Յայտնի է, որ նորագոյն շրջանի թուրք գրականութիւնը գրեթէ չի անդրադարձել Հայոց Ցեղասպանութեան, իսլամացած հայերի թեմային, եւ միայն վերջին մի քանի տարիներին է, որ այդ ուղղութեամբ որոշակի շարժ կայ։ Լոյս են տեսել եւ ներկայումս էլ շարունակում են տպագրուել հիմնականում փաստագեղարուեստական բնոյթ ունեցող գրքեր՝ նուիրուած յիշեալ թեմաներին։ Ակնյայտ է նաեւ, որ այդ ստեղծագործութիւնները շատ դէպքերում պարունակում են որոշակի քաղաքական եւ քարոզչական ենթաթեքսթեր։
Գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Եալչընը առաջիններից է թուրք հեղինակներից, որ անդրադարձել է հայկական նիւթերուն, մասնաւորապէս, իսլամացած ու ծպտեալ հայերին։ Հայերէն թարգմանութեամբ լոյս է տեսել նրա՝ «Քեզնով է ուրախանում սիրտս» փաստագեղարուեստական վէպը, որն արդէն թարգմանուել է մի քանի լեզուով։ Նշենք, որ այդ գրքից յետոյ Քեմալ Եալչընը հեղինակել է եւս երկու գիրք, որոնք ունեն նոյնանման բովանդակութիւն եւ ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն վերաբերում են Հայոց Ցեղասպանութեանն ու իսլամացած հայերին։ Վերջերս մեր խնդրանքով գրողը հարցազրոյց է տուել «Հանրապետական» ամսագրին, որը ներկայացնում ենք ստորեւ։
Հ.- Պարոն Եալչըն, հայ ընթերցողները «Քեզնով է ուրախանում սիրտս» գրքի շնորհիւ արդէն ծանօթ են ձեզ։ Հետաքրքիր է իմանալ, թէ ինչո՞ւ էք ընտրել յատկապէս հայկական թեմատիկան։
Պ.- Շատ ընթերցողներ հարցնում են. «Դու հայկական ծագո՞ւմ ունես եւ դրա՞ համար ես հայերին վերաբերող գրքեր գրում»։ Այսպիսի հարցերին միշտ նոյն պատասխանն եմ տուել եւ այժմ ձեր հարցին էլ եմ նոյն պատասխանը տալիս։ Ես թուրք ծնողների, սուննի մահմետական ընտանիքի զաւակ եմ։ Ինչքան որ ես գիտեմ՝ իմ ազգ ու տակում հայ կամ էլ քրիստոնեայ, Գրիգորեան հաւատքի ազգական չունեմ։ Հայերի հետ պատահած մեծ աղէտը, Անատոլիայի յոյների ապրած աղէտը, ցաւն ուսումնասիրելու, պատմական ճշմարտութիւններն ի յայտ հանելու եւ գրելու համար բաւական է խիղճ ունենալ։ Ես նախ եւ առաջ որպէս մարդ եմ ուսումնասիրել այս թեմաներն ու գրել, գրքեր հրատարակել։ Ես նախնական, միջնակարգ եւ բարձրագոյն կրթութիւնս Թուրքիայում եմ ստացել։ Թուրքական ազգային կրթութեան սկզբունքների համաձայն գրուած պատմութեան դասագրքերն եմ կարդացել։ Ո՛չ միջնակարգ դպրոցում եւ ոչ էլ բուհում հայերի, ասորիների, յոյների եւ միւս ոչ մահմետական ժողովուրդների հետ պատահած աղէտների մասին չեմ կարդացել։ Պատմութեան դասերի ժամանակ մեզ ասւում էր. «Օսմանցիների հացը ուտող հայերը եւ յոյները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանեան կայսրութեանը թիկունքից հարուածեցին, դաւաճանեցին։ Օսմանցիներն էլ՝ իրաւացի լինելով, նրանց անհրաժեշտ պատասխանը տուեցին»։ Ոչ միայն ոչ մահմետական ժողովուրդների գոյութեան, այլեւ ալեւիների, ղըզըլպաշների, քրտերի գոյութեան մասին անգամ կարգին չգիտէինք։ Ես դպրոցներում ձեւաւորուել էի հետեւեալ գաղափարով. «Թուրքը, բացի թուրքից, ուրիշ բարեկամ չունի»։ Դպրոցական կեանքից, դասերից դուրս իմ կարդացած գրքերի շնորհիւ սկսեցի իմանալ ճշմարտութիւնները։ Համալսարանական տարիներին եւ դրանից յետոյ չնայած յարում էի ձախակողմեան շարժումներին, սակայն այս հարցերով շատ չէի հետաքրքրւում։ Մենք գոչում էինք. «Բոլոր երկրների բանուորներ եւ ճնշուող ժողովուրդներ, միացէ՛ք», Վիեթնամի, Հարաւային Ափրիկէի, Պաղեստինի, Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազատագրութեան համար գրում-կարդում էինք, բայց, օրինակ, Պոլսի Գում Գափու թաղամասի ուսանողական հանրակացարանի (ուր երկու տարի մնացել եմ) անմիջապէս կողքին ապրող հայերի գոյութեան մասին տեղեակ չէինք, յամենայնդէպս՝ ես։ Երբ 1980թ. Սեպտեմբերի 12ի զինուորական յեղաշրջումից յետոյ եկայ Գերմանիա, սկսեցի ազատուել այդ միակողմանի, սխալ գաղափարներից։ Եւ այս հարցում ինձ վրայ ամենամեծ ազդեցութիւն ունեցած մարդը Մելինէ անունով թուրքերէնի ուսուցչուհին էր, որի հետ ես ծանօթացայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ժամանակ։ Հայազգի Մելինէն մեզ՝ թուրքերէնի ուսուցիչներիս, սովորեցնում էր Գերմանիայում թուրքերեն դասաւանդելու առանձնայատկութիւնները։ Դասընթացների ընթացքում իմ եւ Մելինէի միջեւ ջերմ բարեկամութիւն ձեւաւորուեց, ես սկսեցի հետաքրքրուել Մելինէի կեանքով, նրա անցեալով։ Երբ ուսումնասիրում էի Մելինէի կեանքը, հասկացայ, որ նրա ապրած ցաւն իրականում հայերի ապրած ցաւերի միայն մի կաթիլն է։ «Քեզնով է ուրախանում սիրտս» փաստագրական վէպս 1994-2000 թթ. ընթացքում իմ արած ուսումնասիրութիւնների արդիւնքն է։ Մինչ օրս այն թարգմանուել է ութ լեզուով։ Ես կիսում եմ հայ ազգի ցաւերը եւ դրանք համարում նաեւ իմը։
Հ.- Վերջին ժամանակներում աւելի շատ է քննարկւում Թուրքիայում ապրող ծպտեալ կամ իսլամացած հայերի խնդիրը։ Ըստ ձեզ՝ սա ինչի՞ հետ է կապուած։
Պ.- Թուրքիայում վերջին 10-15 տարիներին սկսել են թապուները քանդուել։ Լոյս տեսան եւ շարունակում են տպագրուել մեծ թուով հետազօտութիւններ, վէպեր, որոնք չեն արտայայտում պաշտօնական պատմագրութեան տեսակէտները։ Ինչքան շատ է քննարկւում ինքնութեան հարցը, այնքան աւելի շատ մարդ է սկսում ուսումնասիրել, փնտռել իր արմատները, ցեղը, ինքնութիւնը։ Ֆեթհիէ Չեթինի նման մարդիկ իրենց ցեղի, ընտանիքի մասնաւոր պատմութիւնը գրեցին, հրատարակեցին։ Այս տիպի գրքերը գնալով աւելանում են։ Սակայն պետական համապատասխան կառոյցները հէնց սկզբից ի վեր հետեւել եւ հետեւում են ծպտեալ հայերին, հաւատափոխներին, իսլամացած հայերին, ասորիներին, յոյներին։ Վերջերս թերթերը գրել էին, որ 1980թ. յեղաշրջումից անմիջապէս յետոյ զինուորական խունթայի ներկայացուցիչները մի հրաման էին արձակել, որը պահանջում էր հետեւեալը. «Ձեր թաղամասի, շրջապատի հայերին, յոյներին ուսումնասիրէք եւ հսկողութեան տակ վերցրէք»։ Եւ Թուրքական պատմագիտական ընկերութեան նախագահի յայտարարութիւնը, թէ «իսլամացուած, կրօնափոխուած հայերի անունները, տուեալները անուն առ անուն յայտնի են, եւ նրանց ցուցակը ձեռքումս է», ոչ այլ ինչ է, քան պետութեան գաղտնի ծառայութիւնների՝ երկար ժամանակ կատարած աշխատանքի պաշտօնական բացայայտում։ Այս յայտարարութիւնն իրականում սպառնալիք էր ծպտեալ կամ բացայայտ հայ քաղաքացիների նկատմամբ, ովքեր ապրում են Թուրքիայում կամ էլ արտասահմանում։
Հ.- Ինչպէս յայտնի է, Եւրոպայում էլ Թուրքիայից արտագաղթած ծպտեալ եւ իսլամացած հայեր կան։ Նրանց մասին մանրամասն կարո՞ղ էք պատմել։
Պ.- Ճիշդ է, Եւրոպայում Թուրքիայից արտագաղթած իսլամացած հայեր կան, սակայն ես նրանց յստակ թիւը չգիտեմ։ Այս հարցում Գերմանիայի հայ համայնքն աւելի մանրամասն տուեալներ կարող է տալ։
Հ.- Իսկ Եւրոպայում ծպտեալ հայերը շարունակո՞ւմ են իրենց ինքնութիւնը թաքցնել։
Պ.- Իմ հետազօտութիւնների ընթացքում շատ իսլամացած, ծպտեալ հայեր կամ էլ, այսպէս կոչուած, «մերոնք» («Մերոնք»ը կամ թուրքերէն bizimkiler-ը այն անուանումն է, որով ծպտեալ հայերը կոչում են իրենք իրենց, եւ սա արւում է նաեւ անվտանգութեան նկատառումներից ելնելով (Ռ. Մ.)), որոնք ազգականներ, մերձաւորներ ունեն Թուրքիայում, պատմել են, որ նոյնիսկ Գերմանիայում նրանք ստիպուած են եղել երկար ժամանակ իրենց ինքնութիւնը թաքցնել։ Շատ հայեր դեռ վախենում են, որ Պոլսի, Անատոլիայի իրենց մերձաւորի, եղբօր, ընտանիքի հետ կարող է փորձանք պատահել։ Այս վախի պատճառով էլ նրանք լռում են, թաքցնում իրենց իրական ինքնութիւնը։ Այս վախը ոչ միայն Եւրոպայում ապրող թուրքահայերի շրջանում է տարածուած, այլեւ դեռ առկայ է նոյնիսկ հեռաւոր Արժանթինում ապրող որոշ թուրքահայերի շրջանում։
Հ.- Եւրոպայի ծպտեալ հայերն իրենց որպէս հայ համարո՞ւմ են, կա՞ն արդեօք կրօնադարձութեան դէպքեր, ներքին ամուսնութիւնները դեռ պահպանւո՞ւմ են։
Պ.- Ծպտեալ հայերի շրջանում, լինի Թուրքիայում թէ Եւրոպայում, կան քրիստոնեութեան վերադարձողներ։ Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր նոյնիսկ 40 տարեկանից յետոյ կնքուել են։ Ծպտեալ հայերի շրջանում ներկայումս էլ դեռեւս գերակշիռ թիւ են կազմում ներքին ամուսնութիւնները։
Հ.- Ինչպիսի՞ն են Եւրոպայի ծպտեալ հայերի յարաբերութիւններն այնտեղի միւս հայերի հետ։
Պ.- Ես նկատել եմ, որ Թուրքիայի հայերի եւ Հայաստանի հայերի միջեւ մտածելակերպի, քաղաքական հայեացքների, դիրքորոշման եւ կենսաձեւի տեսանկիւնից որոշ տարբերութիւններ կան։ Սակայն սրա չափերը, ընդգրկումը չեմ ուսումնասիրել եւ քննել։ Կարծում եմ, որ այս հարցերում հայկական համայնքները, կուսակցութիւնները եւ կազմակերպութիւններն աւելի շատ տեղեկութիւնների են տիրապետում։
Հ.- Որոշ թուրք գիտնականներ ծպտեալ եւ իսլամացած հայերին համարում են սպառնալիք Թուրքիայի համար։ Այս մասին ի՞նչ էք մտածում։
Պ.- Ես ընդհանրապէս չեմ կարծում, թէ բռնութեամբ, վախով կրօնը փոխած, իրական ինքնութիւնը թաքցրած մարդիկ Թուրքիայի համար սպառնալիք են։ Այն մարդը միայն, ով կարողանում է ազատօրէն պահպանել իր ինքնութիւնը, կարող է իսկապէս սիրել այն պետութիւնը, երկիրը, որտեղ նա ապրում է։ Այն հասարակութիւնում, որտեղ խաղաղութեան մշակոյթը կեանքի է կոչուել, կրօնական, լեզուական, մշակութային տարբերութիւնները վերածւում են հարստութեան աղբիւրի։ Կարճ ասած՝ մի մրգով այգի չի լինում։ Ես այս իրականութիւնը հասկացել եմ՝ ապրելով Գերմանիայում որպէս թուրք փոքրամասնութեան ներկայացուցիչ։ Եւրոպայում փոքրամասնութիւններին տրուած եւ օրէնքներով երաշխաւորուած իրաւունքները Եւրոմիութեանն անդամակցել ցանկացող Թուրքիայում էլ կարող են կեանքի կոչուել։ Ահա այդ ժամանակ Թուրքիան բոլորովին այլ Թուրքիա կարող է դառնալ։
Հ.- Մտածո՞ւմ էք, արդեօք, այս թեմայով նոր գրքեր գրել։
Պ.- Ես «Պահ տուած օժիտը» փաստագրական վէպի համար 1998թ. ստացել եմ Ապտի Իփէքճիի անուան Բարեկամութեան եւ խաղաղութեան յատուկ մրցանակ, իսկ 1999թ.՝ Թուրքիա-Յունաստան բարեկամութեան եւ խաղաղութեան մրցանակ։ Այս մրցանակներն ինձ պարտաւորեցնում են Թուրքիայում եւ աշխարհում խաղաղութեան ու բարեկամութեան զարգացման համար աւելի շատ աշխատել, աւելի շատ գրել։ Եւ վերջում ես շատ մեծ շնորհակալութիւն եմ յայտնում ձեզ՝ իմ մտքերն արտայայտելու հնարաւորութիւն տալու համար։ Օգտագործելով այս առիթը՝ սիրով եւ յարգանքով ողջունում եմ իմ հայ ընթերցողներին։