Մուտք
ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉԵԱՆ
«Արտիստ»ի առաջին իսկ տողերից, էքսպոզիցիայում (մուտք) ուրուագծւում է այն, ինչ պէտք է այնուհետեւ ծաւալուի եւ աւարտուի որպէս գեղարուեստական ամփոփ ամբողջութիւն։ Միջավայրի եւ կերպարների առաջին ուրուագծերն արդէն ակնարկում են թեման, հիմնական խնդիրը, իտէան, ֆապուլան, քոնֆլիքթը։ Աւելին, դա նաեւ արուեստագէտի, հեղինակի մուտքն է, նրա որոնումները, նրա դիրքորոշումը, նիւթի ընդգրկման ու մշակման գեղարուեստական եղանակը։ «Արտիստը» այնպիսի կերտուածք է, որ կարելի է վերլուծել պարբերութիւն առ պարբերութիւն, եւ որի զարմանալի բնական, հասարակ սկիզբն ամփոփում է կարեւոր ու անհրաժեշտ տուեալները ճիշդ այնպէս, ինչպէս սերմնահատիկի մէջ պարունակւում են կենդանի բնութեան տուեալ տեսակի բոլոր նախադրեալները։ Եւ գեղարուեստական երկն աճում, կեանք է առնում ընթերցողի աչքի առաջ՝ համաձայն իր մէջ մուծուած նախադրեալների։ Սկսենք թեքսթի ընթերցումը վերնագրից իսկ.
ԱՐՏԻՍՏԸ
«Հինգ ամիս էր ընդամէնը Օտեսայումն էի, չորրորդ անգամ փոխեցի սենեակս։ Փոքրիշատէ մեծ քաղաքում բնակուող մենակեացի համար մի առանձին հաճոյք էր ստեպ-ստեպ կացարան փոխելը։ Անցնելով մի թաղից միւսը, կարծում ես մի երկրից միւսն անցար։ Նոր հարեւանութիւն, նոր միջավայր, երբեմն այլ կենցաղով ու ոգով»։
ԱՐՏԻՍՏԸ վերնագիրը եւ յաջորդող տողերը կապուած են օրկանապէս։ Արտիստ հասկացութիւնը Շիրվանզադէի տեսական ժառանգութիւնում լայն բովանդակութիւն ունի՝ արուեստագէտ, բառիս կատարեալ իմաստով։ Իր տեղափոխութիւնների մասին նշումով հեղինակը սկսում է արուեստագէտի )արտիստի( մի էական յատկանիշից. նա կացարանները փոխում է առանձին հաճոյքով, որովհետեւ ամէն անգամ նոր միջավայր, ուսումնասիրութեան նոր նիւթ է գտնում։ Շատերի համար ոչ մի հաճելի բան չկայ նման թափառումներում, իսկ դրանք արուեստագէտի ստեղծագործական իւրատեսակ որոնումների անխուսափելի մասն են կազմում։
Երկրորդ պարբերութիւնը նոյնպէս կապուած է արտիստ հասկացութեանը. «Տանտիրուհիս իտալուհի էր… նրա ամուսինը եղել էր իտալական օփերայի յուշարար, շատ վաղուց հայրենիքից տեղափոխուած Ռուսաստան։ Մեռնելով՝ կնոջ ու միակ դստեր համար թողել էր իբրեւ ժառանգութիւն հին նոտաների մի կապոց եւ իտալացի արտիստների ծանօթութիւնը»։ Երրորդ պարբերութեան մէջ հաստատւում է առաջինի հարցադրումը. «Այդ ինձ համար նոր եւ բաւական հետաքրքրական շրջան էր։ Նա բաղկացած էր մեծ մասամբ իտալացիներից։ Կար եւ մի ռուս ուսանող ու մի հրեուհի ատամնաբոյժ, բաւական գեղեցիկ, թէեւ ոչ այնքան թարմ»։ Գրողը հարազատ տարերքի մէջ է, չի նշում, քանզի պարզ է, որ իտալացիները արտիստական աշխարհից են։ Գործող անձանց գերակշռող եւ որոշիչ մասը հայրենիքից հեռու են, սկսած հեղինակից։ Անապահով մարդիկ են հիմնականում։ Ուսանողը եւ ատամնաբոյժը շրջանը լրացնողի դեր են կատարում, այն հանելով միապաղաղութիւնից։ Ուսանողը եւ երկրորդական պարիթոն Բորելլին միակն են արտիստի հանդէպ բացասական վերաբերմունքով։ Յաջորդ պարբերութիւնը մեզ ներկայացնում է շատ կարեւոր մի կերպար, որը ճակատագրական նշանակութիւն պէտք է ունենայ. «Կենտրոնը կազմում էր տանտիրուհու դուստրը՝ շիկահեր, փղոսկրի պէս փայլուն, մաքուր ատամներով եւ գեղեցիկ աչքերով քսան տարեկան Լուիզան։ Նա երգում էր. ուներ զօրեղ ու անուշ ձայն, պատրաստւում էր բեմին նուիրուելու։ Գիտէր նուագել դաշնամուր, երաժշտութեան դասեր էր տալիս, փող ժողովում, որ գնայ Իտալիա ձայնը մշակելու»։ Շատ կարեւոր հանգամանք. նա գնում է արուեստների երկիրը, Լեւոնին չի յաջողւում։ Քսանամեայ աղջիկը չէր կարող, ի հարկէ, կենտրոն կազմել իտալացի հմուտ արտիստների շրջանում գեղարուեստի իր իմացութեամբ։ Բնական է, որ հեղինակն է նախատեսում այդ տեղը, նկատի առնելով ինչպէս նրա սպասուելիք դերը դէպքերի զարգացման մէջ, այնպէս էլ նրա դիրքը տանը, նրա բնաւորութիւնը, երիտասարդ հմայքն ու գեղեցկութիւնը. տանտիրուհու աղջիկը մարդկանց ի մի բերելու շնորհով է օժտուած։
Նա, որին նուիրուած է ստեղծագործութիւնը, յայտնւում է երկրորդ էջում. «Մօտ 16-17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դէմքով, կուրծքը փոքր-ինչ ներս ընկած։ Հագած էր մուգ-կապտագոյն գօտեւոր կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարուած էր ասրեայ խաչաձեւ ծոպերով, եւ նոյն գոյնի նեղ վարտիք։ Ձեռին բռնած էր մի կակուղ կանաչագոյն գլխարկ փետուրով զարդարուած, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ յոյն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները։ Նրա դէմքի գծերը կանոնաւոր էին ու նուրբ, աչքերն ունէին ինչ-որ մելամաղձիկ արտայայտութիւն։ Դա այն երջանիկ դէմքերից էր, որոնք հէնց առաջին հայեացքով մարդու սրտում շարժում են համակրութեան զգացում»։ Ժամանակակից ընթերցողին դժուար կը լինի միայն հագուստով որոշել արտիստի ինչ լինելը, բացառութեամբ նկարագրուող շրջանի նորաձեւութիւնը շատ լաւ իմացողների։ Ըստ երեւոյթին առաւել իւրայատուկ է նրա գլխարկը, որ կրում են թափառաշրջիկ յոյն անդրիավաճառները կամ… Արտիստը երաժշտութեան, յատկապէս իտալական օփերայի, թատրոնի պաշտամունք ունի։ Սակայն մի՞թէ թափառաշրջիկ եւ անդրիավաճառ բառերն այլ դեր չունեն, բացի առաջարկուող այլընտրանքից, երբ անծանօթի ով լինելը ճշտելուց յետոյ ենթադրութիւններից մէկը բացարձակապէս աւելորդ է դառնում։ Արտիստի գրասեղանը ծանրաբեռնուած է «զանազան էժանագին գեղարուեստական իրերով», որոնց մէջ եւ «Պեթհովէնի, Մոցարթի, Շէյքսփիրի եւ Վակների կաւեայ կիսարձանիկները»։ Ուրեմն արտիստը այդ անդրիավաճառների հետ ինչ-որ առնչութիւն ունեցել է, ոչ միայն որպէս սոսկական գնորդ։ Նա արուեստների նուիրեալ է )«- Տեսնու՞մ էք,-շշնջաց ականջիս Կաւալլարոն,-երաժշտութիւն, նկարչութիւն, պոէզիա, ոչինչ չի մոռացուած»( եւ սխալ չէ ենթադրել, որ անդրիավաճառը նրա աչքին առեւտրական չէ, որին թէկուզ գլխարկով նմանուելը վիրաւորական լինէր։ Սա ինքնին։ Աւելի ուշագրաւ է թափառաշրջիկ բառի նշանակութիւնը. ի՞նչ կապ կարող է լինել արտիստի եւ թափառաշրջիկի միջեւ։ Ի յառաջագունէ կարելի է ասել, որ դա պատմական յայտնի կապն է՝ թափառաշրջիկ երաժիշտ, պոէտ, դերասան։ Բայց արտիստը միջնադարում չէ ապրում, երբ թափառաշրջիկ արուեստագէտը փրոֆեսիոնալ էր։ Իսկ այդ պատանուն արտիստ են անուանում փրոֆեսիոնալ արտիստները, որոնց մէջ է նա զատւում իբրեւ այդպիսին եւ ոչ թէ գործից անտեղեակ մարդկանց, որոնք կարող էին չտարբերակել կեղծն ու իսկականը, միջակութիւնն ու տաղանդը։ Ի տարբերութիւն իր բախտակիցների՝ Լեւոնը կրկնակի դժբախտ է, քանզի թափառաշրջիկ արտիստի վիճակից բացի նաեւ գաղթական հայ է. Արեւմտահայաստանից նրա նախորդները ինչ-ինչ ճանապարհներով ընկել են Պեսարապիա, ապա Օտեսա։ Լեւոնն այնքան է հեռացած իր հայրենիքից, որ «տաճկերէնը հայերէն էր համարում»։ Կորցրած հայրենիքը, կորցրած լեզուն, գաղթական, թափառաշրջիկ, աղքատ ընտանիքի զաւակ, այնուամենայնիւ, միանգամից համակրանք արթնացնող «երջանիկ դէմքերից» է։ Թէ ինչով է պայմանաւորուած կենուորների ջերմ վերաբերմունքը, պարզւում է առաջին իսկ հանդիպման ժամանակ. «- Խե՜ղճ պատանի, դու սլանում ես երկինք, նա կպած է երկրին…» )Լուիզա(, «- Նա հպարտ է ինչպէս սպանական գրանդ… եւ հպարտութիւնը սազում է նրա հեզութեանը։ Սինեոր, նրա կերպարանքն ինձ միշտ յիշեցնում է իմ եղբօրը։ Տաղանդաւոր ջութակահար էր, մեռաւ քսան տարեկան հասակում թեւերիս վրայ… ով գեղարուեստասէր է, իրաւունք չունի Լեւոնին չճանաչելու։ Նա իսկական արտիստ է, այո՛, հոգով, սրտով, արիւնով, ամբողջ էութեամբ արտիստ արտիստ»։ Լեւոնը երաժշտական խոր ու հարուստ զգայնութեամբ, զգալու եւ արտայայտելու արտակարգ կարողութեամբ, բացարձակ լսողութեամբ օժտուած )նա անմիջապէս զգում է, որ տիրիժորը կէս թոն բարձր է վերցնում Կաւալլարոյին «շեղելու համար», մի բան, որ կարող են նկատել բացարձակ լսողութիւն ունեցողները(, մի խօսքով՝ բնածին, անխարդախ տաղանդ է։ Նա ընդհանրապէս բնածին մի արտակարգութիւն է՝ զգայուն, ազնաուաբարոյ, բարձր, վեհանձն, ասպետ անհատականութիւն, նրան չի կարող համակրել մանրախնդիր, չար մարդը միայն։ Նա յատուկ երաժշտական կրթութիւն ստանալու հնարաւորութիւն չի ունեցել, դրանով իսկ նրա ապագան ի սկզբանէ գրեթէ յոյս չի ներշնչում։ Իսկ Կաւալլարոյի մի դարձուածքով ընթերցողի ենթագիտակցութեան մէջ սողոսկում է տագնապը. «… մեռաւ քսան տարեկան հասակում…»։ Նա ցանկանում է վիոլոնչել նուագել սովորել, աշխատել օփերայի նուագախմբում-բաւական համեստ ցանկութիւն։ Բայց կարող էր փայլուն մենակատար դառնալ, եթէ կրթութիւն ստացած լինէր։ Մի փոքրիկ հատուածում գրողը բացայայտում է Լեւոնի կատարողական ձիրքը՝ միաժամանակ մեկնաբանելով նաեւ երաժշտութեան էութեան մի կողմը. «… լսում էի բուռն զգացմունքների վիժումը։ Վիշտ եւ բերկրութիւն, փոթորիկ ու մեղմ թախիծը խառնուել էին… Գուցէ դա կրակոտ, ասպետական ժողովրդի սրտի հրաբուխն էր, փոքր-ինչ կանոնաւորուած ինձ անյայտ մի հանճարի ստեղծագործ ուժով, բայց հետաքրքրականն ինձ համար նուագողն էր։ Կարծես նիւթեղէն պատանին չքացել էր, մնացել էր միայն նրա ստուերը… քաղցր հնչիւնների հեղեղով կլանուած նեարդերը չէին զգում աշխարհի նիւթականը։ Կարծես հոգին ամբողջովին ձուլուել էր նուագած եղանակի հետ ու սլացել հեռու մի աշխարհ՝ ընտիր հոգիների կախարդական աշխարհը»։
Այս մեկնաբանութիւնը տրւում է «Մատրիտի շրջմոլիկը» եղանակի կատարման առիթով, այլ խօսքով, սրանով փակւում է «Արտիստ»ի ամենալարուած կէտերի շղթան. թափառաշրջիկ-արտիստ-մահ )նոյնն է՝ գաղթական-գեղարուեստ-կեանք, կեանքը այստեղ իր բարձր ստեղծագործական նշանակութեամբ, որ ներառում է ամէնից առաջ արտիստիկ հոգիների ողբերգութիւնը(։ Երեք այրող կէտերը, երեք հասկացութիւնները «Արտիստ»ում անտրոհելի են։ Լեւոնի նիհար, գունատ դէմքը, փոքր-ինչ ներս ընկած կուրծքը )որ յիշեցնում է բազում պատանի տաղանդների գերեզման տարած անողոք հիւանդութիւնը՝ թոքախտը( հիւանդ վիճակի նշանն է ու կրկնւում է այլ էջերում։ Այդպէս հիւանդ են Լեւոնի բախտակիցները, նրան շրջապատող «կիսամերկ, կիսաքաղցած պատանիները»։ Բնորոշ է հետեւեալ կտորը. «- Պոնժուր, մսեօ,-լսեցի մի թոյլ թոքախտաւոր ձայն… իմ առջեւ տեսայ Չաուշենկոյին Իցկոյ Մարգուլիսի հետ»։ Ինչպէս էլ ընթանայ, գեղարուեստով ապրող այդ պատանիներին երկար եւ առողջ կեանք չի սպասւում։ Այս գիտակցութիւնն ուղեկցում է ընթերցողին սկզբից մինչեւ վերջ, ինքնին իսկ ինչ-որ չափով բնական ու համոզիչ դարձնելով Լեւոնի ինքնասպանութիւնը։ Դա նախապատրաստւում է նաեւ թափառաշրջիկ-մահ կապակցութեամբ։ Լեւոնի մօր նախազգացումը՝ թելադրուած դառն կենսափորձով, դրա ատայայտութիւններից է, նրա չափազանց գեղարուեստասէր, թատրոնական վարսաւիր ամուսինը անյոյս սիրահարւում է մի երգչուհու, որի բազում երկրպագուներից էր տեղի քաղաքագլուխ միլիոնատէրը։ Հարբեցողութիւն, գործազրկութիւն, թշուառ մահ-այս է նրա այդ սիրոյ պարգեւը։ Նա՝ «օղու եւ փողոցների անդառնալի սեփականութիւնը» )թափառաշրջիկի ճակատագիր( այլ վախճան չէր կարող ունենալ։ Մատրիտի շրջմոլիկն իր հերթին՝ «Ցուրտ գիշերները երգել է գրանդի աղջկայ լուսամուտի տակ եւ լաց եղել… նրա հայրը աղքատութիւնից մի օր կախուել է ծառից, խեղդուել»։ Թափառաշրջիկի, գեղարուեստի սիրահար աղքատի նոյն պատմութիւնը։ Նոյնը իրականութեան մէջ կրկնւում է բազում անգամ. «- Ա՜խ, բարեկամս, մի՛ յափշտակուիր այն ուսանողի պէս, որ անցեալ տարի անձնասպանութիւն գործեց երգչուհու պատճառով»։ Այս զուգադրումներով գրողը բացայայտում է ինքնասպանութեան անխուսափելիութիւնը, առաւել եւս այն դէպքում, երբ գեղարուեստասէր աղքատ շրջմոլիկի սիրտը նուիրուած է սոցիալապէս իրենց բարձր կանգնած գեղեցկուհուն։ Վերջին էջի ամենախօսուն տողն այլեւս կասկած չի թողնում աւարտի վերաբերեալ. «Թշուառ շրջմոլիկ, ո՞ւր ես դու այժմ…»։ Աւարտն այսպիսով, յայտնի է. «Լեւոնին հանել էին ջրից նաւաստիները, «Խերսոն» շոգենաւի տակից, որ երկու շաբաթ յետոյ պիտի տանէր նրան Իտալիա…»։
Վերադառնալով երկի սկզբին, նորից շեշտենք, որ այստեղ իսկ, հօր թշուառ կենսագրութեամբ հեղինակը տալիս է համառօտ, մօտաւոր ֆապուլան, այնուհետեւ ճշդելով միւս զուգադրումներով։ Լեւոնի կեանքը՝ հօր, Մատրիտի շրջմոլիկի ու նրա հօր, վերջապէս ինքնասպան ուսանողի կեանքի տարբերակն է։ Գրողն ահռելի ընդհանրացում է անում. այսպիսի կեանքից բոլոր գեղեցկասէր, բայց անապահով հոգիների ելքը մահն է, ինքնասպանութիւնը։ Ահռելի ընդհանրացում, ահռելի ճշմարտութիւն մարդկային հասարակութիւն կոչուած երեւոյթի մասին։ Սա միաժամանակ որդիների եւ հայրերի պատմութիւնն է, այսինքն՝ ժամանակներն անցնում են, իսկ ողբերգութիւնը կրկնւում է, ողբերգութիւնը շարունակւում է, ազնուաբարոյ թշուառների բախտը միեւնոյնն է։ Չլինէր այս ընդհանրացումը՝ Լեւոնի արարքը ոչնչով չէր արդարանայ – դա թերեւս զոհաբերութիւն է յանուն իտէալի հաստատման, քան թէ ինքնասպանութիւն մերժուած սիրոյ պատճառով։ Եթէ վերջինն է, ապա Լեւոնն աններելի թուլութիւն է հանդէս բերում։ Առանձին վերցրած, իր սոցիալական նախարմատներից անջատուած, ինքնասպանութիւնը կը սազէր մի մակերեսային մելոտրամայի, քան լուրջ գեղարուեստական ստեղծագործութեան։ Ի հարկէ, անկախ ամէն ինչից, հեղինակը հոգեբանօրէն, ռէալիստական համոզչականութիւն է տալիս աւարտին, մի քանի տարբերաբնոյթ յատկանշումով։ Մէկը արտիստի կատարածն է. Գիշերը մօրը տուել է «յիսուն ռուբլի եւ համբուրուել հետը… նստած է եղել գրասեղանի քով, գրել է, ջնջել, պատռել։ Առաւօտը կրկին համբուրուել է նրա հետ եւ դուրս գնացել, տանը թողնելով կիթառը, որ ամէն օր հետը տանում էր»։ Միւսը՝ նրա խնդրանքը. «Սինեորա Ստեֆանիա, մօրս սիրեցէք, նա խեղճ կին է»։ Ապա Չաուշենկոյի ասոյթը. «- Օ՜ ունայնութիւն… սէրը դէպի կինը հիւանդութիւն է… Պէտք է գտնել նրան, հէնց իսկոյն… նա տաքարիւն է»։ Սրանք եւ նման այլ կտորներ սպասուելիքի առաւելապէս արտաքին նշաններն են։ Աւելի տպաւորիչ են հոգեւոր-վերացարկուած ներթափանցումները։ Լեւոնը նայում է ծովին. «Իցկօ, երբ մտիկ եմ անում մի հեռացող շոգենաւի, ինձ թւում է, որ ես էլ նրա վրայ ուրիշների հետ գնում եմ հեռու, հեռու երկրներ…»։ Իր ռէալ ձեւի մէջ սա հեռացում է ռէալ աշխարհից դէպի անծանօթը, անյայտը, յաւերժը։ Դէպի անդրաշխա՞րհը։ Կայ վերին ոլորտներին հաղորդակցուող մի յատկանշում եւս. «… նրա աչքերը ձգտում էին դէպի լոյս… Եւ դա լինում էր մանաւանդ այն միջոցներին, երբ նրա մտքերը պղտորուած էին, նրա հոգին խռովուած էր…»։ Լոյսը «գաղտնի մագնիսական զօրութեամբ» նրան ձգում է նաեւ «Մատրիտի շրջմոլիկը» կատարելիս. նա դէպի ստեղծագործութիւն եւ մահ մեկնում է լոյսի միջով։ Տաղանդաւոր եւ փխրուն պատանիները մահով լոյս են առնում, սրբանում են։
Որոշակի-մարմնաւորից համընդհանուր ոգեկանը. մի՞թէ սա է «Արտիստ»ի ներթաքուցեալ շարժիչը։ Շիրվանզադէի ռէալիզմում նման բան դիւրին չէ պատկերացնել, առաւել եւս երեւոյթի մակերեսային ըմբռնման դէպքում։ Իսկ եթէ դա թելադրուած է պատկերման առարկայո՞վ-արտիստը եւ երաժշտութիւնը ձուլւում են, նիւթեղէնը չքանում է, հոգին սլանում հեռու՝ «ընտիր հոգիների կախարդական աշխարհը»։ Գրողը նախ հաղորդում է երաժշտական երկի տպաւորութիւնը – բուռն զգացմունքների վիժում, վիշտ եւ բերկրութիւն, փոթորիկ, թախիծ խառնուել են։ Զգացմունքային ծաւալումների ու վիճակների արտայայտումն առաւելագոյն նրբութեամբ ու անխառնութեամբ, առանց շօշափելի-առարկայական պատկերման, երաժշտութեան իւրայատկութիւնն է, շեշտուած նաեւ «Արտիստ»ում։ Ուշադրութիւնը սեւեռւում է նաեւ ապրումների շարժման, զարգացման, անկումի ու վերելքի, հակասութիւնների, հակադրութիւնների բախման վրայ, ըստ որում, ներաշխարհի պոռթկումների անսանձ ժայթքումը անցնում է էսթեթիքականի բովով, ասպետական ժողովրդի սրտի հրաբուխը «փոքր-ինչ կանոնաւորուած… հանճարի ուժով»։ Երաժշտութեան լեզուով հիւսւում է արուեստագէտ-ասպետ-շրջմոլիկի պատումը։ Երաժշտական հնչիւններն աւելի ոգեկանի, քան նիւթականի, աւելի զգացական-անշօշափելիի, քան շօշափելի-առարկայականի կալուածն են կազմում։ Բայց «Մատրիտի շրջմոլիկ»ի դառն բախտը Լեւոնի բախտն է եւ երաժշտական երկի տպաւորութիւնը արձակի լեզուով մատուցելուց բացի, տրւում է նաեւ բուն արձակային նկարագրութեամբ, ինչպէս տեսանք, ընդամէնը երեք տողով։ Առաջնային, կարեւոր բոլոր բառ-բնորոշումները )արտիստ, թափառաշրջիկ, սիրահար, ասպետ( գալիս, միահիւսոււում են Լեւոնի նկարագրում. «Այդ պատանու սիրտը ովկիանոս է…»։ Գեղարուեստի, մասնաւորաբար երաժշտութեան պատկերումը արձագանգւում է այս հոգեւոր ովկիանոսի հետ, որն անկասկած ներառում է ԱՐՏԻՍՏ երեւոյթն իր տարբեր կապակցութիւններով ու նաեւ որպէս ԲԱՐՁՐԱԿԱՐԳ մի ամբողջութիւն։ Բառ բնորոշումների շարքում, այսպիսով, կենտրոնականը՝ արտիստը, արուեստագէտն է։
Լեռ Կամսարն Ու Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը
ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍԵԱՆ
Լեռ Կամսարն իր կեանքի ընթացքում տեսել է հինգ վարչակարգ՝ սուլթանական, երիտթուրքական, ցարական, դաշնակցական եւ պոլշեւիկեան:
Անաչառ երգիծաբան լինելով՝ բնականաբար քննադատել եւ ծաղրել է բոլոր իշխանութիւնների թերութիւններն անխտիր:
Իսկ ինչպիսի՞ն էր իշխող կառավարութիւնների վերաբերմունքը առ խիստ ընդդիմադիրը:
Գաղտնիք չեն մեծ երգիծաբանի հալածանքներն ու լլկանքները պոլշեւիկների օրօք:
«Ամէն քիչ թէ շատ բարեկարգ դեղատուն յատուկ շշերի մէջ շատ խնամքով տզրուկներ է պահում հիւանդ մարդկանց կեղտոտ արիւնը քաշելու համար:
Գրականութեան մէջ «տզրուկը» երգիծաբանն է: Այո՛, մի տեսակ բարոյական տզրուկ, որ փակցնում են հիւանդներն իրենց մարմնի ուռած տեղերը, անառողջ արիւնը քաշելու համար:
