Անցած շաբաթը հարուստ էր Ատրպէյճանին առնչուող եւ հարաւային Կովկասի, նշանակում է՝ նաեւ Հայաստանի ու ԼՂՀի հետ անմիջական կապ ունեցող իրադարձութիւններով։
Հետեւելով ժամանակագրութեանը՝ սկսենք Նոյեմբերի 18-19ը Պաքւում կայացած՝ թուրքալեզու երկրների բարեկամութեան, եղբայրութեան եւ համագործակցութեան 11րդ համագումարից, որը Ատրպէյճանի դաշնակից Թուրքիայի հերթական փորձն էր՝ ղեկավարելու թուրքալեզու պետութիւններին եւ նրանց վրայ տարածելու իր ազդեցութիւնը, նրանց քաղաքականութիւնն ուղղորդելու Անգարային յարմար հունով։ Դրանցից մէկը ջանքերի միաւորումն է Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը հակադրելու եւ ատրպեճանա-ղարաբաղեան հակամարտութիւնը ատրպեճանա-թուրքական սենարիոյով լուծելու գործում։
Մասնաւորապէս, համագումարում ընդունուեց յայտարարութիւն, որում խորհուրդ է տրւում Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդրի լուծումը թողնել պատմաբաններին։ Եւ ահա, Ատրպէյճանի փորձերը՝ համագումարում ընդհանուր որոշում ընդունել Ղարաբաղեան հիմնահարցի առնչութեամբ, ձախողուեցին։ Հայաստանի՝ ՀԱՊԿի գործընկերներ Ղազախստանը, Քիրկիզիստանը եւ Տաճիկիստանը, համաձայն կազմակերպութեան շրջանակներում նախապէս ձեռք բերուած պայմանաւորուածութեան, հրաժարուեցին միանալ ատրպեճանական կողմի նախաձեռնութեանը։
Ղարաբաղեան խնդրադրութիւնը արծարծուեց նաեւ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ֆրանսա կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Փարիզում Ալիեւի հանդիպումների քննարկումների հիմնական թեման, այդ թւում նաեւ Ֆրասայի նախագահ Նիքոլա Սարքոզիի եւ Total նաւթային ընկերութեան ղեկավարութեան հետ, ուժանիւթի հարցերն էին, մասնաւորապէս՝ ուժանիւթը Եւրոպա հասցնելու այլազանութեան նախագծերի հեռանկարները, որոնց իրականացման գործում Պաքուին, ինչպէս գրում են տեղի վերլուծաբանները, տրւում է գլխաւոր դերերից մէկը։ 2012 թուին ֆրանսացիները նախատեսում են ատրպեճանական կազ ստանալ, որն աստիճանաբար մօտենում է Ֆրանսայի սահմաններին. օրերս Թուրքիայի Էտիրնէի շրջանի Մերիչ գիւղում (սահմանակից է Յունաստանին) տեղի ունեցաւ հանդիսաւոր արարողութիւն՝ նուիրուած տարանցիկ կազատարի բացմանը, որով Եւրոպա պէտք է մուտք գործի ատրպեճանական Շահտենիզ հանքավայրի բնական կազը։
Արարողութեանը մասնակցեցին Թուրքիայի նախագահ Ապտալլա Կիւլը, վարչապետ Ռեճէփ Թայիփ Էրտողանը, Յունաստանի վարչապետ Կոստանդին Քարամանլիսը, Իտալիայի վարչապետ Ռոմանօ Փրոտին եւ ուրիշ բարձրաստիճան անձինք։ Այդպիսով իրականացուեց ատրպեճանական կազը հարաւային Եւրոպայի երկրներ հասցնելու առաջին փուլը։ Շահտենիզ հանքավայրից բնական կազը Եւրոպա տարանցելու մասին պայմանագիրը BOTA (Թուրքիա) եւ DEPA (Յունաստան) նաւթային ընկերութիւնների միջեւ կնքուել է դեռ 2003 թուին։ Ըստ դրա՝ Պաքու-Թիֆլիս-Էրզրում խողովակաշարով ատրպեճանական կազը Թուրքիայով պէտք է հասցուի Յունաստան։
Խողովակաշարի ընդհանուր երկարութիւնը 285 քմ. է, որից 209 քմ.ն անցնում է Թուրքիայի տարածքով։ Նախագծի ընդհանուր արժէքը 250 միլիոն եուրօ է։ Խողովակաշարը նախատեսում է եւրոպական շուկայ բնական կազի տարանցումը Կասպեան շրջանի երկրներից, առաջին փուլում՝ Ատրպէյճանից, իսկ հետագայում՝ Թիւրքմէնիստանից ու Ղազախստանից։
Մինչեւ 2012 թուի աւարտը Ադրիական ծովի յատակով նախատեսւում է անցկացնել եւս մի խողովակաշար, որը կը միացնի Յունաստանը եւ Իտալիան։ Արդիւնքում ի յայտ կը գայ հնարաւորութիւն՝ տարանցելու Կասպեան տարածաշրջանում արտահանուող բնական կազը Կենտրոնական Եւրոպա, այդ թւում՝ Ֆրանսիա։
Ի դէպ, ատրպեճանա-ֆրանսական երկկողմանի յարաբերութիւնները պաքուեցի քաղաքագէտները գնահատում են որպէս միջին. ֆրանսական դրամագլուխը վատ է ներկայացուած Ատրպէյճանում, պիզնէսմէնների համագործակցութիւնը, ինչպէս նաեւ ապրանքաշրջանառութիւնը Փարիզի եւ Պաքուի միջեւ աւելի լաւը լինելու ցանկութիւն է առաջացնում։
Այցի «հայ-ռուսական» ենթաթեքսթը «բացայայտեց» քաղաքագէտ Ռասիմ Մուսաբէկովը. «Այդ այցը բաւական կարեւոր է այն պատճառով, որ այդպիսով Ատրպէյճանը, հաշուի առնելով յարաբերութիւնները Ֆրանսայի եւ Հայաստանի միջեւ, փորձում է օգտագործել այդ երկիրը, որպէսզի Հայաստանին մղի աւելի կառուցողական դիրքորոշման։ Ինչպէս նաեւ ուշադրութեան առնելով այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանի հանդէպ ունի յատուկ ծրագրեր՝ կապուած Կովկասում իր ազդեցութիւնը վերականգնելու հետ, այն դէպքում, երբ Ֆրանսան նման շահեր չունի տարածաշրջանում»։
Այլ խօսքով՝ պաշտօնական Պաքուի ամբողջ արտաքին քաղաքականութիւնը առաջուայ պէս միտուած է առաջին հերթին միջազգային ընկերակցութեան մէջ Երեւանի հանդէպ բացասական վերաբերմունք ձեւաւորելուն՝ հասնելու համար Հայաստանի միջազգային մեկուսացմանը՝ նրա վրայ ճնշումներ գործադրելով եւ թուլացնելով հայկական պետութեան դիրքերը։
Եւ բանը ոչ միայն ու ոչ այնքան Ղարաբաղն է, որքան Պաքուի դաշնակից Անգարայի աշխարհաքաղաքական յաւակնութիւնները, որը հաւակնում է տարածաշրջանային ղեկավարի դերին։ Իսկ դրա համար առաջին հերթին թուրք-ատրպեճանական-վրացական «եռեակին» անհրաժեշտ է թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում։
Այդ առումով հարկ է դիտարկել նաեւ Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու (ԿԱԹՊ) եկաթուղագծի շինարարութեան նախագիծը, որը Ատրպէյճանը եւ Վրաստանը կը կապի Թուրքիայի հետ՝ այնուհետեւ Վոսփորի տակով ստորջրեայ երկաթուղագծով Եւրոպա դուրս գալու ելքով։
Անցած շաբաթ Մարապտայում (Վրաստան) կայացաւ ԿԱԹՊի վրացական հատուածի շինարարութեան բացման արարողութիւնը։ Դրան մասնակցեցին Վրաստանի, Ատրպէյճանի եւ Թուրքիայի նախագահները, որոնք ԿԱԹՊն կնքեցին «դարի կառոյց» անունով՝ Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթատարի նմանութեամբ։
Փորձելով քօղարկել այդ նախագծի հակահայ եւ հակառուս էութիւնը՝ Վրաստանի նախագահի ռազմավարական նախագծերի հարցերով խորհրդական Կոստանդին Քեմուլարիան յայտարարեց, թէ ԿԱԹՊն կարող է օգտակար լինել նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի համար։ «Ճիշդ յարաբերութիւններ ձեւաւորելու պարագայում այդ նախագիծը կը դառնայ օգտակար բոլորի, այդ թւում՝ Հայաստանի եւ Ռուսաստանի համար։
«Մենք աշխատում ենք նաեւ այդ ուղղութեամբ», յայտարարեց Քեմուլարիան՝ չմեկնաբանելով, սակայն, թէ ինչ է հասկանում «ճիշդ յարաբերութիւններ» ասելով։ Թէեւ առանց այդ էլ ամէն ինչ պարզ է։ Թիֆլիսն Անգարային համարում է իր ռազմավարական դաշնակիցը եւ դէմ չէ ռուսական ազդեցութիւնը տարածաշրջանում փոխարինել թուրքականով։
Ի դէպ, Նոյեմբերի 16ին Վրաստանի այն ժամանակուայ վարչապետ Զուրապ Նոկաիտելին Անգարա կատարած այցի ընթացքում յայտնեց, թէ Թուրքիան կարող է աւելի աշխոյժ միջնորդական դեր խաղալ վրաց-աբխազական հակամարտութեան կարգաւորման գործում։
ՄԱԿում վրաց-աբխազական կարգաւորման ձեւաչափը փոխելու եւ հակամարտային գօտուց ռուսական խաղաղապահներին դուրս մղելու՝ Վրաստանի ձգտման լոյսի ներքոյ Նոկաիտելիի այդ յայտարարութիւնը կարելի է դիտարկել իբրեւ Թիֆլիսի՝ այնտեղ թուրքական խաղաղապահ համակազմ տեղակայելու ցանկութիւն։
Նշենք, որ Պաքւում տարբեր մակարդակներում պարբերաբար պահանջներ են հնչում Թուրքիայի աշխուժացման մասին Ղարաբաղեան հարցում, ռուսական համանախագահութիւնը Մինսքի խմբում թուրքականով փոխելու առնչութեամբ։
Հասկանալի է, որ Պաքւում երջանիկ կը լինէին թուրքական խաղաղապահներին տեսնել Ղարաբաղեան հակամարտութեան գօտում։ Ինչ վերաբերում է Հայաստանը ԿԱԹՊին միանալու հեռանկարներին՝ Անգարայի դիրքորոշումներն արտայայտեց Թուրքիայի նախագահ Ապտալլա Կիւլը. «Ռէալ չէ նկատի ունենալ Հայաստանի մասնակցութիւնը Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղագծի ճիւղի շինարարութեան նախագծին մինչեւ Ղարաբաղեան հակամարտութեան լուծումը»։
(*) «Երկիր» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան: