Իրավիճակը թուրք-իրաքեան սահմանին եւ թուրքական զօրքերի ներխուժման հեռանկարը հիւսիսային Իրաքի տարածք՝ Քրտական բանուորական կուսակցութեան (ՔԲԿ) գրոհայինների դէմ ռազմական գործողութիւններ իրականացնելու նպատակով, շարունակում է լարուածութեան մէջ պահել միջազգային հանրութեանը։
Հասկանալով, որ զինուած հակամարտութիւնը թուրքերի եւ քրտերի միջեւ կարող է լիովին դուրս գալ տեղական շրջանակներից ու վերաճել համաշխարհային դիմակայութեան՝ համաշխարհային բոլոր տէրութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները զսպուածութեան եւ հիմնախնդիրը խաղաղ լուծելու կոչ արեցին Անգարային՝ խոստանալով բազմակողմանի աջակցութիւն Թուրքիային։
Անգարայի ռազմական ծրագրերին միանշանակ աջակցութիւն է յայտնել միայն երկու պետութիւն՝ Սիրիան (հասկանալի պատճառներով) եւ Ատրպէյճանը, որին, ատրպեճանական քաղաքագէտների խոստովանութեամբ, ՔԲԿի գրոհայիններն այդ ամբողջ ժամանակաընթացքում ոչնչով չեն անհանգստացրել։
Եթէ մի կողմ թողնենք ատրպէյճանա-թուրքական ռազմավարական համագործակցութեան գործօնը, որն ինքնին հազիւ թէ Պաքուին մղէր աջակցութեան Անգարային, ինչը հակադրւում է իրենց ընդհանուր տիրոջ՝ Ուաշինկթընի շահերին, Ատրպէյճանի ցաւագին շահագրգռութիւնը ստեղծուած իրավիճակում աւելի քան ակնառու է։ Դա Պաքուի համար առիթ հանդիսացաւ հերթական անգամ շրջանառելու Ատրպէյճանի՝ իբրեւ «միջազգային ահաբեկչութեան զոհի» մասին իր զուտ քարոզչական թեզը։
Պաքուի վայ-գաղափարախօսների երեւակայութիւնն ու ցինիզմը, իրօք, սահման չունեն։ Մենք արդէն գրել ենք նրանց կողմից Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրութեանը որպէս «թմրաթրաֆիքի եւ ահաբեկչութեան գորշ, չվերահսկուող գօտի» ներկայացնելու փորձերի մասին՝ ԼՂում «հակաահաբեկչական գործողութիւն» անցկացնելու թոյլտուութիւն ստանալու նպատակով։ Քուրտ-թուրքական հակամարտութեան լոյսի ներքոյ Պաքուի վերոգրեալ գաղափարախօսութիւնը համալրուեց նոր գծերով։
Այսպէս, Ատրպէյճանի արտգործնախարարի տեղակալ Խալափ Խալափովը, անցած Երկուշաբթի հանդէս գալով Իսլամական վեհաժողովի անդամ պետութիւնների իրաւապահ մարմինների ղեկավարների գիտաժողովի կազմակերպման փորձագէտների երկօրեայ նիստում, յայտարարեց. «Ատրպէյճանն ինքն է միջազգային ահաբեկչութեան զոհ։ Սկսած 80ականների վերջերից՝ երկրագնդի տարբեր կէտերում գործող հայ ահաբեկչական կազմակերպութիւնների եւ հայկական լոպպիի աջակցութեամբ ատրպեճանական ժողովրդի դէմ ծաւալուեց արիւնոտ ահաբեկչութեան լայն ալիք։
«Հայաստանի ղեկավարութեան կողմից ատրպեճանական պետութեան ու ժողովրդի դէմ իրականացուող նախայարձակ քաղաքականութեան հետեւանքով գրաւուեցին Լեռնային Ղարաբաղն ու յարակից եօթ շրջանները։ Այդ քաղաքականութեանը զոհ դարձան Ատրպէյճանի հազարաւոր բնակիչներ, ինչպէս նաեւ Հայաստանի ատրպէյճանցի քաղաքացիները»։
Ատրպէյճանի ԱԳ նախարարի տեղակալի այս ցինիկ ու երկերեսանի ճառը լրիւ տեղաւորւում է թուրք ենիչերիների գաղափարական յետնորդի շովինիստական տրամաբանութեան մէջ՝ ոչնչացնել, սպանել, բռնաբարել, կողոպտել տասնեակ, հարիւր հազարաւոր մարդկանց, այդ թւում՝ հայերի, վտարել՝ իւրացնելու նպատակով այն ամէնը, ինչը դարերով ստեղծել ու արարել են նրանք (խօսքը ոչ միայն նիւթական արժէքների մասին է, այլեւ մշակութային, քաղաքակրթական), իսկ յետոյ անմեղ գառ ձեւանալ ու ներկայանալ իբրեւ սեփական զոհերի զոհ։
Պաքուեցի այդ աւազակներին, չգիտես ինչու, թւում է, թէ աշխարհը, որը դեռ չի մոռացել 20րդ դարասկզբի ողբերգական իրադարձութիւնների իրական պատկերը Օսմանեան կայսրութիւնում, յանկարծ կը հաւատայ, որ Ատրպէյճանը, որը 20րդ դարավերջին արիւնոտ սպանդ ծաւալեց հայազգի սեփական քաղաքացիների դէմ, իսկապէս «հայկական նախայարձակման զոհն» է։
Ճիշդ է, նրանք այդպէս են մտածում այն պատճառով, որ հայկական ջարդերը Սումկայիթում, Պաքւում, Կիրովապատում եւ Ատրպեճանական ԽՍՀի միւս բնակավայրերում, ինչպէս նաեւ հետագայում Ատրպէյճանի կողմից լայնածաւալ ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դէմ դեռ չեն ստացել միջազգային հանրութեան համապատասխան քաղաքական, իրաւաբանական ու բարոյական գնահատականը։
Միջազգային ընտանիքի կողմից Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան կիսադատապարտումները թոյլ են տալիս Ատրպէյճանում երիտթուրքերի յետնորդներին յուսալ, որ իրենք էլ ամէն ինչ մարսելու են՝ թէ՛ անցեալը, թէ՛ ծրագրուող յանցագործութիւնները։ Սա եւս մի պատճառ է, որ Ատրպէյճանը թպրտում է հիսթերիք ցնցումների մէջ Միացեալ Նահանգների կողմից Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հնարաւորութեան մասին մտքից անգամ։
(*) «Երկիր» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան: