Նոյեմբերի 27ին ԱԺն անդրադարձաւ 2008թ. պետական ամավարկին, որի մի քանի դրոյթների մասին կուսակցութեան գնահատականները ներկայացրեց խմբակցութեան անդամ, ԱԺ ֆինանսաամավարկային մշտական յանձնաժողովի փոխնախագահ Արծուիկ Մինասեանը:
Նա անդրադառձաւ մի քանի հանգամանքների, որոնք անչափ կարեւոր են մեր երկրի հետագայ զարգացման համար:
Առաջինը՝ համաշխարհային մրցակցութեան տեսանկիւնից մեր երկրի, մեղմ ասած, տխուր վիճակն է. Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատման համաձայն 131 երկներից մրցակցային սանդղակում 93րդ տեղում ենք: Սա մասամբ նաեւ մաքրոտնտեսական որոշ ցուցանիշների մասով արձանագրուած ոչ համարժէք քաղաքականութեան հետեւանք է: Այս դէպքում խօսքը տնտեսութեան զարգացմանը չնպաստող տոկոսադրոյքների քաղաքականութեանն է վերաբերում, որը հնարաւորութիւն չի տուել ապահովել ֆինանսական հասանելիութեան պահանջուած մակարդակ:
Ցաւօք, նոյն կառոյցի կողմից տրուած մէկ այլ գնահատականի համաձայն մեր երկիրը վատ ցուցանիշ ունի նաեւ ապրանքների շուկաների արդիւնաւէտութեան տեսակէտից՝ յատկապէս հակամենաշնորհային քաղաքականութեան իրականացման մասով: Այստեղ 131 երկների մէջ Հայաստանը գրաւում է 130րդ տեղը: Հայաստանի մրցակցային առաւելութիւնները ընդամէնը 14են, ի տարբերութիւն շուրջ 96 թոյլ կողմերի:
Պիզնէս մրցակցութեան չափորոշիչի տեսանկիւնից վիճակը կրկին տխուր է. 108 հորիզոնական… եւ աւաղ, այստեղ նոյնպէս զիջում ենք մեր հարեւան նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններին:
Սրանք մտահոգիչ տուեալներ են եւ մենք պարտաւոր ենք ռազմավարական փաստաթղթեր մշակելիս ու գործադրելիս հաշուի առնել դրանք: Ի դէպ, վերը նշուած խնդիրներից որոշներին անդրադարձ կայ նաեւ կառավարութեան 2007-2012թ.թ. ծրագրում, մասնաւորապէս 4.3 մասում, որի 4.3.2 ենթակէտում բառացիօրէն նշւում է «… աշխարհում Հայաստանը գործարար միջավայրի որակը բնութագրող մի շարք կարեւոր ցուցանիշներով դեռեւս չի համարւում բաւականաչափ մրցունակ: Մասնաւորապէս, դա վերաբերում է վարկային ռեսուրսների մատչելիութեանը, ներդրումների պաշտպանուածութեանը, հարկերի վճարման ընթացակարգերի դիւրութեանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը եւ ստուերային տնտեսութեան ծաւալներին: Կառավարութիւնն առաջնային ուշադրութիւն կը դարձնի այդ ցուցանիշների բարելաւմանը՝ ձգտելով էականօրէն բարձրացնել երկրի մրցունակութիւնը: 2007 թուականի վերջին կառավարութիւնը միջազգայնօրէն ընդունուած բնութագրիչների հիման վրայ կը սահմանի այդ ցուցանիշների նպատակային արժէքները՝ մշակելով դրանց հասնելու յստակ ռազմավարութիւն եւ միջոցառումների ցանկ:»
Համաշխարհային եւ պիզնէս մրցունակութեան ուղղութեամբ երկրին առաւել նպաստաւոր դիրք ապահովելու համար, պետական ամավարկն, ըստ իր կոչման ունակ է իր դրական ազդեցութիւնն ունենալ, սակայն 2008թ. պետական ամավարկի նախագիծը, ըստ իմ գնահատման այս առումով աւելի շատ չէզոք ազդեցութիւն կ’ունենայ:
Յաջորդ կարեւոր խնդիրը վերաբերում է արտարժութային քաղաքականութեանը: Կրկին փաստենք. լողացող արժէքի մարտավարութւինը զուգորդուելով գնաճի զսպման Կենտրոնական դրամատան որդեգրած քաղաքականութեան հետ, չի կարող ապահովել ցանկալի արդիւնք եւ համարուել կանխատեսելի: Այն դէպքում, երբ ՀՀ ԿԴի կողմից իրականացուող դրամավարկային քաղաքականութեան կանխատեսելիութեան դրոյթը կառավարութեան ծրագրում արդարացիօրէն ձեւակերպուած է իբրեւ տնտեսական զարգացման յաջողութիւնների նախապայմաններից:
Հետեւաբար, ՀՀ ԿԴ եւ կառավարութիւնը պէտք է մշակեն համատեղ գործողութիւնների ծրագիր՝ արտարժոյթի ոչ ցանկալի տատանումները կանխելու եւ գնաճը զսպելու ուղղութեամբ՝ ներառելով նաեւ այլ պետական մարմինների:
Մէկ դիտարկում, խօսքը նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական դրամատնում մինչեւ 1993թ. ներդրուած աւանդների փոխհատուցմանն է վերաբերում: Այս մասին մեր գործընկերներից շատերը վաղուց խօսում են՝ աւանդների փոխհատուցման ծրագիրը անուանելով աւանդների վերադարձ:
Սա ճիշդ ձեւակերպում չէ, որի օգտագործումը այս պատասխանատու ամպիոնից թիւրիմացութեան մէջ է գցում հասարակութեան մի զգալի մասի: Կ’ուզենայի խնդրել մեր գործընկերներին ձեռնպահ մնալ այս ծրագիրը «աւանդների վերադարձ» անուանելուց եւ տեղեկացնել բոլորին, որ այսօր Հայաստանում, պետական ամավարկով, չի իրականացւում աւանդների վերադարձի ծրագիր: Սա աւանդների փոխհատուցման՝ ընկերային պաշտպանութեան (աջակցութեան) ոլորտի ծրագիր է:
Կրկին անդրադառնալով պետական ամավարկի վերաբերեալ Հ.Յ.Դ. խմբակցութեան գնահատականներին ասենք, որ չնայած պետական ամավարկի եկամուտների եւ ծախսերի շուրջ 30 տոկոս աւելացմամբ բնութագրուող առաջընթացին, ցուցանիշները շատ հեռու են մեր իրական հնարաւորութիւններից: Պետական ամավարկն, որը ցոյց է տալիս երկրի ընկերային, տնտեսական կեանքում եւ այլ ոլորտում պետութեան միջամտութեան աստիճանը եւ առանձին դէպքերում՝ նախանշում երկրի զարգացման տեսլականը, դեռ հեռու է զարգացող առաւելեւս զարգացած երկրին բնորոշ միջամտութեան աստիճանից:
Անչափ կարեւոր է կիրառել պետամավարկի եկամտային այլազանացուած քաղաքականութիւն, հարկային վարչարարութեան այնպիսի մեթոտներ, որոնք չյանգեցնեն տարակարծիք մեկնաբանութիւնների եւ քաղաքական շահարկումների, մանուանդ՝ համապետական ընտրութիւնների նախաշեմին:
Մեր խմբակցութեան կարծիքով, ամավարկն էական առաջընթաց է գրանցել ընկերային ծախսերի մասով՝ պետական ամավարկի ծախսերի շուջ 47 տոկոս, բայց ափսոսում ենք, որ այն տարածւում է հիմնականում կենսաթոշակների վրայ: Կարծում ենք, որ յառաջիկայում, երբ կը վերանայուեն կառավարութեան մի շարք ծրագրեր, առաջին հերթին աղքատութեան յաղթահարման ռազմավարական ծրագիրը, միւս կենսական ոլորտները եւս կը դարձնենք յատուկ հոգածութեան առարկայ:
Բարձր ենք գնահատում նաեւ այն, որ կառավարութեան հետ ամավարկի վերաբերեալ մեր խմբակցութեան առաջարկները քննարկուեց համագործակցութեան եւ փոխըմբռնման մթնոլորտում: Հ.Յ.Դ. խմբակցութեան երկու տասնեակ առաջարկներից 16ը կառավարութիւնը ընդունեց, իսկ միւսների հարցում համաձայնութիւն է ձեռք բերուել իրականացնել տարբեր ծրագրերով:
Ըստ այդմ, ելնելով այս իրողութիւններից ու նաեւ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարութիւնը որոշել է «ռիսքի» դիմել՝ հարկային հաւաքագրումների (հարկեր եւ տուրքեր) մակարդակը բարձրացնելով ՀՆԱի 17 տոկոս ի չափով, ինչը, թէեւ մեր գնահատմամբ դեռեւս խիստ ցածր մակարդակ է, սակայն 2006թ.՝ 14.5 փաստացի եւ 2007թ. ծրագրուած 15.6 տոկոսների համեմատ էական առաջընթաց է, Հ.Յ.Դ. կողմ է քուէարկելու 2008թ պետամավարկի նախագծին: