«ԱԶԳ».- Մայիսի 7ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթեու Բրայզան շտապել էր յայտարարել, որ կողմերը հիմնականում համաձայնութեան են եկել ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման հիմնարար սկզբունքների շուրջը: Ներկայացնելով հանդերձ այդ հանդիպումը, ,ալիեւն ու Սարգսեանը համաձայնութեան եկան հիմնարար սկզբունքների շուրջըէ վերնագրով, թուրքական լրատուամիջոցները դիւանագիտական աղբիւրներից ստացած տեղեկութիւնների հիման վրայ հարկ էին համարել նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրար ձեռք չեն սեղմել, հանդիպումն անցել է սառը մթնոլորտում, եւ դա Ադրբեջանում լաւատեսութիւն չի ներշնչում:
Մայիսի 10ին Բաքւում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը հերքել է հիմնարար սկզբունքների շուրջը կողմերի համաձայնութեան գալու մասին Բրայզայի խօսքերը: Նա մասնաւորապէս ասել է. «ղարաբաղեան հիմնահարցում որեւէ առաջընթացի արձանագրման մասին խօսք լինել չի կարող: Հանդիպմանը քննարկել ենք կարծրացած խնդիրները: Ցաւօք, հայկական կողմը նորից կառուցողական դիրքորոշում չդրսեւորեց: Ադրբեջանի տարածքների զաւթման փաստն ակնյայտ է: Նա պահանջում է հայկական զօրքերի դուրսբերումն այդ տարածքներից: Տարաձայնութիւնները շարունակւում են դրանց շուրջը: Լուրջ առաջխաղացման մասին չեմ կարող խօսել»:
Նշելով այդ մասին, Նիւ Եորքի Turkishny.com կայքէջն աւելացնում է. «մինչդեռ հանդիպումից յետոյ յայտարարուել էր, որ բանակցութիւններում երկու երկրների առաջնորդներն արձանագրել են առաջխաղացում եւ նրանք համաձայնութեան են եկել նոր «ճանապարհային քարտէզի» շուրջը»: Ելնելով այս ամէնից, Սարգսեան-Ալիեւ հանդիպման առնչութեամբ Բրայզայի լաւատեսական յայտարարութիւնը պէտք է պայմանաւորել Հարաւային Կովկասում ԱՄՆի հարաւօսական պատերազմի հետեւանքով կորցրած դիրքերը վերականգնելու, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Ռուսաստանի մայնդորֆեան հռչակագրով ամրագրուած նախաձեռնութիւնը չէզոքացնելու Վաշինգտոնի հաշուարկներով:
Ինչ վերաբերում է Մամեդեարովի յայտարարութիւններին, ապա դրանք էլ պէտք է վերագրուեն ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցութիւնները նպատակից շեղելու եւ դրանք որպէս Ադրբեջանի այսպէս կոչուած գրաւեալ տարածքներն ազատելու միջոց օգտագործելու Բաքուի նկրտումներին: Ակնյայտ է, որ գրաւեալ տարածքներից յետոյ «ազատելու հերթը» հասնելու է Լեռնային Ղարաբաղին, քանի որ, ըստ Բաքուի, ադրբեջանական տարածք է նաեւ փաստացի անկախ այս հանրապետութիւնը:
Այլ կերպ, բանակցութիւններն Ադրբեջանի համար ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման նպատակ չեն, այլ «գրաւեալ տարածքներն» ազատելու միջոց: Նոյնը վերաբերում է նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի սկզբնաւորած երկխօսութեանը: Որքան էլ հայկական սահմանի բացման եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների նորմալացման պատրաստակամութեան համար Բաքուն Ադրբեջանի շահերին դաւաճանելու մէջ մեղադրի Թուրքիային, պատրաստակամութեան դիմաց Անկարան հետեւողականօրէն ղարաբաղեան հիմնահարցում առաջընթաց քայլ է պահանջում Երեւանից:
Դրա վերջին արտայայտութիւնն Ապրիլի 8ին Ստամբուլում վարչապետ Էրդողանի յայտարարութիւնն էր, որտեղ նա, համարելով միանգամայն անընդունելի ցեղասպանութեան հայկական պնդումները, Անատոլու գործակալութեան դիպուկ արտայայտութեամբ, վերստին կրկնել էր Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանը՝ ասելով. «խնդիրը պատճառահետեւանքային կապի մէջ է: Նախ հայերը գրաւեցին Լեռնային Ղարաբաղը, այնուհետեւ տեղահանուեց մէկ միլիոն ազերի: Ի պատասխան մենք էլ փակեցինք սահմանները: Օկուպացիան (բռնագրաւումը-Խմբ.) պատճառն է, իսկ սահմանների փակումը՝ հետեւանքը: Թող վերանան պատճառները, որ մենք էլ բացենք սահմանը»:
Եթէ միեւնոյն նպատակին է ծառայում Թուրքիայի վերոյիշեալ պատրաստակամութիւնը, ապա ինչու է Ադրբեջանը մեղադրում նրան: Այդ հարցին «Զամանի» Մայիսի 9ի համարում պատասխանել է դոց. Վեդաթ Գիւրբուզը՝ գրելով. «հայ-թուրքական բանակցութիւններին վաղաժամ եւ անտեղի կոշտ հակազդեցութեամբ արձագանքած Բաքուի վարչակազմը Մոսկուա եւ Վաշինգտոն կատարած պաշտօնական այցելութիւններից յետոյ զգաց գործընթացին (Հայաստան-Թուրքիա մերձեցման) մասնակցելու կարիքը, որովհետեւ քարերը տեղից շարժուել են, իսկ Ադրբեջանն ամրապնդել է Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքերը:Պարզապէս նա գործընթացը նոյն ձեւով վերահսկելու անկարողութեան մտավախութեամբ ջանում է գործել երրորդ ուժերին, այսինքն՝ Ռուսաստանին եւ ԱՄՆին ինդեքսաւորուած: Մինչեւ վերջերս հիմնահարցի չկարգաւորուածութեան համար Ռուսաստանին մեղադրող Ադրբեջանը հայկական սահմանի բացման բանավէճերի առնչութեամբ էլ սկսել էր Թուրքիային մեղադրել, թէ չի նպաստում կարգաւորմանը: Սակայն Ալիեւի իշխանութիւններն ի վերջոյ հիմնահարցի կարգաւորման հարցում նկատեցին Թուրքիայի լրջութիւնը, ԱՄՆի ու Եւրոմիութեան վճռականութիւնը եւ վերանայեցին իրենց դիրքորոշումը: Չնայած դրան, փոխանակ համարձակ լինելու, Պրահայի հանդիպմանն Ադրբեջանը երկչոտ գործեց: Նրա երկչոտութիւնը բխում է հայկական օկուպացիայի աստիճանաբար վերացման ծրագիրը բանակցութիւններում վերստին քննարկման դնելու հաւանականութիւնից, որը նա մինչ այդ մերժել է»:
Քանի որ «հայկական օկուպացիայի» աստիճանաբար վերացումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղին յարակից եօթ շրջաններից հինգի ազատումը, ինչի մասին Ապրիլի 24ի համարում գրել էր «Զամանը»՝ վկայակոչելով թուրքական դիւանագիտական աղբիւրներին, ուստի դա էլ դառնում է Թուրքիայի հայկական սահմանի բացման նախապայմանը կամ վարչապետ Էրդողանի արտայայտութեամբ՝ «սահմանի փակման պատճառի վերացումը»: Թերեւս այդ առումով պատահական չեն թուրքական մամուլում յաճախակի շրջանառուող տեսակէտները, թէ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ թէ Լեռնային Ղարաբաղի, այլ յարակից շրջանների օկուպացման համար: