարտութիւն եմ ապրում որպէս հայ մարդ, որ իմ երկրում իմ ժողովրդի փայլուն զաւակները կարող են ստեղծել այսպիսի հրաշք գեղարուեստական ստեղծագործութիւն:
«Կարեւորը այն հոգեկան, բարոյական ազդեցութիւնն է, որ ֆիլմը դիտելուց յետոյ դու որպէս հայ մարդ զգում ես»:
Լեւոն Իգիթեան (ճարտարապետ).- «Վիգէն Չալդրանեանը էն մարդն է, որ եթէ անմարդաբնակ կղզում յայտնուի, մի ամիս յետոյ կ’իմանանք, որ ֆիլմ է նկարել: Ես չեմ յիշում նրա որեւէ մի ֆիլմ, որ առանց յաղթանակի պաստառ դուրս գայ: Ես երջանիկ եմ, որ մենք ապրող ժողովուրդ ենք եւ աշխարհի հետ աշխարհի լեզուով խօսելու հնարաւորութիւն ունենք՝ շնորհիւ «Քրմուհին» ֆիլմի:
Կարինէ Խոդիկեան.- «Ֆիլմը ինձ վրայ իրարամերժ տպաւորութիւն թողեց: Քրմուհին այն կերպարն է, որի հետ ես ոչ մի կռիւ չունեցայ, նա ինձ համոզեց, ես հաւատացել եմ, բայց ես չեմ հաւատացել ո՛չ նրա խուզած գլխին, ո՛չ էդ շորերին… Արուեստի ճշմարտութիւնը մանրամասների մէջ է»: Այնուամենայնիւ, եթէ բանախօսը հաւատացել է քրմուհուն, յիշեցնենք Սառա Բեռնարի խօսքերը. «Մեծ է այն դերասանը, որը հանդիսատեսին ստիպում է մոռանալ մանրամասները»:
Նոյնիսկ մէկ լիարժէք կիոնդիտումը բաւարար չէ կարծիք կազմելու համար, առաւել եւս բանախօսի ելոյթից յետոյ պարզուեց, որ նա ֆիլմը դիտել է ոչ ամբողջութեամբ:
Ստեփան Ռոստոմեան (կոմպոզիտոր).- «Ինձ համար աւելի շատ արժէք ունի ոչ թէ արուեստագէտի ստեղծած արուեստը, ինձ համար աւելի շատ արժէք ունի հէնց ինքը՝ արուեստագէտը: Հայ գենը այնքան հզօր գեն է, որ մենք մեր գենի առջեւ պարտք ունենք: Որոշել էի մէկընդմիշտ մեկնել Հայաստանից, որին նուիրուած է իմ ամբողջ կեանքը, «Քրմուհին» դիտելուց յետոյ ես խոստովանեցի Վիգէնին՝ «Դու ինձ պահեցիր Հայաստանում»:
Կարծում եմ՝ մեկնաբանութիւններն աւելորդ են:
Արթուր Փափազեան (դաշնակահար).- Իմ ցանկութիւնն է, որ հայ ժողովուրդը մոռանայ, որ կայ Ֆրանսիա, Անգլիա: ԿԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ: Ֆի՞լմ է ստեղծուել, հաւանեցի, ուրեմն՝ լաւ է: Ինձ համար նշանակութիւն չունի «Քրմուհին» տասը մրցանակ կը ստանայ, թէ ոչ, դրանով ֆիլմի արժէքը ոչ կ’աւելանայ, ոչ էլ կը պակասի: Թող ֆիլմը մրցանակներ շահի, քանի որ ամէն մրցանակ ստանալիս պիտի հնչի՝ Արմինիա:
Միջոցառումը եզրափակուեց մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Յասմիկ Պօղոսեանի բնութագրութեամբ ու ջերմութեամբ լի խօսքերով. ««Քրմուհին» ֆիլմը կայացած է, այն մեզ վրայ հետք թողեց, մեր միջոցով անցաւ, այս առումով կարծում եմ, որեւէ տարակարծութիւն չկայ»:
Իրօք, տէր կանգնենք այն արուեստին, որը ազգի դեսպանն է, որը ազգ է ներկայացնում միջազգային ասպարէզում:
Բարի ճանապարհ մաղթենք «Քրմուհին» ժապաւէնին: