«Մեր թեկնածուները այն քաղաքական գործիչներն են, որոնց կեանքի վերջին 17-18 տարիները անբաժան են մեր երկրի հասարակական-քաղաքական զարգացումներից, մարդիկ, ովքեր անմնացորդ նուիրուել են Հայաստանի երրորդ Հանրապետութեան կայացմանը, մեր երկրում ժողովրդավարութեան հիմնադրմանը եւ մեր ազգային-ազատագրական պայքարին։ Ճիշդ այնպէս, ինչպէս Հ.Յ.Դ.ի 117 տարիները անբաժան են հայ ժողովրդի ճակատագրից:
«Նրանցից ով էլ ընտրուի նախագահ՝ յաղթելու է հայ ժողովուրդը», Նոյեմբերի 15ին Աշտարակ քաղաքի թատրոնի շէնքում կուսակցական ընկերների եւ համակիրների հետ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Յովհաննիսեանի եւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանի հանդիպման ժամանակ նշեց ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանը:
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ակնյայտ է, որ մեր ժողովուրդը այսօրուայ մեր վիճակից ամբողջութեամբ գոհ լինել չի կարող: Դիմումների այն քանակը, որ մենք ստանում ենք Ազգային ժողովում, ինչպէս եւ կառավարութիւնում, ցոյց է տալիս, որ այսօրուայ վիճակը մեր ժողովրդին չի բաւարարում:
Այնքան չի բաւարարում, որ այսօրուայ վիճակը ներկայացնող իշխանութեան թեկնածուի նկատմամբ ամբողջական հաւատ չի կարող լինել, եւ բնական է, որ իշխանութեան կողմից ներկայացուած թեկնածուն ամբողջական վստահութիւն շատ դժուար կարող է շահել: Վերջին ինը տարուայ ընթացքում Հայաստանը իսկապէս ապրել է որոշակի զարգացում, երկիրը սկսել է կամաց-կամաց շնչել:
Այս վիճակը բացառում է մեր ժողովրդի կողմից նաեւ երէկուայ օրը ընտրելու հնարաւորութիւնը: Փաստօրէն, այսօր բեմում կանգնած են երկու հնարաւորութիւն՝ այսօրուայ օրը ընտրել, որը ճիշդ չէ, եւ ընտրել երէկուայ օրը՝ հհշական անցեալը, որն ընդհանրապէս բացառուած է անել եւ ուղղակի անթոյլատրելի է: Ինչ վերաբերում է անցեալին, դուք շատ լաւ յիշում էք այն ժամանակաշրջանը, որից հազիւ կարողացել ենք ձերբազատուել:
Կայ նաեւ վաղուայ օրը, որը Դաշնակցութիւնն է: Վաղուայ յոյսը կապուած է Դաշնակցութեան հետ: Մենք յիշում ենք, երբ ՀՀՇի իշխանութեան ժամանակահատուածում Հայաստանն ուղղակի ոչինչ չէր արտադրում, եւ ամէն ինչ բերւում էր դրսից: Հիմա, երբ Հայաստանը սկսել է արտադրել, մենք ուղղակի կարողանում ենք ապահովել զարգացում, բայց այն սահմանափակ է, որովհետեւ ՀՀ շուկան ինքը սահմանափակ է:
Հետագայ զարգացումը կարելի է ապահովել միայն արդար եւ ազատ մրցակցութեամբ: Հայաստանի տնտեսութեան մէջ առաջացել են մենաշնորհներ, միջին եւ փոքր պիզնէսի հնարաւորութիւնները սահմանափակ են: Մենաշնորհներն առաջանում են, որովհետեւ նրանց տէրերն ունեն պետական առանձին ատեանների հովանաւորութիւնը՝ մաքսային, հարկային, ուժային ոլորտ, ինչը մեր առօրեայում կոչւում է «տանիք»:
Օգտագործելով ՀՀ անկատար օրէնսդրութիւնը՝ նրանք կարողանում են աշխուժանալ: Հայերը կարողանում են դրսում ազատ մրցակցել, որի համար էլ դրսում աղքատ հայեր չունենք. գուցէեւ հարուստ չեն, բայց ամուր ոտքերի վրայ կանգնած են: Հիմնական տեղը, որտեղ հայ մարդը ազատ մրցելու հնարաւորութիւն չունի, դա, ցաւօք սրտի, մեր հայրենիքն է:
Բայց ամենավտանգաւորն այն է, որ այդ տնտեսական մենաշնորհներն անցնում են քաղաքական ասպարէզ: Այս վտանգը չէզոքացնելու համար մենք պէտք է ընտրենք Դաշնակցութեան թեկնածուին, ով էլ այդ թեկնածուն լինի այստեղ նստածներիցս:
Դաշնակցութիւնն այն ուժն է, որ բոլոր այս վտանգները կարող է չէզոքացնել:
ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅՍ ԿՇՌՈՅԹԸ՝
ԿՈՒՏԱԿՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Ցանկացած քաղաքական ուժ ընտրութիւններին ներկայանում է ծրագրով, որը լիակատար կարող է իրականացնել միայն այն դէպքում, եթէ ունենայ ամբողջական իշխանութիւն: Եւ ծրագրերն իրականացնում է այնքանով, ինչ տոկոսով ներկայութիւն ունի իշխանութիւնում: Բնական է, որ մեր ամբողջ ծրագրերը 16 հոգով չենք կարող իրականացնել: Դրա համար պէտք են նոր հնարաւորութիւններ:
Մենք համոզուած ենք, որ առանց շեշտակի փոփոխութիւններ մտցնելու՝ մենք երկրի զարգացման այս կշռոյթներն ենք պահպանելու, ինչը չի կարող բաւարար լինել մեր երկիրը հզօրացնելու եւ այն մարտահրաւէրները, որոնք այսօր Հայաստանի առաջ կանգնած են, յաղթահարելու համար: Մենք դրանում համոզուած ենք: Նոյն կշռոյթների զարգացմամբ մենք կուտակում ենք խնդիրներ, որոնք չեն լուծւում: Պետութիւնը զարգացնելով՝ պէտք է խնդիրները լուծենք, որ վստահութիւն առաջանայ ժողովրդի մէջ:
Դրանով կը խթանենք նաեւ հայրենադարձութիւնը: Պէտք է կազմակերպել աշխարհով մէկ սփռուած հայութեանը: Դա կարող է անել այն ուժը, որը ողջ հայութեան մէջ ներկայ է: Մենք, ներկայ լինելով հայութեան մէջ, տեղեակ ենք նրա առջեւ կանգնած խնդիրներին, պատկերացնում ենք դրանց լուծման եւ հայութիւնը կազմակերպելու լիարժէք հնարաւորութիւնները:
Սակայն տեսնում ենք, որ պետութիւնը պէտք է ձեւակերպի այն խնդիրները, որոնք վեր են կուսակցական խնդիրներից, վեր են անձնական, խմբային շահերից, համազգային, համապետական բնոյթի են:
Այդ խնդիրների շուրջ պետութիւնը պէտք է միաւորի հայութեանը եւ ստեղծի յոյս, հաւատ, վստահութիւն, որ այսօր կայ մէկ հայրենիք, որը ողջ խնդիրները լուծելու լաւագոյն եղանակներն է մատնանշում: Այդ դէպքում ոչ ոք չի մտածի, որ օգնելով Հայաստանին՝ այդ օգնութիւնը կը գնայ մի խմբի գրպանը, որ օգնելով Հայաստանին՝ ուժ են տուել մաֆիոզ խմբակի ծաղկմանը:
Այդ հաւատը պէտք է վերականգնենք մեր ժողովրդի մէջ: Ժողովրդի հաւատը վերականգնելու հրամայականի առաջ ենք կանգնած: Տնտեսական աճը եւ միւս խնդիրները տեսնում ենք, բայց տեսնում ենք նաեւ այն չօգտագործած հնարաւորութիւնները, որոնք մեծ շռայլութիւն են հայութեան համար: Ովքեր խօսում են այսօրուայ վիճակի մասին, հնարաւորութիւն ունեցել են արատները փոխելու, բայց չեն փոխել:
Ժողովուրդը պէտք է գիտակցի, որ միայն իր աշխուժութեամբ է հնարաւոր խնդիրները լուծել: Ընտրութիւնը համեմատութիւն է այսօրուայ բոլոր քաղաքական ուժերի միջեւ: Համեմատութեան դէպքում եւս Դաշնակցութիւնը յաղթելու է: