Որոշ ոստիկանների անօրինական գործողութիւններին՝ մասնաւորապէս մայրաքաղաքի ժամանցի կենտրոններում, արդէն անդրադարձել ենք՝ փաստելով, որ դրա համար նրանցից որեւէ մէկը պատասխանատուութեան չի ենթարկուել:
Մայիսի 22ին, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարան է ուղարկուել 4 ոստիկանների վերաբերեալ քրէական գործը, որով ՀՀ գլխաւոր դատախազութեան քննչական վարչութիւնը նրանց մեղադրանք է առաջադրել պաշտօնեական լիազօրութիւնները չարաշահելու, անցնելու, սուտ մատնութիւն անելու համար:
Դատարանում գտնուող քրէական գործի համաձայն՝ ոստիկանութեան պահպանութեան վարչութեան ոստիկաններ Մարատ Մանուկեանն ու Արման Խաչատրեանը մօտ մէկ տարի առաջ՝ 2006 թուականի Յունիսի 30ին, գտնուելով ծառայութեան մէջ, նպաստել են Երեւանի «Ալէն-Էլեն» տիսքօ ակումբի տնօրէն Վլատիմիր Բեջանեանի կամայականութիւններին, որն արտայայտուել է ընդհուպ յաճախորդներին ծեծի ենթարկելով:
Մասնաւորապէս՝ նրա կարգադրութեամբ ակումբի ոստիկանութեան պահակակէտ են տարել Իրանի քաղաքացի Արա Բաբումիին, որտեղ Վլ. Բեջանեանը հայհոյել եւ ծեծել է նրան՝ իբր դանակով ակումբ մուտք գործելու համար:
Ըստ դատախազութեան՝ նշուած երկու ոստիկանները խախտել են «Ոստիկանութեան մասին» ՀՀ օրէնքի 36րդ յօդուածի 2րդ մասի 2րդ կէտի պահանջները եւ, փոխանակ տնօրէնի անօրինական գործողութիւնները կանխելու ու ձերբակալելու, նրա համար ապահովել են «արտօնեալ» կարգավիճակ, որի հետեւանքով օտարերկրացուն պատճառուել են մարմնական վնասուածքներ՝ գլխի կողմնային շրջանի ենթամաշկային արիւնահաւաքի եւ քերծուածքի, աջ ականջախեցու արիւնազեղման, քթոսկրի կոտրուածքի, աջ ականջի թմբկաթաղանթի կենտրոնական թափածակման ձեւով, որոնք տուժողի առողջութեանը հասցրել են միջին ծանրութեան վնաս՝ առողջութեան տեւական քայքայումով: Աւելին՝ տնօրէնի ծեծը ոստիկանները քիչ են համարել եւ նրա փոխարէն ոստիկանութիւն են բերման ենթարկել Ա. Բաբումիին:
Ընդ որում՝ դրա համար նշուած երկու ոստիկաններին «օգնութեան են» հասել ոստիկաններ Անդրանիկ Պօղոսեանն ու Սամուէլ Խայատնը, իսկ ոստիկանութիւնում, ժողովրդական լեզուով ասած, փորձել են «գործ սարքել» ԻԻՀ քաղաքացու նկատմամբ. իբր թէ նա դանակով յարձակուել է իրենց վրայ՝ ի սպառ մոռացութեան մատնելով Վլ. Բեջանեանի կողմից անտեղի նրան ծեծի ենթարկելու հանգամանքը, իսկ «գործ սարքելն» աւելի դիւրին դարձնելու համար գրել են անգամ կեղծ զեկուցագիր:
Ոստիկանութեան կենտրոնական բաժնի հերթապահ մաս կենցաղային դանակ ներկայացնելով՝ ոստիկան Արման Խաչատրեանը 2006 թուականի Յուլիսի 1ին վերադասին գրաւոր զեկուցագիր է ներկայացրել, թէ Արա Բաբումին «Ալէն-Էլեն» տիսքօ-ակումբում աղմկել է եւ փորձել անհիմն վիճաբանութեան մէջ մտնել միւս այցելուների հետ, իսկ երբ ծառայութիւն կատարող ոստիկան Մարատ Մանուկեանի հետ մօտեցել են նրան հանգստացնելու՝ վերջինս, գրպանից հանելով դանակը, յարձակուել է իրենց վրայ:
Նոյնաբովանդակ բացատրութիւն է գրել նաեւ Մ. Մանուկեանը: Ղեկավարութիւնն էլ, բնականաբար, հաւատացել է իր աշխատակիցներին եւ անգամ վիրաւորուած համարել իրենց պատիւը. չէ՞ որ խօսքը ոստիկանի վրայ կատարուած յարձակման մասին է։ Եւ չեն էլ փորձել խորանալ ու պարզել իրականութիւնը, որը նրանց փորձել է ներկայացնել օտարերկրացին: Իսկ իրականում տեղի է ունեցել հետեւեալը։
Ա. Բաբումին իր համերկրացիների հետ գնացել է տիսքոթեք, բարձրանալուց առաջ տոմսավաճառ Դիանա Սիմոնեանի պահանջով յանձնել են պայուսակի մէջ գտնուող կենցաղային դանակը՝ պայմանաւորուելով, որ դուրս գալուց կը վերցնեն այն: Եւ հէնց ետ վերցնելու ժամանակ էլ Վլ. Բեջանեանը նկատել է այն ու հրահրել վերը նկարագրուած դէպքը:
Նշուած ժամանցի կենտրոնում ոստիկանների մասնակցութեամբ յաջորդ ապօրինութիւնն արձանագրուել է ընդամէնը օրեր անց։ 2006 թուականի Յուլիսի 5ին Հայրապետ Գիւլամիրեանը, ծառայութեան նշանակուած լինելով աւտօերթուղում, ժամը 04ի սահմաններում, առանց օրինական հիմքերի, գտնուել է «Ալէն-Էլեն» ակումբում, որտեղ խախտելով «Ոստիկանութեան մասին» ՀՀ օրէնքի 5րդ յօդուածի 6րդ մասի պահանջները՝ անհիմն վիճաբանութեան մէջ է մտել յաճախորդ Տիգրան Գալստեանի հետ, ապա իրեն միացած՝ ակումբում ծառայութիւն իրականացնող Մ. Մանուկեանի հետ, ծեծի ենթարկել նրան՝ պատճառելով մարմնական վնասուածքներ գլխի, մարմնի եւ դէմքի տարբեր մասերին: Ապա՝ գործընկերների հետ միասին Տ. Գալստեանին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանութիւն՝ իբր խուլիգանութիւն կատարելու համար: Եւ կրկին գրել կեղծ զեկուցագիր (ըստ ամենայնի՝ ոստիկանութեան աշխատակիցների համար դա նորմալ աշխատաոճ է համարւում.-Ա.Ա.):
Այս անգամ կեղծիքը հեղինակել է երիտասարդին ապօրինի բերման ենթարկելուն մասնակցած ոստիկան Վարդան Գաբրիէլեանը, ով գրել է, թէ ծառայութիւն իրականացնելիս նկատել է, թէ ինչպէս է Տիգրան Գալստեանը վիճաբանում դրամարկղի աշխատակցի հետ՝ նրան տալով սեռական բնոյթի հայհոյեանքներ, իսկ երբ ինքը փորձել է միջամտել եւ կարգի հրաւիրել նրան, վերջինս գլխով հարուածել է իր դէմքին: Ինչպէս ասում են՝ գործի է դրուել նախկինում «աշխատած» սցենարը, որին այս անգամ մասնակից են դարձրել նաեւ շարքային քաղաքացու՝ դրամարկղի աշխատակցուհուն, ով տուել է նոյնաբովանդակ բացատրութիւններ, մինչդեռ հասարակական կարգն ըստ էութեան խախտել էին հենց ոստիկանութեան աշխատակիցները:
Թէ այդ գործելաոճին ինչ գնահատական կը տայ դատարանը՝ ցոյց կը տայ դատավարութեան ընթացքը: Նշենք միայն, որ ոստիկանութեան աշխատակից՝ Մ. Մանուկեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 308րդ յօդուածի առաջին մասով, 333րդ յօդուածի 2րդ մասի 2րդ կէտով, 309րդ յօդուածի 2րդ մասով, Արման Խաչատրեանին՝ ՀՀ քրէական օրէնսգրքի 308րդ յօդուածի առաջին մասով, 333րդ յօդուածի 2րդ մասի 2րդ կէտով, Հայրապետ Գիւլամիրեանին՝ ՀՀ քրէական օրէնսգրքի 309րդ յօդուածի 2րդ մասով, Վարդան Գաբրիէլեանին եւ ակումբի դրամարկղի աշխատակցուհի Դիանա Սիմոնեանին՝ ՀՀ քրէական օրէնսգրքի 333րդ յօդուածի 2րդ մասի 2րդ կէտով: