Ի կատարումն Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան 11րդ Գերագոյն ժողովի՝ երկու փուլով նախագահի թեկնածու ընտրելու որոշման, Հոկտեմբերի 27ին Գաւառի մշակոյթի տանը, Հոկտեմբերի 29ին «Մոսկուա» կինոթատրոնի դահլիճում, Հոկտեմբերի 30ին «Կանազ»ի մշակոյթի տանը եւ Հոկտեմբերի 31ին «Հայբուսակ» համալսարանում Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Յովհաննիսեանը եւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանը հանդիպել են կուսակցական ընկերների եւ համակիրների հետ:
ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆԱՐԱԳՈՒԹԻՒՆԸ ԼՈՒԾՄԱՆ ԿՇՌՈՅԹԻՑ ՄԵԾ Է. Հ.Յ.Դ.Ն ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԼՈՒՐՉ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ
Արթուր Աղաբէկեան.- Որո՞նք են այն հիմնական պատճառները, որ համագործակցելով իշխանութեան հետ՝ Դաշնակցութիւնը, այնուամենայնիւ, որոշել է առանձին թեկնածուով մասնակցել նախագահական ընտրութիւններին: Որոշել ենք, որովհետեւ գնահատել ենք քաղաքական իրավիճակը, եկել ենք այն համոզման, որ Հ.Յ.Դ.ն այս փուլում լուրջ անելիքներ ունի՝ հաշուի առնելով տարածաշրջանում, մեր հարեւան երկրներում տեղի ունեցող իրադարձութիւնները, հաշուի առնելով այն մարտահրաւէրները, որ կախուած են մեր երկրի գլխին, որոնց պէտք է մեր երկիրը կարողանայ դիմակայել:
Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի գիտակցում է, թէ ում է ընտրում գերագոյն հրամանատար, որը վաղը նրան կը տանի մարտի: Եւ մարտի պէտք է տանի՝ ոչ թէ նստելով ապաստանարանի մէջ, քարտէսով կռիւ տալով, այլ առջեւից գնալով եւ իր հետեւից տանելով իր ժողովրդին: Այսպիսի նախագահ ենք ուզում ունենալ, եւ մենք համոզուած ենք, որ այդպիսին կարող է լինել միայն դաշնակցական նախագահը:
ԿԻՍԱՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՏՆԵՐԸ ՀԻՄԱ ԵՆ ԵՐԵՒՈՒՄ
Արմէն Ռուստամեան.- Շատերի համար, կարծում եմ, անսպասելի էր, որ կարելի է թեկնածուի ընտրութեան այսպիսի ճանապարհով գնալ ընտրութիւնների: Բոլոր նրանք, ովքեր պատրաստւում են մտնել նախագահական ընտրութիւնների մէջ, արդէն, ըստ էութեան, որոշումն ունեն, թէ ով է լինելու իրենց թեկնածուն: Դաշնակցութեան մէջ ամէն որոշումը պէտք է խորքային քննարկում անցնի, հասունանայ, որ դառնայ բոլորինը: Որոշումն ընդունում ենք դժուար քննարկումներից յետոյ, այն ընդունւում է միանշանակ, կատարւում՝ լիարժէք: Սա է մեր կուսակցութեան տարբերութիւնը:
Բնական է, որ սեփական թեկնածու առաջադրելու անհրաժեշտութիւնը ոչ միայն զուտ մեր կուսակցական, այլ քաղաքական այսօրուայ իրավիճակի գնահատման անհրաժեշտութիւնն է:
Մեր խորին համոզմամբ, այսօր Հայաստանի զարգացմանը նոր թափ հաղորդել հնարաւոր է միայն բոլոր ուղղութիւններով մեր զարգացման կշռոյթի մէջ կտրուկ փոփոխութիւն մտցնելով: Մինչեւ հիմա նման փոփոխութիւններ կատարուել են ոչ այն կշռոյթով, որ ցանկացել ենք մենք: Դրա պատճառը մեր՝ իշխանութեան մէջ մասնակի ներկայութիւնն է, եւ հիմնական վտանգները, որ այսօր կուտակուել են, խնդիրները լիարժէք չլուծելու պատճառով է, կիսատ բարեփոխումների պատճառով: Դա այսօր առաջացրել է արատաւոր երեւոյթներ:
Մենք այն քաղաքական ուժը չենք, որ միայն սեւ գոյներով ներկենք իրականութիւնը: Մենք տեսնում եւ գնահատում ենք կատարածը, ունենք չկատարածի լուծման եղանակները: Խնդիրների կուտակման արագութիւնը մեծանում է եւ հասել է մի աստիճանի, որ կուտակման արագութիւնն աւելի մեծ է, քան՝ լուծման:
Այս խնդիրների լուծման մասին է խօսքը, որ ասում ենք՝ Դաշնակցութիւնը ասելիք ունի եւ կարող է փոփոխութիւն մտցնել կշռոյթի զարգացման մէջ: Կուտակուած խնդիրների հիմնական մասը գտնւում է ընկերային դաշտում: Ժողովրդի ընկերային վիճակն իսկապէս բարեփոխման լուրջ անհրաժեշտութիւն ունի: Մեր՝ որպէս ընկերվարական կուսակցութեան մօտեցումները հանգում են նրան, որ չեն կարող ազատ շուկայական յարաբերութիւններ հաստատուել՝ առանց երկրում արդար մրցակցութիւն ապահովելու:
Մեզ մօտ ամենամեծ բացը սա է, որից բխում են ընկերային խնդիրները: Պետութիւնը, որը մենք սահմանադրութեամբ հռչակել ենք սոցիալական, պէտք է այնպէս անի, որ ժողովուրդը կարողանայ իր նուազագոյն կեցութեան պահանջները հոգալ:
Մենք ինքնանպատակ իշխանութեան գալու խնդիր երբեք չենք դրել: Սա մեզ համար բխում է անհրաժեշտութիւնից: Բոլոր երկրներում նորմալ քաղաքական նպատակ է իշխանութեան գալը:
Նորմալ ընտրութիւններ ապահովելու համար անհրաժեշտ է քաղաքական բնականոն մրցակցութիւն: Նման բան եղաւ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ, երբ մեր ծրագրի ընկերային հատուածը դարձաւ բանավէճի միակ թեման եւ համ ու հոտ տուեց նախընտրական շրջանին: Սա եղաւ այն պատճառով, որ տեսան լուրջ մրցակցութիւն:
Նախագահական ընտրութիւնների այս ընթացքում մեր ուշադրութիւնը դարձնելու ենք այն խոչընդոտներին, որ այսօր ենթակայական պատճառով կանգնած են երկրի առաջ եւ թոյլ չեն տալիս երկրին՝ արագ կշռոյթով զարգանալ: Մենք տեսնում ենք հնարաւորութիւն, որ անցկացուեն բնականոն ընտրութիւններ:
Սրա համար պէտք է պակասեցնել ընտրական համակարգի արատաւորութիւնը: Դա թոյլ չի տալիս, որ ժողովրդի համակրած թեկնածուն դառնայ նախագահ: Մենք ունենք մեծ տարբերութիւն՝ համակրանք վայելող պետական գործիչ եւ արդիւնքում՝ ընտրուած քաղաքական ուժ:
Պատճառը ընտրական համակարգի անկատարութիւնն է: Ես խօսում եմ խորհրդարանական ընտրութիւնների փորձից ելնելով եւ ասում, որ դա թաքնուած է կրկնակի եւ բազմակի քուէարկութիւնների մէջ: Մենք սկսել ենք խորհրդարանում առաջարկութիւններ անել կրկնական քուէարկութիւնների եւ այլ արատների դէմն առնելու համար:
Մենք մեր 16 պատգամաւորով պէտք է կարողանանք այնպիսի պայքար ծաւալել խորհրդարանում, որ մեր ասածները չընդունելը խոցելի դարձնի մեծամասնութեանը: Ամէն գնով իշխանափոխութեան ձգտող ընդդիմութիւնն էլ մեզ համար անընդունելի է: Սա անընդունելի է նաեւ ժողովրդի համար, եւ դա երեւաց ԱԺ ընտրութիւններին:
ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ.ՀԱՐՑԵՐ ԱՐՄԷՆՌՈՒՍՏԱՄԵԱՆԻՆ
Հանդիպման ներկաներից մէկին հետաքրքրում էր, թէ ժողովրդի մէջ արդեօ՞ք թիւրիմացութիւն չի առաջացնում Դաշնակցութեան՝ նման ձեւով թեկնածու ընտրելու գաղափարը: Ա. Ռուստամեանը նշեց, որ նման ձեւը Դաշնակցութիւնը չի հնարել: Կուսակցութիւնը կիրառում է առաջադէմ երկրների փորձը:
«Եթէ կուսակցութիւնը խօսում է ժողովրդավարութեան մասին, դա առաջինն ինքը պէտք է իր մէջ ունենայ», նշեց նա՝ աւելացնելով, որ երկու թեկնածուներից ով էլ որոշուի եւ յաղթի ընտրութիւններում, կուսակցութեան ծրագրերը պէտք է զարգացնի: Սա հասարակութեան համար աւելի շատ պարզեցնում է, քան՝ թիւրիմացութիւն առաջացնում, քանի որ կուսակցութիւնն իր ներսում քննարկումներ անելով, աւելի է ամբողջացնում իր եւ հասարակութեան մօտեցումները:
Որոշ մթերքների թանկացման մասին հարցին Ա. Ռուստամեանը պատասխանեց, որ Դաշնակցութիւնը չի ընդունում դա, քանի որ եթէ այն կապուած է միջազգային շուկայում գների բարձրացման հետ, ապա մեզ մօտ անհամեմատ գերազանցում է դա: Մեզ մօտ, ըստ նրա, մենաշնորհի տէր ձեռնարկատէրերը յանցաւոր համաձայնութեամբ թելադրում են շուկայում գները:
Դրամ-տոլար փոխարժէքի տատանումները, որը Դաշնակցութիւնը անհասկանալի եւ անընդունելի է համարում եւ որի մասին բազմիցս դէմ է արտայայտուել, նոյնպէս անդրադարձաւ գների տատանումների վրայ: Կենտրոնական դրամատունը, ըստ նրա, չի կարող դիտորդի դերում հանդէս գալ, եթէ երկրում տեղի են ունենում նման արատաւոր գործընթացներ:
«Հնարաւո՞ր է, արդեօք, հետագայում քաղաքական դաշտի որեւէ վերադասաւորման դէպքում Հ.Յ.Դ.ն իր թեկնածուին չներկայացնի նախագահական ընտրութիւններին» հարցին Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. «Նման դէպքը բացառուած է: Նոյեմբերի 30ին կը նշուի թեկնածուի անունը, որը պէտք է մասնակցի ընտրութիւններին: Որեւէ դէպք չի կարող խոչընդոտել սրան: Դաշնակցութիւնը դժուար է որոշում, բայց որ որոշում է՝ մինչեւ վերջ գնում է»:
Միւս հարցերը վերաբերում էին երկքաղաքացիութեան մասին օրէնքին, Լեւոն Տէր Պետրոսեանի հետ հանդիպման պատճառներին եւ այլն:
Հ.Յ.Դ.Ն ԵՐԲԵՔ ՉԻ ԽՈՆԱՐՀՈՒԵԼ ԱՆՑՈՂԻԿ ԱՐԺԷՔՆԵՐԻ ԵՒ ԱՆՑՈՂԻԿ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՌՉԵՒ
«Շատ քչերն են իրենց կենսագրութեամբ նուաճում սեփական ժողովրդի բախտորոշ իրավիճակներում դերակատարութիւն եւ պատասխանատուութիւն ստանձնելը։ Աւելի՛ն, գիտակցում եւ հասկանում ենք, որ շատ քչերն են կարողանում նուաճել այդ իրաւունքը», Հոկտեմբերի 29ին «Մոսկուա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ասաց ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանը՝ ներկայացնելով Վահան Յովհաննիսեանին եւ Արմէն Ռուստամեանին։
Նա նշեց, որ վերջին շրջանում նաեւ համատեղ աշխատելով խորհրդարանում՝ եւս մէկ անգամ համոզուել է, որ Դաշնակցութիւնն այն կուսակցութիւնն է, որը երբեք չի խոնարհուել անցողիկ արժէքների եւ անցողիկ ճշմարտութիւնների առջեւ։ «Եւ այդ գործի զինուորներն են Վահան Յովհաննիսեանը եւ Արմէն Ռուստամեանը։ Բարդ ընտրութեան առջեւ ենք մենք կանգնած, բայց պէտք է վստահ լինենք, որ նրանք չեն մրցում միմեանց հետ, այլ նրանց շուրթերով հնչում են Դաշնակցութեան ծրագրերն ու գաղափարները։
«Համոզուած եմ, որ մեր գաղափարների յաղթանակը միայն Դաշնակցութեան յաղթանակը չէ, այլ մեր ամբողջ ժողովրդի յաղթանակն է լինելու», ասաց Լ. Գալստեանը՝ խօսքը տալով Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանին։
ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԵԿԱՒ,ԻՍԿ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ՅԱՊԱՂՈՒՄ Է
Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Յովհաննիսեանը ներկաներին ուղղուած իր խօսքում բացատրեց, որ Հայաստանի անկախացումից յետոյ տարբեր փորձութիւններով անցած երկիրը ունեցել է տարբեր փուլեր՝ շարժում, ազատագրական պայքար, ձեռքբերումներ, իսկ 1998 թուականին՝ իշխանափոխութիւնից յետոյ տեսանելի առաջընթաց եղաւ։ Բայց այսօր այդ առաջընթացը երաշխաւորուած չէ։
«Այսօր մենք տեսնում ենք գլուխ բարձրացնող անցեալը, եւ մենք տեսնում ենք ոչ մի կերպ դիրքերը զիջել չցանկացող ներկան։ Երկուսն էլ ճանկերով պինդ բռնել են Հայաստանը, բայց մենք ապագայ ենք ուզում տեսնել։ Մենք ուզում ենք ցատկ առաջ»։ Դաշնակցութեան կողմից առաջադրուած նախագահի թեկնածուն խոստովանում է, որ 12 տոկոսանոց տնտեսական աճ կայ, կայ նաեւ պետական ամավարկի մի քանի անգամ աւելացման փաստը, բայց արդեօ՞ք այդքան չափով էլ սկսել է լաւ ապրել ժողովուրդը։
«Ո՛»չ, յայտարարեց Վ. Յովհաննիսեանը՝ նկատելով, որ մեր ժողովուրդը միշտ անկախութիւնն ու արդարութիւնը նոյնացրել է, բայց «անկախութիւնը եկաւ, արդարութիւնը նորից չեկաւ»։ Քաղաքական գործիչը մանրամասնեց նաեւ պատճառները, իսկ դրանք հիմնականում այն կաղապարուած մենաշնորհներն են տնտեսական դաշտում, որոնք անխուսափելիօրէն սահում են դէպի քաղաքական ասպարէզ։
Իսկ եթէ մրցակցութիւն չկայ, նրա խօսքով՝ կեանքը կանգ է առնում, հետեւապէս՝ նաեւ առաջընթացը։ Նա այս գործընթացը համեմատեց խորհրդային համակարգի հետ, որը ջախջախուեց հէնց այդ պատճառով։
«Ես լուրջ վտանգ եմ տեսնում, որ մի գեղեցիկ օր մենք կարող ենք նմանուել նախկին համայնավար արեւելաեւրոպական երկրներին, որտեղ բացի իշխող Համայնավար կուսակցութիւնից՝ ունէին նաեւ մի քանի ձեւական այլ կուսակցութիւններ՝ բազմակուսակցական համակարգի պատրանք ստեղծելու համար։ «Աստուած մի՛ արասցէ, որ մեր երկիրը սկսի նմանուել այդ բնորդին, որովհետեւ այդ բնորդը տանում է դէպի լճացում», ասաց Վ. Յովհաննիսեանը։
Նա իր ելոյթում յայտարարեց, որ միայն դաշնակցական նախագահը կարող է կոտրել այդ բնորդը, քանի որ նա պատասխանատու կը լինի միայն ժողովրդին եւ ոչ մի խումբ մարդկանց, ովքեր ընտրութիւնից ընտրութիւն կաշառում, եւ յետոյ կեղեքում են ժողովրդին։ Քաղաքական գործիչը եւս մէկ անգամ յայտարարեց, որ սա խաղ չէ, ինչպէս փորձում են ներկայացնել, եւ Դաշնակցութիւնը գնում է այս պայքարին յաղթելու համար, այլ ոչ թէ իր թեկնածուին համեմատելու մնացած թեկնածուների հետ, առաւել եւս, որ համեմատելու հնարաւորութիւն էլ չկայ։
Նա յայտարարեց, որ երկու թեկնածուներից ում էլ որ ընտրի արտակարգ Գերագոյն ժողովը, այդ ընտրութիւնը ճիշդ է լինելու։
ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՈՒԱԾ ՏԱԼ
«Քանի անկեղծ խօսակցութիւն չկայ մեր հասարակութեանը յուզող խնդիրների մասին, մենք չենք կարող յաջողել։ Այդ անկեղծութիւնը ոմանց մէջ արթնանում է միայն այն ժամանակ, երբ տեսնում են, որ վտանգուած է իրենց իշխանութիւնը։
«Այսօր նախկին իշխանութիւնները նոյն անկեղծութեամբ թող խօսեն իրենց ժամանակների մասին, այլ ոչ թէ ներկայիս իշխանութիւնների մասին», այս հաստատումն էլ իր ելոյթում արեց Արմէն Ռուստամեանը։ Նա յիշեցրեց, որ բոլոր ժամանակներում, անկախ այն հանգամանքից, թէ ինչ կարգավիճակում է եղել կուսակցութիւնը, ինչ դերակատարութիւն է ունեցել քաղաքական դաշտում, միշտ անկեղծ խօսել է ժողովրդի հետ, իսկ ժողովուրդն էլ հասկացել է այդ դիրքորոշումը։
«Հէնց դրանով է պայմանաւորուած եղել իշխանափոխութիւնը։ Իսկ իշխանութեան մէջ լինելով՝ նորից անկեղծ խօսել ենք իշխանութեան չկատարած ու թերի գործերի մասին։ Մեզ յաճախ մեղադրում են, թէ իշխանութեան մէջ ենք եւ քննադատում ենք։ Բայց մենք քննադատել ենք նաեւ մեր գործունէութիւնը։ Միայն այսպէս կարող է առողջ լինել իշխանական համակարգը», ասաց Արմէն Ռուստամեանը։
Եթէ 2008ին ուզում ենք ունենալ այնպիսի իշխանութիւն, որն արդար լինի, պէտք է անկեղծ լինել։ Բանախօսի խօսքով՝ ընտրութիւնների գործընթացը ամբողջ աշխարհում հնարաւորութիւն է տալիս, որ բոլոր քաղաքական ուժերը պարզ խօսեն, հասարակութեանը զօրաշարժի ենթարկեն եւ գտնեն լաւագոյն լուծումները։
Ընտրութիւնից ընտրութիւն ժողովրդավարական երկրները նոր շունչ ստացած են դուրս գալիս, եւ նա առաջարկում է բոլոր ուժերին՝ այդ մտադրութեամբ էլ գնալ յառաջիկայ ընտրութիւններին։
Ա. Ռուստամեանն էլ իր հերթին յայտարարեց, որ այս ընտրութիւնները Հ.Յ.Դ.ի համար ինքնանպատակ չեն, Հ.Յ.Դ.ին իշխանատենչութեան եւ աթոռակռուի մէջ ոչ ոք չի կարող մեղադրել։
«Մենք միշտ կարեւորել ենք ոչ թէ ինքներս մեզ իշխանութեան բերելու խնդիրը, այլ թէ ինչ որակի իշխանութիւն պէտք է ունենանք», ասաց Ա. Ռուստամեանը՝ աւելացնելով, որ բոլոր ընտրութիւնների ժամանակ էլ Դաշնակցութիւնն առաջնորդուել է հէնց այս սկզբունքով՝ պաշտպանելով տարբեր թեկնածուների։ Նրա խօսքով՝ Հ.Յ.Դ.ն այսօր պատրաստ է կանգնել պատմութեան դատի առաջ, եւ հիմա թող բոլորը փորձեն կանգնել այդ դատի առաջ, այլ ոչ թէ փորձեն արդարանալ՝ ուրիշներին դատելով։
Քաղաքական գործիչը կանխատեսում է, որ մրցակցութիւն եթէ լինի, լաւ է, բայց եթէ որոշ ուժեր փորձեն հակաքարոզչութիւն անել, Դաշնակցութիւնը պատրաստ է արժանի հակահարուած տալ։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՊԷՏՔ Է ՏՐՈՒԷՐ ԻՆԸ ՏԱՐԻ ԱՌԱՉ
Ի՞նչ կարող են իշխանութիւնները յիշեցնել Լեւոն Տէր Պետրոսեանին՝ հանդիպման ժամանակ իրեն ուղղուած այս հարցին ի պատասխան՝ Վահան Յովհաննիսեանն ասաց. «Գնահատական տուեցին, բայց դա արուեց 9 տարի ուշացումով, իսկ եթէ դա արուէր այն ժամանակ, երբ մենք էինք պահանջում, այսօրուայ խնդիրներն այսպէս չէին լինի։
«Ու նաեւ՝ այդ քաղաքական գնահատականը տալուց յետոյ նոր իշխանութիւնը նոր պարտաւորութիւնների առաջ կը կանգնէր։ Եւ անցած տարիների ընթացքում մենք շատ աւելիին կը հասնէինք, ու մեր այսօրուայ ելոյթների բովանդակութիւնն այլ կը լինէր»։
Ա. Ռուստամեանն էլ, պատասխանելով այն հարցին, թէ ինչպէ՞ս պէտք է դիմագրաւել, օրինակ, Ահարոն Ադիբէկեանի նմանների կողմից հանրութեանը հրամցուող պատուիրուած «սոցհարցումներին», որոնք իրենց հերթին են կոտրում ժողովրդի մէջ սեփական ձայնի արժէքը, նկատեց, որ դրանք հակաքարոզչական գործիքներ են։
«Վերլուծելով դրանք՝ միշտ էլ հարց է առաջանում, թէ որքանով են արժանահաւատ դրանք։ Տարբեր անկախ սոցհարցումներ բոլորովին տարբեր արդիւնքներ են ունենում եւ հասցնում են այն բանին, որ ժողովուրդը սկսում է չվստահել դրանց», ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանում ձեւաւորուած չէ անկախ սոցհարցումների մեքանիզմը։ «Աշխարհում ում համակրում են, նա էլ ընտրւում է», պարզաբանեց Ա. Ռուստամեանը՝ աւելացնելով, որ մեզ մօտ այլ կերպ է դա մատուցւում՝ «սրան համակրում են, բայց նա չի ընտրուի»։ Սա արդէն ընտրական համակարգի անկատարութեան արդիւնք է։
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԷՏՔ Է ՆԱԽԱԳԱՀ, ՈՐԸ ԿԱԽՈՒԱԾ ՉԻ ԼԻՆԻ «ԹԱՅՖԱՅԻՑ»
Հոկտեմբերի 30ին «Կանազ»ի մշակոյթի տան դահլիճում կուսակցական ընկերների եւ համակիրների հետ Վահան Յովհաննիսեանի եւ Արմէն Ռուստամեանի հանդիպումը Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան Գերագոյն ժողովի որոշման արդիւնքում տեղի ունեցող հանդիպումներից մէկն էր:
«Իւրաքանչիւր հանդիպում գալիս է հաստատելու մեր վճռականութիւնը, որ պէտք է Դաշնակցութիւնը մինչեւ վերջ վճռականօրէն գնայ՝ յաղթելու նախագահական ընտրութիւններում, որովհետեւ Դաշնակցութիւնը վաստակել է այդ իրաւունքը թէ՛ իր պատմութեամբ, թէ՛ ազգային-ազատագրական շարժման մէջ ունեցած աւանդով, թէ՛ սկզբունքայնութեամբ, թէ՛ կարգապահութեամբ, թէ՛ իր բարոյական նկարագրով:
«Դաշնակցութիւնն այն քաղաքական ուժն է, որը յստակ պատկերացնում է բոլոր ոլորտներում իր անելիքները եւ վճռական է այդ անելիքները ի կատար ածելու, եթէ ստանայ ժողովրդի վստահութեան քուէն», հանդիպման սկզբում նշեց ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցութեան նախագահ Հրայր Կարապետեանը:
ԱՆՑԵԱԼԻՑ ՎՏԱՆԳԱՒՈՐ ԱԼԻՔ Է ԳԱԼԻՍ
Վահան Յովհաննիսեան.- 2008 թուականին, երբ փոխուելու է ՀՀ նախագահը, Դաշնակցութիւնը վճռական քայլ է կատարելու: Մենք զգում ենք, որ այն շարժիչ ուժերը, հնարաւորութիւնները, ռեսուրսները, որոնք ապահովել են 99 թուականից մինչ օրս Հայաստանի զարգացումը, այլեւս սպառուած են կամ սպառման եզրին են: Հայաստանի զարգացումը վերջին տարիներին իսկապէս ակնյայտ է:
Մենք նաեւ տեսնում ենք, սակայն, որ Հայաստանի հնարաւորութիւնները սկսում են սպառուել: Մեր երկրի համար կարեւոր է մրցակցութիւնը, բայց մենք տեսնում ենք, թէ ինչպէս Հայաստանում տնտեսական մրցակցութեան հնարաւորութիւններն օրէցօր պակասում են: Մենք ունենք պաշտօնական տուեալներ այն մասին, թէ ամէն ամիս որքան փոքր ձեռնարկութիւններ են փակւում, մարդիկ հնարաւորութիւն չունեն մրցելու հսկաների, մենաշնորհների հետ:
Այն, որ Հայաստանում գործում են մենաշնորհներ, բոլորիս համար ակնյայտ է. ում համար ակնյայտ չէ, կարող է փորձել, օրինակ, Հայաստան ներկրել շաքար, ձէթ, ալիւր կամ պենզին: Մենաշնորհներն այսօր դարձել են մեր զարգացման հիմնական խոչընդոտող տարրը: Մենաշնորհների արմատներն այսօրուայ մէջ չեն, դրանք 90ականների մէջ են: Երբ ձեւաւորւում էր նորանկախ Հայաստանի Հանրապետութիւնը, այն ժամանակուայ իշխանութիւնը, որ այսօր շատ աշխոյժ է, ձեւաւորեց այդ մենաշնորհները սեփական ուժի համար յենարան ստեղծելու նպատակով: Եւ, բնականաբար, դրանք զարգացան:
Այդ մենաշնորհը այս վերջին տարիներին դանդաղ, սահուն անցաւ քաղաքական ասպարէզ: Գուցէեւ որոշ կուսակցութիւններ Հայաստանում կարող են համակերպուել նման իրավիճակին, բայց ո՛չ երբեք Դաշնակցութիւնը: Մենք ինքնուրոյն ենք եւ մեր որոշումները ինքնուրոյն են, եւ ազատ ու անկախ ենք պահելու մեր ժողովրդին ամէն գնով:
Հայաստանին այսօր պէտք է նախագահ, որը կÿընտրուի ոչ թէ ինչ-որ թայֆայի ջանքերով, ոչ թէ ինչ-որ մի շրջանակի ջանքերով, որը ընտրութիւնից ընտրութիւն շահագործելով ժողովրդի աղքատութիւնը՝ կաշառում, խաբում, ճնշում է նրան՝ կանխորոշելով ցանկացած ընտրութեան ելք, այլ նախագահ, որը կախուած չլինի եւ ոչ մի թայֆայից, այլ պատասխանատու եւ պարտական լինի իր ընտրութեան համար միայն իրեն ընտրած ժողովրդին: Սա է պատճառը, որ Դաշնակցութիւնը ոչ միայն պէտք է մասնակցի, այլեւ պէտք է անպայման յաղթի:
Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մեր թեկնածութիւն առաջադրելը խաղ չէ. սա աւելի քան լուրջ է, եւ յաղթանակը իսկապէս հնարաւոր է:
Ի՞նչ ընտրութիւն ունի այսօր մեր ժողովուրդը: Մի կողմից բարձրանում է վտանգաւոր մի ալիք, որը գալիս է անցեալից. անցեալից, որտեղ ոչինչ չեն մոռացել, ոչինչ էլ չեն սովորել, որտեղ քննադատում են՝ մոռանալով սեփական մեղքերը: Անցեալը վերադարձնելը բացառուած է: Բայց մենք ունենք ներկայ, որը ատամներով կառչած այսօրուայ վիճակին՝ ոչ մի բան զիջել չի ուզում: Փաստօրէն, Ազգային ժողովում այսօր ձեւաւորուել է այնպիսի իշխանական մենաշնորհ, որտեղ նոյնիսկ ամենադրական փոփոխութիւնն անցկացնելը դառնում է գրեթէ անհնար:
Մենք գնում ենք ընտրութիւնների ամենայն վճռականութեամբ, գնում ենք յաղթելու, գնում ենք հանգիստ: Մենք այսօր մեր առջեւ ունենք ընտրելու հնարաւորութիւն՝ անցեալը՝ գորշ անցեալը, այսօրուայ ճղճիմ վիճակը, որ բոլոր դրական երեւոյթների հետ մէկտեղ տեղում դոփել է եւ լճացման վտանգներ ունի իր մէջ, եւ մենք ունենք ապագայ ընտրելու հնարաւորութիւն: Ապագան Դաշնակցութիւնն է:
ԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՎԱՅԵԼՈՂՆԵՐ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐԸ ԳԼԽԻ ՃԱՐՆ Է ՏԵՍՆՈՒՄ
Արմէն Ռուստամեան.- Մենք գնալով համոզւում ենք մեր պայքարի արդարութեան մէջ: Վաղուց հասունացած քաղաքական անհրաժեշտութիւն է, որ Դաշնակցութիւնը ինքնուրոյնաբար ներկայանայ եւ իր տեսակէտները ներկայացնի ժողովրդին: Մենք լուրջ մտահոգութիւն ունենք, որ նախագահական ընտրութիւններով, որով ամբողջացուելու է երկրի իշխանութիւնը, հաւասարակշռութիւնը ի չիք կը դառնայ, եթէ միահեծան իշխանութիւն ձեւաւորուի երկրում: Մենք պարտաւոր ենք հակակշռումը ապահովել իշխանութեան մէջ:
Մենք ունենք խորհրդարան, որն ունի մեծամասնութիւն, եւ, բնականաբար, այդ խորհրդարանի հետ պէտք է կարողանայ աշխատել նախագահը, որպէսզի առճակատման արդիւնքում իշխանութեան մէջ կաթուածահարութիւն չառաջանայ: Եթէ մէկը պէտք է գայ այդ տրամաբանութեամբ, որ որեւէ եզր չտեսնի համագործակցութեան, այդպիսի ճգնաժամ շատ արագ կարող է առաջանալ: Այս ծայրայեղութիւններից խուսափելու լաւագոյն ձեւը Դաշնակցութեան մասնակցութիւնն է նախագահական ընտրութիւններին:
Մենք չենք նմանւում այն ուժերին, որոնք համարում են, որ մեծածաւալ խնդիրներ չկան: Մենք այդ խնդիրները տեսնում ենք, ինչպէս ժողովուրդն է տեսնում: Կայ պետութիւն, որի ստեղծած բարօրութիւնը մի փոքր մասին է ծառայում, եւ կայ ժողովուրդ, որն իր գլխի ճարն է տեսնում: Իր գլխի ճարը տեսնելու «լաւագոյն» ձեւը արտագաղթն է, որը չի դադարել մինչեւ հիմա: Եթէ այսպէս շարունակուի, այն կարող է նոր թափ ստանալ:
Ամէն ընտրութիւն նոր յոյս է արթնացնում ժողովրդի մէջ, եւ եթէ այդ յոյսը չի արդարանում, յուսալքումը կրկնակի է լինում: Սա չի կարող մեզ չանհանգստացնել: Այդ հոգսն ունեն նաեւ մեր շարքային ընկերները: Այսօր թէ՛ անցեալները, թէ՛ ժամանակին իշխանութեան եղած, յետոյ դուրս եկածները նոյն երեւոյթները նշում են որպէս բացասական երեւոյթներ: Վիճակը փոխելու կտրուկ մեթոտներ են անհրաժեշտ:
ՀԱՐՑԵՐ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
«Ինչպէ՞ս եւ ի՞նչ ժամանակահատուածում էք կարող վերականգնել Արցախի աւերուած գիւղերը» հարցին Վահան Յովհաննիսեանը պատասխանեց, որ Դաշնակցութեան ուշադրութեան կենտրոնում միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի եւ ազատագրուած տարածքների վերականգնումը, եւ, որ աւելի կարեւոր է, վերաբնակեցումը: Ըստ նրա՝ դա կը լինի պետական ամավարկով եւ Սփիւռքի ու ողջ հայութեան ջանքերի լարումով:
Մի քանի տարի առաջ Դաշնակցութեան Բիւրոն վերաբնակեցման ծրագրով դիմել էր Սփիւռքում գործող հայկական կազմակերպութիւններին՝ համատեղ հիմնադրամ ստեղծելու համար, որն ինչինչ պատճառներով չստեղծուեց, բայց եթէ հիմնադրամը ստեղծուելու լինի ՀՀ նախագահի կողմից, Վ. Յովհաննիսեանը վստահ է, որ այն կը դառնայ հսկայական:
Ներկաներից մէկին հետաքրքրում էր, թէ Դաշնակցութիւնը վտանգ չի՞ տեսնում ընտրութիւններում միջազգային դիտորդների թուի աւելացման հետ կապուած: Վ. Յովհաննիսեանը պատասխանեց, որ փորձը ցոյց է տալիս՝ դիտորդական առաքելութիւնները կատարում են նաեւ իրենց ուղարկած երկրների որոշակի պատուէրները: Տարբեր երկրների կողմից ուղարկուած դիտորդների կարծիքները յաճախ իրար չեն համապատասխանում:
Ըստ նրա՝ «Մենք պէտք է կարողանանք ճիշդ մեքանիզմներ մշակել արդար ընտրութիւն ունենալու համար»: Դաշնակցութիւնը ունի մի քանի կարեւոր առաջարկութիւններ՝ կապուած ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների հետ, որոնք այժմ կոալիցիան չի ընդունում: «Ես շատ մեծ յոյսեր չունեմ, որ ընդունելու է, սակայն մենք մինչեւ վերջ պայքարելու ենք այն հաստատելու համար: Մեր երկրում ամենատհաճ երեւոյթը ընտրութիւնների ժամանակ նոյնիսկ ընտրակաշառքը չէ, այլ կրկնակի քուէարկութիւնը, երբ նոյն անձը քուէարկում է նոյն կամ տարբեր անձնագրերով՝ նոյն կամ տարբեր տեղամասերում, մի քանի անգամ: Սա նոյն իրավիճակն է, երբ օրէնքը՝ մի կողմ, իրական կեանքը միւս կողմ», նշեց Վ. Յովհաննիսեանը:
«Եթէ ձեր թեկնածուն ընտրուի, բանակի վերաբերեալ որեւէ փոփոխութիւն կատարուելո՞ւ է» հարցին Վ. Յովհաննիսեանը պատասխանեց, որ անպայման կատարուելու են փոփոխութիւններ, որովհետեւ դրանք վաղուց հասունացել են։ «Ժողովրդի բարեկեցութեան կտրուկ անկումը 90ականներին եւ յատկապէս առաջին կէսին բերեց նրան, որ շատերը, որ պէտք է ծնուէին այն տարիներին, կա՛մ չծնուեցին, կա՛մ ծնուեցին Հայաստանի սահմաններից դուրս: Եւ մենք բանակի համալրման լուրջ խնդիր ենք ունենալու: Ուրեմն, մենք պէտք է որակը փոխենք»:
Ներկաներից մէկն ուզում էր իմանալ Ա. Ռուստամեանի կարծիքը «մութ ու խաւարի» նախագահի ելոյթի մասին: «Մենք երբ ժամանակին պահանջում էինք, որ քաղաքական գնահատական տրուէր նախկին իշխանութիւններին՝ միայն մենք ինքներս տուեցինք: Լիարժէք գնահատական իշխանութիւնների կողմից չտրուեց, եւ հիմա Լեւոն Տէր Պետրոսեանը այդ գնահատականը տալիս է այս իշխանութիւններին՝ դեռ իշխանութեան չեկած:
«Քաղաքական գնահատականի դէպքում իշխանափոխութիւնը կը կրէր ոչ թէ ձեւական բնոյթ, այլ՝ բովանդակային», նշեց Ա. Ռուստամեանը:
Հնչեցին բազմաթիւ այլ հարցեր, յանձնուեցին նամակներ: Իսկ հանդիպման վերջում մի կին խնդրեց իրեն ընդունել Դաշնակցութեան շարքերը: