ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Այսօր Դաշնակցութեան այս դերակատարութեամբ հրապարակ գալը ուղղակի պահանջուած էր մեր հասարակութեան կողմից. հանդիպումներն էլ են դա ցոյց տալիս: Ես չեմ ասում՝ մեր ընկերների կողմից է պահանջուած, որովհետեւ մեր ընկերները միաձայն են այս որոշումն ընդունել:
Չի եղել մի տեղ, որ հանդիպենք եւ կասկածանք յայտնուի՝ ճի՞շդ ենք անում, որ մեր սեփական թեկնածուով ենք հանդէս գալիս: Դա արդէն իսկ նշանակում է, որ մենք գործում ենք վստահումով: Դաշնակցութեան որոշումները չեն մնացել թղթի վրայ, կեանքի են կոչուել, որովհետեւ կեանքի կոչելու թիմ կայ, կեանքի կոչողներ, զինակիցներ կան եւ հաւատով են այն իրականացնում:
Դաշնակցութեան կայացրած այս որոշումն էլ անբեկանելի է եւ պէտք է իրագործուի: Մենք պարտաւորուած ենք մեզ ձայն տուած շուրջ երկու հարիւր հազար ընտրողների առաջ այս քայլն անելու: Դաշնակցութիւնն ունի իր նկարագիրը, որը մենք պէտք է պահպանենք: Դա այն նկարագիրն է, որ մենք երբեք չենք կատարել մի քայլ, որով վտանգենք մեր երկրի զարգացումը:
Մենք միշտ փորձել ենք մեր մասնակցութեամբ այդ ձեռքբերումները բազմապատկել, աւելացնել դրականը, ինչին մեր ժողովուրդը սպասում է: Այդ գործընթացն այսօր չի յաջողուել Հայաստանում ամբողջութեամբ իրականացնել, որովհետեւ իշխանափոխութիւնը կատարուել է կիսատ-պռատ, կամ ուղղակի աթոռակռուի է վերածուել այդ գործընթացը:
Այսօր Դաշնակցութեան հիմնական նպատակը, որից չենք շեղուելու, նախագահական ընտրութիւններից որպէս աւելի հզօր պետութիւն, որպէս միասնական եւ հաշտ ժողովուրդ, մեր ներուժը կուտակած դուրս գալն է:
Դժբախտաբար, մինչ օրս չի կատարւում հէնց սահմանադրութեան առաջին յօդուածը, որով նշուած է՝ իշխանութիւնը պատկանում է ժողովրդին: Պէտք է ամէն իշխանութիւն այդ խնդիրը լուծի, որ երկրում իշխանութեան տէրը միշտ ժողովուրդը մնայ, այլ ոչ թէ ինքը՝ իշխանութիւնը իւրացնի, իր համար օգտագործի եւ ժողովրդին օտարի իշխանութիւնից:
Ժողովուրդը պէտք է ինքը իր ձայնով կերտի իր ուզած իշխանութիւնը, եւ այդ պարագայում այնպիսի իշխանութիւն կը լինի, որը չի կարող չունենալ որակ, պարտաւորութիւն եւ պատասխանատուութիւն, որ երկիրը հզօրացնի, որ ցանկացած օրհասական պահին ժողովուրդը համախմբուի այդ իշխանութեան կոչով: Այդ որակի երկիր չունենալու դէպքում մենք չենք կարող խօսել հզօր երկիր ունենալու մասին:
Ինքնանպատակ իշխանափոխութիւնը վտանգ է պարունակում, մենք այն մերժել եւ մերժում ենք: Իշխանութիւնը ձեռք բերելուց յետոյ էլ ժողովրդին պէտք է հնարաւորութիւն տալ իր ճակատագիրը իր ձեռքով կերտել, իշխանութեան սխալներն ասել հէնց իշխանութեան երեսին, որ վերջինս դրանք շտկի: Այդպէս կարելի է միասնաբար շարժուել առաջ:
Մենք մերժում ենք նաեւ ինքնանպատակ իշխանապահպանումը, երբ մարդիկ գալիս են իշխանութեան եւ, խոստումները կատարելու փոխարէն, զբաղւում են իրենց հիմքերը պահպանելու երաշխիքներ ստեղծելով: Առաջին հերթին այդ մեքանիզմներն են ամրապնդում, որպէսզի իշխանութեան վերարտադրութիւնը դառնայ յարափոփոխ ընթացք: Ամբողջատիրութեան հոտ է փչում դրանից, ինչից մենք միշտ խուսափել ենք: Լուծումը հէնց այն է, որ մենք պէտք է մեր ձայնը տանք այնպիսի ուժի, որը երաշխաւորելու է ժողովրդի կեանքում փոփոխութիւններ, ոչ թէ իր կեանքում: Այդ երաշխիքների համար է Դաշնակցութիւնը մտել ընտրական գործընթացի մէջ:
Մենք այդ երաշխիքները տալու ենք: Մենք ճիշդ նշելու ենք այս երկրի ձեռքբերումները եւ բացթողումները, պատճառը, թէ ինչու այս արատները չեն վերանում: Սա ճիշդ ծրագիր է, եւ իրականացման ամէն փուլում օր օրի կ’երեւայ երկրի բարեփոխումը: Ամենակարեւորը՝ պէտք է հաւատալ, որ ծրագիր իրականացնողները հաւատարիմ են իրենց ասածին: Մենք ոչ թէ պէտք է հաւատանք խօսքերին, այլ խօսքն ու գործը համեմատենք: 20 տարուայ ժամանակաշրջանը, որը մեր աչքի առաջ է եղել, հերիք է՝ գնահատելու այս կամ այն գործչին եւ ուժին: Գնահատելիս մենք կը տեսնենք, որ Դաշնակցութեան գալը անհրաժեշտութիւն է եւ հասունացած է:
Նախագահական ընտրութիւնների պայքարը պէտք է լինի յանուն մեր ժողովրդի խնդիրները լուծելու, պէտք է չլինի ինքնաոչնչացնող: Բաժանուած ձայները պէտք է ընտրութիւններից յետոյ միանան՝ յանուն մեր ժողովրդի ընդհանուր նպատակի: Պէտք է թոյլ չտալ, որ ինքնանպատակ իշխանապահպանութիւն լինի՝ չարաշահելով կայունութիւնը: Կայունութիւնը լաւ բան է, բայց այն պէտք է նպաստաւոր դաշտ ստեղծի երկրի զարգացման համար:
Կայունութիւնը բոլորի ձեռքբերումն է, եւ դրա պտուղները պէտք է բոլորը վայելեն, եւ ոչ թէ միայն իշխանութիւնը: Պէտք է այնպիսի իշխանութիւն, որը քաղաքական կայունութիւնը չի օգտագործում իր դիրքերը պահպանելու համար: Մենք այս ծրագրով ենք մտնում պայքարի մէջ: Նախագահական ընտրութիւններից պէտք է դուրս գանք ձեռքբերումներով:
2008 թուականը ընտրութիւնների տարի է Հայաստանում, Ատրպէյճանում եւ Վրաստանում, ու մենք պէտք է կարողանանք դրականօրէն տարբերուել մեր հարեւաններից եւ որպէս ժողովրդավարական երկիր առաջ անցնել: Դրանից յետոյ մեր հնարաւորութիւնները, անվտանգութիւնը բազմապատկուելու են, եւ ունենալու ենք բոլորովին այլ մակարդակ: Այս հնարաւորութիւնը պէտք չէ կորցնել:
«ԱՅՆՔԱՆ ՄԻԱՄԻՏ ՉԵՄ, ՈՐ ՀԱՒԱՏԱՄ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ԿԸ ՎԵՐԱՆԱՆ»
Հարցեր Արմէն Ռուստամեանին.-
«Ինչպէ՞ս է հնարաւոր կեղծիքների դէմն առնել» հարցին Ա. Ռուստամեանը պատասխանեց, որ ընտրական համակարգի անկատարութեան հետեւանքով նախապէս կանխորոշուած արդիւնքի հնարաւոր է հասնել: Դաշնակցութիւնը օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթ էր ներկայացրել՝ հաշուի առնելով խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները:
Վերջինից ելնելով՝ Դաշնակցութիւնը յայտարարում է, որ ընտրութիւնների արդիւնքները աղաւաղուած են, քաղաքական ուժերի ձայները չեն համապատասխանում իրական պատկերին:
«Եթէ համապատասխանէին, նշանակում է՝ ժողովրդի 80 տոկոսը պէտք է համակրեր իշխանութիւններին: Մենք կ’ուզենայինք ունենալ այդպիսի իշխանութիւն: Բայց այդպէս չէ:
Դժբախտաբար, կիրառուել է կրկնական, բազմակի քուէարկութիւնների արատաւոր տեխնիկան: Մի հոգու մի քանի անգամ քուէարկութեան արդիւնքում 20 տոկոս համակրանքը հասնում է 60 տոկոսի», նշեց Արմէն Ռուստամեանը՝ աւելացնելով, Դաշնակցութեան ներայացրած փաթեթից մի կէտն է ամրագրուել օրէնսգրքում՝ ընտրողի անձնագրում կնիք դնել քուէարկութեան ընթացքում: Այս դրոյթն էլ անցել է երկարատեւ քննարկումներից յետոյ, երբ հարց դրուեց, որ եթէ դա չի ընդունւում, ուրեմն ընտրութիւնների արդիւնքները նախապէս կասկածի տակ են:
Ա. Ռուստամեայնի խօսքերով, հէնց այս դրոյթի ընդունման պատճառով Դաշնակցութիւնը կողմ քուէարկեց ընտրական օրէնսգրքին: Սակայն, ըստ նրա, ոչ մի գեղեցիկ օրէնք չի կարող կեղծիքների դէմն առնել, եթէ խորհրդարանական ընտրութիւնների նման՝ յանձնաժողովականները ծախուեն. «Մենք մեր մասով կարողանում ենք ապահովել, բայց միւսները պէտք է ունենան մարդիկ, որոնք չեն ծախուի:
«Վերահսկման համար աւելի լայն ճակատ պէտք է ստեղծենք: Այս առումով պատրաստ ենք համագործակցութեան: Մենք քաղաքական ուժերի կողմից միասնական վերահսկման մեքանիզմ ստեղծելու կոչ ենք արել եւ դարձեալ կոչ ենք անում: Ես այնքան միամիտ չեմ, որ ասեմ՝ կեղծիքները կը վերանան: Բայց խօսքը չափերի մասին է»:
«Ժողովուրդը չի գիտակցում, որովհետեւ 1000 դրամն էլ կարեւոր է իր համար: Ուզում է գոնէ այդքան փող պոկել». ներկաներից մէկի տեսակէտին ի պատասխան՝ Ա. Ռուստամեանը նշեց, որ ժողովուրդն ինքը պէտք է հասկանայ, որ այս խօսքերը իրեն են վերաբերում, մէկ օրուայ համար չարժէ ապագան վաճառքի դնել:
Ներկաներից մէկի հարցին, թէ Դաշնակցութեան քայլերը արդեօ՞ք դանդաղ չեն, Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչը պատասխանեց, որ Դաշնակցութեանը շատ են մեղադրել այս ընթացքում կրաւորական լինելու համար: Բայց այդպէս չէ: «Այն կշռոյթները, որով Դաշնակցութիւնն իր առջեւ դրուած խնդիրները լուծել է, առարկայական դժուարութիւններով են պայմանաւորուած եղել:
«Շատ բան չես կարող անել՝ ինչպէս դու ես մտածում: Բայց իրար հետ համախմբուելով՝ եթէ Փետրուարի 19ին ժողովուրդը մեզ իրական վստահութիւն տայ, արագ փոփոխութիւնները երաշխաւորուած կը լինեն: Ժողովրդից պահանջւում է հաւատալ, որ այսօր իր քուէարկութիւնից բան է կախուած, գնալ եւ քուէարկել, այդ ժամանակ կը տեսնէք՝ ինչ արագութեամբ կը փոխուի երկրում իրավիճակը»: