
Ջաւախքահայերն Ընդամէնը Քաղաքացիական Իրաւունքներ Են Ուզում
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչո՞ւ Հայաստանը հրաժարուեց ստորագրել ցիւրիխեան հայ-թուրքական արձանագրութիւնները, թէեւ ձեր կուսակցութիւնն ի սկզբանէ դէմ էր հայ-թուրքական յարաբերութիւններին:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Մեր կուսակցութիւնն զգուշացնում էր Հայաստանի կառավարութեանը, որ Թուրքիայի հետ վտանգաւոր է նման խաղ խաղալ, քանի որ բանակցութիւնների ընթացքում Թուրքիան նախապայմաններ էր ներկայացնում: Եւ մենք ճիշդ դուրս եկանք. Թուրքիան ներկայացրեց այնպիսի նախապայմաններ, որոնք հայկական կողմի համար ակնյայտօրէն շահաւէտ չէին:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ նկատի ունէք «նախապայմաններ» ասելով: Չէ՞ որ բանակցութիւնները պէտք է ընթանային առանց նախապայմանների:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Դա թուրքական քարոզչութեան անամօթ ստերից էր, որին աջակցում էր նաեւ մեր ղեկավարութիւնը: Իրականում, նախապայմաններ կային, քանի որ արձանագրութիւններում խօսք էր գնում նաեւ Կարսի պայմանագրի վերաբերեալ: Կարսի պայմանագրի արդիւնքում, Հայաստանը 1920 թուականին, անկախութեան հետ կորցրեց նաեւ իր տարածքները: Այդ տարածքների մի մասն անցաւ Թուրքիային, Նախիջեւանը եւ Ղարաբաղը՝ Ադրբեջանին, իսկ մնացածը դարձաւ Խորհրդային Հայաստան, ինչը մեր կուսակցութեան համար անընդունելի էր: Հայաստանը այդ համաձայնագիրը երբեք չի ստորագրի, իսկ հայ-թուրքական արձանագրութիւններում խօսքը գնում էր Կարսի պայմանագրի երկկողմանի ճանաչման մասին:
ՀԱՐՑՈՒՄ.- Եթէ հայ-թուրքական յարաբերութիւնները նորմալանային, Հայաստանը կարող էր Կովկասում դառնալ կենտրոնական տրանզիտային պետութիւն եւ կարող էր միջազգային ծրագրերից դուրս նետել Վրաստանին: Արդեօք դա հրապուրիչ չէ՞ր Հայաստանի համար, որը համարեա մեկուսացած է:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Մենք Վրաստանին որեւէ ծրագրից դուրս մղելու նպատակ չենք հետապնդում:
ՀԱՐՑՈՒՄ.- Վրաստանի կառավարութիւնը պնդում է, որ Լարսի անցակէտի բացումը վրացական կողմից՝ Հայաստանին ուղղուած բարի ժեստ էր: Արդեօք Երեւանը նոյնպէ՞ս դա այդպէս է համարում:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Չգիտեմ, թէ ո՛վ ինչպէ՛ս է դրան արձագանգել, սակայն գործարարների մօտ բերկրանք չի զգացւում, քանի որ այդ բարի քայլը շահութաբեր է թէ՛ Վրաստանի եւ թէ Հայաստանի համար:
ՀԱՐՑՈՒՄ.- Բայց Վրաստանի համար շահութաբեր չէ, քանի որ հայկական ապրանքներն այդ անցակէտով հասնելու են Ռուսաստան, իսկ Վրաստանը չի ուզում Ռուսաստանի հետ ճանապարհ ունենալ, քանի որ այնտեղ վրացական ապրանքներն արգելուած են:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Քանի որ Վրաստանը համարւում է տարանցիկ երկիր եւ այդ ճանապարհով անցնում են ոչ միայն Հայաստանի բեռները, ապա այն ոչինչ չի կորցնում:
ՀԱՐՑՈՒՄ.- Լարսի բացման երկրորդ օրը, Երեւանի կողմից չճանաչուած Ղարաբաղի նախագահը ճանաչեց Աբխազիայի անկախութիւնը: Միայն չասէք, թէ Ղարաբաղն իր քայլերը չի համաձայնեցնում Երեւանի հետ:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Նախ եւ առաջ, Երեւանի եւ Ղարաբաղի միջեւ լուրջ տարբերութիւն կայ, եւ Ղարաբաղը առանձին է գործում: Սակայն Աբխազիայի եւ ԼՂի միջեւ կապն արդէն երկար ժամանակ է, ինչ կայ: Այդ երկու չճանաչուած պետութիւնները պայքարում են անկախութեան ճանաչման համար, չնայած հարց է, թէ ո՞ւմ՝ որքանո՞վ է պատկանում այդ տարածքը: Օրինակ ես գիտեմ, որ Աբխազիայի անկախացման ընթացքում այնտեղ բնակւում էր 17 տոկոս աբխազցի, իսկ Ղարաբաղում 90 տոկոսը հայեր էին: Հարցն այն է, որ ամբողջ աշխարհը կրկնակի ստանդարտներ է կիրառում: Օրինակ ռուսները ասում են որ Աբխազիան պէտք է ճանաչել, իսկ Կոսովոն ճանաչել չեն ուզում:
ՀԱՐՑՈՒՄ.- Հայաստանն առարկութիւններ չունի Ռուսաստանի հանդէպ, որ Ղարաբաղը չի ճանաչել, նամանաւանդ Աբխազիայի ճանաչումից յետոյ:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Պաշտօնապէս նման խնդրանք չի եղել ոչ Երեւանի եւ ոչ էլ Ղարաբաղի կողմից, քանի որ չենք ուզում բացասական պատասխան լսել: Մենք Ղարաբաղից ուզում ենք ստանալ անկախ եւ ժողովրդավարական երկիր: Ռուսաստանն այն կը ճանաչի, թէ ոչ՝ այլ հարց է. մենք այդ ուղղութեամբ այլ երկրների հետ ենք աշխատում:
ՀԱՐՑՈՒՄ.- Անցնենք Սամցխէ-æաւախքի թեմային: Ռուս քաղաքական գործիչները չեն թաքցնում, որ եթէ վրացիները իրենց խելօք չպահեն, ապա նրանք Սամցխէ-æաւախքը կ՛օգտագործեն որպէս նոր հակամարտութեան միջոց: Կը սկսուի անջատողականութեան պայքար:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Հայերի համար ամբողջ աշխարհում, ինչպէս նաեւ æաւախքում, ամենակարեւորը քաղաքացիական իրաւունքն է: Հայաստանը Վրաստանի հետ չունի ոչ տարածքային ոչ էլ անջատողականութեան խնդիրներ: Սակայն կան այլ հարցեր. հայկական եկեղեցիների փակումը, տարածաշրջանային լեզուի խնդիրը: Մենք ուզում ենք, որ հայերն իրենց զգան Վրաստանի լիարժէք քաղաքացիներ: Իւրաքանչիւր մարդ ունի ազգային արժանապատուութիւն եւ չի կարելի դրա վրայով անցնել:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչ վերաբերում է հայերէն լեզուին, ապա Վրաստանում այն ոչ ոք չի արգելում եւ մինչ այսօր էլ հայկական դպրոցներ են գործում:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Վրաստանի ղեկավարութիւնը վրացերէն սովորելու անհրաժեշտութեան անուան տակ արգելում է հայերէնը եւ մարդկանց ստիպում, որ սովորեն վրացերէն: Հայերը վրացերէնը պէտք է սիրով սովորեն, ոչ թէ՝ ստիպողաբար:
«ԱՍՊԱՐԷԶ».- ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ հարցազրոյցը տուած է ռուսերէնով: Վրացիները իրենց լսարանին համար զայն թարգմանած են վրացերէնի: Հայերէն թարգմանութիւնը որոշ կրճատումներով կատարած է «Նիուզ»ը: