Կիրակի, Նոյեմբեր 11, 2007 թուի երեկոյեան ժամը 6ին, Lanterman հանդիսասրահում, արուեստագիտուհի Աննա Չանբազեանի ղեկավարութեամբ 26 պարերի երանգների ոլորտներռվ, ներկայացուեց «Չանբազեան» ակադեմիայի տարեկան ելոյթը՝ «ՅԱՒԵՐԺԱՑՈՂ ՅՈՒՇԵՐ» խորագրի ներքոյ:
Աւելի քան 60 տարի է, ինչ «Չանբազեան» պարի դպրոցը շարունակում է յարատեւել ու ստեղծագործել՝ միշտ քայլելով օրուայ զարկով ու շունչով: Իրաւ, որ անհատի «ես»ը կերտւում է ընտանիքում: Աննա Չանբազեանի առաջին ուսուցիչը եղել է իր հայրը՝ Սարգիս Չանբազեանը: Նա Պարսկաստանում առաջիններից էր, որ հիմնադրեց դասական եւ ժողովրդական պարերի ակադեմիան: Նրա տունը իր դպրոցն էր… Տիկ. Ֆլորը, Ս. Չանբազեանի կինը եւ զաւակները՝ Ալբերթը եւ Աննան, հասակ են նետել հայելիներով շրջապատուած պարարուեստի մթնոլորտում, զարգացել, ու նրանց կենսաոճը ընթացել է պարագծով: Աննա Չանբազեանը հօր մահուանից յետոյ, Պարսկաստանից մինչեւ Ամերիկա, արհամարհելով բոլոր դժուարութիւնները, իր ակադեմիան վերածել է արուեստաբոյր մի տաքուկ տան, ուր շուրջ 120 աշակերտներ, ծնողների հետ միասին լիցքաւորւում են արուեստի շունչով: Սոյն միջոցառման խորհուրդը մեկնաբանում էր անցեալի եւ ներկայ պարուհիների կեանքի յաջողութեան գաղտնիքը՝ սկսած առաջին քայլից, մինչեւ հասուն շրջանը: «Չանբազեան» պարի դպրոցում նախ աշակերտնորը սովորում են բեմական պահուածք, կարգապահութիւն, հանդուրժողականութիւն եւ բեմ դուրս գալու համարձակութիւն: Կեանքի պարը բարդ է, պէտք է աշխատել, զարգանալ, համբերել եւ քայլել վստահ, օժտուած համապատասխան գիտելիքներով:
«ՅԻՇԱԺԱՆ ՅՈՒՇԵՐ» խորագիրը պարուհիների կեանքից քաղուած, քաղցր ու դառը յուշերից ապրած պահերի բեմականացումն էր:
Ահա բացուեց բեմը… «Ծաղիկներ» պարսկական պարը ներկայացնող 8 հոգիանոց պարմանուհիները զարդարեցին բեմահարթակը, հիացական բացականչութեամբ բեմին միացան 800 հոգիանոց լեփ լեցուն դահլիճը: Տրամադրութիւն առթող եւ հաճելի էր Նասէր Ղասէմ Ազարի ռիթմիք երաժշտութիւնը, որ այնքան մրաձուլուած էր պարագծին… Շքեղ էին տարազները, պարսկական մոթիֆներով ձեւակերպուած: Մենակատարուհի Արազ Ռաջբարը եւ պարախումբը ձեռքերի հետաքրքիր հիւսուածքների խաղերով եւ պարսկական պարը խորհրդանշող՝ կոնքերի նուրբ եւ արհեստավարժ շարժումներով, դիմախաղերի թիփիք արտայայտութեամբ մեկնաբանեցին պարսկուհու տիպարը՝ ի հարկէ առանց աժան կրքեր հրահրելու, որ դժբախտաբար այսօր ականատես ենք ամէն առիթով…: Ապա Անի Գրիգորեանը, որ «Չանբազեան» պարի դպրոցի հետ զուգընթաց աւարտել է Քալիֆորնիայի Պըրքլի համալսարանը, այժմ իբրեւ պալէի եւ հիփ-հափի պարուսոյց, դասաւանդում է իր ուսուցչուհու կողքին՝ բեմադրեց A Fairytal պարը: Հաճելի էր փոքրիկների՝ 4-5 տարեկանների ելոյթը, որ պալէի բաց մանիշակագոյն տարազով, հրեշտակների թեւերով ու խաղերով՝ ուրախութեամբ եւ քաղցրութեամբ պարուրեց մթնոլորտը: Որից յետոյ սահուն եւ խնամուած պարերի շարանով՝ մերթ մենակատարումներով ու մերթ խմբապարերով: Նրբագեղ ու համոզիչ էր Leave it all Behind դասական պարը, որ պալէի 6րդ դասարանի աշակերտները մեկնաբանեցին հմտութեամբ: Հետեւելով «Չանբազեան» ակադեմիայի հանդէսներին, տեղին է նշել, որ այս տարի պալէի 6րդ դասարանը աչքառու յառաջադիմութիւն է արձանագրել կատարողական արուեստի ոլորտներում: Հիացումով դիտեցինք The Muse խաղը, որ ներկայացնում էր Կոմիտասի «Ալ այլուխս» երաժշտութեան՝ պարամուսան… 6րդ դասարանի աղջիկները, վարդագոյն նրբաճաշակ տարազներով, կարծես մի-մի մեղեդիներ լինէին, որ մերթ իրար մօտենալով ու մերթ հեռանալով կերտում էին արուեստի սքանչելի պատկերներ: Նրանց մարմնի դիրքը, ձգուած ոտքերի ու ձեռքերի հեզաճկուն շարժումները միակերպ էին, հաւասար ու մարզուած: Տպաւորիչ էր վառվռուն ջահերով Elation հանդէսը, որ մարդուն գրաւում ու տանում էր իր հետ… սրահը ելեքտրականացած էր:
Մենակատար Անի Գրիգորեանի ելոյթը զգլխիչ էր. բեմադրութեան խորագիրը՝ կենարար նռան խորհուրդն էր, համն ու հոտը, A Tast of Pomegranate, որ մեկնաբանւում էր Սայեաթ Նովայի «Քանի վուր ջան իմ» երաժշտութեամբ: Անի Գրիգորեանը արհեստավարժ կատարումով յաջողեց դրսեւորել սիրոյ թրթռուն զգացումներն ու կեանքի խաղը. նրա բեմական պահուածքը, մարզուած մկանային համակարգը, ճկուն ու գեղեցիկ մարմինը հաւասարակշռուած շարժումներով կերտում էին դասական պարի դժուարին պտոյտներն ու թռիչքները՝ բարձրորակ թեքնիքով: Հետաքրքիր էր Squabble բեմադրութեան պարագիծը. կարմիր ու սեւ արդիական ոճով ձեւակերպուած տարազով հանդէս եկան Արսինէ Անանեանը եւ Անի Գրիգորեանը: Նրանք «ասպատակում» էին բեմը՝ իրենց այնքան արտայայտիչ դիմախաղերով եւ պարային շարժումների անթերի կատարումով:
Եզրափակելով ելոյթի խորհուրդը՝ հաճոյքով ուզում եմ շնորհաւորել պարուսոյց Աննա Չանբազեանին, որ իր շուրջ ի մի բերելով ծնողներին, միասնական ուժերով յաջողել են սերունդ դաստիարակել:
Վերջում ծնողներից եւ հին աշակերտներից կազմուած պարախումբը ներկայանալի ելոյթով զարդարեց բեմը: Որից յետոյ բեմահարթակը լցուեց 120 աշակերտների՝ պարախումբերով, սրահը ծափողջոյններով դիմաւորեց փոքրիկների մուտքը, ուր աւարտական դասարանի պարուհիները քաղցրութեամբ լցրին բեմը: Աշակերտների եւ դահլիճի բուռն ծափահարութեամբ բեմ հրաւիրուեց Աննա Չանբազեանը: Նա քաջալերանքի եւ շնորհակալական խոսքերով դրուատեց ծնողներին, աշակերտներին եւ թեքնիք աշխատանքները վարող բոլոր անձնակազմին: Ապա Անի Գէորգեանը աշակետների անունից շնորհակալութիւն յայտնեց իրենց սիրելի պարուսոյց Աննա Չանբազեանին եւ մտերմաբար ողջագուրուելով, նրան նուիրեց աշակերտութեան նուէրը:
Բացման խոսքով հանդէս եկան Ռեբեքա Օհանը անգլերէն լեզուով եւ Արամ Անանեանը՝ հայերէնով: Եւ ինչպէս իր խօսքը եզրափակեց Արամ Անանեանը, նոյն խորհուրդով էլ աւարտուեց հանդէսը…. Ճիշդ է բնորոշումը՝ աշակերտ, ծնող եւ ուսուցիչ, ձեռք-ձեռքի տուած՝ կերտեցին արուեստի սքանչելի ծաղկեփունջեր: