Սառը պատերազմի աւարտից յետոյ Արեւելք-Արեւմուտք դիմակայութիւնը կորցրեց իր սուր բնոյթը: ԽՍՀՄ իրաւայաջորդը դարձած Ռուսաստանը սկսեց կորցնել Մերձաւոր Արեւելքում տարիների ընթացքում ստեղծած իր դրամագլուխը եւ սեփական քաղաքականութեան յստակ ուրուագիծը՝ հիմնականում ընդամէնը արձագանգելով տեղի ունեցող գործընթացներին: Այս դիպուածային գործողութիւնները որեւէ էական արդիւնք չէին տալիս եւ բերեցին Մոսկուայի տարածաշրջանում հեղինակութեան ու նշանակութեան անկմանը: Բացի այդ, Մերձաւոր Արեւելքի կարեւորութեան գիտակցումը նուազել էր նաեւ Ռուսաստանի արտաքին քաղաքական ռազմավարութիւնը մշակող վերնախաւի շրջանակներում: Արտաքին գործերի նախարար Ա. Քոզիրեւի պաշտօնավարման շրջանում, դէպի Եւրոպա ձգտող ռուսական արտաքին քաղաքականութեան պայմաններում, մահմետական արեւելքն ուղղակի անուշադրութեան մատնուեց:
Մոսկուան, փաստօրէն, հեռացաւ մի տարածաշրջանից, որտեղ ունէր հսկայական ենթակառուցուածք, կառուցել էր բազմաթիւ արդիւնաբերական կեդրոններ, ինչպէս նաեւ արաբական շատ բանակներ գրեթէ ամբողջութեամբ զինուած էին խորհրդային զէնքով, քաղաքական վերնախաւը մեծ մասամբ խորհրդային բուհերի շրջանաւարտներից էր կազմուած:
ԿԵՆՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ
Նախագահ Փութինի իշխանութեան շրջանում, սակայն, Մոսկուան սկսեց գիտակցել, որ միակողմանի զիջումների քաղաքականութիւնը կարող է շատ երկար շարունակուել եւ, ի վերջոյ, երկրի համար ողբերգական աւարտ ունենալ: Նաւթի գների աննախադէպ աճը թոյլ տուեց որոշակիօրէն վերականգնել սեփական տնտեսութիւնը եւ ազատուել միջազգային ելեւմտական կառոյցների ու ԱՄՆ կախուածութիւնից: Սկզբում ԱՊՀ տարածքում, իսկ յետոյ նաեւ եւրոպական գործերում ՌԴն սկսեց սեփական կարծիք ձեւակերպել եւ հնչեցնել, որը բնաւ էլ չէր համապատասխանում Արեւմուտքի կարծիքին:
Տնտեսական յաջողութիւնները վերականգնեցին նաեւ գաղափարական հիմքերը, եւ ռուսական հասարակութիւնն ու վերնախաւն աւելի յաճախ սկսեցին վերադառնալ կայսերական հռետորաբանութեանը եւ աշխարհաքաղաքականութեանը:
Այս ամէնի լոյսի ներքոյ հասկանալի է դէպի Մերձաւոր Արեւելք, դէպի «Տաք ծովեր» Ռուսաստանի վերադարձի տրամադրութեան վերակենդանացումը:
Բացի գաղափարական կամ զգացական հիմնաւորումներից, Մերձաւոր Արեւելքում ռուսական ներկայութիւնն ունի յստակ գործնական նշանակութիւն այդ երկրի համար:
1.- Նախեւառաջ, միայն Մերձաւոր Արեւելքում ներգրաւուած Ռուսաստանը հնարաւորութիւն ունի վերահսկել զարգացումները պայթիւնավտանգ մի տարածաշրջանում, որը մօտ է իր սահմաններին:
2.- Մեծաթիւ մահմետական բնակչութիւն ունեցող Ռուսաստանի համար չափազանց կարեւոր են յարաբերութիւնները Մերձաւոր Արեւելքի հետ, քանի որ հէնց այս տարածաշրջանում են գտնւում մահմետական սրբավայրերը, եւ հէնց այստեղ են ծնւում գաղափարներ, որոնք մեծ ազդեցութիւն են թողնում ամբողջ իսլամական աշխարհի վրայ:
3.- Այս տարածաշրջանը հսկայական ռազմավարական նշանակութիւն ունի Ռուսաստանի համար, քանի որ հարուստ է ուժանիւթով, որն այսօր մեծ տեղ է զբաղեցնում Մոսկուայի արտաքին քաղաքականութեան մէջ:
ՅԱՏՈՒԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Այս ամէնը հաշուի առնելով, բնաւ էլ զարմանալի չէ այն աշխոյժ քաղաքականութիւնը, որ իրականացնում է Մոսկուան վերջին երկու տարիների ընթացքում:
2005թ. ՌԴ նախագահ Վ. Փութինը առաջին պաշտօնական այցը կատարեց Մերձաւոր Արեւելք (Եգիպտոս, Իսրայէլ եւ Պաղեստինեան ինքնավարութիւն): Նոյն թուականին ՌԴն ստացաւ դիտորդի կարգավիճակ մահմետական երկրների ամենահեղինակաւոր միջազգային կառոյցի՝ Իսլամական համագումար կազմակերպութեան մէջ:
2006թ. Փետրուարին Ռուսաստանի նախագահը զարմացրեց շատերին՝ Մոսկուա հրաւիրելով Պաղեստինի ընտրութիւններում յաղթանակ տարած «Համաս» խմբաւորման ղեկավարներին՝ պատճառաբանելով, որ կատարուած իրողութիւն է այն, որ այդ ուժն իշխանութեան է եկել ազատ, ժողովրդավարական ընտրութիւնների միջոցով:
Այս տարի ՌԴ նախագահը պաշտօնական այցեր կատարեց եւս մի տարածաշրջան, որը, ըստ էութեան, Մերձաւոր Արեւելքի բաղկացուցիչ մասերից է՝ հիւսիսային Ափրիկէի երկրներ՝ Ալճերիան եւ Մարոքը: Միաժամանակ, Ռուսաստանը սկսում է աւելի աշխոյժ կերպով յայտնել իր սեփական դիրքորոշումը տարածաշրջանային իրադարձութիւնների վերաբերեալ:
Իրանի հետ Ռուսաստանը գրեթէ չունի հակասութիւններ: Մեկուսացման մէջ գտնուող Իրանը եւ իր տնտեսական շուկաները կորցրած Ռուսաստանը հետաքրքրուած են տարբեր ոլորտներում համագործակցութեան մէջ: Ռուսների համար Իրանը նաեւ զէնքի բաւական լուրջ գնորդ է, իսկ Ռուսաստանը՝ Թեհրանի համար ապահով քաղաքական յենարան, որի օժանդակութեամբ հնարաւոր է խուսափել միջազգային պատժամիջոցներից: Ռուսաստանը դէմ է Իրանի միջուկային ծրագրի պատճառով՝ վերջինիս հանդէպ ՄԱԿի հնարաւոր պատժամիջոցներին:
Մոսկուան առաջարկում է համոզել Իրանին՝ իրականացնել ուրանի հարստացումը ռուսական տարածքում՝ պատճառաբանելով, որ ՌԴն ունի դրա համար բոլոր հնարաւորութիւնները, եւ բացի այդ՝ ոչ ոք իրաւասու չէ որեւէ երկրի զրկել անվտանգ հիւլէական ուժանիւթ ունենալու իրաւունքից:
Սիրիայի հարցում Ռուսաստանը նոյնպէս որդեգրել է սեփական մարտավարութիւն: Այս երկիրը, թերեւս, ՌԴի ամենահաւատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում: Այստեղ յարաբերութիւնները նոյնպէս բազմաբովանդակ են: Ռուսաստանն աշխուժօրէն զէնք է վաճառում Դամասկոսին, ինչն ամերիկեան վարչակարգի անհանգստութեան եւ դժգոհութեան առիթ է դառնում: Աւելին, ռուսական մամուլում նոյնիսկ լուրեր տարածուեցին այն մասին, որ Ռուսաստանի սեւծովեան նաւատորմի մի մասը կարող է ապագայում տեղափոխուել սիրիական Թարթուս նաւահանգստում տեղակայուած ռազմակայան:
Ընդլայնւում է համագործակցութիւնը տնտեսական մակարդակում: Մոսկուան «ներեց» Սիրիային 13 միլիառ պարտքից մօտ 10 միլիառը, մնացած մօտ 1.5 միլիառ պարտքը ստանալու է տասը տարուայ ընթացքում, իսկ մօտ 1.5ը վերածելով սիրիական դրամանիշի՝ ի պահ դրեց սիրիական դրամատներում՝ իբրեւ ներդրում կամ միջոցներ սիրիական ապրանքներ գնելու համար:
Մոսկուան նաեւ աշխոյժ դերակատարութիւն ունեցաւ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիք Հարիրիի սպանութիւնից յետոյ Դամասկոսին միջազգային պատժամիջոցներից փրկելու գործում: Պաղեստինը նոյնպէս այն հնարաւորութիւնն էր, որը թոյլ տուեց Մոսկուային ցուցադրաբար չհամաձայնել ԱՄՆի եւ Եւրոպայի դիրքորոշմանը եւ փորձել սեփական խաղը վարել: «Համաս»ը չի համարւում ահաբեկչական կազմակերպութիւն Մոսկուայի կողմից, եւ երբ միջազգային դիտորդների մասնակցութեամբ ընտրութիւնների արդիւնքում այն եկաւ իշխանութեան, Մոսկուան ոչ միայն ճանաչեց նոր կառավարութիւնը, այլեւ նոյնիսկ 10 միլիոն տոլարի աջակցութիւն ցոյց տուեց Պաղեստինեան ինքնավարութեանը, այն դէպքում, երբ Եւրոմիութիւնը հրաժարուել էր կատարել ինքնավարութեան հանդէպ նախկինում ձեռք բերուած պարտաւորութիւնները:
Իրաքում «ժողովրդավարութեան հաստատման» ԱՄՆ վարչակարգի գործողութիւններն ի սկզբանէ Մոսկուան չի պաշտպանել: Սակայն Մոսկուայում գիտակցում են, որ իրաքեան նոր կառավարութիւնը, վերջնական հաստատումից յետոյ, կարիք կ’ունենա ԱՄՆին հակակշիռների: Այս պարագայում Ռուսաստանը կարող է վերականգնել իր աւանդական դերն այս երկրում:
Տարածաշրջանի այլ երկրների հետ յարաբերութիւնները նոյնպէս զարգանում են չափաւոր աստիճանով, եւ փորձ է արւում հիմնական շեշտը տեղափոխել տնտեսական համագործակցութեան ոլորտ: Այս ոլորտում յատկանշական է ռուսական ընկերութիւնների աճող աշխուժութիւնը Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում եւ Իրանում: Հեռանկարներ կան նաեւ Իսրայէլի եւ Իրաքի պարագայում:
Այդ ուղղութեամբ բաւական կարեւոր աշխատանք է կատարում Ե. Փրիմաքովի նախաձեռնութեամբ ստեղծուած Ռուս-արաբական գործարար խորհուրդը:
Խօսելով Մերձաւոր Արեւելքում ՌԴ քաղաքականութեան մասին, չի կարելի խուսափել ռուսամերիկեան յարաբերութիւնների վերլուծութիւնից: Միացեալ Նահանգներն իրաւամբ համարւում է «մերձաւորարեւելեան» տէրութիւն, եւ առանց Ուաշինկթընի մասնակցութեան՝ այստեղ չի լուծւում ոչ մի խնդիր: Ամերիկեան մի շարք փորձագէտներ կարծում են, որ Քրեմլի արտաքին քաղաքականութիւնը չունի երկարաժամկէտ ռազմավարութիւն եւ ընդամէնը բաղկացած է ընթացիկ գործընթացների նկատմամբ արձագանգներից: Սա, թերեւս, կարելի է ճիշդ գնահատական համարել Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան նախկին, բայց ոչ այսօրուայ փուլի մասին:
Իրաքում ամերիկացիների անյաջողութիւնները ոչ միայն կլանեցին Ուաշինկթընի ուշադրութիւնը, եւ նա բաց թողեց ռուսական ձգտումների առաջացման պահը, այլ նաեւ ամրապնդեցին Ռուսաստանի կապերը Իրաքի հարեւանների հետ, որոնց մօտ ԱՄՆի քաղաքականութիւնը խոր թշնամանք է առաջացրել:
Այս պարագայում ՌԴի համար շատ կարեւոր էր «հեռաւորութիւն պահել» Միացեալ Նահանգներից եւ ընդգծել, որ Մոսկուան այլեւս Ուաշինկթընի կրտսեր գործընկերը չէ: Ամէն դէպքում, Մոսկուան պատրաստ է օգտագործել ԱՄՆի դժուարութիւնները եւ, ըստ Քառնեկի կենտրոնի աշխատակից Տմիթրի Թրենինի՝ «շարունակել նախկին ԽՍՀՄում իրականացուած հակայարձակումը» (խօսքը անհնազանդ Ուքրաինայի եւ Վրաստանի նկատմամբ «վառելիքային ճնշման» մասին է):
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Իրականում Ռուսաստանն ունի բաւական լաւ նախադրեալներ նորից այս տարածաշրջան վերադառնալու համար:
1.- Ռուսաստանը կարող է հանդէս գալ իբրեւ եւրասիական տէրութիւն եւ կատարելով միջնորդի դերակատարութիւն՝ հարթել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ ծագող խնդիրները, որոշակիօրէն մեղմելով կողմերի անհաշտութիւնը:
Հետաքրքիր է, որ այդ դերը Ռուսաստանը ստանում է Եւրոպայից, որը հմուտ կերպով մօտ մէկ տասնամեակ ազնիւ միջնորդի դեր էր կատարում բոլոր հակասութիւններում՝ Պաղեստինից մինչեւ Իրան: Ամէն ինչ փոխուեց վերջին երկու տարիների ընթացքում:
Ահմատինեժատի Իրանի նախագահ ընտրուելուց եւ «Համաս»ի յաղթանակից յետոյ Եւրոպան երկու հարցերում յստակ պաշտպանեց ԱՄՆի դիրքորոշումը, ինչը Ռուսաստանին հնարաւորութիւն ընձեռեց զբաղեցնել նրա տեղը:
2.- Ռուսաստանի մտադրութիւնների լրջութեան մասին են վկայում նաեւ աշխոյժ դերակատարութեան նրա փորձերը հեռահաղորդակցութեան ոլորտում: Մոսկուան ներդնում է 35 մլ. տոլար արաբալեզու նոր լրատուական գործակալութիւն ստեղծելու համար: Սա պէտք է լինի խորհրդային աւանդոյթի վերականգնումը, երբ հսկայական միջոցներ էին ներդրւում արտասահմանում երկրի դրական կերպարի ստեղծման համար:
Նոր արբանեակային հեռուստաալիքը փորձելու է վերափոխել միջազգային այլ լրատուամիջոցների կողմից ստեղծուած Ռուսաստանի կերպարը: Նոր ալիքի գլխաւոր արտադրիչ Աքրամ Հուզամը, որը նախկինում «Ճազիրա»ի մոսկովեան գրասենեակի ղեկավարն էր, համոզուած է, որ նոյնիսկ այս գերլցուած շուկայում ռուսական հեռուստաալիքն ունենալու է իր տեղը, քանի որ ներկայացնելու է երկու ծայրայեղութիւնների արանքում ընկած տեսակէտ:
3.- Ի հեճուկս ժամանակաւոր նահանջի, Ռուսաստանը պահպանում է աւանդական յատուկ յարաբերութիւններն այն պետութիւնների հետ, որոնք գաղափարախօսական, տնտեսական եւ այլ պատճառներով շատ մօտ էին ԽՍՀՄին եւ դեռ պահպանում են լաւ յիշողութիւններ՝ կապուած հիւսիսային հզօր հարեւանի հետ:
4.- Մերձաւորարեւելեան շատ պետութիւններ տնտեսապէս այդքան էլ հզօր չեն եւ ունեն տնտեսական օգնութեան ու ներդրումների կարիք, ինչը հնարաւորութիւն է տալիս ռուսական ընկերութիւններին՝ աշխոյժ դերակատարութիւն ունենալ այդ երկրների շուկաներում: Տնտեսական ազդեցութիւնը հնարաւոր է նաեւ տարածել՝ խելամիտ կերպով օգտագործելով այդ երկրների՝ Ռուսաստանին ունեցած պետական պարտքի առկայութիւնը:
5.- Տարածաշրջանի մի շարք երկրներում կան ուժեր, որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ: Խօսքը խորհրդային եւ ռուսական բուհերի շրջանաւարտների մասին է, որոնք այսօր բարձր պաշտօններ են զբաղեցնում տարածաշրջանի պետութիւններում, ինչպէս նաեւ բազմաթիւ ռուս կանանց, որոնք ամուսնացած են արաբների հետ, եւ կովկասեան համայնքների, որոնք կան մերձաւորարեւելեան շատ երկրներում:
Այսպիսով, Մերձաւոր Արեւելք Ռուսաստանի վերադարձի փորձերն ակնյայտ են, սակայն պարզ չէ՝ արդեօք սրանք մտածուած եւ մշակուա՞ծ քայլեր են, թէ ինքնաբուխ եւ իրավիճակային գործողութիւններ, որոնք հիմնուած են ընդամէնը ցանկութեան վրայ։
Առաջին դէպքում այս քաղաքականութիւնն ունի հեռանկարներ, եթէ Մոսկուան կարողանայ ապացուցել, որ գոնէ առանձին սկզբունքային հարցերում ի վիճակի է Արեւմուտքի համար այլընտրանք լինել եւ շահել մերձաւորարեւելեան վերնախաւի այն շրջանակի համակրանքը, որը դէմ է միաբեւեռ աշխարհին:
Սա հրամայական է, քանի որ Ռուսաստանի հեղինակութեան հսկայական անկում է տեղի ունեցել Երրորդ աշխարհում, իսկ Ռուսաստանի դերակատարութիւնը, անկախ վերջին ճիգերից, գրեթէ աննշան է Մերձաւոր Արեւելքում։
Մի խումբ երկրներում Ռուսաստանը շարունակում է ունենալ որոշ ազդեցութիւն՝ Սիրիա, Պաղեստին, Եմէն, Իսրայէլ, սակայն նոյնիսկ այդ երկրներում ռուսական հետաքրքրութիւնները չեն կարող էականօրէն ազդել ընդհանուր զարգացումների վրայ: Ինչպէս նաեւ, մերձաւորարեւելեան հակամարտութիւնների լուծման պարագայում, Ռուսաստանի դերը զուտ խորհրդանշական է։
Մոսկուան առայժմ ոչ մի նոր առաջարկ անել չի կարող եւ ստիպուած է բաւարարուել միայն արդէն իսկ եղած առաջարկների նկատմամբ վերաբերմունք յայտնելով։
Տարածաշրջան վերադառնալու համար Ռուսաստանին անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել նախկին յարաբերութիւնների ձեւաչափերը, այլ նաեւ կառուցել նախկին դաշնակիցների եւ գործընկերների հետ համագործակցութեան նոր համակարգ:
Առայժմ Ռուսաստանը հնարաւորութիւն չունի ապահովելու տնտեսական այնպիսի ներկայութիւն, ինչպէս նախկինում:
Բացի այդ, չպէտք է կարծել, որ Ռուսաստանի վերադարձն ընկալւում է բոլորի կողմից դրական կամ գոնէ չէզոք կերպով: Խորհրդային «պարապն» արդէն լրացուել է արեւմտեան շատ երկրներով, ինչպէս նաեւ այս տարածաշրջանում չափազանց աշխոյժ գործող Չինաստանով։