Այդ «տզրուկը» հայ գրականութեան մէջ ներկայումս ինձ են համարում մեր գրական քննադատները, չգիտեմ դժբախտաբար ասեմ, թէ՝ բարեբախտաբար:
Նախկին քաղաքական կուսակցութիւնները շատ սիրով էին հիւրընկալում ինձ: Դաշնակցութիւնը ինքն իր ձեռքով էր փակցնում իր հիւանդ տեղերին ինձ, եւ ես ձեռաց առողջացնում էի նրան:
Իսկ պոլշեւիկ կառավարութիւնը տզրուկի հետ բոլորովին արանք չունի: Նա 35 թուին ինձ բռնեց եւ մեղադրելով, որ ես որպէս թէ հիւանդ արեան հետ իր առողջ արիւնն էլ եմ ծծում եւ նպատակ ունեմ մեռցնել իրեն՝ Սիպիր ուղարկեց, որ գնամ «սատկեմ»:
– Ա՜յ մարդ,- ասում եմ իմ դատաւորին,- ինչո՞ւ էք ինձ զրպարտում, ձեր մարմնի մէջ մաքուր արիւն ե՞րբ է գոյութիւն ունեցել, որ ես ծծեմ. ձեր ունեցածը միայն ոճրագործի կեղտոտ արիւն է եղել եւ այնքան շատ, որ աշխարհի բոլոր տզրուկներն էլ եթէ ծծեն, երբեք չի վերջանայ:
– Չէ՛, ասում է,- դու այդպէս ես. քեզ պիտի աքսորենք, եւ աքսորեցին:
Ո՜վ աստուածային դատաստան… ինձ աքսորեցին 1936ի աշնանը՝ 37ին մէկ էլ տեսանք պոլշեւիկեան կառավարութեան մարմինը ուռաւ, թարախակալեց, ու ազգաբնակչութիւնը բխկբխկալէն սկսեց դէպի «հեռաւոր հիւսիս» հոսել կամ տեղն ու տեղը գնդակահարուել:
Հաւանաբար վէրքը ուղեղին էր հասել:
***
Էդ էր ու էդ: Ինձ աքսորելու տարուանից լաւ օր չի տեսել պոլշեւիկեան կառավարութիւնը: Մի օր աջ թեքման, միւս օր ձախ թեքման մէջ ընկնելով, քարշ է տալիս իր հիւանդոտ գոյութիւնը, մինչեւ կոմունիզմին հասնի ու մեռնի…»:
Հիմա դառնանք դաշնակցութեանը, տեսնենք նա ինչպէս էր կլլում երգիծանքի դառը հապը:
Երգիծաբանը բազմաթիւ մանրապատումներ ունի, ուր սուր ծաղրի ու քննադատութեան է ենթարկում Աւետիս Ահարոնեանի եւ Պօղոս Նուպարի ազգային պատուիրակութիւնների գործունէութիւնը, ծովից ծով Հայաստանի պահանջները եւ անկախ Հայաստանի վրիպումները:
«Քաղաքացիք, կը յիշէ՞ք, կամ լսած կա՞ք, որ Հայաստանը կամ այն երկիրը, ուր հիմա կÿապրինք, երբեւէ «միացեալ ու անկախ» եղած ըլլայ:
«Միացեալ եւ անկախ»՝ չէ, բայց «մոռացեալ եւ առկախ» Հայաստան մը կը յիշեմ: Այդ ասկէ մօտ 10 տարի առաջ էր: Երբ շերտ մը հող մնաց մէջտեղ… մոռացմամբ, ու հայ «կառավարութիւնը» 3 տարի շարունակ այդ շերտը ուսին ձգած ման եկաւ մեծ պետութեանց դուռներն, ոչ մէկը վրան չնայեց, այդ պատճառով ստիպուած ինքն սկսեց «կառավարել»:
Իսկ գալով Մայիսի 28 «ակտ»ին, ան ալ սապէս պատահեցաւ. 12 տաճկահայ վարժապետներ, երբ պառլամենտի առջեւէն կÿանցնէին, յանկարծ անձրեւն սկսեց ու չթրջուելու համար պառլամենտը մտան:
Ահա բոլորը:
Բայց դուք նայեցէք, թէ սա զոյգ առտնին անցքերու վրայ ի՞նչ առասպելներ է յօրիներ արտասահմանի ազգասէր մամուլը:
Մայիսի 28ին, ուր երկու դաշնակցական է գոյութիւն ունեցեր, հոն «միացեալ ու անկախ» է խաղցուեր: Իսկ մէկ դաշնակցական գտնուած երկրին մէջ ալ տեղացի մէկը հրաւիրուած է՝ տանել մէկ դերը ճիշդ այնպէս, ինչպէս Վահրամ Փափազեանը ֆրանսերէնով Օթելլօ կը խաղայ ռուս խումբերու հետ:
Մենակ այդ չէ:
Վրացեանը 500 երեսնոց պատմութիւն է գրեր այդ Հայաստանին մասին. պատմութիւն մը, որուն առջեւ կը նսեմանան, ամենայն հաւանականութեամբ, Խորենացիին ու Փաւստոս Բիւզանդին բոլոր առասպելները»:
Կամ՝
«Ի՞նչ մեծ գործ է անկախութիւն ուզելը.- դաշնակի՛ցք, ֆալա՛ն կամ ֆալանքեաս, մեզի անկախութիւն տուէք: – Պրծաւ գնաց: Ատիկա ըսելու համար պէ՞տք է քսանվեց հոգի եւ քսանվեցն ալ կնիկնին հետերնին տանին: Ինչո՞ւ, ջանմ, ինչո՞ւ: Եւ տեսէք ուզածներն ալ ինչպէս կÿուզեն:
Կÿերթան Ֆրանսիոյ դուռը կը զարնեն, թէ մեզի անկախութիւն տուր: Ֆրանսիա թէ՝ ե՞րբ,- թէ՝ դեռ մի շտապէք, նոր ենք եկեր:- Ո՞ր օրուայ համար պատրաստենք: -Ձեզի կÿիմացունենք: Ու կանանց հետ թեւանցուկ պատուիրակներդ կÿերթան ճաշարան ուտելու, կաֆէն՝ խմելու, թատրոն՝ յուզուելու, սինեմա՝ դիտելու, մուզէյ՝ հիանալու, Էյֆելի աշտարակը՝ մաքուր օդ ծծելու ու պալատը՝ պառկելու: Օ՛խ, պապամ, օխ… Բայց չկարծես մոռցան անկախութեան հարցը, ո՛չ: Ամիս մը ետք նորէն կÿերթան կառավարութեան դուռ…»
Եւ կամ՝
«Էքստերիտորիալ Հայաստանին» ծրագիրը, որ այսօր կը յղանայ Աղբալեանը Եգիպտոսին մէջ, ոչ այլ ինչ կը նշանակէ, եթէ ոչ՝
– Ամենայն տեղուանք, ուր տիար Աղբալեանը ոտք կը կոխէ, Հայաստան կը կոչուի:
Մինչդեռ սխալմամբ հայ պատմագիրներն ըսեր են, թէ Հայաստան կը կոչուի այն երկիրը, ուր ծներ է հայ ժողովուրդը…
Տեսա՞ք սխալը:
Բայց նայինք, ինչ պիտի ըլլա սա «էքստերիտորիալ Հայաստան» ըսածդ բանը:
Մենք գիտենք, որ պետութիւն մը կազմելու համար հարկաւոր է ամէնէն առաջ ինվենտար,- մինիստրներ, դեսպաններ եւ հատ մըն ալ Ահարոնեան:
Ունի՞ «էքստերիտորիալ» պետութիւն կազմող գաղութահայն այս բոլորը:
Պատասխանը դրական է:
– Ունի, այո՛, ու բան մըն ալ աւելի ունի:
«Էքստերիտորիալ Հայաստանը», օրինակ, կրնայ հաստատուիլ նաւու մը մէջ, նաւն ալ դրուի խոշոր ովկիանոսի մը վրայ, որով «ծովեծով» Հայաստանին լոզունգն աւելորդութիւն կը դառնայ: (Պայմանով սակայն, որ այս անգամ ալ «ցամաքէ-ցամաք» լոզունգը մէջտեղ չիյնա):
Սա շարժական Հայաստանը կրնայ իր կեանքն անցունել Եւրոպիոյ ամառանոցներուն մէջ ու գաստրոլներով (հիւրախաղեր) Խորհրդային Հայաստան այցելել: (Ինչպէս կÿընէ այսօր Ռոստովի օփերեթային խումբը):
Վերջապէս ի՞նչ ըսեմ. պետական այս ձեւը խիստ յարմար ձեւ մըն է:- Աղբալեանն ուր՝ Հայաստանն իր հետ»:
Ի տարբերութիւն շատ քաղաքական կուսակցութիւնների, Դաշնակցութիւնը իր դէմ գրուած բոլոր ֆելիետոներն ընդունում էր ինքնաքննադատօրէն, իսկ Լեռ Կամսարին, ով ծաղրել է նրանց բոլոր սրբութիւնները, մտերմաբար եւ սիրով:
1918թ., երբ Դրոն Լեռ Կամսարին տեսնում է Սարիղամիշի ճակատամարտի համար հաւաքագրուած մարտիկների մէջ, ասում է.
– Ա՛յ մարդ, դու էստեղ ի՞նչ գործ ունես, գնա՛ գործիդ՝ քո գործը գրելն է: Բա որ քեզ մի բան պատահի, մեզ ո՞վ պիտի ծաղրի: Եթէ դու զոհուես, մենք ազգի առաջ պարտական կը մնանք: Քո պայքարը ժողովրդի համար գրելն է, քո զէնքը՝ գրիչդ:
Դաշնակցութեան կառավարման տարիներին երգիծաբանին բազում անգամ առաջարկւում էր դառնալ պառլամենտի անդամ, որը սակայն մերժւում էր:
Բայց արի ու տես, որ Լեռ Կամսարը հետեւողականօրէն շարունակում էր թերութիւններ փնտռել իր բարերարների գործունէութեան մէջ:
«Ես կանգնած եմ Պոլշեւիկեան ու Դաշնակցական կուսակցութիւններէն հաւասար հեռաւորութեան վրայ: Իմ գրուածքներէն մեծ մասը Դաշնակցութիւնը կը ծաղրէ. սակայն ոչ անոր համար, ի հարկէ, որ պոլշեւիկները պակասութիւն չունեն, այլ որովհետեւ վերջինս առայժմս պակասութիւն չÿուզեր ունենալ… հրապարակուած:
Ես իմ գրական գործունէութեան ողջ տեւողութեանը Դաշնակցութեան հասցէին անուշ խօսք մը ըսած չունիմ. բայց Դաշնակցութիւնը մէկ ժամուայ մէջ ինձ պաշտօն տուաւ. բան մը, որ կոմկուսակցութիւնը վեց տարուայ մէջ չկրցաւ ընել: Դաշնակցութիւնը հարիւրաւորներ իր կուսակցութենեն դուրս թողուց եւ ինձ պաշտօն տուաւ. կոմկուսակցութիւնը կը սպասէ, որ իր վերջին պիոները պաշտօնի անցնի՝ նոր աւելցուկը տայ ինձ:
Աշխարհիս սկզբէն չի պատահած, որ ճշմատութիւնը որեւէ կուսակցութեան քովն ըլլայ ամբողջովին:
Եթէ հակառակը պնդէք, ըսելով, թէ ճշմարտութիւնը պոլշեւիկներու քովն է, պիտի հարցունեմ.
– Պոլշեւիկներեն առաջ ճշմարտութիւն չկա՞ր այս աշխարհիս մէջ:
Ճշմարտութիւնը ես միշտ երկու կուսակցութեանց մէջտեղն եմ փնտռած ու միշտ ալ գտած»:
Ստալինեան ճամբարներից վերադառնալուց յետոյ, երբ Խորհրդային Հայաստանի բոլոր խմբագրութիւնների եւ հրատարակչութիւնների դռները փակուել էին Լեռ Կամսարի առջեւ, եւ նա փաստօրէն դատապարտուել էր դանդաղ մոռացութեան, արտերկրի դաշնակցական մամուլը հրատարակում եւ վերահրատարակում էր իր «ապերախտ որդու» շատ գործեր: Եւ որպէսզի երգիծաբանի գրական արխիւը ոչնչացումից փրկուի (քանզի Չեկան մի քանի անգամ բռնագրաւել էր այն), Հ.Յ.Դ.ն սկսեց բանակցութիւններ վարել գրողի հետ՝ գրական ժառանգութիւնը արտասահման տեղափոխելու եւ հրատարակելու համար: Այդ կապակցութեամբ հեռաւոր Պոսթընից Հայաստան ժամանեց յայտնի լրագրող Սիմէոն Կիւլոն: Բայց դէ սովետների գաղտնի ծառայութիւնները հօ քնած չէին: Տարաբախտ լրագրողը անսպասելի «յանկարծամահ» եղաւ «Արմենիա» հիւրանոցի իր համարում…
1965թ. Նոյեմբերի 22ին, երբ դադարեց բաբախել տանջահար երգիծաբանի սիրտը, միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հեռաւոր Ամերիկայում մատուցեց արժանին իր ազգի արժանաւոր զաւակին՝ հոգեհանգիստ կատարելով հայկական եկեղեցում:
Մայր հայրենիքում իշխանութիւնները նոյնիսկ չնկատեցին այդ կորուստը, իսկ մահացել էլ Մեծ երգիծաբան…
* Ծանօթ.- Այս հատուածը նախապէս տպագրուած է «Ասպարէզ»ի Շաբաթ, 19 Մայիս 2007 թիւին մէջ: Շարքին ամբողջութիւնը չխանգարելու համար, կրկին կը հրատարակենք զայն:
Հայ իրականութեան մէջ Դաշնակցութիւնը եղել է այն, ինչ Մամիկոնեան նախարարութիւնը հնում:
Այսինքն:
Երբ հայ ազգը իր ամէն տեսակ նեղութեան մէջ օգնութեան է կանչել, անմիջապէս իր սուրն առած նրան օգնութեան է փութացել՝ չխնայելով իր կեանքը:
Նրանք, ովքեր իրենց ոխերիմ թշնամիներ են համարում դաշնակցութեանը, մոռանում են, որ իրենք միաժամանակ թշնամի են համարում նաեւ հայ ժողովրդին: Որովհետեւ դաշնակցութիւնը հայութիւնն է իր անխախտ համոզմունքով… (*)
Լեռ Կամսար
Խօսք Երախտիքի
ԽՄԲ.- »Ասպարէզ«ի գրական էջը՝ »Կանթեղ«ը բոլորեց իր երրորդ տարին: Իւրաքանչիւր ամսուան վերջընթեր Շաբաթ օրուան թիւին մէջ, միջին հաշուով չորս էջ յատկացուած է զուտ գրական-գեղարուեստական նիւթերու, ստեղծագործ աշխատանք ըլլան ատոնք կամ քննարկումներ:
»Ասպարէզ«ի գրական էջը իրականութիւն դարձած է շնորհիւ զօրակցութեան մը, որ կը բխի քալիֆորնիահայ գաղութին մէջ գրական լուրջ մթնոլորտ ստեղծելու ներքին տրամաբանութենէն:
Առ այս, երախտիքի ջերմ խօսք կÿուղղենք Հ.Յ.Դ. Մոնթէպելլոյի »Դրօ« կոմիտէութեան, որ երկրորդ տարին ըլլալով կը հովանաւորէ »Կանթեղ«ի հրատարակութիւնը: Բարացուցական երեւոյթ մը արդարեւ, ինչպէս նաեւ փայլուն օրինակ մը եւս Հ.Յ.Դաշնակցութիւնը յատկանշող այն գուրգուրանքին, որ ան տածած է հայ գիր-գրականութեան ու մշակոյթին նկատմամբ: